Հայերեն   English   Русский  

​Թրոմբի վտանգահարույց հուշումները


  
դիտումներ: 2319

Արյան թանձրուկների գոյացումը կարևոր ֆիզիոլոգիական պրոցես է վնասվածքների դեպքում: Բայց խորադիր անոթներում թրոմբների գոյացումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ու երբեմն էլ մահացու ելքով ավարտվել:

Իսկ ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ օրգանիզմում գոյացել է այդ վտանգավոր կուտակումը: Դա իմանալ պետք է ժամանակին վտանգից ազատվելու համար:

Նախ` ինչով են վտանգավոր: Այդ թանձրուկները խոչընդոտում են արյան բնականոն հոսքը ու վնասում կենսագործունեության կարևոր համակարգերը: Իսկ ամենավատ սցենարը այս համատեքստում թրոմբի անջատումն է առաջացման նախնական տեղից ու դրա «բնադրումը» թոքերում: Դա անվանում են թոքային էմբոլիա, որը ուղեկցվում է կենսական կարևորագույն օրգաններում թթվածնային քաղցով, ինչի պատճառով այդ օրգանները նորմալ չեն «աշխատում»:

Ոմանք արյունաբեր երակների հիվանդության հանդեպ ժառանգական նախատրամադրվածություն ունեն, ուստի պետք է հետևեն նախանշաններին ու գիտենան ռիսկի գործոնների մասին:

Վերջույթներից մեկի այտուց

Խորադիր երակների թրոմբի տարածված նախանշան է այտուցված ոտքը կամ ձեռքը:

Թրոմբը կարող է առողջ արյունահոսքը խոչընդոտել վերջույթներում. արյունը կուտակվում է այդ թանձրուկների հետևում` առաջացնելով այտուց: Պետք է ուշադրություն դարձնել, եթե այտուցն առաջանում է շատ արագ, հետն էլ ցավ է զգացվում:

Թանձրուկն ու ցավը վերջույթներում

Թրոմբոզի դեպքում ցավն ուղեկցվում է նաև մաշկի կարմրությամբ, այտուցով ու տեղում փքվածությամբ: Այս ախտանշանը կարող է ինքնիրեն զարգանալ: Ցավոք, հաճախ այս ցավը շփոթում են մկանային ջղաձգության կամ մկանների գերլարվածության հետ, ինչը էականորեն դժվարացնում է ախտորոշումը: Խորադիր անոթների թրոմբին բնորոշ է դեպի ձեռք ու ոտք տարածվող կրակոցի նմանվող ցավը ֆիզիկական ակտիվության ու շարժման ժամանակ: Հաճախ են հիվանդին անհանգստացնում ջղաձգումը` կարմրության հետ ու որոշ հատվածներում ավելի տաք մաշկածածկույթի երևույթը: Այդ դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի:

ԱՄՆ-ի Արյան ազգային կենտրոնի վստահեցմամբ՝ թրոմբը մաշկածածկույթի որոշակի հատվածում կարմրության ու ջերմության պատճառ է դառնում:

Կրծքավանդակում ցավը

Կրծքավանդակում ցավի զգացումը կարող է պացիենտին հակել այն մտքին, որ սրտի նոպա ունի, սակայն նման ախտանշան կարող է լինել նաև թոքային էմբոլիայի դեպքում, քանի որ ախտանշանները երկու խնդիրների դեպքում նման են: Բայց թոքային էմբոլիայիպարագայում հիվանդի վիճակը վատթարանում է, նաև ստոծանու սուր ցավ է առաջանում շնչելու ու արտաշնչելու ժամանակ: Մինչդեռ սրտի հիվանդությունների դեպքում ցավը ճառագում է մարմնի վերին հատվածներ` դեպի պարանոց, ուսեր ու ծնոտ: Այս ախտանշաններից մեկնումեկը հայտնաբերելու դեպքում անհապաղ բուժօգնության պետք է դիմել:

Շնչահեղձությունն ու հաճախասրտությունը

Թոքերում արյան թանձրուկների գոյացումն արգելափակում է անհրաժեշտ քանակությամբ թթվածնի մուտքը: ԱՄՆ-ի հիշյալ կազմակերպությունը մի եզրահանգում է արել, որ թթվածնային անբավարարության պատճառով սրտի զարկն արագանում է թթվածնի դեֆիցիտը լրացնելու նպատակով: Օրգանիզմը նման կերպ կարող է ազդարարել թոքային էմբոլիայի մասին: Դա հնարավոր է նկատել, եթե հանկարծ շնչարգելություն է սկսվում ու շնչելը դժվարանում է: Կարող է նաև գիտակցության կորստի լինել ու ընդհանուր թուլության: Նման դեպքերում անհապաղ բուժօգնության անհրաժեշտությունն անգնահատելի է, հատկապես եթե այդ ախտանշանները հանկարծ են սկսվել:

Թրոմբն ու առանց պատճառի հազը

Եթե չի հաջողվում հանգստացնել չոր հազը, հետն էլ շնչարգելություն է զգացվում, սրտխփոցն է արագանում կամ էլ կրծքավանդակում ցավ է զգացվում, ապա ամենայն հավանականությամբ խոսքը թոքային էմբոլիայի մասին է: Պացիենտի հազը սովորաբար չոր է լինում, սակայն երբեմն խորխ ու անգամ արյուն է նկատվում:

Սխտոր` թրոմբոցիտների դեմ

Սխտորի պարունակած նյութը` ալիցինը, պայքարում է արյան թարձրուկների գոյացման դեմ` խոչընդոտելով թրոմբների սոսնձումը: Հենց միայն դրա համար կարելի է սխտոր գործածել` մոռանալով դրա հետևանքների` հոտի մասին: Բայց դրա դեմ էլ միջոց կա. սխտոր ուտելուց կես ժամ անց օգտագործված կաթը կամ մաղադանոսը չեզոքացնում է այդ հոտը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: