Հայերեն   English   Русский  

​Հայաստանը ՝ կենսատեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն


  
դիտումներ: 1833

Դեղագործության, բիոդեղագործության, բժշկական սարքերի և այլ ոլորտներում մասնագիտացած համաշխարհային հետազոտական «FMD K&L» ընկերությունը Հայաստանում հիմնել է ընկերության մասնաճյուղը՝ ակնկալելով աշխարհի լավագույն փորձը ներդնել նաև մեր երկրում: «FMD KL Europe» ընկերությունը պայմանագրային հետազոտական ծառայություններ է մատուցում աշխարհի առաջատար դեղագործական և առողջապահական ձեռնարկություններին և Երևանում հիմնելով իր մասնաճյուղը՝ պատրաստ է երկրի ներուժն օգտագործել կլինիկական միջազգային հետազոտություններում:

Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը, լինելով առողջապահական, բժշկագիտության, կլինիկական հետազոտության, դեղերի արտադրության ոլորտում սահմանափակ ներուժ ներկայացնող պետություն, կկարողանա միջազգային շուկային զարմացնել իր փորձագիտական աշխատանքներով և տարածաշրջանում ճանաչելի դառնալ: Այս և այլ հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ «FMD KL Europe» հայաստանյան ներկայացուցիչ Կարապետ Դավթյանից:

- Պարո՛ն Դավթյան ինչպե՞ս որոշվեց որպես բիոտեխնոլոգիական ծառայություններ մատուցող երկիր ընտրել Հայաստանը: Օտարեկրացի ներդրողների համար որքանո՞վ էր հուսալի հայաստանյան բժշկագիտության ներուժի օգտագործումը:

- Այս ուղղությամբ աշխատանքները սկսվել են 2 տարի առաջ՝ ընկերության տնօրեն Կիրիտ Վելանիի Հայաստան կատարած այցից հետո։

Բրիտանացի, ծագումով հնդիկ Կ. Վելանին Հայաստան է եկել 2015 թ. հունվարին այլ նպատակով, բայց այստեղ, ինչպես խոստովանել է, հայտնաբերել է նոր Կուբա։ Երբ վերադարձավ Չինաստան, առաջարկեց Հայաստանն օգտագործել որպես ընկերության նոր հարթակ Եվրոպայի համար։ Երկու ամիս անց Երևանում բացվեց առաջին գրասենյակը: Նրա գնահատմամբ՝ բիոտեխնոլոգիաների ոլորտի ներուժը արդյունաբերական զարգացման փուլում է և կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը։ Հայաստանյան լաբորատորիայում նստած երկու մարդ կարող են նյութ ստեղծել, որը միլիարդների եկամուտներ կարող է ապահովել երկրին:

Նման բիոտեխնոլոգիական գործառույթներ կենտրոնն իրականացնում է Հնդկաստանում և Չինաստանում և որպես մատակարար գործընկեր է փնտրում նաև եվրոպական տարածաշրջանում։

- Այս ժամանակահատվածում կենտրոնը, որքանով տեղյակ եմ, բավականաչափ ներդրումներ է կատարել: Ի՞նչ ուղղություններով:

- Ամենատարբեր ուղղություններով՝ աշխատանքները սկսելով նախ մի քանի աշխատակցով։ Գործունեության 2-3 տարում ընկերությունը Հայաստանում աշխատողների թիվը հասցրել է 180-ի, այս պահին միջազգային որակավորման ևս 20 մասնագետի կարիք ունի։ Ներդրումներ են կատարվել կառույցը միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնիկայով ու սարքավորումներով հագեցնելու համար։ Միայն անցած տարվա ընթացքում մարդկային կապիտալի վերապատրաստման և տեխնոլոգիական կենտրոնի վերազինման համար 1 միլիոն դոլար է ծախսվել։ Սակայն ներդրումներն այսքանով չեն սահմանափակվում։

- Որքանո՞վ են հիմնադիրները վստահ, որ Հայաստանն իր բիոտեխնոլոգիական հնարավորություններով գրավելու է միջազգային շուկան։

- Սիլիկոնային հովտում ներկայացված մեր գիտական ներուժը և շախմատում հայտնի մրցանակակիրների անուններն է նրանց բերել Հայաստան, վստահ են՝ Հայաստանում առկա մարդկային բարձր ինտելեկտը կօգնի առողջապահության ոլորտում գիտական փորձարկումներ ու ամենաբարդ հետազոտություններ իրականացնելու և որպես պատվիրատու դիտարկելու նաև Հայաստանը: Սակայն այս գործընթացին հասնելու համար դեռ ժամանակ է պետք, աշխատանք ու փորձ։ Առայժմ մի քանի պատվեր է գրանցվել։ Բացի այդ, Հայաստանը որպես բիոտեխնոլոգիական տարածաշրջան է դիտարկվել՝ պայմանավորված մի քանի գործոններով։ Նախ՝ միայն ԵՊԲՀ-ն տարեկան 300 շրջանավարտ է ունենում, մեծ մասամբ՝ բարձր առաջադիմությամբ։ Հայաստանը եվրոպական տարածաշրջանում է և ժամային բարենպաստ գոտում, ինչը ամեն պահի գործընկեր երկրների ներկայացուցիչների հետ ազատ հաղորդակցվելու և տեղեկություններ փոխանակելու հնարավորություն է տալիս։

Կիրիտ Վելանին Հայաստանում իր գործունեության առաջին իսկ օրվանից վստահ է՝ Հայաստանը կարող է դառնալ խոշոր բիոտեխնոլոգիական կենտրոն ոչ միայն ԱՊՀ տարածքում, այլև ամբողջ Եվրոպայում։ Նրա որդեգրած ռազմավարությունն է աշխարհի լավագույն փորձը կենտրոնացնել Հայաստանում։

- Իսկ հայ մասնագետները արտերկրում վերապատրաստում անցե՞լ են, թիմում ունե՞ք նաև օտարերկրացիներ:

- Հայաստանում բժիշկների և դեղագործների որակը բարձրացնելու համար ընկերության երևանյան գրասենյակում կազմակերպվել են բազմաթիվ կրթական թրեյնինգներ ՀՀ առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ։

Արտասահմանից հրավիրված բարձրակարգ մասնագետների կազմակերպած դասընթացներից բացի, ընկերության աշխատակիցները 6-ամսյա գործուղումների են մեկնում և փորձի փոխանակման մասնակցում ընկերության Չինաստանի և ԱՄՆ-ի գրասենյակներում։ Ի դեպ, նպատակադրված է աշխատակիցների թիվը առաջիկայում հասցնել 250-ի։ Այո, նրանց մեջ նաև օտարերկրյա մասնագետներ կան:

Կլինիկական հետազոտությունների միջազգային փորձի տեղայնացումը հայ մասնագետների համար չափազանց կարևոր է, մանավանդ որ ընկերությունը դեռևս արտասահմանյան պատվիրատուների հետ է համագործակցում, և միջազգային չափանիշների յուրացումը, փորձի կուտակումը մեծացնում են երկրի հեղինակության բարձրացման և վստահության ձեռքբերման հնարավորությունը։

«FMD K&L Armenia»-ն նաև դեղագործության և բիոտեխնոլոգիայի ժամանակակից փորձը համալսարանական ծրագրերում ներդնելու աշխատանքներ է տանում, մասնավորապես՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական և Հայ-սլավոնական համալսարանների հետ դեղագործության ոլորտում կիրառվող SAS ծրագրավորման մասնագետների պատրաստման ուղղությամբ։ Մենք ակնկալում ենք Հայաստանում այնպիսի մակարդակի հասցնել բիոտեխնոլոգիան, որ այն դառնա հիմնական բիզնես։

- Ինչպե՞ս է սկսվելու կենտրոնի գործունեությունը: Կենտրոնի գործառույթների կարիքն ինչքանո՞վ է զգալու սովորական քաղաքացին։

- Նախատեսվում է փուլ առ փուլ կլինիկական հետազոտությունների հիմքերը դնել։ Նորաբաց կլինիկան կսկսի առաջին անհրաժեշտության խնամքի միջոցների՝ շամպունների, կրեմների փորձարկումների հետազոտություններ, իսկ հետո արդեն կիրականացնի բարդ կլինիկական փորձարկումներ։

Ցանկացած տեսակի գիտելիք և փորձ այս ոլորտում ուզում ենք ներմուծել։ Հետևաբար մեր քաղաքականությունն է՝ մասնագետներին աճեցնել ու զարգացնել այնպես, որ մեր այս փոքրիկ երեխան դառնա չափահաս:

Մարդկանց օգուտը լինելու է այն, որ շատերը կամովին կկարողանան ներառվել աշխարհում իրականացվող փորձագիտական աշխատանքներում, որոնք հնարավոր է օգտակար ազդեցություն ունենան ու բարելավեն այն հիվանդների վիճակը, որոնց որևէ բուժման միջոց նախկինում չի օգնել։ Եթե կլինիկական հետազոտությունները կարողանանք ներմուծել նաև Հայաստան, ապա մարդիկ կկարողանան անվճար ընդգրկվել փորձագիտական հետազոտություններում և կյանքը փրկելու հնարավորություն կունենան, եթե արդեն առկա բուժումից չեն կարող ապաքինվել:

Սովորական քաղաքացին կենտրոնի գործունեության օգտակարությունը կզգա նաև ընդհանուր առողջապահական ոլորտի զարգացման առումով։ Կենտրոնը կնպաստի այս գործընթացին երկրորդային ձևով։ Կլինիկական հետազոտությունների ներդրման ու զարգացման ոլորտում հայ մասնագետների ներգրավմամբ որակապես կբարելավվեն նաև բժշկական ծառայությունները։ Կլինիկական հետազոտությամբ զբաղվող ցանկացած բժիշկ պիտի առողջապահական ոլորտի ամենավերջին նորարարական գիտելիքներին ու ինֆորմացիային տիրապետի, սա պարտադիր պահանջ է զարգացած շուկաների համար: Իսկ կլինիկական հետազոտություններն աշխարհում նպաստում են բժշկական գիտության զարգացմանը։

Հարցազրուցը՝ Լ.Ն-ի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: