Հայերեն   English   Русский  

​Առաջիկա թե՛ կարճ, թե՛ երկար ժամանակահատվածում լավ է լինելու. Ատոմ Ջանջուղազյան


  
դիտումներ: 5116

Նոր կառավարության կազմում ՀՀ ֆինանսների նախարարի պարտականությունները ստանձնեց Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ու քանի որ նա համակարգում նոր մարդ չէ, ոլորտին, իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականությանը, ծրագրերին ու գործունեությանը ծանոթանալու կարիք չունի: Ուստի «Անկախը» զրուցեց նորանշանակ նախարարի հետ տեղեկանալու համար, թե ինչ փոփոխություններ են սպասվում ՀՀ ֆինանսների, հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում:

- Պարո՛ն Ջանջուղազյան, սկսենք այն հարցից, թե երկրում ծավալված քաղաքական իրադարձություններն ինչպես են ազդել մեր երկրի ֆինանսական համակարգի վրա:

- Թերևս ինչ-որ առումով հպարտանալով պետք է այդ մասն արձանագրենք: Ինձ չեմ վերագրում ամենևին, այլ մեզ բոլորիս, որ այդ իրադարձությունները չունեցան սասանող ազդեցություն, բյուջետային համակարգը, բյուջետային կարգապահությունը չտուժեց: Նկատած կլինեք, որ որևէ շեղում չի եղել՝ կապված բյուջետային միջոցների շահառուների՝ բյուջեից իրենց միջոցները ստանալու հետ: Բնականոն հունով իրականացվել է բյուջեի կատարման գործընթացը. ամբողջությամբ և այդ ամբողջ ընթացքում բոլոր ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից ստանձնած պարտավորությունների դիմաց կատարվել են բոլոր վճարումները: Չեք գտնի մի ծրագիր կամ մի միջոցառում, որը, երկրում ծավալված իրադարձություններով պայմանավորված, տուժած լինի:

- Խոսենք Ձեր առաջիկա անելիքների մասին: Ի՞նչ պատկերացումներ ունեք Ձեր ղեկավարած ոլորտի հետագա զարգացման վերաբերյալ, ի՞նչ անելիքներ եք տեսնում, ի՞նչ փոփոխություններ են լինելու նախարարության ընդհանուր գործունեության, քաղաքականության, քայլերի ու ծրագրերի մեջ:

- Քաղաքականության առումով. այն բոլոր միջոցառումները, որոնք նախաձեռնել ենք նախկինում, կարծում ենք, որ ճիշտ միջոցառումներ են և օբյեկտիվորեն դրանց կարիքն ունենք բոլոր ժամանակներում: Առավել ևս, որ դրանք մանրակրկիտ ու լայնորեն քննարկվել են, ստացված արձագանքներն էլ մեզ հիմք են տալիս կարծելու, որ ամեն ինչ ճիշտ է արվում: Եվ այդ տեսակետից ակնկալել, որ փոփոխությունները պետք է լինեն դրամատիկ, կարծում եմ, տեղին չէ: Ամենևին այն կարծիքին չենք, որ այն, ինչ մենք նախաձեռնել ու իրականացնում ենք, վերջին ատյանի ճշմարտություն է, բայց որպեսզի փոխվի, պետք է ունենանք ծանրակշիռ հակափաստարկներ:

- Պարզապես հստակեցնենք, թե որ միջոցառումների մասին է խոսքը:

- Քաղաքականությանը վերաբերող: Օրինակ՝ նախաձեռնել ենք ու լայնորեն էլ քննարկել հարկաբյուջետային նոր կանոնների ներդրումը: Հիմա մենք համոզված ենք, որ դա ճիշտ ու տեղին միջոցառում է: Ուրեմն ինչո՞վ պետք է պայմանավորվի այն փոփոխելու անհրաժեշտությունը: Կարծում ենք, որ նման անհրաժեշտություն չկա: Այնպես, ինչպես նախատեսել էինք, նույն կերպ էլ մտածում ենք շարունակել: Որովհետև մեր բնագավառը շատ լուրջ առանձնահատկություն ունի: Եթե որևէ այլ ճյուղային կամ ոլորտային մարմնում կարող է քաղաքականություն փոխվել այս կամ այն պատճառով, ապա ֆինանսների բնագավառը մի քիչ տարբերվում է այլ բնագավառներից: Ենթադրենք՝ տեսականորեն մի որևէ բնագավառում որևէ ծրագիր ձախողվի, դա կվերաբերի հենց այդ բնագավառին, ծայրահեղ դեպքում հարակից մեկ-երկու ծրագրի էլ կարող է առնչվել: Նույնը չի կարելի ասել ֆինանսների վերաբերյալ, որովհետև եթե այստեղ մի որևէ բան այն չեղավ, դա կվերաբերի արդեն բոլորին: Հենց սա է առանձնահատկությունը, որով պայմանավորված, կարծում ենք, պետք է կայուն լինի հարկաբյուջետային միջավայրը, մթնոլորտը, և այդ տեսանկյունից դրամատիկ փոփոխություններ չենք նախատեսում:

- Ձեր ոլորտում նորություններ կլինե՞ն, կամ կա՞ն նոր ծրագրեր, որ նախատեսում եք իրականացնել:

- Նոր ոչ մի ծրագիր չի առաջացել, բոլորը շարունակական են: Մենք բարեփոխումների օրակարգ ունենք, որը շարունակում ենք իրականացնել: Այդ օրակարգով հաստատված ծրագրեր կան, օրինակ՝ ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրում, դա անցած տարվա դեկտեմբերին ԱԺ-ում ընդունվեց, ընդ որում «Բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն ընդունվեց, որը նախատեսեց, որ այդ ձևաչափով բյուջեն ներկայացնելն արդեն օրենսդրական պահանջ է: Պետք է նշեմ, որ ընդունվեց 100 տոկոսանոց կոնսենսուսի պայմաններում: Ինչո՞ւ եմ դա շեշտում, որովհետև դրա անհրաժեշտությունը չի քննարկվում, կասկածի տակ չի դրվում: Դա իր բացատրությունն ունի՝ ժամանակի ու տարածության մեջ փորձարկված համակարգ է, և եթե ուզում ես գնահատել, թե ինչ արդյունք տվեց քո կատարած այսինչ ծախսը, ինչի վրա օգտագործվեց քո հավաքած հարկը և այդ ինչի վրա որ օգտագործվեց, դրա արդյունքն ինչպես չափես, դրա եղանակը սա է: Այդ տեսակետից է, որ ասում եմ՝ ճշմարիտ են այն բարեփոխումներն ու ծրագրերը, որոնք իրականացնում ենք, և որևէ բան փոխելն իմաստ չունի: Որովհետև եթե այդտեղ նահանջենք, հետքայլ անենք, դա ինչքանո՞վ ավելի համահունչ կլինի փոփոխություններին: Կարծում եմ՝ ճիշտ հակառակն է:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես տարբեր խնդիրներ է մատնանշել, օրերս էլ հայտարարեց, թե առաջիկայում ինչ անելիքներ կան աղքատության կրճատման, սոցիալական ապահովության մակարդակի բարձրացման ուղղություններով և այլն: Ներկա պայմաններում դա իրատեսական համարո՞ւմ եք, և նման ծրագրեր տեղ կգտնե՞ն արդյոք նոր կառավարության նոր՝ թեկուզ ժամանակավոր ծրագրում, թե՞ ավելի հետագայի հարց են:

- Նախ՝ ես մի քիչ վերապահումով եմ վերաբերվում այդ «ժամանակավոր» ձևակերպմանը՝ ամեն ինչ գիտակցելով ու հասկանալով: Ամեն ինչն էլ ժամանակավոր է, այլ հարց է, թե որքան ժամանակի մասին է խոսքը: Խնդիրն այն է, թե ինչ կստացվի: Դա էլ կյանքը ցույց կտա: Հիմա հարցն այնքան լավն է, որ գայթակղությունը շատ մեծ է միանգամից ասելու՝ իհարկե, դա ոչ միայն հնարավոր եմ համարում, այլև ավելի քան վստահ եմ, որ դա տեղի է ունենալու, և մենք մեր բոլոր ջանքերը պետք է ուղղենք դրան: Եթե հարցնում եք՝ ես հավանակա՞ն եմ համարում, որ դրանք տեղի կունենան, թե ոչ, ապա ես ասում եմ՝ այո՛, համարում եմ ոչ միայն հավանական, այլև հնարավոր:

- Թոշակների, աշխատավարձերի բարձրացումն այս պահին հնարավո՞ր է իրականացնել:

- Եթե նկատի ունեք հենց հիմա՝ հենց այս վայրկյանին, ապա ասեմ, որ եթե հնարավոր լիներ հենց այս վայրկյանին բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը, ապա դա տեղի ունեցած կլիներ: Եկեք նաև հաշվի առնենք, որ թոշակն իր արտացոլումը գտել է 2018 թվականի բյուջեում այն չափով, ինչ չափով որ հաստատվել է: Հիմա պատկերացնենք մի պահ, որ մենք կարողանում ենք հարկային համակարգում բացահայտել այն ռեզերվը, որի հաշվին հնարավոր է համալրել մեր հարկային եկամուտները: Բայց անգամ այդ դեպքում դա չի կարող այս տարվա, այս պահի թոշակի վրա ազդեցություն ունենալ: Որովհետև այն հույսով, որ այդ ռեզերվը կգտնենք ու թոշակ կբարձրացնենք, ու հանկարծ այդ ռեզերվը մեր գնահատականից պակաս լինի, մենք պարտք կուտակելու ռիսկ կառաջացնենք: Այս տրամաբանությունը պետք է մշտապես մեր աչքի առջև ունենանք, և եթե նույնիսկ այդ ռեզերվը կա, շատ լավ է, հրաշալի է, պետք է անել, բայց դա մեզ համար հաջորդ ժամանակահատվածի մեր կյանքը կանխատեսելու, պլանավորելու համար պիտի օգտագործենք, ոչ թե հենց այսօր:

- Հարցը պատահական չէ, որովհետև հասարակության մեջ սպասում կա, հույս է առաջացել, որ իրենց սոցիալական վիճակը միանգամից փոխվելու է, իրենք միանգամից, անմիջապես ազդեցություն պետք է զգան:

- Որ հանրության մեջ սպասում է ձևավորվել, դա շատ լավ է ու դրական, բայց այստեղ ամբողջ հարցը հենց Ձեր մատնանշած «միանգամիցն» է: Ես ցավում եմ, բայց միանգամից ոչինչ չի լինում: Մենք հաճախ ուզում ենք ամեն ինչ և հենց հիմա, բայց ամեն ինչ լինում է ժամանակի մեջ: Ամեն ինչ կախված է ներդրվող ռեսուրսների, ձեռնարկվող միջոցառումների ինտենսիվությունից: Եթե դրանք հաջողությամբ, ճիշտ թիրախավորված իրականացվեն, ապա ավելի արագ արդյունք կլինի, բայց միևնույն է, այդ արդյունքը միանգամից չի լինի: Հանրությունը բազմաշերտ է, յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ իր սպասումը, և յուրաքանչյուրը կարծում է, որ հենց իր խնդիրը պետք է լուծվի, ինչը շատ նորմալ է: Մեր խնդիրը հենց այն է, որ յուրաքանչյուրի խնդիրը, առանձին վերցված, լուծվի: Բայց պիտի աչքներիս առջև ունենանք, որ այդպիսի հաջողված փորձ, երկիր չկա, որ բոլորի խնդիրները լուծած լինի: Ուղղակի խնդիրների կարգերն են տարբեր լինում տարբեր երկրներում: Մենք պետք է գոնե նվազագույնն ապահովենք, հետո ավելին անենք, հետո՝ էլի ավելին, քայլ առ քայլ: Ես այդպես եմ պատկերացնում քայլերի ու սպասելիքների անատոմիան:

- Խոսենք նաև երկու առանցքային խնդիրների մասին, որոնք տարիներ ի վեր միշտ եղել են հանրային ուշադրության կենտրոնում. պետական պարտքն ու բյուջեի արդյունավետ ծախսումը՝ թափանցիկությունն և հաշվետվողականությունը: Ի՞նչ նոր մոտեցումներ կլինեն այդ հարցերում:

- Երկուսն էլ շատ օբյեկտիվորեն գոյություն ունեցող հարցեր են և տրամաբանական: Պետական պարտքի հետ կապված, երբ քիչ առաջ նշեցի հարկաբյուջետային նոր կանոնների մասին, տրամաբանությունը շատ պարզ է: Մենք պիտի գնանք այն ճանապարհով, որ պարտքը կայունացնենք, որովհետև հակառակ դեպքում արկածախնդրություն կլինի պարտք կուտակել ու կուտակել, իսկ հետո ասել՝ կներե՛ք, մենք ավելի լավ սպասելիքներ ունեինք, բայց չստացվեց կյանքի կոչել դրանք: Դա, իհարկե, հեշտ գործընթաց չէ, որովհետև մարդը միշտ ուզում է լավ ապրել հենց հիմա, այլ ոչ թե հույսով, որ հետո լավ կապրի: Ու հիմնականում հենց դա է հանգեցնում պարտք վերցնելուն: Սա առանձին վերցրած անհատի դեպքում: Նույնն էլ պետության դեպքում է, որտեղ այդ անալոգիան կա, պարզապես մասշտաբներն են ուրիշ: Գիտակցելով հանդերձ, որ կան նաև ընթացիկ խնդիրներ՝ աղքատության խնդիր, պահպանման խնդիր, սոցիալական տարատեսակ այլ խնդիրներ, մենք չենք կարող մեզ թույլ տալ անընդհատ պարտք վերցնել և լուծել մեր ընթացիկ խնդիրները: Հետևաբար այն, ինչ առաջարկվել է, փորձում ենք նույն տրամաբանությամբ էլ շարունակել հաջորդ ժամանակաշրջանների բյուջետային շրջանակը նախագծելիս: Ամենապարզ ձևակերպմամբ եթե ասելու լինենք, մենք պարտք պետք է վերցնենք միայն նրա համար, որ ներդնենք կապիտալ ակտիվների մեջ, ինչը հետո լրացուցիչ այլ եկամուտներ գեներացնելու հնարավորություն կտա, որ կարողանանք ստեղծել աճին նպաստող միջավայր՝ պարտքը կայուն պահպանելով: Այսինքն՝ մենք չենք կարծում, թե պետք է պարտքն անընդհատ մարելով վերջանա, որովհետև այդպես չի լինում, այդպիսի օրինակ չկա: Պարտքը նորմալ է, եթե պրոցեսները ճիշտ են ընթանում: Այսինքն՝ եթե մեր տնտեսությունն ավելի արագ է աճում և կարողանում է սպասարկել այն պարտքը, որը կուտակել է: Կան չափորոշիչներ, որոնցով գնահատվում է պարտքի բեռը, և Հայաստանը, բարեբախտաբար (երբ ասում եմ՝ բարեբախտաբար, հասկանում ենք, որ դա, իհարկե, բախտի բան չէ, այլ պարտքի լավ կառավարման արդյունք է), նույնիսկ այս պայմաններում գտնվում է նվազ պարտքի բեռ ունեցող, որոշ ցուցանիշներով՝ միջին պարտքի բեռ ունեցող երկրների շարքում: Բայց դրանով մենք չենք մխիթարվում կամ սփոփվում և ասում, որ այլևս պարտքը կայունացնելու կարիք չկա: Ճիշտ հակառակը, ինչպես արդեն նշեցի, հենց այդ տրամաբանությամբ էլ բյուջետային շրջանակը նախագծում ենք:

Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա չեք գտնի աշխարհում որևէ երկիր, որտեղ բյուջեի թափանցիկությունը, հաշվետվողականությունը, ծախսերի արդյունավետությունը արդիական թեմա չլինի: Եվ դա տրամաբանական ու շատ օրինաչափ, որովհետև այն երկրներում, որտեղ ավելի քիչ է բացահայտվում, թե ինչի համար օգտագործվեց բյուջետային այս կամ այն միջոցը, ավելի մեծ է կասկածը:

Մենք այդ ուղղությամբ էլ որոշակի ծրագրեր ունենք: Շատերն են օգտվում մեր ինտերակտիվ բյուջեից, որտեղ երևում են միջոցները, ծախսերը: Հիմա մենք մի փոքր զարգացնում ենք ու նախատեսում, որ այդտեղ կավելանան նաև եկամուտներն ու դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները, այլ կերպ ասած՝ ամբողջ բյուջեն կբացահայտվի: Դա մի կողմից: Իսկ մյուս կողմից հնարավոր կլինի այդ հրապարակումներից ստանալ շարքեր, որոնցով կկարողանաք վերլուծել բյուջեն, ոչ միայն հետաքրքրության համար մտնել ու տեսնել, թե ով ինչ գումարի չափով, որ պայմանագրի շրջանակում է ստացել միջոցները, այլև պատկերցում կունենաք ընդհանուր բյուջեի մասին թե՛ եկամուտների մասով, թե՛ ծախսերի, թե՛ ֆինանսավորման աղբյուրների: Դրանից այն կողմ, թե ինչքան դարձնել բյուջեն հրապարակային, մեր պատկերացումները կարծես էլ չեն բավարարում: Բայց դա էլ կարող է բավարար չլինել, որովհետև մյուս կողմից էլ առաջանում են այդ վերահսկողական մարմինների առաջարկությունները, որոնք նույնիսկ այդ պարագայում հղում են անում տարատեսակ խախտումների, շեղումների և այլնի, ինչն էլի օրինաչափ է: Ու այդքանից հետո, երբ էլի հարց է առաջանում, որ կասկածելի է, ինձ թվում է, որ այստեղ արդեն պետք է կասկածելի մասը դուրս գար ու քննարկվեր, թե արյդոք պե՞տք է տվյալ միջոցը ծախսվեր տվյալ նպատակով, թե՞ ոչ: Բայց «արդյոք պետք է»-ն որոշում է ԱԺ-ն:

- Եվ վերջում Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է սպասվում առաջիկա շատ կարճ ժամանակում՝ մեկ տարվա ընթացքում:

- Կարծում եմ, որ առաջիկա կարճ ժամանակում էլ, երկար ժամանակում էլ շատ լավ է լինելու: Չեմ ուզում դա կապել ինձ հետ, ամենևին էլ անձի հարց չկա, այլ համակարգն իսկապես պրոֆեսիոնալների ամբողջություն է՝ իրական պրոֆեսիոնալների, որոնք, անկախ իրենց տրամադրություններից, քաղաքական հայացքներից, ամեն ինչից անկախ, մասնագետ են և նվիրված են իրենց աշխատանքին: Հետևաբար ես կարծում եմ, որ հաջողությունն ուղղակի պետք է անընդհատ ուղեկցի: Չեմ կանխատեսում որևէ ցնցում, որևէ արտասովոր բան: Ընդհակառակը՝ համոզված եմ, որ պետք է լինի շատ կայուն հարկաբյուջետային միջավայր, և որևէ փոփոխություն, ինչպիսին էլ այն լինի, չպիտի ազդի այս համակարգի գործունեության վրա: Սա ոչ միայն ցանկություն է, այլև անցյալի և վիճակագրության վրա հիմնված կանխատեսում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: