Հայերեն   English   Русский  

​Երբ միակամ ենք, հաղթում ենք ցանկացած դեպքում. պատմաբան


  
դիտումներ: 3583

Այս տարի հայությունը տոնում է առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Հանրապետության օրվան ընդառաջ «Անկախը» Հայաստանի առաջին հանրապետության խորհրդի, պատմական դասերի, ներկայի և անցյալի զուգահեռների մասին զրուցել է պատմական գիտությունների դոկտոր, ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սուրեն Սարգսյանի հետ:

- Պարո՛ն Սարգսյան, մեկդարյա հեռավորությունից ինչպե՞ս է գնահատվում առաջին հանրապետության դերն ու խորհուրդը:

- Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը հայոց պատմության դարակազմիկ կեռմաններից մեկն է, որովհետև 600-ամյա ընդմիջումից հետո վերջապես ունեցանք պետականություն: Իրեն հարգող ցանկացած ժողովրդի համար պետականությունը մեծագույն արժեքներից մեկն է: Իսկ 100-ամյա հեռվից դիտարկելով հանրապետության ծնունդը, որը երկունքի մեծ ցավի արդյունքում եղավ, և նրա գոյության 2,5 տարվա ընթացքը, կարելի է բազմաթիվ հարցեր քննել ու քննարկել: Ինքս կխոսեմ այն հարցերի շուրջ, որոնք այնքան էլ շոշափված չեն:

Խորհրդային 70 տարիների ընթացքում կուսակցական կոնյունկտուրայի և դոգմատիզմի պայմաններում մեզ առաջին հանրապետությունը ներկայացրել են որպես անցողիկ, թիթեռնիկի կյանք ունեցող իրադարձություն, պիտակավորել որպես դաշնակցական հանրապետություն և այդքանով փակել պատմության այդ էջը:

Իրականում առաջին հանրապետությունն այնքան էլ դաշնակցական չէ կամ գոնե միայն դաշնակցական չէ: Փորձեմ հիմնավորել խորհրդարանի և կառավարության պատմությամբ: Առաջին խորհրդարանում 46 պատգամավոր ենք ունեցել, որոնցից 18-ը ՀՅԴ-ից էին, 6-ը Հայ ժողովրդական կուսակցության, 6-ը Սոցիալ-հեղափոխական կուսակցության, 6-ը Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունից էին, կային նաև 6 մահմեդական, 1 եզդի, 1 ռուս և երկու անկուսակցական: Դաշնակցությունը երբեք բացարձակ մեծամասնություն չի ունեցել: Իսկ եթե հաշվի առնենք, որ ընդդիմադիր կուսակցությունները շատ հարցերում միասնական կարծիք ունեին, նրանք գերազանցում էին ՀՅԴ պատգամավորների թիվը:

Նշեմ նաև, որ երկրորդ կոալիցիոն կառավարությունն ուներ 9 նախարարական պորտֆել, որոնցից 4-ն էին միայն ՀՅԴ-ի ձեռքին, իսկ 4-ը նախկինում ընդդիմադիր Հայ ժողովրդական կուսակցությանն էին: 9-րդը ռազմական նախարարությունն էր, որը որոշված էր, որ կուսակցական պատկանելություն չպետք է ունենա:

Ի դեպ, սրա մեջ մեծ խորհուրդ կա և ուսանելի, կարևորագույն դաս է մերօրյա գործընթացներին: Բանակը երբեք քաղաքականացված չպետք է լինի: Բոլոր այն երկրներում, որտեղ բանակը քաղաքականացվում է, միմյանց հաջորդող հեղաշրջումներ են լինում. ով վայելում է բանակի վստահությունը, նա էլ տիրանում է իշխանությանը: Մենք մեզ այդպիսի շռայլություն թույլ տալու իրավունք չունենք:

Մի հանգամանք էլ շեշտեմ. Հայաստանի առաջին խորհրդարանը, չունենալով նախորդը, չունենալով պատմական փորձ, ստեղծվելով հանպատրաստից, եղել է ժողովրդավարության դասական օրինակ: Ի դեպ, երեք կին պատգամավոր կար, և դա մեր տարածաշրջանի այն ժամանակաշրջանի մյուս ժողովուրդների համեմատությամբ՝ մեծագույն նվաճում ու արժեք է: Այդ խորհրդարանը հումանիզմի, հանդուրժողականության ու կառուցողական քննադատության մթնոլորտում հարցեր է քննարկել ու հանգել ազգաշահ որոշումների, որոնք 100 տարվա հեռվից մեզ համար ուսանելի են:

- Առաջին հանրապետությունն ի՞նչ պատմական դասեր է տվել, որոնք երբևէ չպետք է մոռանանք:

- Առաջին՝ պիտի խորությամբ ուսումնասիրենք և բառի ու տառի ճշտությամբ իմանանք մեր պետականության կորստի պատճառները: Այդ կորուստը մեկ բառով կամ նախադասությամբ չենք կարող ասել: Դա հարցերի մի խումբն է, որից անպայմանորեն պետք է դասեր քաղենք:

Մեր ամենամեծ սխալը, մեր ժողովրդի ամենամեծ թուլությունն այն է, որ միասնական չենք: Երբ միակամ ենք, հաղթում ենք ցանկացած դեպքում: Տեսեք, ռազմաստրատեգիական առումով մենք չպետք է հաղթեինք Վանի ինքնապաշտպանության ժամանակ. հասարակ կայծքարային հրացանով թնադանոթների դեմ էինք կռվում, բայց հաղթեցինք, որովհետև միակամ էինք: Մենք չպիտի հաղթեինք Բաշ-Ապարանում, Սարդարապատում, բայց հաղթեցինք, որովհետև ամեն մեկն իր տեղում էր, կրոնավորը՝ իր տեղում, գյուղացին՝ իր, զինվորականն ու զորահրամանատարները՝ իրենց տեղում, և բոլորն ունեին մեկ միասնական տեսլական՝ հաղթանակ:

Չնայած ունեցել ենք և ունենք քաղաքական ու ռազմատնտեսական լուրջ պաշար, մեզ խանգարել է կուսակցամոլությունը, ցավագարության հասնող անհանդուրժողականությունը: Դրանց տրվելու պարագայում մենք միշտ պարտություն ենք ունեցել:

Ազգային այս վերազարթոնքի պահին տեսանք, որ գրեթե միակամվել էինք: Բայց շատ կարևոր է նաև, որ այդ հանդուրժողականությունը, միակամությունը չլինեն պոռթկումների ձևով, չլինեն միայն Ավարայրում, Վանի ինքնապաշտպանությունում կամ Սարդարապարտում: Պետք է կարողանանք այնպես անել, որ այդ պոռթկումները տևական, շարունակական լինեն, որ կարողանանք մեզ ու մեր ապագա սերունդների համար հաղթանակներ ապահովել:

Երկրորդ պատմական դասը. տևական ժամանակ չենք ունեցել սեփական պետականություն, և լավագույն դեպքում պետության գործառույթները, հաջող թե անհաջող, իրականացրել է եկեղեցին: Երբ պետականություն ունեցանք, դիվանագիտական դպրոց և դիվանագետներ չունեինք: Մեր այն ժամանակվա բոլոր դիվանագետները համապատասխան կրթություն և փորձ չունեին, հաճախ զգացմունքը գերազանցում էր սառը դատողությանը, մինչդեռ գիտենք, որ զգացմունքները դիվանագիտության թշնամին են: Այսօր այդ դասերը պետք է լավ ուսումնասիրենք և հիշենք ու արդյունքում մեզ համար ստեղծենք դիվանագիտական դպրոց, կադրերի դարբնոց, ոչ թե պատահական անձանց նշանակեն դեսպան, որովհետև նա պատգամավոր է եղել կամ մեծահարուստ է: Նման պաշտոններ պետք է զբաղեցնեն դիվանագիտական դարբնոցում կոփված մասնագետները , և առաջնահերթ ուշադրություն պետք է դարձվի հատկապես լեզուներին: Լավ դիվանագետը կարողանում է խաղալ հարևանների հակասությունների, բարեհաճությունների վրա և, ի վերջո, շահույթով դուրս գալ: Մեզ համար դա շատ կարևոր է: Եթե նայենք պատմությանը, Արտաշեսյաններից մինչև Արցախյան պատերազմ շարունակ տվել ենք տարածքներ ու կյանք: Միայն XX դարի վերջում ենք մի փոքր տարածք հետ բերել:

Մյուս շատ կարևոր դասը, որ պետք է իսկապես գիտակցենք անկախ ամեն ինչից, անկախ երկրի ռազմական, քաղաքական և մնացած բոլոր հանգամանքներից, այն է, որ պետք է սովորենք կառչել մեր արմատներին, մեր հող ու ջրին: Պատմական ճակատագրի հետևանք է, որ որդեգրել ենք պասիվ պաշտպանության տարբերակը՝ փախչելը, տեղից տեղ տեղափոխվելը: Դա այսօր էլ դրսևորվում է: Իրատես եմ, որքան էլ տնտեսական, քաղաքական գործոններն իրենց դերն ունեն, այնուամենայնիվ կա նաև այդ հանգամանքը, որը պետք է աստիճանաբար կարողանանք իսպառ բացառել:

- Առաջին հանրապետության օրոք թուրքերի հետ բանակցություններում հայկական կողմը տարածքներ զիջելու պայմանագիր ստորագրեց, որը բարեբախտաբար չիրագործվեց: Տարածքներ զիջելու թեման բանակցությունների օրակարգում է նաև այսօր: Այս առումով ո՞րն է անցյալի ուղերձը, որը պետք է հաշվի առնենք:

- Իսկապես, մեզ շատ է անհրաժեշտ դիվանագիտության իմացությունը: Ի՞նչ կարելի է զիջել և հանուն ինչի և ի՞նչ չի կարելի զիջել և հանուն ոչ մի բանի: Եթե այս հարցերի հստակ պատասխանն ազգովի ունենանք, մեզ համար բավականին հեշտ կլինի մի դեպքում խաղալ, մի դեպքում բարի կամք դրսևորել, մի դեպքում անզիջում լինել և այլն:

- Ինչպե՞ս էին առաջին հանրապետության իշխանությունները կողմնորոշվում Ռուսաստան-Արևմուտք երկընտրանքում: Արդյոք ընդհանրություններ կայի՞ն ներկայիս քաղաքականության հետ:

- Մեր խնդիրն այս դեպքում «կամ... կամ»-ի հարց դնելը չէ, դա միանշանակ տանում է փակուղի, մեր մոտեցումը պետք է լինի «և... և»: Չի՞ կարելի մի քանի հոգու հետ բարեկամ լինել: Իհարկե, կարելի է:

Բայց 1918-ին «և...և» ճանապարհով չշարժվեցին: Այն ժամանակ Ռուսաստանում այնպիսի քաոս էր, որ անգամ 100 տարվա հեռավորությունից շատ դժվար է գլուխ հանել: Մերոնք հիմնականում կառչեցին երկու կարևոր հանգամանքից: Առաջինը՝ իրենք ի վերջո հաղթող դաշնակիցների կրտսեր դաշնակից են, և հետևաբար մեծ եղբայր դաշնակիցները պարտավոր էին մեզ օգնել: Եվ երկրորդը՝ քանի որ ամենամեծ կորուստը տված ժողովուրդն էինք բնակչության թվի համեմատ, այդ պայմաններում մեզ՝ միամիտներիս թվում էր, որ աշխարհը պարտավոր է մեզ փոխհատուցել, մինչդեռ որևէ մեկն այդպես չէր մտածում: Եվ երբեմն մեր պահանջները խոշոր տերությունները լավ չէին հասկանում կամ չէին ուզում հասկանալ: Ավելին, մենք երկու պատվիրակություն ունեինք՝ ՀՀ պատվիրակությունը Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ և կաթողիկոսի կոնդակով նշանակված Պողոս Նուբարի ազգային պատվիրակությունը: Նրանք էլ միասնական տեսլական չունեին Հայաստանի ապագայի նկատմամբ: Ի վերջո, ունեցանք խայտառակ իրավիճակ: Տեղի ունեցան հայ-հայկական բանակցություններ, որ կարողանան ընդհանուր հայտարարի գալ:

Այս դասերն իսկապես այսօր էլ են արդիական: Պետք է մեզ համար հստակեցնենք, թե ինչ ենք ուզում, ինչու ենք ուզում և ինչպես ենք ուզում:

- Պարոն Սարգսյան, ի՞նչ ընդհանրություններ ունեն Հայաստանի առաջին և երրորդ հանրապետությունների ներքին և արտաքին զարգացումներն ու մարտահրավերները:

- Մարդկային զարգացման պատմության պարույրաձև տեսության համաձայն՝ ամեն ինչ պատմության ընթացքում կրկնվում է նոր մակարդակում: Մեր հանրապետության պատմության դեպքում այս տեսությունը փայլուն քննություն է բռնում: Շատ գծեր են ընդհանրական: Եվ առաջին հանրապետության դասերը մեզ օդի նման անհրաժեշտ են: Եվ այս առումով առաջնային խնդիր պետք է լինի առաջին հանրապետության պատմության ամբողջական և խորքային ուսումնասիրությունը բոլոր առումներով:

Ապավինելով պարույրաձև զարգացման տեսությանը՝ կարող եմ ասել, որ գրեթե ոչինչ չի փոխվել: Քաղաքական վեկտորները նույնն են, մի քիչ դերակատարներն են փոխվել: Շարունակվում է ռուսական կայսության 300-ամյա ձգտումը դեպի հարավային տաք ջրեր և այդ ճանապարհին նրա հիմնական հենակետերից մեկը եղել և մնում է Հայաստանը: Արևմուտքին դա ձեռնտու չէ: Եվ բնականաբար միշտ խոչընդոտել են դրան ու դրանից միշտ օգտվել է Օսմայնայն կայսրությունը, այժմ՝ Թուրքիայի Հանրապետությունը:

Այսօր ամեն ինչ նույնն է նոր մակարդակում, բայց մենք ենք փոխվել կամ պիտի փոխվենք, որ նախկին միամիտ ու երազկոտ, ռոմանտիկայով պարուրված կեղծ ոգևորությունը չխաթարի մեր իրատեսությունն ու դրանից բխող գործողությունները:

Պատմության իմացությունը հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվելու ներկայում և ընդհանուր գծերով նաև կանխատեսելու ապագան: Այս հարցում մենք մի փոքր կաղում ենք: Երբ հիմնովին ուսումնասիրվի առաջին հանրապետության պատմությունը, կունենանք փոքրիկ դասագիրք երրորդ հանրապետության ապագայի համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: