Հայերեն   English   Русский  

Էստոնիայի սիմֆոնիկ նվագախմբի համերգով այսօր կբացվի «Երևանյան հեռանկարներ» փառատոնը


  
դիտումներ: 1501

Գրեմմի մրցանակի արժանացած Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբն այսօր բացառիկ համերգ կունենա «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում:

Համերգի ծրագրում են Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես»-ից մեկ հատված, ինչպես նաև կկատարվեն կոմպոզիտորներ Էդուարդ Տուիբինի և Արթուր Լեմբայի գործերից:

Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի տնօրենի խոսքով՝ թե լինում են երկրներ, որտեղ գնալուց երաժիշտները մտածում են՝ կհոգնեն, մեկ ուրիշը գնա իրենց փոխարեն, ապա Հայաստան գալու համար վիճակ են գցել:

«Նվագախումբը նախորդ անգամ Հայաստանում է եղել 30 տարի առաջ: Դեռ կան երաժիշտներ, որոնք հիշում են նախորդ այցը և այն դրական տպավորությունները, որ ստացել էին»,- ասաց նա:

Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Նեեմե Յաարվիի իր հերթին նշեց, որ ջերմ զգացողություններ ունի լինելով Հայաստանում և փոխանակելով մշակութային արժեքները:

«Հայաստանին ծանոթ եմ նրա մշակույթի, երաժշտության և պատմության միջոցով»,- ասաց դիրիժորը:

Նա ընդգծեց, որ փառատոնը պետք է ավելի լայն ճանաչում ունենա աշխարհում.«Այն արդեն իսկ շատ ճանաչված է, բայց պետք է ավելի հայտնի լինի: »

Նա նշեց նաև, որ ինքն ու Խաչատրյանը լավ ընկերներ են եղել: Նա դեռ 60-ականներից իր երկացանկում ներառում էր Խաչատրյանի ստեղծագործությունները: Յաարվին հիշեց, որ մի անգամ Խաչատրյանի ներկայությամբ կատարել է նրա գործերից մեկը և հայ կոմպոզիտորը շատ էր ուրախացել, որ իր գործերն Էստոնիայում էլ են նվագում:

92 տարվա պատմություն ունեցող նվագախումբը շրջագայել է գրեթե բոլոր աշխարհամասերում, աշխատել դարի ականավոր դիրիժորների և մենակատարների հետ, թողարկել նշանակալից ձայներիզներ` համագործակցությամբ ամենահայտնի ընկերությունների հետ: Նվագախմբի «տունը» Տալինի «Էստոնիա» համերգասրահն է: Խմբի նվագացանկը ընդգրկում է բարոկ և դասական երաժշտությունից մինչև ժամանակակից կոմպոզիտորներ: Նեեմե Յարվին դիրիժորական դինաստիայի նախահայր է, 2010թ.-ից Էստոնիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է և գլխավոր դիրիժորը, իսկ 2017-ին արժանացել է «Պատվավոր գեղարվեստական ղեկավար» կոչմանը։

Մաեստրո Յարվին ղեկավարել է Էստոնիայի ազգային օպերան, Գոթենբուրգի սիմֆոնիկ նվագախումբը, Թագավորական շոտլանդական ազգային նվագախումբը, Դեթրոյթի սիմֆոնիկ նվագախումբը, Նյու Ջերսիի սիմֆոնիկը, Ռոմանական Շվեցարիայի նվագախումբը այլ հեղինակավոր նվագախմբերի շարքում: Նեեմի Յարվին թողարկել է դասական երաժշտության համաշխարհային գանձարանը համալրած 600 ձայնագրություն: Դարի ականավոր դիրիժորներից մեկի` Նեեմե Յարվիիի հետ հադիպումը Հայաստանում սպասված է եղել տասնամյակներ: Համերգի մենակատարը տաղանդավոր էստոնացի դաշնակահար Միհկել Պոլլն է:

Արվեստի դոկտորի կոչում ունեցող երաժիշտը ելույթներ է ունեցել հայտնի նվագախմբերի և դիրիժորների հետ: Նա նաև հանդես է եկել մենահամերգներով` ամենահեղինակավոր համերգասրահներում: Ստացել է մի շարք միջազգային երաժշտական մրցույթների առաջին մրցանակները` Իտալիայում, Էստոնիայում և Իսպանիայում: Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի իրադարձային այցը Հայաստան և համերգը նվիրվում է Էստոնիայի և Հայաստանի Հանրապետությունների 100-ամյա հոբելյանին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: