Հայերեն   English   Русский  

​Ելակ


  
դիտումներ: 1566

Քաղցր, բուրավետ, ախորժալի, հյութալի կարմրահատ ելակն անվանում են հատապտուղների թագուհի իր գերազանց ու անկրկնելի համի ու հոտի, արտաքին տեսքի ու նաև անկորիզ լինելու շնորհիվ:

Ելակը ոչ միայն իր համային որակների համար է գնահատվում, այլև պարունակած մեծ քանակով օրգանական նյութերի` А, В1, В2, В9, С, Е, К, Н և РР վիտամինների ու հանքանյութերի` կալիումի, կալցիումի, մագնեզիումի, ցինկի, յոդի, ֆոսֆորի ու նատրիումի շնորհիվ:

Ելակը սեզոնային հատապտուղ է ու շատ օգտակար սրտամկանի գործունեության համար: Այն առաջարկվում է փորկապության դեպքում ու աղիների կծկանքի վերականգնման նպատակով, ակտիվ ազդեցություն ունի մաշկածածկույթի վիճակի բարելավման վրա: Ի դեպ, ելակն օգնում է հոդացավերի դեպքում:

Սննդաբանները խորհուրդ են տալիս ելակ ուտել հիմնական սննդից հետո, քանի որ այն մեծ քանակությամբ օրգանական թթուներ է պարունակում, որոնք գրգռում են ստամոքսի պատերը: Ելակի մակերեսին փոշի է կուտակվում, որը կարող է ալերգիաների պատճառ դառնալ: Իսկ դրա համար մասնագետները խորհուրդ են տալիս լվանալիս մաղի մեջ լցնել, հետո եռման ջրով ցողել: Նաև վստահեցնում են, որ դրանից ելակի համն ու օգտակար հատկություններն ամենևին չեն տուժում:

Ելակ` նիհարելու համար

Ցածր կալորիականության շնորհիվ ելակը համարվում է ակտիվ մթերք բեռնաթափման օրերի համար, ու եթե մի բան ուտելը փոխարինվի թեկուզ շաքարավազով համեմված մի բաժին ելակով, ապա կազմվածքի վրա դա տեսանելի բարերար ազդեցություն կունենա:

Ելակն օգտագործվում է կոսմետոլոգիայում, իսկ բույրը կիրառվում է պարֆյումերային համադրություններ ստեղծելու համար: Մրգաթթուները, որ կան ելակի մեջ, կիրառվում են որպես բնական հումք փիլինգների համար: Կանայք լավ գիտեն ելակի թարմացնող ազդեցության մասին. մի քանի ճզմած պտուղը դեկոլտեի հատվածում, դեմքին, պարանոցին ոչ միայն թարմ տեսք է հաղորդում, այլև սպիտակեցնում է մաշկը: Իսկ ելակի ու մեղրի համադրությունն ապահովում է մաշկի խոնավությունը, հարթեցնում գույնը, սպիտակ կավի ու ելակի խառնուրդն էլ, մաշկը հարթեցնելուց բացի, փափկացնում է այն:

Ելակը` աֆրոդիզիակ

Վերջին տարիներին շրջանառության մեջ մտած այս բառը, որ հին հունական աստվածուհու` Աֆրոդիտեի անունից է առաջացել, նշանակում է նյութ, որն ուժգնացնում է սեռական հակումը կամ սեռական ակտիվությունը: Ելակը նույնիսկ իր ձևով է սրտիկի նման ու նպաստում է ձգողականությանը: Ուստի առաջարկվում է ռոմանտիկ հանդիպումը սկսել ելակի հասուն պտուղներով ու մեկ գավաթ շամպայնով. դա երաշխավորում է տևական հաճույքը:

Ելակը բոլոր մթերքների նման օգուտ է տալիս ու առողջացնում ճիշտ օգտագործման պարագայում: Ասում են՝ այո, ելակը շատ օգտակար է, իսկ ամենաօգտակարն առաջին բերքն է՝ գարնանայինը, որն օգնում է վիտամիններով հագեցնելու ձմեռն ուժահատված օրգանիզմը:

Ելակի զանգվածի 85 տոկոսը ջուր է: Ընդ որում` հատուկ, մաքրված, զտված ջուր, որն օրգանիզմին ու յուրաքանչյուր բջջին մեծ քանակությամբ օգտակար նյութեր է մատակարարում: Պարզապես դրա համար պետք է, որ այն աճեցնողը սրտացավ ու բարեխիղճ մեկը լինի, բերքը արևով, օդով ու ջրով մշակի` առանց կողմնակի քիմիական միջոցների կիրառության: Այդ դեպքում միայն այն կարող է օգտակար լինել:

Ելակի բջջանքն օգնում է կարգավորելու մարսողական համակարգի աշխատանքը, նպաստում է օրգանիզմի մաքրմանը: Ինքնին բջջանքը վտանգավոր չէ, սակայն ելակի կորիզները կարող են քրոնիկ պանկրեատիտի դեպքում նպաստել հիվանդության սրացմանը: Իսկ դա նշանակում է, որ նման հիվանդության պարագայում պետք է չափավոր քանակով ելակ օգտագործել:

Չնայած ելակը քաղցր հատապտուղ է, իրականում գրեթե շաքար չի պարունակում: Հենց դրա համար էլ հոլիվուդյան գեղեցկուհիները հաճախ ելակային սննդակարգի են դիմում ու վստահեցնում , որ դրա շնորհիվ իրենց հաջողվում է քաշ գցել:

Ելակի պտուղներում B խմբի վիտամիններ են կան, որոնք բնական հակադեպրեսանտներ են համարվում: Սթրեսների հակում ունեցողներին առաջարկվում է զգացմունքային բեռնաթափման համար օրական 150 գ ելակ վայելել, դա կօգնի հանգստացնելու և ամրապնդելու նյարդային համակարգը:

Ելակով դիմակն իսկապես առանձնահատուկ է. պտուղները պարունակում են պղինձ, որը խթանում է կոլլագենի մշակումը, իսկ հյութը պիգմենտային բծերի թշնամին է, բացի այդ, օգնում է ակնեի ու մաշկի ծակոտկենության պարագայում:

Ասում են նաև, որ ատամի մածուկի փոխարեն կարելի է ելակ ծամել, քանի որ հյութը սպիտակեցնում է ատամներն անգամ ամենաարդյունավետ մածուկներից առավել, հետն էլ չեզոքացնում է բերանի տհաճ հոտը:

Ելակի պարունակած որոշ նյութեր իրենց քիմիական բաղադրությամբ մոտ են սալիցիլաթթվին (ասպիրին): Ու արդեն հասկանալի է, որ ելակ է առաջարկվում ուտել գլխացավի, հոդացավի, նաև մարմնի ոչ շատ բարձր ջերմության պարագայում:

Ելակը միակ հատապտուղն է, որի սերմերը արտաքինից են. մեկ պտուղը միջինը 200 սերմ է պարունակում:

Դեռևս հայտնի ամենամեծ` 230-գրամանոց ելակն աճեցվել է ԱՄՆ-ի Քենթ նահանգում: Դրա համային որակներն այնքան էլ տպավորիչ չեն եղել, ինչպես չափսերը, այն թթվաշ ու ջրալի է եղել:

Միջին դարերում ելակը խաղաղության ու բարգավաճման խորհրդանիշ էր, մատուցվում էր կարևորագույն հանդիսությունների ժամանակ և օտարերկրյա հյուրերին հյուրասիրելիս:

Ի դեպ, Բելգիայում ելակի թանգարան է գործում, որտեղ ցուցադրվում է ելակին առնչվող ամեն ինչ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: