Հայերեն   English   Русский  

​Ոսկե շղթա գնելու համար մոր տված գումարով բիզնես է սկսել


  
դիտումներ: 6045

Հաթերքն Արցախի ամենամեծ գյուղերից է և 2500 տարվա պատմություն ունի, հարուստ մշակութային և պատմական ժառանգություն, բազմաթիվ հուշարձաններ, բայց մինչև հիմա զբոսաշրջիկ չի այցելում Հաթերք: Եվ հաթերքցի երիտասարդ Սամվել Միրզախանյանն անցյալ տարի՝ բանակից զորացրվելուց հետո, փորձում է փոխել այդ իրավիճակը:

«Արցախի երիտֆորում» ծրագիր կար՝ 20-30 տարեկան երիտասարդներին հավաքում են, հետները սեմինարներ են անցկացնում, թե ինչպես բիզնես սկսեն, ինչպես համայնքը զարգացնեն: Մինչ այդ էլ մտածում էի, թե ինչպես կարող եմ համայնքս զարգացնել: Կա՛մ պատկերացնում էի, բայց միջոցներ չկային, կա՛մ էլ չէի պատկերացնում, թե ինչպես կարող եմ եղած միջոցները ռացիոնալ օգտագործել»,- «Անկախին» պատմեց Սամվել Միրզախանյանը:

Հետո արդեն մի ծանոթի հետ զրուցելիս, երբ զրուցակիցն իմանում է, որ Սամվելն Արցախից է, հարցնում է, թե այնտեղ էկոտուրիզմով զբաղվողներ կա՞ն: Սամվելը չգիտեր: Զրուցակիցն էլ խնդրում է, որ Սամվելը հետաքրքրվի ու տեղեկացնի իրեն:

Մի քանի ծանոթների զանգահարելուց ու հետաքրքրվելուց հետո, թե ով կարող է մարդ ընդունել, Սամվելը բոլորից բացասական պատասխան է ստանում: «Մի շաբաթ անցավ, բայց այդ միտքը գլխիցս դուրս չէր գալիս, մտածում էի, թե ինչպես կարելի է գաղափարը կյանքի կոչել: Մտածեցի, որ եթե ես չանեմ, ուրիշ էլ ո՞վ պետք է անի, ու որոշեցի, որ ավելի լավ է՝ ես սկսեմ, մյուսներն էլ կտեսնեն ու իրենք էլ կսկսեն: Մինչ այդ մայրս 300 հազար դրամ գումար էր հավաքել ու ուղարկել էր ինձ, որ ինձ համար ոսկե շղթա գնեի: Բայց ես այդ գումարով սալիկ և մետլախ գնեցի, ու երբ ամանորյա արձակուրդին գնացի տուն` վերանորոգեցի մեր սանհանգույցն ու լոգարանը: Դա էլ առիթ եղավ, որ մտածեմ՝ սանիտարահիգիենիկ պայմանները ապահովված են, ինչո՞ւ հենց մեր տանը չփորձենք հյուրեր ընդունել»:

Ահա թե ինչպես հայրենի գյուղում, իր տանը, Սամվել Միրզախանյանը հիմնեց գյուղի առաջին՝ «Հաթերք» հյուրատունը:

Նա բանակից զորացրվելուց հետո իրենց տանն անընդհատ վերանորոգման աշխատանքներ էր իրականացրել, ամեն արձակուրդին մի սենյակ էր վերանորոգել: Ու երբ որոշեց, որ հենց իրենց տունը պետք է դարձնի հյուրատուն, սկսեց արդեն տան պայմանները հարմարեցնել հյուրատան պահանջներին: Եվ մտածում է, որ բացի կեցության պայմաններ ստեղծելուց, պետք է զբոսաշրջիկների համար ժամանցի և հանգստի տարբեր հնարավորություններ ստեղծել: Նախ բակում ջերմոց է սարքում, որտեղ տարբեր էկզոտիկ բույսեր է սկսում աճեցնել: Նախատեսում է նաև կազմակերպել ձիարշավներ, քայլարշավներ, գաստրո-, էկո- և ագրոտուրեր, հեծանվարշավներ և այլն: Համոզված էր, որ թե՛ իրենց տան, թե՛ հարևանների ու համագյուղացիների ռեսուրսներն օգտագործելով՝ կարելի է այդ ամենն իրականացնել: Այսինքն՝ ներդրումներ չեն եղել, եղած հնարավորություններն ու միջոցներն են դարձել ներդրումներ:

«Նախատեսում ենք նաև մեղրի արտադրություն հիմնել, քանի որ քեռիս շատ մեղուներ ունի, տոննաներով մեղր է ստանում, բայց առանց փաթեթավորման, պարզապես ապակյա տարաներով է վաճառել: Ու ես որոշեցի, որ պետք է նաև հավելումներով ու հետաքրքիր փաթեթավորմամբ փորձեմ վաճառել այդ մեղրը: Հետո թթի օղի էլ ենք քաշելու: Ու քանի որ հիմա մեր տանն ընդամենը երկու սենյակ կա, որ հարմար է հյուրեր ընդունելու համար, նաև պապական՝ քեռուս տունն էլ սկսեցինք հարմարեցնել հյուրատան պայմաններին»,- շարունակում է իր պատմությունը երիտասարդ սկսնակ ձեռներեցը:

Սամվել Միրզախանյան

Սկզբում քեռին այնքան էլ չի ոգևորվում տղայի գաղափարներով, ասում է. «Գործ չունես, քո դասերին նայիր, ի՞նչ գիտես, թե ովքեր են լինելու այդ տուրիստները»: Բայց Սամվելը հաստատակամ էր: Ֆեյսբուքյան էջ է բացում, սկսում տների նկարները տեղադրել: Հարազատները հանկարծակիի են գալիս, զարմանում, նույնիսկ՝ զայրանում: «Հաթերք» հյուրատան հիմնադիրը ժպտալով խոստովանում է, որ իրենց գյուղում իր պես մտածող, նախաձեռնող, պրպտող ու միշտ նոր բաներ փորձող մարդիկ, ցավոք, քիչ կան: Եվ հիշում է մի դեպք. երբ Երևանից զանգում է դասընկերոջն ու առաջարկում միասին եգիպտացորեն աճեցնել` ծախսերն էլ, աշխատանքներն էլ, եկամուտն էլ կիսելու պայմանով, ընկերոջից պատասխան է ստանում, թե ժամանակ չունի, չի հասցնի: «Ասացի՝ ես այստեղից այդտեղ այդքան բան եմ հասցնում, ամսվա մեջ մի քանի անգամ գալիս ու վերանորոգման աշխատանքներ անում, ջերմոց եմ սարքում, այսքան գործեր եմ նախաձեռնում ու առաջ տանում, ու այս ամենն ուսմանը զուգահեռ, բժշկական համալսարանում էլ անվճար եմ սովորում»,- հիշում է մեր զրուցակիցը:

Փաստորեն, ոչ ոք չի հավատացել, ոչ ոք չի ողջունել սեփական գործը դնելու, անգամ ձեռքի տակ եղած փոքրիկ միջոցներով ինչ-որ գործ սկսելու նախաձեռնությունները, բայց Սամվելը չի վհատվել ու արել է իր մտածածը: Եվ ինչպես նշում է նա, շատ է օգնում իր աշխատասիրությունը և համառությունը, հավատը, որ իր նախաձեռնությունը հաջողությամբ է պսակվելու:

«Մի բան որ մտքիս դնում եմ` պիտի անեմ: Ու համոզվել եմ, որ եթե մարդը մի բան մտքին դնում է` անպայման անում է, ուղղակի պիտի շատ աշխատի, ճիշտ հաշվարկի ամեն ինչ ու լինի շատ կարգապահ: Նաև պետք է շփվող լինել ու կապեր հաստատել: Երբ ես, օրինակ, Հաթերքի ընկերներիցս հետաքրքրվում եմ, թե գյուղում ինչ կա-չկա, ասում են՝ տնից ո՞վ է դուրս գալիս, որ իմանան: Դա ինձ ապշեցնում է, որովհետև ես ամբողջ օրը վազվզոցի մեջ եմ, փորձում եմ տարբեր միջոցառումների մասնակցել, տարբեր մարդկանց հետ ծանոթանալ ու շփվել, նոր կապեր հաստատել, նոր բան սովորել,- ասում է «Հաթերքի» հիմնադիրը և իր անձնական օրինակով վկայում, որ եթե չհաճախեր տարբեր սեմինարների` չէր հանդիպի նաև այն մարդուն, որի հետ զրույցի շնորհիվ ծագեց հյուրատուն հիմնելու գաղափարը: Եթե չհաճախեր «Չոր մարքեթինգի» դասընթացին` չէր ծանոթանա բիզնեսմենների հետ, իսկ նրանց հետ ծանոթությունը, շփումը, նոր կապերը մի կողմից խթան են դառնում, որ ինքն էլ նոր բաներ նախաձեռնի, մյուս կողմից էլ օգնում են իր գործում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: