Հայերեն   English   Русский  

Հանրային խորհուրդն ապահովում է սոցիալական երկխոսություն. Վազգեն Մանուկյան


  
դիտումներ: 4097

- Պարո´ն Մանուկյան, 1in.am կայքում հոդված է տպագրվել այն մասին, որ Հայաստանում Հանրային խորհուրդ ունենալու անհրաժեշտություն չկա: Նշվել են նաև որոշակի հարցեր՝ կապված Ձեզ հետ: Խնդրում եմ ներկայացնել Ձեր կարծիքը, և եթե նոր Հանրային խորհուրդ ստեղծվի, Դուք պատրա՞ստ եք աշխատել նոր Հանրային խորհրդում:

- Նախ՝ անհրաժե՞շտ է արդյոք Հայաստանում ունենալ Հանրային խորհուրդ, թե՞ ոչ:

Ինչպես զարգացած ժողովրդավարական երկրներում (որտեղ գոյություն ունեն գործադիր, օրենսդիր, դատական համակարգեր, բազմաթիվ հասարակական միավորումներ և կազմակերպություններ, գործատուների ու արհմիությունների կառույցներ), այնպես էլ զարգացող երկրներում խորհրդակցական ապաքաղաքականացված մարմնի ստեղծման անհրաժեշտություն է առաջանում, որը, զուրկ լինելով քաղաքական կոնյունկտուրայից, կազմվում է թե´ պետական կառույցների կողմից նշանակված փորձառու և հեղինակություն վայելող անհատներից ու մասնագետներից, և թե´ բնակչության տարբեր շերտեր և հասարակական տարբեր միավորումներ ներկայացնող անհատներից:

Այդ կառույցը, կամուրջ հանդիսանալով հասարակության տարբեր շրջանակների և իշխանության միջև, հասարակության մեջ ապահովում է սոցիալական երկխոսություն: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ բնակչության 80 տոկոսից ավելին ներգրավված չէ կուսակցություններում և հասարակական կազմակերպություններում:

Ներկայումս նման խորհուրդներ տարբեր գործառույթներով գործում են աշխարհի շուրջ 80 երկրներում՝ ինչպես Եվրոպայում (Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիս, Հունաստան և այլն), Աֆրիկայում (Ալժիր, Մարոկկո, Թունիս, Նիգերիա, Կամերուն, Կոնգո և այլն), Ասիայում (Իսրայել, Վիետնամ, Հարավային Կորեա և այլն), Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, այնպես էլ տարբեր մայրցամաքներում գտնվող այնպիսի խոշոր պետություններում, ինչպիսիք են Ռուսաստանը, Բրազիլիան, Չինաստանը: Դրանց մեծ մասը՝ մոտ 70 երկիր, ստեղծել է միջազգային ասոցիացիա (AICESIS) փորձի փոխանակման և միասնական գործունեության նպատակով, որը միաժամանակ սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի հետ:

Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետությանը նույնպես հարկավոր է ունենալ այդպիսի մարմին, բայց համաձայն եմ, որ ներկա պայմաններում անհրաժեշտ է վերանայել Ազգային ժողովի ընդունած օրենքը՝ գտնելով ավելի օպտիմալ լուծումներ:

Ասեմ, որ ո´չ ես, ո´չ էլ Հանրային խորհրդի որևէ անդամ իր գործունեության համար Հանրային խորհրդում չի վարձատրվում: Իսկ աշխատակազմը, որպես կառավարության աշխատակազմի մի մաս, ստանում է համապատասխան վարձատրություն:

Ներկա Հանրային խորհրդի լիազորություններն ավարտվում են այն պահին, երբ ՀՀ կառավարությունը կազմում է նոր Հանրային խորհուրդ՝ համաձայն Ազգային ժողովում ընդունված օրենքի: Թե ներկա անդամներից ով կներգրավվի նոր Հանրային խորհրդում (ցանկության դեպքում), որոշվում է համապատասխան պրոցեդուրաներով:

Ինչ վերաբերում է ինձ, եթե լինի առաջարկություն՝ մտնել նոր Հանրային խորհրդի կազմ, ապա դա քննարկելու հարց է, քանի որ մեր կուսակցությունը մտադիր է մասնակցել խորհրդարանական նոր ընտրություններին և գտնում է, որ ավելի նպատակահարմար է իմ վերադարձը ԱԺՄ՝ նոր ընտրություններին պատրաստվելու համար:






Մեկնաբանություններ - 1

Սևո     16.05.2018 Մինչ օրս ինչ է արել այդ մարմինը?Որևէ օգտակար գործ,որ հայտնի է հանրությանը?
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: