Հայերեն   English   Русский  

​Լիլիթ Դալլաքյանն ու Անի Հովսեփյանը մասնակցում են բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը


  
դիտումներ: 214

Այս օրերին (hունիսի 5-13) Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի Asics Arena մարզապալատում ընթանում է կանանց բռնցքամարտի 2018 թվականի Եվրոպայի առաջնությունը: Ստուգատեսում խաղարկվում է 40 մեդալ 10 քաշային կարգերում:

Մրցաշարից առաջ կանանց բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ ընտրանու 4 բռնցքամարտուհի` աղջիկների աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնությունների չեմպիոն, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանը, 64 կգ քաշայիններ 20-ամյա Անի Հովսեփյանն ու 19-ամյա գյումրեցի Մարիամ Օստրենկովան նախապատրաստական ուսումնա-մարզական հավաք անցկացրին Երևանում՝ Օլիմպավանում, որն ավարտվեց հունիսի 3-ին:

Եվրոպայի առաջնությունում մարզիչ Խաչիկ Խաչատրյանի ղեկավարությամբ հանդես են գալիս 2 բռնցքամարտուհի` Լիլիթ Դալլաքյանը (54 կգ) և Անի Հովսեփյանը (64 կգ):

Հունիսի 5-ին տեղի ունեցավ առաջնության մասնակիցների կշռման արարողությունն ու վիճակահանությունը: Նույն օրը կայացան նաև ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությունն ու նախնական փուլի հանդիպումները:

Կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները տեղի կունենան հունիսի 11-ին, իսկ եզրափակչինը` հունիսի 12-ին:

Կանանց բռնցքամարտի 2018 թվականի Եվրոպայի առաջնությունն առանձահատուկ է նաև նրանով, որ այստեղ, բացի մեդալներից, 5 քաշային կարգերից (51 կգ, 57 կգ, 60 կգ, 69 կգ, 75 կգ) յուրաքանչյուրում 1-10-րդ տեղերը զբաղեցրած մարզուհիները կնվաճեն 2019 թվականի հունիսի 21-30-ը Մինսկում կայանալիք Եվրոպական մարզական 2-րդ խաղերին մասնակցելու ուղեգրեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: