Հայերեն   English   Русский  

​ԿՈՄԻՏԱՍ Ա ԱՂՁԵՑԻ


  
դիտումներ: 4901

Կոմիտաս Ա Աղձեցի կաթողիկոսը հայտնի է Շինող մականունով: Կոմիտաս Շինող կաթողիկոսի ձեռնարկումներից Վաղարշապատի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին իրական գլուխգործոց է և ուրույն տեղ ունի ոչ միայն հայկական, այլև համաշխարհային ճարտարապետության դասագրքերում: Սուրբ Հռիփսիմե եկեղեցին նոր խոսք էր, նոր մոտեցում և նոր շունչ համաշխարհային ճարտարապետության մեջ:

Կոմիտաս Աղձեցի կաթողիկոսը ծնվել է Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի Աղձք գյուղում, որտեղ դեռ IV դարում ամփոփվել են հայոց արքաների աճյունները:

Ապագա կաթողիկոսի ծննդյան ստույգ թվականն անհայտ է: Անհայտ է նաև նրա ընտանիքի սոցիալական ծագումը:

Թե որտեղ է Կոմիտաս Աղձեցին ստացել իր նախնական կրթությունը, անհայտ է: Սակայն արդեն 574 թ. նա տեղափոխվում է Դվին մայրաքաղաք և մինչև 604 թ. սովորում Մովսես Եղվարդեցի կաթողիկոսի բացած դպրոցում:

Դվինում ուսումնառությունն ավարտելուց հետո Կոմիտաս Աղձեցին նշանակվեց Վաղարշապատի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու փակակալ: Այդ տարիներին Սուրբ Հռիփսիմե եկեղեցին մի փոքր կառույց էր: Ավանդության համաձայն՝ Հռիփսիմյանց կույսերի նահատակությունից հետո Տրդատ Գ Արշակունի արքան (278-331) և Գրիգոր Ա Պարթև (Գրիգոր Լուսավորիչ) կաթողիկոսն այստեղ վկայարան են կառուցել՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն, չորս սյուներով ամպհովանի: Հետագայում՝ IV դարի հայ-պարսկական պատերազմների ժամանակ, այն ավերել էին պարսիկները, իսկ Սահակ Պարթև կաթողիկոսը վերանորոգել էր:

Այնուհետև Կոմիտաս Աղձեցին նշանակվում է Տարոնի եպիսկոպոս: Որպես Մամիկոնեից հոգևոր առաջնորդ՝ նա աչքի ընկավ հոգևոր, կրթական գործունեությամբ: Այդ տարիներին Կոմիտաս Աղձեցու հեղինակությունն էապես բարձրացավ և նա դարձավ հայ հոգևորականության երևելիներից մեկը, որ կարող էր ազդել Հայ առաքելական եկեղեցու ընթացքի ու գործունեության վրա:

616 թ. մահանում է Աբրահամ կաթողիկոսը: V դարում հաստատված կարգի համաձայն՝ նոր կաթողիկոսի ընտրությունը պետք է թույլատրեր ու հաստատեր պարսից արքունիքը: Սակայն պարսից արքա Խոսրով Փարվեզն արգելում է հայոց երկրում նոր կաթողիկոսի ընտրությունը: Հայ հոգևորականությունը, Ամատունյաց Մատթեոս եպիսկոպոսի գլխավորությամբ, պատվիրակություն է ուղարկում պարսից երկիր, որի կազմում էր նաև Կոմիտաս Աղձեցին: Պատվիրակությունը կարողանում է տարհամոզել պարսից արքային և իր առաքելությունը կատարած՝ վերադառնում է հայոց երկիր:

Տիզբոնում գտնվող Վրկանանց մարզպան Սմբատ Բագրատունու միջնորդությամբ պարսից արքան հենց Կոմիտաս Աղձեցուն է նշանակում հայոց կաթողիկոս: Ըստ ամենայնի՝ Կոմիտասը չընտրվեց, այլ նշանակվեց հայոց կաթողիկոս, ինչը հնուց ի վեր հաստատված կարգի խախտում էր: Նա միայն տարիներ անց օծվեց հոգևոր ժողովի կողմից: Հենց այդ պատճառով է գուցե պատմագիտության մեջ նշվում Կոմիտաս Աղձեցի կաթողիկոսի գահակալության ութամյա շրջանի մասին, թեպետ նա փաստացի 13 տարի է առաջնորդել Հայ առաքելական եկեղեցին:

Պարսից արքունիքում նորանշանակ կաթողիկոսը «Հավատո գիր» է գրում և հանձնում արքունիք, որում շարադրում է հայոց դավանանքի էությունն ու իր հավատարմությունը Քաղկեդոնի ժողովի դրույթները, հետևաբար և բյուզանդական ազդեցությունը մերժելու գործին: Ամենայն հավանականությամբ, դա իր կաթողիկոս նշանակվելու երաշխիքն էր: Ի դեպ, «Հավատո գիրը» նա ստորագրեց որպես Մամիկոնեից եպիսկոպոս, այլ ոչ հայոց կաթողիկոս, քանզի դեռևս չէր օծվել ժողովի կողմից:

Այդ տարիներին ընթանում էր պարսկա-բյուզանդական մեծ պատերազմ, և հայերի հակաքաղկեդոնական և հակաբյուզանդական կեցվածքն անչափ կարևոր էր պարսից երկրի համար: Երկու ոխերիմ թշնամի պետությունները շարունակական պատերազմների մեջ էին Մերձավոր Արևելքում գերիշխանության համար, և այս պայքարում Հայաստանի դիրքորոշումը վճռական էր: Հայոց երկիրը բաժանված էր Սասանյան Իրանի և Բյուզանդական կայսրության միջև: Երկրի մեծ մասը գտնվում էր պարսկական տիրակալության տակ, բայց ուներ ներքին լայն ինքնավարություն:

Սկզբում պարսից բանակը նշանակալի հաղթանակներ տոնեց և պատերազմական գործողությունները տեղափոխեց Փոքր Ասիա: Սակայն 622 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը, անձամբ գլխավորելով բյուզանդական բանակը, փոխեց պատերազմի ընթացքը: Նա գրավեց ոչ միայն Պաղեստինը, Ասորիքը, այլև ողջ Հայաստանը և Կովկասը՝ երկու կողմերից օղակելով պարսից երկիրը: Հայոց զինուժը, բյուզանդական մասի իշխան Մժեժ Գնունու գլխավորությամբ, անմիջապես լծվեց բյուզանդական զորքին:

627 թ. դեկտեմբերի 12-ին բյուզանդական բանակը, Հերակլ կայսրի հրամանատարությամբ, գրավեց Պարսկաստանի Տիզբոն մայրաքաղաքն ու հրկիզեց: Սա պարսից երկրում լարեց ներքին հակասությունները: Նախարարներն ապստամբեցին արքայի դեմ, նրան կալանեցին ու գահ բարձրացրին նրա որդուն՝ Կավատին: Նոր արքայի առաջին գործը եղավ հորն ու մոտ քառասուն եղբայրներին սրակոտոր անելը: Ի վերջո, Կավատ արքայի խնդրանքով Հերակլ կայսրը հաշտություն կնքեց պարսից հետ: Պարսկաստանը պարտվեց: Վերականգնվեց պարսկա-բյուզանդական 591 թվականի սահմանագիծը:

Այս իրավիճակում Հայ առաքելական եկեղեցու համար ահագնացավ Բյուզանդիայի և քաղկեդոնականության ազդեցության վտանգը: Միաժամանակ աշխարհում խոշոր փոփոխություններ էին տեղի ունենում: Արաբական թերակղզում Կուրեյշ ցեղից Մուհամմեդը՝ հիմնելով հզոր պետություն՝ Արաբական խալիֆայությունը և նոր կրոնը՝ իսլամը, նվաճելով չորս բոլորն ընկած տարածքները, քրիստոնեության համար մեծ վտանգ ներկայացնելով՝ առաջ էր շարժվում:

Սակայն Կոմիտաս Աղձեցին չապրեց այս տագնապները: Նա այս դեպքերի նախօրեին մահացավ:

Կոմիտաս Աղձեցին համարվում էր ժամանակի հայ եկեղեցու լավագույն աստվածաբաններից մեկը: Նա ակտիվ մասնակցություն ուներ դավանաբանական բանավեճերին և ընդգծված հակաասորական և հակաքաղկեդոնական դիրքորոշում ուներ:

Կոմիտաս կաթողիկոսի կարգադրությամբ կազմվել են «Կնիք հավատոյ» և «Գիրք թղթոց» դավանաբանական ժողովածուները: Իսկ կաթողիկոսն անձամբ հեղինակել է «Վասն հավատոյ» թուղթը, որում անդրադառնում է հայ առաքելական եկեղեցու դավանաբանական հիմնախնդիրներին: Իսկ Սեբեոս պատմիչն իր աշխատության մեջ ներկայացնում է Կոմիտաս կաթողիկոսի նամակը Երուսաղեմի տեղապահ Մոդեստոս երեցին: Կաթողիկոսը նամակում անդրադառնում է հայ եկեղեցու և Երուսաղեմի աթոռի հարաբերություններին: Այդ նամակը աստվածաբանական և դավանաբանական ծանրակշիռ դրույթներ է բովանդակում:

Կոմիտաս կաթողիկոսը նաև երաժիշտ էր, բանաստեղծ: Հեղինակել է շարականներ: Արժանահիշատակ է Հերակլ կայսրին նվիրված «Անձինք նուիրեալք սիրոյն Քրիստոսի» շարականը, որ 36 տնից է բաղկացած, և յուրաքանչյուրը սկսվում է այբուբենի հերթական տառով:

Նա Հայաստանում հոգևոր դպրոցներ բացեց: Կոմիտասի օրոք հայտնի էին Արշարունյաց, Շիրակի և Սյունյաց դպրեվանքերը:

Կոմիտաս Աղձեցու մականունը Շինող էր: Նրան այդպես է անվանում անգամ ասորի պատմիչ Միքայել Ասորին: Կաթողիկոսն այդ պատվանունը վաստակել է շինարարական ծավալուն գործունեության համար: Կոմիտաս Աղձեցին ավարտին է հասցրել Դվինի Սուրբ Գրիգոր եկեղեցու շինարարությունը, հիմնանորոգել է Վաղարշապատի Մայր տաճարը: Սակայն Կոմիտաս Աղձեցու ձեռնարկումների թագն ու պսակը Վաղարշապատի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու կառուցումն էր, ինչն իրավամբ համաշխարհային ճարտարապետության գոհարներից է համարվում: Այս եկեղեցու արևելյան խորշի մեջ կաթողիկոսը շինարարական արձանագրություն է թողել՝ «Քրիստոս Աստուած, յիշեա զԿոմիտաս Հայոց կաթողիկոս՝ շինող սրբոյ Հռիփսիմէի»։

Վաղարշապատի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին գլուխգործոց է և ուրույն տեղ ունի ոչ միայն հայկական, այլև համաշխարհային ճարտարապետության դասագրքերում: Սուրբ Հռիփսիմե եկեղեցին նոր խոսք էր, նոր մոտեցում և նոր շունչ համաշխարհային ճարտարապետության մեջ:

Կոմիտաս կաթողիկոսը մահացել է 628 թ.: Մարմինն ամփոփվել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու ներսում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: