Հայերեն   English   Русский  

​«Քաղաքացու հետ շփվելու ճիշտ մշակույթը նախարարական աթոռից հասանելի լինելն է». Արսեն Թորոսյան


  
դիտումներ: 2473

Երկրի առողջապահական համակարգն ընթանում է նոր բարեփոխումների ճանապարհով: Որպես ոլորտի գերակայություն դիտարկվում են որոշ ուղղություններ, որոնք ապահովելու են ոլորտի թափանցիկությունը, բյուջեի առավել նպատակային ուղղորդումը , հիվանդությունների վաղ հայտնաբերումը: Առաջիկա ծրագրերի մասին է զրույցը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:

- Լինելով բժիշկ, առողջապահության կազմակերպիչ, միևնույն ժամանակ ղեկավարելով «Միբս» ախտորոշիչ կլինիկան՝ բավական հստակ եք պատկերացնում առողջապահության ոլորտի համակարգային խնդիրները: Ձեր գնահատմամբ՝ դրանցից որո՞նք են այսօր օրակարգային, ո՞ր ուղղություններով եք սկսելու աշխատանքը:

- Համակարգում առկա խնդիրները բազմազան են, բայց կառանձնացնեմ 3 առաջնահերթ անելիք: Առաջինը առողջության առաջնային պահպանման օղակի զարգացումն է: Բուժման որակի առումով վիճակն ավելի լավ է: Բայց մեզ պետք է կանխել առողջական խնդիրները հենց սկզբից՝ նոր թափ հաղորդելով կանխարգելմանը: Երկրորդ ուղղությունն ինչ-որ չափով բխում է առաջինից: Խոսքն ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի մասին է՝ սկսած վաղ հայտնաբերումից: Ու հատուկ շեշտում եմ երեխաների մոտ սքրինինգի իրականացումը: Որպես երրորդ հիմնական անելիք ընդգծեմ ապահովագրական ծածկույթի ընդլայնումը, որպեսզի ՀՀ բոլոր քաղաքացիներն ունենան երաշխավորված բուժօգնություն: Այո, ժամանակ է պետք, բայց սրանք հստակ նախանշված անելիքներ են:

- Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ լինելով ոլորտում՝ շատ լավ հասկանում եք, թե որտեղ ինչ կա, և պատկերացնում եք, որ ամեն ինչ նորմալ չէ: Սովորաբար ժողովուրդը համակարգային փոփոխություններն ակնկալում է մոտ հեռանկարում տեսնել: Ձեր դիտարկմամբ՝ ե՞րբ երկրի քաղաքացուն տեսանելի կդառնան թեկուզ աննշան բարեփոխումները:

- Փոփոխությունները նկատելի կլինեն արդեն այս տարի՝ առաջիկա մի քանի ամսում: Դրանք պետք է լինեն շարունակական, հստակ ծրագրված: Իսկ արդյունքներից կարող ենք խոսել այն ժամանակ, երբ շարքային քաղաքացին կսկսի դրանք զգալ իր «մաշկի» վրա:

- Ինչպե՞ս եք տրամադրված ոլորտում իրականացվելիք բարեփոխումներին:

- Շատ մարտական: Սա ասում եմ ու միաժամանակ շեշտում, որ առողջապահությունը նուրբ ու զգայուն ոլորտ է, որտեղ կտրուկ գործողությունները կարող են աղետալի լինել: Ամեն քայլ ու նախաձեռնություն պետք է լինի ճշգրիտ հաշվարկված, իրականացվի հետևողականորեն: Բայց միաժամանակ շատ կտրուկ եմ լինելու արատավոր ու հանցավոր երևույթների դեպքում, որոնք դեռ առկա են: Դրանց պետք է վերջ տրվի. այլընտրանք չկա:

- Մարդկային կյանքեր փրկելու և առողջության պահպանման առումով կարևորել էիք գիտության ամբողջ զինանոցի օգտագործումը՝ մատնանշելով ապացուցողական բժշկության դերն ու նշանակությունը: Ինչպե՞ս եք պատկերացնում ապացուցողական բժշկության, գիտական բժշկության և գործնական առողջապահության կամրջումը:

- Ապացուցողական բժշկությունն առավել ամուր հիմքերի վրա դնելու համար ընթացքի մեջ է միջազգային ուղեցույցների ու գործելակարգերի ներդրումը, որպեսզի հայաստանյան կլինիկաները բուժման գործընթացում առաջնորդվեն միջազգային չափորոշիչներով՝ հիմնված գիտական կոնկրետ արդյունքների վրա: Սա կպաշտպանի և՛ քաղաքացուն, և՛ բժշկին ու գիտական արդյունքները բուժման մեջ ներդնելու կամուրջը կդառնա:

Վերադառնալով հարցին՝ ասեմ՝ կա գիտություն և մնացյալ ամեն ինչ, և եթե ինչ-որ բան գիտությամբ ապացուցված չէ, չպետք է տեղ ունենա մեր կյանքում: Եվ ոչ միայն առողջապահության ոլորտում: Բայց եթե տեղ ունի և դա վտանգավոր է առողջության համար, մենք պետք է զբաղվենք դրանով: Ամեն դեպքում այդ ամենը չպետք է հասնի այնպիսի զավեշտի, որ նարեկաբուժությամբ ՄԻԱՎ/ՁԻԱՀ բուժեն:

- Պարո՛ն Թորոսյան, բավական մեծ աղմուկ ու դժգոհություն բարձրացրեց դեղերի դեղատոմսերով դուրս գրման նախագծի կիրառումը, որը հետաձգվեց մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը: Դուք՝ որպես բժիշկ և ոլորտը համակարգող ղեկավար, կողմնակի՞ց եք այդ նախագծի կիրառմանը, մտավախություն կա, որ կոռուպցիոն ռիսկերը կմեծանան՝ չհաշված անհարմարավետությունը:

- Դեղերը դեղատոմսով դուրս գրելու նախագիծն անհրաժեշտ է, իսկ դրանից սպասելիքները՝ լուրջ և տրամաբանված: Նախագիծը բոլոր դեղերի դուրսգրման մասով հետաձգվում է, բացառությամբ հակաբիոտիկների: Բայց շեշտեմ, ոչ թե կասեցվում է, այլ հետաձգվում է դրա ներդրումն առավել սահուն ու կազմակերպված իրականացնելու նպատակով, որպեսզի հնարավոր լինի գործընթացի բոլոր մասնակիցների հետ քննարկել այդ հարցը ու բոլորի համար հնարավորինս ընդունելի որոշում մշակել։ Ժամանակ է պետք նաև մարդկանց տարիներով, տասնամյակներով ձևավորված վարքագիծը փոխելու համար:

- Անդրադառնանք պատվաստումների խնդրին, որի շուրջ կարծիքներն իրարամերժ են: Խոսքը վերաբերում է արգանդավզիկի քաղցկեղի դեմ իրականացվող պատվաստանյութի՝ գարդասիլի պարտադիր կիրառմանը: Այն պարտադիր դարձնելու Ձեր հաստատակամությունը բավական մեծ դժգոհություն առաջացրեց, նույնիսկ որոշ բժիշկներ, դեմ լինելով որոշմանը, պատրաստ էին ազատման դիմում գրել: Կա՞ վիճակագրություն , թե պապիլոմա վիրուսի դեմ մինչ օրս հանրության քանի տոկոսն է պատվաստվել:

- Ասել եմ ու կասեմ՝ գարդասիլի դեմ բոլոր խոսակցությունները մտացածին են: Պատվաստումների մեծ դերն ու հիվանդությունների կանխման առումով ազդեցությունը համաշխարհային վիճակագրությունն է փաստում: Ներկայումս պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները դեռ փոքր տոկոսով են իրականացվել՝ նախատեսվածի մոտ 5 տոկոսով, քանի որ սխալ քարոզչության ազդեցությունը դեռ զգալի է: Բայց համոզված եմ՝ այդ կարծրատիպերը կոտրելու փուլը կհաղթահարենք հաջողությամբ:

- Լինելով բավական ակտիվ սոցիալական ցանցերում՝ մշտապես Ձեր դիրքորոշումն ու մտահոգություններն եք հայտնում: Թափանցիկ աշխատելու և հանրային քննարկումներ ծավալելու մշակույթը որքանո՞վ հայտնի կդարձնի ոլորտի առաջնահերթությունները և կապ կստեղծի գերատեսչության ու սովորական քաղաքացու միջև:

- Գերատեսչության աշխատանքների առանցքում քաղաքացին է իր խնդրով: Ու թեև որոշ դեպքերում քննադատություն է հնչում նաև սոցիալական ցանցերի միջոցով մեր ասելիքը տեղ հասցնելու տարբերակի առումով, մենք գերադասում ենք արագ, ճկուն կապը մարդկանց հետ: Երկար փաստաթղթային, բյուրոկրատական մոտեցումների փոխարեն մենք հասանելի ենք առաջին դեմքով: Կարծում եմ՝ սա է քաղաքացու հետ շփվելու ճիշտ մշակույթը. լինելով նախարարական աթոռին՝ լինել հասանելի:

Ու պատահական չէ, որ պատրաստ ենք լսել բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր առնչվել են կամ այսուհետ կառնչվեն կոռուպցիոն որևէ դրսևորման առողջապահության նախարարության կամ դրա ենթակայության տակ գտնվող կառույցների կողմից կատարվող գնումների, մրցույթների, լիցենզավորման և տեսչական գործընթացների ժամանակ: Խնդրել եմ հայտնել ինձ այս մասին azdarar@moh.am էլ. հասցեով։Դիմումներն անձամբ ուսումնասիրելուց հետո կփոխանցեմ իրավապահ մարմիններին։ Իմ նպատակը առողջապահության նախարարության թափանցիկ և անխափան աշխատանքի ապահովումն է և դրա նկատմամբ հասարակության վստահության վերականգնումը:

- Խնդիր եք դրել բժշկական ծառայությունների որակը բարձրացնել նախ և առաջ ապահովագրական ծառայությունների ներդրմամբ և Ձեր դժգոհությունն եք հայտնել ապահովագրված քաղաքացիների ոչ բավարար ցուցանիշից: Բժշկական պարտադիր ապահովագրությունը Հայաստանում կկայանա՞, երբ ամեն մի որոշում հանրությունը սվիններով է ընդունում, ի վերջո, սեփական գրպանին է նեղություն տալու: Չէ՞ որ նաև ապահովագրավճարները բարձրացնելու անհրաժեշտություն եք տեսնում:

- Բժշկական ապահովագրության համակարգի գործարկումը համարում եմ առողջապահության ոլորտում մի շարք առանցքային խնդիրներ լուծելու առավել գործուն միջոց։ Պետական կառույցներն առողջապահությունը պետք է առաջին հերթին դիտարկեն որպես պատասխանատվության ոլորտ։ Պետությունն իր սոցիալական պարտավորությունը պետք է կարողանա այնպես կատարել, որ ոչ ոք ոչ մի դեպքում պետական ֆինանսավորման բացակայության կամ այդ պահին գումար չունենալու պատճառով չզրկվի բժշկական ծառայություններից։

- Որքանո՞վ եք մեր երկրի պարագայում իրատեսական համարում ոլորտի խնդրահարույց նախագծերից մեկը՝ առողջապահական հաշտարարի ինստիտուտի ստեղծումը: Շատ բժիշկներ բոյկոտեցին օրենսդրական նախաձեռնությունը՝ անհեթեթ համարելով նման կառույցի գործունեության անհրաժեշտությունը, ասում են՝ նախ և առաջ իրենք ունեն իրենց շահերը պաշտպանելու խնդիր, որոնք ոտնահարվում են: Ի վերջո, բժշկական սխալները երկրում նվազագույնի հասցնելու, բժիշկ-պացիենտ հարաբերությունները նոր հարթակ տեղափոխելու հարցում ի՞նչ լուծում եք առաջարկում:

- Հաշտարարի ինստիտուտի ներդրման հարցը պատրաստ ենք քննարկել, եթե հանրային պահանջ լինի: Հիմա ես դրա կարիքը չեմ տեսնում: Համարում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանը կարող է և իրականացնում է այդ գործառույթը: Ամեն նեղ մասնագիտական ուղղություն չի կարող հաշտարար ունենալ, իսկ այս համատեքստում ֆինանսական գործիքի կիրառումը համարում եմ անթույլատրելի: Ամեն դեպքում բժշկական սխալները պետք է հասցվեն նվազագույնի, սա անվիճելի է, որը պահանջում է բժիշկների մասնագիտական որակի բարձրացում և միջազգային պրոտոկոլների ներդրում:

- Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետպատվերի շրջանակներում, ինչպե՞ս է այն բաշխվելու, որ իսպառ չարաշահումները վերանան:

- Պետպատվերին առնչվող չարաշահումներն իսպառ կվերանան ապահովագրության ներդրմամբ: Այս տարվա համար պետպատվերի բաշխումն արդեն արվել է, և լուրջ վերանայումներ դժվար թե արվեն: Իսկ հնարավորության դեպքում, եթե դա արվի, շատ ավելի արդյունավետ լուծումներ կտրվեն:

- Պարո՛ն Թորոսյան, ինչպե՞ս եք գնահատում բժշկական ծառայությունների որակը, ո՞ր հարցում եք թերացումներ նկատում և ինչպիսի՞ն եք պատկերացնում երկրի առողջապահական համակարգը տարիներ անց:

- Նորից պետք է շեշտեմ, որ մեր առաջնահերթություններից է առավել կայուն, առավել կազմակերպված առաջնային օղակ ունենալը: Սա այն հարթությունն է, որտեղ քաղաքացին պետք է գտնի իր բոլոր հարցերի պատասխանները, ստանա պատշաճ բուժօգնություն, այդ թվում և կանխարգելիչ, որպեսզի բարդությունները կանխվեն: Երկրորդային՝ արդեն հիվանդանոցային բուժման առումով մենք ավելի կայուն և զարգացած վիճակում ենք:

Իսկ հեռանկարային առումով ես պատկերացնում եմ առավել պաշտպանված քաղաքացի, առավել պաշտպանված բուժաշխատող և առողջապահական առավել կայուն համակարգ: Դրան ևս այլընտրանք չկա:

Լ.Ն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: