Հայերեն   English   Русский  

​ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՎԱՃՅԱՆ


  
դիտումներ: 5760

«Մեր առաքինի և ազգասեր նախնյաց բուն միտքը մոռացվեց և վանքերը անկելանոց են դարձել, ժողովուրդը տգիտության խավարին մեջ գլխիվայր ընկղմեր, իր հորը հիշատակաց բուն նպատակը կորուսեր և վանքերուն ու վանականներուն փորը պարարելու աշխատիլ...

...Արդի վանականք, գրեթե ամենքին ժողովուրդը պարտական կը համարեն իրենց ամեն պիտույքն հոգալու և ինքզինքնին պարտական կը կահամրեն իրենց ամեն պիտույքն հոգալու և ինքնզինքնին պարտական չեն ճանչեր անոր ամենափոքրիկ հատուցում մընելու, անոնք, որովհետև ազգն ինչ է, ապագան ինչ է` չեն գիտեր»:

Հարություն Սվաճյան

XIX դարավերջին հայ հրապարակախոսական մտքի ձևավորման գործում հսկայական նշանակություն ունեցավ «Մեղու» պարբերականը, որի հիմնադիր խմբագիրն էր առաջադեմ մտավորական, հրապարակախոս Հարություն Սվաճյանը:

Հարություն Սվաճյանը ծնվել է 1831 թ. Կոստանդնուպոլսում, արհեստավորի ընտանիքում: Սվաճյանին ծանր մանկություն էր վիճարկված. նա զրկվեց իր ծնողներից: Բարեբախտաբար գտնվեցին մարդիկ, որոնք պատրաստակամ եղան ստանձնելու մանկան խնամքը:

Հարություն Սվաճյանը նախնական կրթությունն ստացել է Կոստանդնուպոլսում, ցուցաբերել է բարձր առաջադիմություն և ուսման նկատմամբ ձգտում: Պատանի Հարությունը շատ էր ցանկանում կանոնավոր ուսում ստանալ, իսկ դրա համար միջոցներ չուներ: Սակայն Սվաճյանի իղձը կատարվում է. նրան պատարստակամություն է հայտնում հովանավորել պոլսահայ առաջադեմ մտավորական Խաչատուր Պարտիզպանյանը, որի միջնորդությամբ էլ Պոլսի ամիրայական ազդեցիկ գերդաստաններից Օտյանները ստանձնում են պատանու հովանավորությունն ու նյութական միջոցներ հատկացնում նրան:

Եվ 1848 թ. Հարություն Սվաճյանը մեկնում է Փարիզ, ընդունվում Սեն Բարբելի բարձրագուն դպրոց:

Փարիզում չորս տարի ուսանելուց հետո Սվաճյանը վերադառնում է Կոստանդնուպոլիս և Խաչատուր Պարտիզպանյանի ու Գրիգոր Օտյանի հետ անդամակցում Նահապետ Ռուսինյանի խմբակին, որի նպատակը հայության շրջանում լուսավորության տարածնումն ու պայքարն էր կղերաֆեոդալական հոսանքի դեմ:

Կանոնավոր կրթություն Սվաճյանն այդպես էլ չստացավ: Սակայն ինքնակրթությամբ զբաղվելով՝ մեծ հաջողությունների հասավ՝ դառնալով ժամանակի ամենաառաջադեմ մտավորականներից մեկը:

Սվաճյանն իր հրապարակախոսությամբ պայքարում էր կղերաֆեոդալական կարգերի դեմ, մարդկանց սոցիալական հետամնացության դեմ: Բնականաբար դա ուժեղ հակազդեցություն առաջացրեց հայ առաքելական եկեղեցու, Կոստանդնուպոլսի հայ առևտրական վերնախավի, ինչպես նաև Օսմանյան կայսրության թուրք պաշտոնյաների շրջանում, որոնք ձեռք ձեռքի պայքար էին ծավալում Սվաճյանի ու նրա գաղափարների դեմ:

Իր պայքարին զուգընթաց՝ Սվաճյանն ուսուցչություն էր անում Պոլսի Պեշիկթաշ թաղամասի դպրոցում, որտեղ նույնպես տարածում էր իր գաղափարախոսությունն ու Նահապետ Ռուսինյանի հայացքները: Այստեղ, սակայն, Հարություն Սվաճյանը երկար չմնաց և 1855 թ. տեղափոխվեց Փարիզ:

Փարիզում Սվաճյանն ապրեց երկու տարի: Նա սերտ հարաբերություններ հաստատեց լեհական ազգայնական գործիչների հետ, նաև անդամակցեց մասոնական օթյակի՝ ծանոթացավ մասոնների գաղափարներին ու գործունեությանը:

1856 թվականին Սվաճյանը կրկին վերադարձավ Կոստանդնուպոլիս և ձեռնամուխ եղավ հասարակական ակտիվ գործունեության:

Հայության մեջ լուսավորություն սերմանելու, իր գաղափարախոսությունը տարածելու նպատակով Սվաճյանը 1856 թ. հիմնեց «Մեղու» պարբերականը: Այն նախ լույս տեսավ կիսամսյա, ապա՝ տասնօրյա պարբերությամբ:

«Մեղուն» շատ արագ դարձավ արևմտահայոց սիրելի պարբերականը: Այստեղ Սվաճյանը, բացի սոցիալական հարցերից, անդրադառնում էր նաև հայության կրթության, լուսավորության, գիտական խնդիրներին: Պարբերականի էջերում նա ոչ միայն իր, այլև արևմտյան առաջադեմ մտավորականների, ինչպես նաև իր գաղափարակցի՝ Միքայել Նալբանդյանի հայացքներն էր տարածում:

Ժամանակին Միքայել Նալբանդյանը հայտարարել է. «Մեղուն» կենդանի ժողովրդի մաքուր բերանն է, ազգերի ցավերի ու ուրախության ճշմարտապես հայտարարը»:

Հարություն Սվաճյանն ու Միքայել Նալբանդյանը ընկերներ էին: Մեծ էր Նալբանդյանի ազդեցությունը Սվաճյանի աշխարհայացքի ձևավորման վրա: Հենց Միքայել Նալբանդյանի ազդեցությամբ 1862 թվականին Սվաճյանը Կոստանդնուպոլսում հիմնադրեց «Օրիոն» մասոնական օթյակը, որը հայության շրջանում լուսավորության տարածման գործեր էր ձեռնարկում, պայքար մղում հետամնացության դեմ, ինչպես նաև Օսմանյան պետության դեմ: Հարություն Սվաճյանը հայ մասոնական շարժման առաջին խոշոր գործիչներից էր:

Հետագայում՝ 1866 թ., Հարություն Սվաճյանը մասնակցեց «Սեր» մասոնական օթյակի աշխատանքներին, որի նպատակը Արևմտյան Հայաստանում ապստամբության կազմակերպումն էր ընդդեմ Օսմանյան կայսրության:

Սվաճյանը մասնակցեց Արևմտահայերի Ազգային սահմանադրության մշակման աշխատանքներին, սահմանադրական հանձնաժողովի անդամ էր: Նա ցանկանում էր սահմանադրության մեջ դեմոկրատական շատ դրույթներ մտցնել: Դա, ինչ խոսք, հանդիպեց Պոլսի հայ կղերա-ամիրայական դասակարգի ուժեղ դիմադրությանը, որոնց պաշտպանեց նաև օսմանյան կառավարությունը:

Այնուամենայնիվ Հարություն Սվաճյանի «Արիք Հայկազունք» բանաստեղծությունը երգի վերածվեց և դարձավ արևմտահայերի Ազգային սահմանադրության հիմնը:

Առհասարակ Սվաճյանը բանաստեղծությունների հեղինակ է և ժամանակի առաջատար գրաքննադատներից: Նա նաև համարվում է հայ քաղաքական երգիծական ժանրի հիմնադիրը: Այդ առումով նրա անդավաճան ընկերն ու գործի շարունակողը հանդիսացավ Հակոբ Պարոնյանը: Սվաճյանը նաև հայոց նոր ժողովրդական թատրոնի նախաձեռնողներից մեկը դարձավ:

1860 թ. Հարություն Սվաճյանը անդամակցեց Բարեգործական ընկերությանը: Այս ընկերության շարքերում նա լուսավորության միջոցով ցանկանում էր արևմտահայերի մեջ պայքարել հետամնացության ու խավարի դեմ:

1862 թ. բռնկվում է Զեյթունի հզոր ապստամբությունը Օսմանյան կայսրության դեմ: Սվաճյանը իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով մեկնում է Կիլիկիա, ապա ճամփորդում Արևմտյան Հայաստանում, իր հրապարակումներով հայությանը զենքի և պայքարի կոչում:

Նա կոչ էր անում զենքով պայքարել ոչ միայն ռուսական և թուրքական բռնապետությունների, այլև կղերաֆեոդալական դասակարգի դեմ:

Այս առումով իր հրապարակումներում սիրում էր օրինակ բերել «Երիտասարդ Իտալիա» կազմակերպության առաջնորդ Ջուզեպպե Գարիբալդիին և ոգեշնչված նրա օրինակով՝ զենքի կոչ էր անում թե՛ արևմտահայությանը, թե՛ արևելահայությանը:

Նա հայության տնտեսական բարգավաճումը կապում էր զարգացած ագրարային հարաբերությունների հետ՝ կարծելով, որ գյուղատնտեսական հսկայական պոտենցիալ ունեցող Հայաստանը կարող է դառնալ Արևելքի ամենահարուստ երկիրը: Եվ համարում էր, որ որպես այդ ծրագրի նախապայման պետք է հողը ֆեոդալներից բռնագրավել և հանձնել գյուղացուն:

Ինչպես Խաչատուր Աբովյանը Արևելյան Հայաստանում, Հարություն Սվաճյանն էլ Արևմտյան Հայաստանում ազդարարում էր աշխարհիկ գրականության ստեղծման անհրաժեշտությունը:

Հարություն Սվաճյանը մահացավ 1874 թ. Կոստանդնուպոլսում:

Սվաճյանի մահից հետո «Մեղուն» խմբագրեց ու հրատարակեց նրա գաղափարակից ընկերը՝ հայ մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: