Հայերեն   English   Русский  

​Վարույթ է ընդունվել ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով հարուցված ևս մեկ քրեական գործ


  
դիտումներ: 217

27.04.2018թ.-ին մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն դիմած Երևանի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանը հայտարարել է, որ 20.04.2018թ.-ին Երևան քաղաքի Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկից բերման ենթարկվելու ժամանակ ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից:

Բացի այդ, Ա. Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ իրեն բերման ենթարկած ոստիկաններից մեկն իր ավտոմեքենայից գաղտնի հափշտակել է 52.000 ՀՀ դրամ արժողությամբ երկու էլեկտրոնային կրիչ:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքի առթիվ 07.05.2018թ.-ին ՀՀ ոստիկանությունում քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ:

Ի դեպ, նույն հոդվածի հատկանիշներով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել, ինչպես նաև վարույթ են ընդունվել 50-ից ավելի առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ քրեական գործեր` 2018 թ.-ի ապրիլի 13-ից Երևանում, ինչպես նաև հանրապետության մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցած հավաքների ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների հաղորդումների հիման վրա: Վերջիններս, մասնավորապես, հայտնել են, որ իրենց բերման ենթարկած ոստիկանները ծեծել և բռնություն են գործադրել իրենց նկատմամբ: Նաև հայտնել են, որ վնասվածքներ են ստացել ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով:

Վերը նշված բոլոր քրեական գործերը, փաստական հանգամանքներով պայմանավորված, միացվել են ոստիկանության պաշտոնատար անձանց նկատմամբ դեռևս ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով հարուցված քրեական գործին:

Նկատիունենալով նշված քրեական գործի բարդությունն ու բազմադրվագ լինելը, ինչպես նաև բացահայտման ենթակա հանգամանքները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է կատարել լայնածավալ և անհետաձգելի քննչական գործողություններ, ստեղծվել է քննչական խումբ:

Քրեական գործի շրջանակներում քննություն է կատարվում ՀՀ ոստիկանության և իրավապահ մարմինների այլ պաշտոնատար անձանց կողմից վերոհիշյալ դեպքերի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների, այդ թվում` լրագրողների և փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրելու ավելի քան 60 դրվագով:

Մայիսի 16-ի դրությամբ հիշյալ քրեական գործի շրջանակներում արդեն տուժող է ճանաչվել 25 անձ, այդ թվում` 5 լրագրող և 1 փաստաբան:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը միաժամանակ հայտարարում է, որ այն քաղաքացիները, ովքեր վերը նկարագրված դեպքերի օրերին տուժել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների անհամաչափ գործողությունների հետևանքով, կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: