Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում ձերբակալել են «Թալըշի սյադո» թերթի գլխավոր խմբագրին


  
դիտումներ: 180

Հունիսի 12-ին Լենքորան քաղաքում ձերբակալվել և ադրբեջանական շրջանային ոստիկանական բաժանմունք է տարվել «Թալըշի սյադո» (Թալիշի ձայն) թերթի գլխավոր խմբագիր, Թալիշական մշակութային կենտորնի ղեկավար Ռաֆիգ Ջալիլովը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Մեյդան» լրատվական կայքը, ոստիկանական ավտոմեքենան փակել է այն ավտոմեքենայի ճանապարհը, որտեղ գտնվել են Ջալիլովը, նրա քույրերը, եղբայրն ու հղի դուստրը: Վերջիններից ևս պահանջել են դուրս գալ ավտոմեքենայից՝ տանելով ոստիկանական բաժանմունք:

Ռաֆիգ Ջալիլովն անձամբ հայտնել է, որ իրենց ձերբակալել են Լերիկից Բաքու վերադառնալու ճանապարհին, ուր իրենք գնացել էին հոգեհանգստի արարողության մասնակցելու համար: Ըստ Ջալիլովի՝ ոստիկանությունը հետաքրքրվել է թերթում լույս տեսնող նյութերով՝ իր բողոքը հայտնելով ավազի ժամացույցի լուսանկարների հրապարակման առնչությամբ. այն համարվում է Եվրոպայում քաղաքական էմիգրանտների կողմից ստեղծված «Օյան» (Արթնացի՛ր) շարժման խորհրդանիշ: Ոստիկանությունում նման հրապարակումները դիտարկել են որպես բողոք անցկացնելու կոչեր:

Ավելի քան 5 ժամ ոստիկանական բաժանմունքում պահելուց հետո Ջալիլովին հարազատների հետ միասին ազատ են արձակել՝ առգրավելով թերթի՝ նրա մեքենայում եղած վերջին երկու օրինակները:

Թալիշական մշակութային կենտրոնն Ադրբեջանում գործում է 1992 թվականից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: