Հայերեն   English   Русский  

​Երբ շոգը վատ ենք տանում


  
դիտումներ: 2105

Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը 36,6 С է: Արտաքին ջերմության բարձրացումն օրգանիզմին հարկադրում է միացնել «օդորակիչները», այսինքն` ջերմակարգավորման համակարգը: Տաքության զգացումը նվազում է օրգանիզմից հեղուկի դուրսբերման դեպքում, ու դա կատարվում է քրտինքի ու շնչառության միջոցով: Երբ օրգանիզմում հեղուկն անբավարար է, մեխանիզմի նման տաքանում է ու դրանից տուժում: Գերտաքացման մասին են հուշում թուլությունը, հոգնածությունը, կոտրտվածության զգացումը, քնկոտությունը, գլխացավը, հաճախացած սրտխփոցը:

Շոգից պաշտպանվելուն օգնում են հագուստը, ջրային պրոցեդուրաները, տեխնիկան (հովացուցիչները):

Հագուստը պետք է բնական նյութից լինի, ասենք` բամբակ, վուշ:

Ծարավը զսպել չարժե. օրական առնվազն 2-2,5 լիտր ջուր խմեք, ի դեպ, լավագույնս հագեցնում է կանաչ թեյը:

Օրաբաժնից պետք է բացառել յուղոտ ու քաղցր ուտելիքները, նախապատվությունը մրգերին ու բանջարեղենին պետք է տալ:

Հաճախակի ցնցուղ ընդունեք:

Հետաքրքիր է, պարադոքսալ. ողջ տարին սպասում ենք ամառվան, քանի որ լուսային օրն է երկար, արև է, ամեն ինչ ծաղկում ու բացվում է, արձակուրդն է մոտ հեռանկարում, բայց երբ օրերը շոգում են, դա այլ պատմություն է, ուրիշ խնդիր: Իհարկե, հաճելի են տաք օրերը, սակայն տանելի ջերմությամբ: Իսկ երբ տոթակեզ օրերն են հերթագայում իրար, անրջում ես անցած ձմեռվա մասին:

Խոսքը ոչ բոլորի մասին է, բայց քիչ չեն ամառվա շոգից տառապողները:

Մասնագետների խորհուրդները

Սնունդը շոգին

Բուսակերությունը, մասնագետի կարծիքով, նախընտրելի է. բանջարեղեն ու միրգ` ցանկացած տեսքով, իսկ սպիտակուցային մթերքները պետք է բացառվեն: Եթե օդի ջերմաստիճանը 30՛C է, ապա միս ու ձուկ դեռ կարելի է ուտել. սպիտակուցը նյութափոխանակությունն արագացնում է, իսկ դա շատ է տաքացնում օրգանիզմն ու մեծացնում զովանալու պահանջը: Իսկ զովանալ կարելի է ջուր խմելով. այն մաշկի ծակոտիներով գոլորշիանում է` դուրս բերելով նաև մեծ քանակությամբ կալորիաներ: 33՛C ջերմության դեպքում օդի ու մարմնի ջերմաստիճանը գրեթե հավասարվում են ու ինքնահովացման մեխանիզմը փաստացի չի գործում: Եթե սպիտակուցների պահանջը խիստ է, ապա սննդաբաժնում կարելի է թողնել կաթնաթթվային մթերքներն ու ձուն, պետք է բացառել յոդը բոլոր վիճակներով` յոդացված աղ, ծովակաղամբ ևն:

Սովորաբար տապին խորհուրդ են տալիս շատ հեղուկ խմել, սակայն դա ծանրաբեռնում է երիկամները: Ուստի մասնագետը խորհուրդ է տալիս հեղուկի մի մասն էլ ապուրների, թեյերի տեսքով ընդունել: Մեզ համար կարևոր է տեմպը. շոգին կարևոր է օրգանիզմը հաջողությամբ ու արագ «ոռոգելը»: Երբ սովորական ջուր ենք խմում, մեխանիկորեն գրգռվում է ստամոքսը, իսկ օրգանիզմը չի շտապում այն յուրացնել, ներծծել: Իսկ եթե հյութ կամ կոմպոտ ենք խմում, որը, ջրից բացի, օրգանական թթուներ ու շաքար է պարունակում, ապա ստամոքսը քիմիական գրգռվածության է ենթարկվում, ու հյութի յուրացումը արագանում է, այսինքն` ապուրներն ու հյութերն ավելի արագ են շարժվում օրգանիզմում, ու զովացման գործընթացն էլ արագանում է:

Ըմպելիքի ջերմությունը

Հեղուկի տեղաշարժման լավագույն ջերմաստիճանը համընկնում է մարմնի ջերմաստիճանին, մոտ 40՛C: Այսինքն` օրգանիզմը հարկադրված չի լինում այն տաքացնել կամ հովացնել, իսկ սառցախցիկի ջրի մասին լավ կլինի ընդհանրապես մոռանալ: Բանն այն է, որ շնչափողի 3/4-ը կռճիկային օղակներից է կազմված, իսկ մի մասն էլ փափուկ հյուսվածք է: Այդ տեղում են հանդիպում շնչափողն ու կերակրափողը, ու երբ սառը ջուր ենք խմում, հովացնում կերակրափողը, սառեցնում ենք նաև շնչափողը, դրանից թուլանում է իմունիտետը, իսկ հետևանքը կարող է մինչև պնևմոնիայի հասնել:

Իսկ ինչ վերաբերում է պաղպաղակին, ապա պետք է նշել, որ իրականում քաղցրը մեծացնում է ծարավը, մածուցիկացնում արյունը: Պաղպաղակը ևս ծարավ է առաջացնում:

Ջերմային հարված

Դա արյան մածուցիկության կտրուկ բարձրացումն է` օրգանիզմի գերտաքացումը ջրի բացակայության պատճառով: Մաշկային անոթների լայնացում է կատարվում, մաշկը կարմրում է, գլխացավ է առաջանում:

Տուժածին պետք է առաջին հերթին զով վայր տեղափոխել ու հանգիստ ապահովել: Լինում են դեպքեր, երբ տուժածին զով տեղում թվում է, թե արդեն ինքնազգացողությունը լավացել է, նա փորձում է հեռանալ, սակայն դա մեծացնում է մկանային լարվածությունը, և որպես հետևանք` օրգանիզմի տաքացումն է ավելանում: Սրտի աշխատանքի կարգավորման համար պետք է թեյ կամ սուրճ տալ, այն էլ` գոլ: Տուժածի ոտքերը բարձրացնել, որ արյունը կենտրոն հոսի ու շտապօգնություն կանչել: Ջերմային հարվածի հետևանքով տուժածը կարող է գիտակցությունը կորցնել, հնարավոր է՝ սրտի կանգ լինի, եթե հատկապես նա տարեց մարդ է, բարդություններ կարող են առաջանալ ամեն վայրկյան:

Ջերմային հարվածի ռիսկի գոտում են մանուկները, գիրություն ունեցողները, սրտի խնդիրներով մարդիկ, մարզիկները, այն մարդիկ, ովքեր ֆիզիկական ծանր աշխատանք են կատարում, այն մարդիկ, ովքեր շատ միս են ուտում ու ալկոհոլ գործածում:

Ինչո՞ւ են գեր մարդիկ ծանր տանում շոգը, որովհետև ջերմությունն անջատվում է, իսկ ճարպաշերտը, որ փաստորեն դիէլեկտրիկ է, թույլ չի տալիս, որ այն դուրս գա օրգանիզմից: Ուստի գեր մարդիկ շատ ջուր պիտի խմեն: Ի դեպ, պետք է վերահսկել նաև մեզի քանակը. շոգին այն պետք է մեկ լիտրից պակաս չլինի: Այն հեղուկը, որը հայտնվում է օրգանիզմում, գոլորշիանում է թոքերի, մաշկի միջոցով, իսկ երիկամները մնացուկային հեղուկն են մշակում: Եթե օրգանիզմում հեղուկը քիչ է, ապա երիկամներին «բան չի հասնում», ինչի հետևանքով սրվում է պոդագրան: Երիկամներին ջուրը չի բավարարում, որ միզաթթուն դուրս բերի. օրգանիզմը սկսում է տաքանալ, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, և ջերմային հարվածի հավանականությունը մեծանում է: Ամռանը պետք է մարմնի զանգվածի առնվազն 5%-ի չափ հեղուկ գործածել, իսկ 30՛C-ից բարձր ջերմության պայմաններում` ավելի շատ:

Սրտի խնդիրներ ունեցողները վատ են տանում շոգը, իսկ անհարմարությունները նվազեցնելու նպատակով պետք է որոշ խորհուրդների հետևեն, վերն ասվածը այս կատեգորիային չի վերաբերում. սրտի խնդիրներ ունեցողները պետք է օրական մարմնի զանգվածի մինչև 1,5 տոկոս հեղուկ գործածեն` սիրտը չծանրաբեռնելու համար: Որքան քիչ են շարժումները, այնքան լավ, քանի որ յուրաքանչյուր շարժում մկանների աշխատանք է, իսկ մկաններն աշխատելու ժամանակ տաքություն են անջատում, որը վերացնելու համար ջուր է պետք: Սրտի խնդիր ունեցողներն անհրաժեշտ քանակությամբ հեղուկ ընդունելուց պարզապես զրկված են: Եվ շոգից նրանց ինքնազգացողության վատացում կարող է լինել 2 պատճառով. կա՛մ ջրի անբավարարության հետևանքով օրգանիզմում գերտաքացում է առաջանում, կա՛մ էլ մարդը չափից շատ է ջուր խմում ու գերծանրաբեռնվածություն է ստեղծվում անոթների ու սրտի համար:

Լավագույն տարբերակը վարսակաձավարն է, բայց ոչ թե այն պետք է ուտել, այլ 5-6 ճաշի գդալ վարսակաձավարը խաշել 1 լիտր ջրում` 30-40 րոպե, հետո եփուկն առանձնացնել ձավարից, մի բուռ չամիչ ու ծիրանաչիր թրջել մեջը, թողնել դրանք թրմվելու, ապա խմել օրվա մեջ քիչ-քիչ, որ քիչ թե շատ կալիումի կորուստը փոխհատուցվի: Այս եփուկը բարելավում է սրտի աշխատանքն ու կողմնակի երևույթներ չի առաջացնում:

Սա հարմար է բոլորին, պարզապես սրտի խնդիր ունեցողների ու երեխաների համար մի քիչ ավելի դժվար է շոգին:

Օդորակիչները փրկություն են շոգին, սակայն դրանք տարատեսակ հիվանդությունների պատճառ են դառնում, ինչից խուսափելու համար պետք է հիշել, որ 18-24 աստիճանը լավագույնն է զով գոտի ստեղծելու նպատակով: Եթե փողոցում 30 աստիճան է, ապա հանգիստ կարելի է օդորակիչը մինչև 24 աստիճան միացնել, եթե դրանից բարձր է դրսում, ապա պետք է համամասնորեն բարձրացնել, սակայն հիշել, որ դրսի ու ներսի ջերմաստիճանը պետք է 6-8 աստիճանի տարբերություն ունենա. որքան մեծ է տարբերությունը, այնքան բարդ է օրգանիզմի համար:

Օդորակիչը չորացնում է օդը, այն դժվար է խոնավացնելը, այս դեպքում ծաղիկներն էլ չեն օգնի, ու խոնավ փալասները նույնպես: Շնչառական օրգանները ևս չորանում են, մինչդեռ օրգանիզմին խոնավություն է պետք: Մեկ օրում շնչառական համակարգում մինչև 1 լ լորձ է գոյանում, ու եթե դրա քանակն անբավարար է, ապա լորձը թանձրանում է, փակում բրոնխները ու թոքերի այն հատվածը, որը մատակարարում է բրոնխը, առաջանում է պնևմոնիա: Օդորակիչները չարաշահել չարժե, իսկ այն տարածքում, որտեղ դրանք աշխատում են, պետք է միայն քթով շնչել, քանի որ բերանով չնչելու դեպքում էլ ֆարինգիտ է զարգանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: