Հայերեն   English   Русский  

​Պատմական հանդիպում. Սինգապուրում հանդիպել են «մարդ հրթիռն» ու «շիզոֆրենիկ ծերունին»


  
դիտումներ: 2170

Պատմության մեջ առաջին անգամ հանդիպել են Հյուսիսային Կորեայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարները: Այս երկրները ֆորմալ առումով պատերազմական վիճակում էին 1953-ից ի վեր:

Պատմական հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 12-ին, Սինգապուրում: Մտավախություն կար, որ հանդիպումը, ի վերջո, կարող է տեղի չունենալ, քանի որ ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքների ընթացքում բազմիցս կողմերը հրաժարվել էին հանդիպումից: Վերջապես ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի ղեկավարները թե՛ առանձնազրույց են ունեցել, թե՛ ընդլայնված պատվիրակությամբ են քննարկում ունեցել:

Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման արդյունքում կողմերը համաձայնագիր են ստորագրել: Փաստաթղթով ԱՄՆ-ն երաշխավորում է Հյուսիսային Կորեայի անվտանգությունը, վերջինս էլ պարտավորվում է քայլեր ձեռնարկել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ: Խոսքը, սակայն, ատոմային զենքից իսպառ հրաժարվելու մասին չէ, այլ միջուկային փորձարկումները դադարեցնելու և միջուկային պոլիգոնը փակելու մասին: Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին կհանձնի այդ երկրում բանտարկված ԱՄՆ քաղաքացիներին, ինչպես նաև Կորեական թերակղզու պատերազմի ժամանակ զոհված ամերիկացիների մնացորդները: Հանդիպումից հետո Թրամփը նաև հայտարարել է, որ թեև իրենց զինված ուժերը դուրս չեն բերի Հարավային Կորեայից, բանակցությունների ընթացքում կդադարեցնեն իրենց մասնակցությունը զորավարժություններին:

Երկու երկրների ղեկավարները նաև միմյանց հրավիրել են այցելել իրենց երկիր: Կիմ Չեն Ընը և Դոնալդ Թրամփն ընդունել են հրավերը՝ պատրաստակամություն հայտնելով այցելել համապատասխանաբար Վաշինգտոն և Փհենյան:

Հանդիպման ավարտից հետո ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել ձեռք բերված արդյունքները՝ նշելով, որ ունեն ավելին, քան ակնկալվում էր: ԶԼՄ-ների հետ հարցազրույցում Թրամփը դրական է արտահայտվել Կիմ Չեն Ընի մասին, որի հասցեին մինչ հանդիպումը պարբերաբար վիրավորական արտահայտություններ էր անում:

«Նա հիանալի բնավորություն ուն: Նա ունի նաև հումորի զգացում, խելացի է և հիանալի բանակցող: Եվ նա սիրում է իր ժողովրդին»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը լրագրողներին նաև տեղեկացրել է, որ բանակցությունների ժամանակ կողմերից և ոչ մեկը մյուսին վերջնագիր չի ներկայացրել, պարզապես կարողացել են ընդհանուր լեզու գտնել:

«Գիտեք, այս ամենը կարող էր ավարտվել պատերազմով, որը միլիոնավոր մարդկանց կյանք կարժենար: Սեուլում 28 մլն մարդ է ապրում, և այս ամենը կարող էր ավարտվել միլիոնավոր մարդկանց մահվամբ: Սակայն մենք, ի վերջո, կարողացանք համաձայնության գալ»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը, անդրադառնալով հարցին, թե ինչպես է հնարավոր դարձել Հյուսիսային Կորեային բանակցությունների սեղանի շուրջ բերելը, նշել է, որ դերակատարում է ունեցել իր կոշտ հռետորաբանությունը: Նրա խոսքով՝ նախկինում երկու երկրների միջև հարաբերություններում առաջընթաց չի եղել, որովհետև իր նախորդներն այդ հարցում վճռական չեն եղել: «Սկզբնական հռետորաբանությունը շատ կարևոր էր: Ինձ հաճելի չէր դրանով զբաղվելը, և որոշ մարդիկ համարում էին, որ ես սխալ եմ վարվում, բայց, անկեղծ ասած, առանց դրա մենք հիմա այստեղ չէինք լինի»,- ասել է Թրամփը:

Կիմ Չեն Ընն իր հերթին հայտարարել է, որ պատրաստակամ է աշխատել Թրամփի հետ:

«Մենք որոշել ենք անցյալը հետևում թողնել: Աշխարհն ականատես կլինի մեծ փոփոխությունների»,- հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը:

Միջազգային արձագանքը

Աշխարհը դրական է արձագանքել երկու երկրների ղեկավարների հանդիպմանը, որը կարող է հանգեցնել խաղաղության ապահովման Կորեական թերակղզում: ՀՀ ԱԳՆ-ն ևս ողջունել է պատմական հանդիպումը: «Մենք ողջունում ենք հունիսի 12-ին կայացած պատմական սինգապուրյան գագաթնաժողովը ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների միջև: Մենք այն համարում ենք կարևոր քայլ՝ միտված համապարփակ լուծում գտնելուն, որը կնպաստի տարաձայնությունները հաղթահարելուն և Կորեական թերակղզում լարվածությունը թուլացնելուն»,- ասված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջում:

Ակնկալիքներ հանդիպումից

Վերլուծաբանների կարծիքով՝ Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպմամբ սկիզբ է դրվել Կորեական թերակղզու ճգնաժամի խաղաղ կարգավորման երկարատև գործընթացին: Սակայն, հաշվի առնելով երկու երկրների ղեկավարների անկանխատեսելի բնավորությունը, հնարավոր է, որ ինչ-որ պահից զարգացումներն այլ ընթացք ստանան:

Փորձագետները, մեկնաբանելով Թրամփի՝ Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու պատրաստակամությունը, նշում են, որ պատճառը տարածաշրջանում նրա գործընկերներ Հարավային Կորեայի և Ճապոնիայի դիրքորոշումն էր: Օրերս Պենտագոնի նախկին ղեկավար Ուիլյամ Պերրին Ժնևում միջուկային անվտանգությանը նվիրված համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Կորեական թերակղզում միջուկային հակամարտության պարագայում զոհերի թիվը կարող էր հասնել 10 մլն-ի: Տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցներին նման զարգացումները ձեռնտու չէին: Ուստի Թրամփը ստիպված եղավ բանակցության նստել մի մարդու հետ, որին մինչ այդ «մարդ-հրթիռ» էր անվանում՝ նրանից ստանալով «շիզոֆրենիկ ծերունի» մականունը:

Փորձագետները նաև նշում են, որ իր այս քայլով ԱՄՆ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց իր գլոբալ առաջնորդի դերակատարումը. համաշխարհային ճգնաժամերը, աշխարհի անվտանգության սպառնալիքները լուծվում են ԱՄՆ-ի նախաձեռնությամբ:

Տեսակետ կա նաև, որ Հյուսիսային Կորեայի հետ որոշակի համաձայնության գալուց հետո ԱՄՆ-ն ամբողջությամբ կկենտրոնանա Իրանի վրա: Այս պարագայում, սակայն, տարածաշրջանում չկան այնպիսի դաշնակիցներ, որոնք կզսպեն ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը:

Չնայած Թրամփի և Չեն Ընի լավատեսական հայտարարություններին՝ վերլուծաբանները նաև շեշտում են, որ ստորագրված փաստաթուղթն ընդամենը քաղաքական հուշագիր է կողմերի մտադրությունների մասին, որը չի պարունակում գործողությունների որևէ մեխանիզմ, ժամկետ կամ ստանձնած պարտավորություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: