Հայերեն   English   Русский  

​ԵՓՐԵՄ Ա ՁՈՐԱԳԵՂՑԻ


  
դիտումներ: 3799

Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի աթոռակալման ժամանակաշրջանը բախտորոշ էր հայության կյանքում: Ընթանում էր ռուս-պարսկական առաջին պատերազմը: Ռուսական կայսրությունը ցանկանում էր գրավել Հայաստանը և Կովկասում հաստատել իր տիրապետությունը…

Եփրեմ Ձորագեղցին ծնվել է Երևանի մոտակայքում գտնվող Ձորագեղ գյուղում: Ծնողները նրան հոգևոր կրթության են տվել, սովորել է Վաղարշապատի Ժառանգավորաց դպրոցում: Հետագայում Սիմեոն Երևանցի կաթողիկոսի բացած այս դպրոցը փակվեց, բայց վերաբացվեց Եփրեմ Ա-ի կաթողիկոսության օրոք, նրա ջանքերով:

1801 թ. Եփրեմ Ձորագեղցին նշանակվեց ռուսահայերի հոգևոր առաջնորդ և պաշտոնավարեց մինչև 1809 թ.:

1809 թ. նա հեռակա կարգով ընտրվեց հայոց կաթողիկոս: Սակայն մինչ Հայաստան ժամանելը Հովհաննես Լազարյանի հրավերով Աստրախանից մեկնեց Մոսկվա, ճոխ ընդունելությունից հետո ուղևորվեց Պետերբուրգ, ուր նրան ընդունեց կայսր Ալեքսանդր Առաջինը՝ ցուցումներ տալով կաթողիկոսական գահ բարձրանալու վերաբերյալ: Ալեքսանդրը Եփրեմին շնորհեց Սուրբ Աննայի ասպետական առաջին կարգի մեդալ և դրամական պարգև: Խաչվերացի օրը Եփրեմը հայոց եկեղեցում պատարագ մատուցեց, որին ներկա էին նաև կայսրն ու նրա ընտանիքը, ինչպես նաև Լազարյանները:

Գալով Կովկաս՝ Եփրեմը որոշ ժամանակ մնում է Թիֆլիսում՝ հույս ունենալով, որ ռուսական զորքերը կգրավեն Վաղարշապատը և ինքն անարգել մուտք կգործի Մայր Աթոռ:

1810 թ. հոկտեմբերի 9-ին Եփրեմ Ձորագեղցին ժամանեց Մայր Աթոռ, պատարագ մատուցեց, երկու օր անց Խոր Վիրապում այցելեց պարսից զորաբանակ՝ արքայազն Աբբաս Միրզային և նրա կողմից շքեղ ընդունելության արժանացավ: Այստեղ նա հավատարմության երդում տվեց պարսից արքայազնին ու տերությանը: Մինչ այդ Աբբաս Միրզան կաթողիկոսական աթոռի համար առաջ էր քաշել իր թեկնածուին՝ Մակվի առաջնորդ Սիմեոն արքեպիսկոպոսին: Եփրեմի թեկնածությունը պարսիկների սրտով չէր, քանզի նա աչքի էր ընկնում անթաքույց ռուսասիրությամբ և համարվում էր ռուսական կաբինետի գործակալը: Սակայն պարսից արքայազնը պատերազմի ընթացքում հայերին սիրաշահելու նպատակով չընդդիմացավ Եփրեմի թեկնածությանը:

1810 թվականի նոյեմբերի 6-ին Եփրեմ Ձորագեղցին օծվեց Ամենայն հայոց կաթողիկոս:

Կաթողիկոսի օծման արարողությունից հետո Մայր Աթոռ ժամանեցին պարսից արքայազնները՝ Աբբաս Միրզան և Մեհմեդ Ալին: Առաջինն անգամ խնդրեց կաթողիկոսին, որ օրհնի իր սուրը, ինչը կաթողիկոսը սիրահոժար կատարեց: Աբբաս Միրզան մեծ պատիվների արժանացրեց միաբանությանն ու Երևան մեկնեց:

Մայր Աթոռում նորընտիր կաթողիկոսի առաջին գործերից մեկը եղավ Հայաստանի տարբեր ուղղություններով նվիրակներ ուղարկելը, որոնց խնդիրն էր ծխական քահանաներին հանձնարարել, որ ժուժկալ ապրեն, մարդկանց չնեղեն հարկերով, բայց և կարողանան լցնել Մայր Աթոռի գանձարանը:

Եփրեմն Էջմիածնում բախվեց Ներսես Աշտարակեցու հետ: Ներսեսը, լինելով ամենահեղինակավոր միաբաններից, ամեն ինչ արել էր՝ հավատարմորեն ծառայելով Եփրեմին, որպեսզի վերջինս կաթողիկոսական գահ բարձրանա: Բայց միաբաններից ոմանք կարողացան բամբասանքների միջոցով նրանց հարաբերությունները փչացնել: Գործը հասավ լուրջ բախման: 1812 թ. Եփրեմը պատրաստակամություն հայտնեց հրաժարվել Աթոռից, բայց Ներսեսը չցանկացավ ընտրվել կաթողիկոս, և լարվածությունը թուլացավ:

Հետագայում նրանց հարաբերությունները կրկին սերտացան: Երբ Ներսեսը վիրահայոց առաջնորդն էր, բախվեց թիֆլիսահայ իշխան Դարչի Բեհբութովի հետ, որը ցանկանում էր Ներսեսին Թիֆլիսից արտաքսել տալ: Եփրեմ Ձորագեղցին պաշտպանեց Ներսեսին:

Ընթացող ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Եփրեմ Ձորագեղցին լծվեց ռուսական կառքին և փաստորեն արևելահայության մեջ ստանձնեց Ռուսական կայսրության շահերի պաշտպանի դերը: Հետագայում՝ 1813 թ., Գյուլիստանի բանակցությունների ժամանակ կաթողիկոսը միջնորդի դեր ստանձնեց բանակցող կողմերի միջև: Դա, բնականաբար, պարսիկներն անկարող էին ներել:

Երևանի Հուսեյն խան Ղաջարը հալածանքներ սկսեց Մայր Աթոռի ու կաթողիկոսի նկատմամբ:

Միաժամանակ Մայր Աթոռում ձևավորվեց երկու հոսանք՝ ռուսասերների և պարսկասերների, որոնք անհաշտ թշնամանք էին տածում և անզուսպ պայքար մղում միմյանց դեմ:

Եփրեմ Ձորագեղցին ձեռնամուխ եղավ եկեղեցու նյութական միջոցների ապահովման գործին: Մայր Աթոռը պարտքերի մեջ էր, դրանք մարելու նպատակով նա 1821 թ. 20 հոգանոց շքախմբով Արցախ այցելեց՝ Շուշի, որպեսզի դրամահավաք կազմակերպի շուշեցի մեծահարուստ հայերի շրջանում: Կաթողիկոսի հեռանալուց հետո Մայր Աթոռի կառավարչությունն անցավ պարսկամետ Եփրեմ արքեպիսկոպոս Մարզվանցուն:

Շուշի այցը լի էր արկածներով: Երևանի խանը կաթողիկոսին Շուշի այցելելու թույլտվությունը տվել էր: Նախիջևանի խանը նույնիսկ կաթողիկոսի շքախմբին փառահեղ ընդունելություն ցույց տվեց՝ դիմավորելով հեծելազորի տողանով:

Սակայն Երևանի խանը զղջում է և սուրհանդակ ուղարկում կաթողիկոսի մոտ՝ արգելելով հատել ռուսական սահմանը, քանզի Արցախը Գյուլիստանի պայմանագրով արդեն անցել էր ռուսական տիրապետության տակ: Կաթողիկոսը, սակայն, որ արդեն Սյունիքում էր, արագ հատում է սահմանն ու փախչում Շուշի:

Սյունաց լեռնանցքը հաղթահարելիս անսպասելի առատ ձյուն է տեղում: Կաթողիկոսն իր շքախմբով ապաստանում է Բռնակոթ գյուղի մոտ գտնվող մի քարայրում: Տեսնելով, որ այստեղ գիշերելն անհնարին է, նա շքախմբի անդամներից մեկին գյուղ է ուղարկում, որպեսզի գյուղից կարպետներ բերեն, փռեն ճանապարհին, որպեսզի կաթողիկոսը հեշտությամբ քայլելով մտնի Բռնակոթ:

Բռնակոթի մելիք Թանգին հավաքում է գյուղում եղած բոլոր կարպետներն ու մարդկանց հոծ բազմությամբ ընդառաջ գնում կաթողիկոսին: Նրանք կարպետները երկու շարքով փռում են շքախմբի առաջ՝ մեկը՝ հեծյալների, մյուսը՝ բեռնակիր անասունների համար և արագորեն հետևից առաջ տանելով փռած կարպետները՝ այդպիսով ապահովում են կաթողիկոսի շքախմբի մուտքը գյուղ:

Կաթողիկոսի Արցախ այցն ավելի վատացրեց նրա հարաբերությունները պարսից հետ: Պարսկական իշխանություններն ամենուր խոչընդոտներ էին ստեղծում նրա համար: Եփրեմ Ձորագեղցին անգամ իր կյանքի ապահովության համար ստիպված եղավ 1822 թ. փախչել Վաղարշապատից և ապաստանել Հաղպատավանքում՝ ռուսական տիրապետության տակ՝, ըստ էության Մայր Աթոռը կարճ ժամանակով հաստատելով Հաղպատավանքում:

Նա հայության ապագան կապում էր միմիայն ռուսական մեծապետական շահերի հետ: Միաժամանակ Եփրեմ Ձորագեղցին կապեր էր հաստատել Հնդկաստանի հայ համայնքի (Մադրասի խմբակ), ինչպես նաև Ռուսաստանի հայ գործիչների, մասնավորապես՝ Հովհաննես Լազարյանի հետ՝ նրանց հետ քննարկելով հայության համար կենսական հարցերը:

Եփրեմ Ձորագեղցու առողջությունը հետզհետե վատանում էր: Առհասարակ նա տկար էր, չնայած մինչ կաթողիկոսական աթոռը զբաղեցնելը կայտառ կեցվածք ուներ: Մայր Աթոռում եղած տարիներին հաճախ էր հիվանդանում, տկարությունը նրան հաճախ էր գամում անկողնուն: Այլևս անկարող լինելով՝ 1830 թ. դեկտեմբերի 8-ին նա հրաժարական ներկայացրեց և լքեց կաթողիկոսական աթոռը:

Եկեղեցական նոր ժողովը Ամենայն հայոց նոր կաթողիկոս ընտրեց Հովհաննես Ը Կարբեցուն (1809-1830): Եփրեմ Ձորագեղցին չլքեց Մայր Աթոռը: Նա որպես միաբան մնաց և ծառայեց եկեղեցուն:

Հայ եկեղեցին երբևէ չի փառաբանել հայ զինվորին: Հանուն հայրենիքի (ոչ հանուն կրոնի) զոհված որևէ զինվորի համար փառքի կոթող չի կառուցվել 1700 տարիների ընթացքում: 1828 թ. ռուսներն ավարտեցին Արևելյան Հայաստանի գրավումը: Իսկ 1834 թ. Օշականի մոտ Եփրեմ Ձորագեղցու նախաձեռնությամբ կանգնեցվեց ռուս զինվորին նվիրված (Օշականի ճակատամարտի կապակցությամբ) փառքի կոթողը:

Եփրեմ Ձորագեղցին մահացավ 1835 թ. հուլիսի 16-ին, Վաղարշապատում: Նրա դին ամփոփվեց Սուրբ Գայանե վանքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: