Հայերեն   English   Русский  

Կայացել է TANAP գազատարի բացման արարողությունը


  
դիտումներ: 211

Թուրքական Էսքիշեհիր քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել TANAP (Անդրանատոլիական գազատար) խողովակաշարի բացման արարողությունը: Այն կազմում է «Հարավայի գազային միջանցքի» հիմնական մասը, հաղորդում է ադրբեջանական «Մեյդան» լրատվական կայքը:

Նախատեսված էր, որ բացման արարողությունը տեղի է ունենալու հուլիս ամսվա առաջին կեսին, սակայն հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների պատճառով, TANAP-ի բացման արարողությունը տեղափոխվել է հունիսի 12: TANAP-ն անվանում են էներգետիկ ոլորտում ռուսական նախագծերին մրցակից: Ադրբեջանական հանքավայրերից ածխաջրածնային հումքը կմատակարարվի Թուրքիա և Եվրոպա: Ենթադրվում է, որ մատակարարումներին կմիանան այնպիսի խոշոր արտահանողներ, ինչպիսինն են Իրանն ու Թուրքմենստանը:

Խողովակաշարով գազի առաջին մատակարարումը կսկսվի հունիսի 30-ին: Գազատարը «Հարավային գազային միջանցքի» էներգետիկ նախագծի մասն է կազմում՝ Տրանս-Ադրիատիկ (TAP) գազատարի նախագծի հետ միասին:

Ադրբեջանից Եվրոպա TANAP-ի երթուղին անցնում է Վրաստանի և Թուրքիայի տարածքով, իսկ TAP-ինը՝ Վրաստանով, Ալբանիայով և Իտալիայով: Նախատեսվում է, որ երկու ճյուղերով եվրոպական սպառողներին գազ կմատակարարվի Շահդենիզ գազի հանքավայրից: Մայիսի 8-ին Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել է, որ 2005-2018 թթ. ընկած ժամանակահատվածում հանքավայրում արդյունահանված բնական գազի ընդհանուր ծավալը կազմում է 91.7 մլրդ խորանարդ մետր:

2013 թ-ի սեպտեմբերի 19-ին Բաքվում «Շահդենիզ» բաժնետիրական նախագծի (հանքարդյունաբերական ընկերություններ՝ բրիտանական BP-ի գլխավորությամբ) և 9 եվրոպական ընկերությունների (Shell, Bulgar gas, DEPA, Gas Natural Fenosa, EON, Gaz de France, Hera, Enel, Axpo) միջև 2020 թ-ից սկսած 25 տարի ժամկետով «Շահդենիզ-2» նախագծի շրջանակներում ադրբեջանական գազի գնման և վաճառքի մասին կոմերցիոն պայմանագիր է ստորագրվել:

2014 թ-ի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի մոտակայքում գտնվող Սանգաճալի տարածքում կայացել է ընդհանուր առմամբ 3500 կմ երկարությամբ «Հարավային գազային միջանցքի» կառուցման պաշտոնական արարողությունը: Ինչպես գրում է կայքը, այս բազմամիլիոնանոց ծրագիրը խորապես փոխում է Եվրոպա գազի մատակարարման քարտեզը՝ Եվրոպական միությանը «կապույտ գազի» ավելի շատ աղբյուրների և Ռուսաստանից իր կախվածությունը նվազեցնելու հնարավորություն տալով:

«Հարավային գազային միջանցք»-ը Թուրքիային առաջին անգամ տարանցիկ երկիր դառնալու և ադրբեջանական գազի միջոցով եկամուտներ ստանալու հնարավորություն է ընձեռում: «Շահդենիզ-2»-ից փոխադրվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազ եկամտաբեր կլինի ինչպես թուրքական պետական «BOTAS» ընկերության, այնպես էլ այդ երկրի պետական բյուջեի համար:

TANAP գազատարի հիմքի տեղադրումը տեղի է ունեցել 2015 թ-ի մարտի 17-ին Թուրքիայում՝ Կարս նահանգում: TANAP նախագծի բաժնետերերն են SOCAR-ը (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) (51 %), SOCAR Turkiye Enerji-ն (7 %), BOTAS-ը (30 %), BP-ն (12 %):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: