Հայերեն   English   Русский  

​Դավիթ Խոջոյան. «Քայլ առ քայլ փորձում ենք հաղթահարել խնդիրները և զարգացնել ջրագնդակի մարզաձևը»


  
դիտումներ: 3275

Մայիսի 20-27-ը Երևանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի լողավազանում անցկացվեց ջրագնդակի կրտսեր տարիքի պատանիների (2003 և փոքր) 2018 թվականի Հայաստանի առաջնությունը: Ստուգատեսին մասնակցեց 6 թիմ: Հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեց Երևանի ORWP-ն:

Ուրախալի է, որ ամբողջ աշխարհում տարածված այս մարզաձևը մասսայականություն է վայելում նաև Հայաստանում. առաջնություններին մասնակցող թիմերի, մրցումներին հետևող երկրպագուների թիվն աստիճանաբար ավելանում է:

«Անկախի» հետ զրույցում Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար Դավիթ Խոջոյանն ամփոփում է առաջնության արդյունքները, խոսում առաջիկա մրցաշարերի և ֆեդերացիայի իրականացրած աշխատանքների, մարզաձևում առկա դրական տեղաշարժերի մասին:

- Պարո՛ն Խոջոյան, որպես գլխավոր մրցավար, այս առաջնությունն ու թիմերի ելույթներն ինչպե՞ս կգնահատեք:

- Առաջնությանը մասնակցեց 5 թիմ Երևանից և 1 թիմ Վանաձորից: Ուրախալի է, որ նկատվում է բոլոր թիմերի խաղի որակի բարձրացում: Առաջընթաց անկասկած կա թե՛ թիմերի մասնակցության, թե՛ մարզիկների պատրաստվածության առումով: Բոլոր 5 հանդիպումներում մրցակիցիներին բացահայտ առավելությամբ հաղթած և 10 միավոր վաստակած ORWP-ն նվաճեց չեմպիոնի կոչումը: 8 միավոր վաստակած «Տիտանը» գրավեց 2-րդ տեղն ու արժանացավ արծաթե պարգևի, 6 միավոր վաստակած «Արմադան» եզրափակեց մրցանակային եռյակը:

- Հունիսի 29-ից հուլիսի 2-ը Երևանում անցկացվելու է միջազգային մրցաշար: Մասնակցության հայտեր կա ՞ն արտերկրից:

- Այս մրցաշարը նվիրված է անվանի ջրագնդորդ Հովհաննես Գյուլումյանի հիշատակին: Այն անցկացվում է 13-րդ անգամ, բայց Երևանում` առաջին: Մինչ այդ մրցաշարն անցկացվել է Մոսկվայում: 2016 թվականին Երևանի ORWP-ն մասնակցեց այդ ստուգատեսին` զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: Կազմակերպիչների հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցինք այս տարի մրցաշարը Հայաստանում կազմակերպելու համար: Ստուգատեսը կանցկացնենք պատանիների կրտսեր տարիքային խմբում: Նախնական պայմանավորվածության համաձայն` մրցաշարին թիմեր կմասնակցեն ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից: Մեր գործընկերները սիրով համաձայնեցին մասնակցել: Սա նրանց համար ուժերը չափելու լավ հնարավորություն է` հասկանալու համար, թե որ ուղղությամբ պետք է աշխատեն:

- Ֆեդերացիան տեղական մի շարք առաջնություններ է կազմակերպում: Առաջիկայում ի՞նչ մրցաշարեր են սպասվում:

- Արդեն երկրորդ տարին անընդմեջ պատրաստվում ենք մրցաշար անցկացնել Վանաձորում մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունն ավելացնելու, ավելի մասսայական դարձնելու համար: Վանաձորում գործում է ջրագնդակի ակումբ: Այս միջոցով թիմն ավելի մրցունակ կդառնա: Մրցաշարը նաև նշանակալի իրադարձություն է վանաձորցիների համար: Մրցաշարերի ժամանակ տրիբունաներում երկրպագուների համար անգամ ազատ տեղ չի լինում:

Տարեվերջին անցկացնելու ենք նաև ցածր տարիքի պատանիների առաջնությունը: Այս տարվանից առաջնություններն անցկացվելու են 4 փուլով, որպեսզի հաղթողները տարեսկզբին հայտնի դառնան և, ըստ արդյունքների, հավաքական թիմ ձևավորվի:

Վրաստանի ջրային մարզաձևերի ֆեդերացիայի հետ պայմանավորվածություն ունենք, որ մեր թիմերից մեկը հանդես գա Վրաստանի բաց առաջնությունում: Ֆինանսների սղության պատճառով չենք կարողանում հաճախ մասնակցել միջազգային մրցաշարերին:

- Բացի Վանաձորից, Հայաստանի մյուս մարզերում ջրագնդակով զբաղվելու պայմաններ կա՞ն:

- Մարզերում չկան համապատասխան պայմաններով լողավազաններ, ուստի մարզաձևով զբաղվելը շատ դեպքերում անհնար է: Նպատակ ունենք ջրագնդակը տարածել նաև այն մարզերում, քաղաքներում ու համայնքներում, որտեղ դրա հնարավորություններն առկա են:

Աշխատանքներ ենք իրականացնում Գյումրիում: Փորձում ենք թիմ ստեղծել և համապատասխան մասնագետով ապահովել: Դիլիջանի միջազգային դպրոցն ունի ստանդարտներին համապատասխան լողավազան և մարզագույք: Աշխատանքներ ենք տանում այնտեղ ջրագնդակի ակումբ հիմնելու ուղղությամբ:

- Հավաքական թիմ ձևավորելու և միջազգային հարթակում հաջողության հասնելու համար ի՞նչ է հարկավոր:

- Ջրագնդակը թանկարժեք մարզաձև է: Այն զարգացնելու համար ֆինանսական հնարավորություններ են հարկավոր. պայմաններ, մարզագույք, ստանդարտներին համապատասխան լողավազան: Նշեմ, որ մեր մարզիկներին շատ լավ հաջողվում է ջրագնդակով զբաղվելը: Միջոցների բացակայությունն է խանգարում: Բայց քայլ առ քայլ փորձում ենք հաղթահարել խնդիրները և զարգացնել ջրագնդակը: Պետությունից ստանում ենք աջակցություն, համագործակցում ենք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ: Դրական տեղաշարժեր նկատվում են՝ սկսած 2011-2012 թվականներից: Մինչ այդ Երևանում միայն մեկ թիմ էր գործում: Այդ ընթացքում ստեղծվեցին նոր ակումբներ, և այսօր կարող ենք 8-9 թիմով առաջնություններ կազմակերպել ու անցկացնել:

Ոչ միայն մեր մարզաձևի, այլև մյուս մարզաձևերի պրոֆեսիոնալ մակարդակով զարգացմանը խանգարող խնդիրներից է նաև այն, որ զինծառայությունից վերադառնալուց հետո տղաները թողնում են սպորտը:

- Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիան առաջնային ի՞նչ աշխատանքներ է իրականացնում մարզաձևը զարգացնելու ուղղությամբ:

- Ջրագնդակ մարզաձևի մասսայականացման և զարգացման միջոցով ֆեդերացիան փորձում է նպաստել ազգաբնակչության ֆիզիկական և բարոյական դաստիարակության ներդաշնակ զարգացմանը: Ջրագնդակը խաղային մարզաձև է: Մարզիկների մոտ ձևավորվում է փոխադարձ հարգանք, նվիրվածություն, միմյանց օգնելու ցանկություն:

Մասնավոր լողավազանների համար լող մարզաձևն ավելի շահութաբեր է, քան ջրագնդակը: Բոլոր լողավազանները չէ, որ ունեն համապատասխան գույք. դարպասներ են հարկավոր, գլխարկներ, գնդակներ և ամենակարևորը՝ համապատասխան մասնագետներ: Երևանյան թիմերը մարզվում են երկու լողավազանում: Դա է պատճառը: Վերջին տարիներին մարզաձևով զբաղվողների թիվը զգալիորեն ավելացել է: Դրանով է պայմանավորված թիմերի քանակի ավելացումը: Դրական տեղաշարժը նկատելի է նաև երկրպագուների առումով, նրանք մշտապես հետևում են մրցաշարերի ընթացքին:

Նշեմ, որ խորհրդային ժամանակաշրջանում ֆիզկուլտուրայի ինստիտուտում գործել է ջրագնդակի բաժին, որն այսօր չկա, և մենք մասնագետների խնդիր ունենք: Ֆեդերացիան վերապատրաստում է լողի մարզիչներին, մարզաձևով զբաղվող մարզիկներին: Արտերկրում տարբեր կառույցներում աշխատող ջրագնդակի հայ անվանի մասնագետներ կան: Նրանց փորձն ու գիտելիքներն օգտագործում ենք Հայաստանում մարզաձևը զարգացնելու համար: Օրինակ՝ ջրագնդակի մրցավար Օմար Բարդումյանը, որ ապրում է ԱՄՆ-ում, վերջերս դրամահավաք էր կազմակերպել մարզագույք ձեռք բերելու և մարզադպրոցներին հանձնելու նպատակով, իսկ Կալիֆոռնիայի ջրագնդակի ORWP թիմի ավագ մարզիչ Վահագն Առաքելյանն էապես աջակցում է մարզիչների և մրցավարների վերապատրաստման գործում:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: