Հայերեն   English   Русский  

Ֆաբիանո Կարուանան դարձավ Altibox Norway Chess մրցաշարի հաղթող


Կարլսենը գրավեց 2-րդ հորիզոնականը,Նակամուրան՝ 3-րդ, իսկ Արոնյանը՝ 6-րդ:


  
դիտումներ: 76

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտվեց Altibox Norway Chess գերհզոր մրցաշարը:

Մրցաշարի վերջին տուրից առաջ 4 շախմատիստ՝ Նորվեգիան ներկայացնող Մագնուս Կարլսենը, և ԱՄՆ 3 ներկայացուցիչներ Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան և Ուեսլի Սոն, վաստակել էին 4-ական միավոր և կիսում էին 1-4-րդ հորիզոնականները, իսկ Լևոն Արոնյանը և Վիշվանաթան Անանդը իրենց ակտիվում գրանցել էին 3.5-ական միավոր և հաղթանակի դեպքում կարող էին հավակնել կիսելու առաջին հորիզոնականը: Վերջին տուրում առաջինն ավարտվեց Վաշիե-Լագրավ - Կարլսեն պարտիան: Կողմերը հաշտություն կնքեցին 17-րդ քայլում: Այնուհետև ոչ-ոքի գրանցվեց նաև Արոնյան - Նակամուրա պարտիայում: 8-րդ տուրում Կարուանային կրած պարտությունից հետո Վիշվանաթան Անանդը կարողացավ սև խաղաքարերով հաղթել Սերգեյ Կարյակինին: Ընթացքի մեջ էր մնացել միայն Կարուանա-Ուեսլի Սո պարտիան: Եթե այստեղ ևս գրանցվեր ոչ-ոքի, ապա հաղթողը կորոշվեր այսօր կայանալիք թայ-բրեյքում, որում 5 շախմատիստ կվիճարկեին հաղթողի տիտղոսը: Սակայն աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Կարուանան փայլուն ոճով հաղթեց Ուեսլի Սոյին և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող: Նշենք, որ Altibox Norway Chess-ը երկրորդ մրցաշարն, որում, Կարուանայի հավակնորդ դառնալուց հետո, միմյանց հետ խաղում Կարլսենը և Կարուանան: Երկու դեպքում էլ Կարուանան դարձել է մրցաշարի հաղթող, իսկ Կարլսենը բավարարվել է 2-րդ հորիզոնականով: Ավելացնենք նաև, որ Altibox Norway Chess-ի առաջին տուրում Կարլսենը ուժեղ գտնվեց Կարուանայից, իսկ Grenke Chess Classic մրցաշարում Կարլսենը շատ մոտ էր հաղթանակին, սակայն Կարուանան հրաշքող փրկվեց:

3 շախմատիստ՝ Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան և Վիշվանաթան Անանդը վաստակեցին 4.5-ական միավոր և կիսեցին 2-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ավելի բարձր միավորների շնորհիվ Կարլսենը գրավեց երկրորդ հորիզոնականը, Նակամուրան եզրափակեց լավագույն եռյակը, իսկ Անանդը դարձավ չորրորդը: Լևոն Արոնյանն իր ակտիվում գրանցեց 4 միավոր և Ուեսլի Սոյի հետ կիսեց 5-6-րդ հորիզոնականները: Ավելի ցածր լրացուցիչ ցուցանիշների պատճառով Արոնյանը դարձավ 6-րդը: Արոնյանը այս մրցաշարում 3 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: