Ամերիկյան երազանքն ու հայկական ընկալումը
ԷՍՍԵ | Աննա Մուրադյան | Հունիսի 11, 2010 11:16Հետևում մնացին Հայաստանից Ամերիկա տանջալիորեն անվերջ թվացող, երկար ու ձիգ ժամերը. Փարիզ, հետո Դեթրոյթ, վերջնակետը` Սիեթլ:
«Բարի գալուստ Ամերիկա»,- ռեստորանում աչքով արեցին պնակների մեջ գեղեցիկ ձևավորված անհամ ու օտարոտի ուտեստներն, ու գիտակցությունս արձանագրեց, որ սա Հայաստանը չէ:
Միացյալ նահանգներում եմ. Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում: Մասնակցում եմ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող և «Փրոջեքթ հարմոնի» կազմակերպության «Համայնքային կապեր» ծրագրի հետաքննական լրագրության սեմինարին:
Սիեթլը Միացյալ Նահանգների հյուսիսարևմտյան հատվածի` Խաղաղ օվկիանոսի ափին կառուցված նորաստեղծ ու անտառաշատ քաղաք է: Հարուստ է երկնաքերներով ու արևմտյան ափի խոշորագույն նավահանգիստն է: Բուն քաղաքի բնակչությունը մոտ 500 հազար է, իսկ շրջանների հետ` մոտ 3 մլն: Սիեթլում է գտնվում Բոինգի ռազմաօդային ինքնաթիռների գործարանը և «Մայքրոսոֆտ» ընկերությունը: Բիլ Գեյթսն իր դղյակում անհասանելի էր, ինչպես կուռքը երկրպագուների համար:
Փարիզից Դեթրոյթ տանող «Դելտայի» ինքնաթիռում մատուցված ուտելիքների համը գուժեց ինձ համար լրիվ նոր աշխարհ մուտք գործելու «բոթը»: Այդ ժամանակ չէի էլ հիշում Ամերիկայի դեսպանատանն անցած հարցազրույցի ընթացքում փոխհյուպատոսի տված հարցը. «Ինչո՞ւ եք ուզում վերադառնալ Հայաստան»: Ենթատեքստն այն էր, թե 21 օր տևող սեմինարի ավարտից հետո հո՞ չեմ պատրաստվում մնալ ԱՄՆ-ում ու չվերադառնալ հայրենիք: Ո՛չ: Չե՛մ պատրաստվում:
Պատասխանս հիշելու էի օրեր անց ու կրկին ինձ համար հիմնավորելու ու արժևորելու էի Հայաստան վերադառնալու և իմ բնօրրանում ապագայիս տեսլականն իրագործելու կամքը:
Ամերիկյան իրականության հետ հաջորդ բախումս ամերիկյան «հոտի» հետ ծանոթությունն էր: Առաջին տանը, ուր մուտք գործեցի, քթիս անմիջապես խփեց գաղջ տամկահոտը, ու ամբողջ օրը բաց մնացած լուսամուտն անգամ չփոխեց օդի բովանդակությունը: Դե, Նահանգները շատ մեծ հասկացություն են, և բնական է, որ տպավորությունս վերաբերում է կոնկրետ Սիեթլին:
Արձանագրեցի, որ այստեղ բնակիչները չեն բացում լուսամուտները: Տունն օդափոխելու մշակույթ չկա: Գիշերվանից հետո մնացած մարդկային մարմնի հոտը կարող է խառնվել խոհանոցում շաբաթներով չդատարկվող աղբամանից դանդաղորեն ու աննկատ ծորացող աղբահոտին ու այդպես հավերժորեն շրջանառվել լայն ու ընդարձակ տնով մեկ: Կամ էլ` տան շքամուտքը բացելու ժամանակ մի փոքր արտահոսել:
Երկնաքերներում ընդհանրապես լուսամուտները չեն բացվում, գործում է օդափոխության համակարգը:
Տեղաբնակ Ջինային հարցրեցի, թե ինչու՞ այստեղ տան լուսամուտները չեն բացվում: Ասաց, որ Սիեթլը անձրևոտ քաղաք է, և երբեք չես կարող կանխատեսել` հաջորդ պահին կանձրևի՞, թե՞ ոչ: «Տունը կարող է թրջվել,- ասաց նա,- բացի այդ, մեր լուսամուտները շատ են, իսկ եթե քամի լինի, լուսամուտները կարող են շրխկալ, ու ապակիները` կոտրվել»:
Ռուս էմիգրանտ Մարինան ասաց, որ այդ տամկահոտը գալիս է բոլոր շինություններից ու բոլոր տներից. «Մի տեղից մի քիչ շատ, մյուսից` քիչ, բայց գալիս է: Եթե մի քիչ շատ ես մնում, սովորական է դառնում»:
Փաստորեն, ճիշտ էր Մարինան: Մի քանի օր անց ինքս էլ չէի բացում տան լուսամուտները ու չէի զգում տան պատերին կպած հոտը: Ու քիթս էլ չէր նկատում շաբաթներ շարունակ տան պատերին կպած չօդափոխված հոտը:
Ընդամենը օրեր անց արդեն դուր էր գալիս հսկայական սուպերմարկետներում կարգուկանոնով դարսված, օրինակ, համեմի հետ հեռավոր կապ ունեցող կանաչու հոտը: Մինչդեռ առաջին օրը քիմքս սոսկումով արձանագրեց, որ ամերիկյան ուտելիքները բնական չեն ու պատրաստված են արհեստական հիմքի վրա: Մեծ-մեծ ու անհամ բանջարեղեն, գեղեցիկ ու անբիծ մրգեր, միս, որը մսի հետ կապ չունի: Ու էլի այդպիսի շատ բաներ:
Մի բան, որ միանաշանակ համեղ է, սաղմոն ու հալիբաթ ձկնատեսակներն են, որ բերվում են Ալյասկայից կամ օվկիանոսամերձ այլ վայրերից: Բայց շատ թանկ է: Երևի հայիս համար: Մի կես կգ ապխտած սաղմոնն արժեր մոտ 30 դոլար: Իրենք ձուկ շատ չեն ուտում: Պատճառը երևի թանկությունը չէր: Ինչքան հասկացա, իրենք շատ սիրում են կիսաֆաբրիկատ ու պատրաստի սնունդ:
Վաճառվող ցանկացած ապրանքի վրա թաքս կա` հարկ, որը տատանվում է գնի 10 տոկոսի սահմաններում: ԱՄՆ-ի նահանգների գերակշռող մասում թաքսը գործում է: Նահանգների բնակիչներն աշխատավարձից եկամտահարկ կամ շահութահարկ չեն վճարում, նրանք դա մուծում են թաքսի տեսքով, որը, փաստորեն, մուծում է նաև օտարերկրացին: Որովհետև ապրանքը վաճառվում է բոլորին:
Ուզում էի գնալ Սիեթլի Արվեստների թանգարան: Ամերիկացի ընկերուհիս ասաց, որ դա իր ծրագրերի մեջ չի մտնում: «Դրա համար նախօրոք պետք է ամեն ինչ պլանավորել»,- անվրդով ասաց նա ու շարունակեց ընկերուհու հետ նույն օրվա ծրագիրը կազմակերպելու 2 ժամ տևող գործընթացը: «Այդքան ժամանակում ինչ ասես, որ չէի անի»,- փրփրակալած մտածում եմ ես, որ ոչ մի կերպ չկարողացա համակերպվել պլան կոչվածի ու այն բանի հետ, որ քո փոխարեն ամեն ինչ մտածված է: Թանգարան, իհարկե, գնացի: Ասացի, որ ես էլ իմ սեփական ծրագրերն ունեմ ու կողմ եմ պահի տակ ծնված մտքերը կյանքի կոչելուն:
Ամերիկայում ամեն ինչ մտածված է: Ավտոբուսը որոշակի ժամին լինում է որոշակի կանգառում: Ամերիկացին կարիք չունի անհանգստանալու, թե կուշանա: Ամեն ինչ մտածված է: Ամերիկացին կարիք չունի մտածելու ինչ-որ կենցաղային խնդիրների մասին: Ամեն ինչ մտածված է: Պետությունն ամեն ինչի մասին հոգում է: Ամեն ինչ մտածված է: Բոլոր հրահանգներն ու ցուցումները պարզեցված են այն աստիճան, որ երկար մտածելու կամ ավելի ճիշտ` մտածելու կարիք չկա: Ամեն ինչ մտածված է: Ժամը 11-ին լանչի ժամն է: Պետք է ուտել: Կարևոր չէ` սոված ես, թե ոչ: Ամեն ինչ ծրագրված է: Սիեթլում ժամը 11-ին բոլորը լանչում են: Ես սովոր եմ ուտել, երբ սոված եմ կամ էլ ժամանակ ունեմ: Այդպես կախված չես ուտելիքից:
Սակայն նույն Ամերիկայում ոչ ոք հերթը չի խախտում: Փողոցի երթևեկության կարգուկանոնը երբեք չի խախտվում: Քաղաքի կենտրոնից հեռու փողոցներում, որտեղ լուսակիր չկա, հետիոտնը անցնում է դրա համար նախօրոք մտածված տեղից, սակայն ոչ թե ինքն է զիջում ճանապարհը հեռվից երևացող ավտոմեքենային, ինչպես մեզ մոտ, այլ` հակառակը: Ամերիկայում իշխում է օրենքի գերակայությունը: Հայաստանում` ոչ: Ամերիկացին հավատում է իր պրեզիդենտին: Հայը` ոչ: Ամերիկայում ամենուրեք ժպտում են: Հայաստանում` միայն խոժոռ դեմքեր են: Ամերիկայում մարդիկ շատ պատահական մի տեղում կարող են ծանոթանալ ու անբռնազբոս, առանց որևէ ենթատեքստի ասել` «Hi!! Nice to meet you»: Հայաստանում քեզ կիսաթթված ժպիտով նույնպես կասեն, թե շատ հաճելի է, իսկ մտքում կմտածեն.«Ո՞վ ես դու, գնա քո համար շրջապատ ճարի»: Ամերիկայում Պուլիտցերյան մրցանակակիր, լրագրող Էրիկ Նալդերի գրած հոդվածի արդյունքում սենատորը կարող է զրկվել իշխանական որևէ օղակում այլևս հայտնվելու հնարավորությունից: Հայաստանում ողջ մտավորականությունը պայքարում է օտարալեզու դպրոցների բացման դեմ, արդյունքը` կասկածելի է: Ամերիկացին երբեք չի հաշվում մանրը խանութում կամ էլ հետևում, թե քարտից ճի՞շտ պահվեց արդյոք փողը: Հայաստանում քեզ ամեն քայլափոխի խաբում են:
Երբ արդեն վերադարձին մուտք գործեցի «Զվարթնոց» օդանավակայան, իրերի շարժասայլակի համար պահանջեցին 9 ամերիկյան դոլար կամ 2500 դրամ: Հետո պարզեցի, որ այն արժե ընդամենը 400 դրամ, իսկ 2500 դրամը, ինչպես պատճառաբանեցին, այն գինն է, որի դեպքում օդանավակայանի աշխատողն ինքը կբարձի ու քեզ անհրաժեշտ կետը կհասցնի քո իրերը: Ապշեցի: 21 օրում հասցրել էի ադապտացվել ամերիկյան իրականությանն ու օրենքի գերակայությանը: Գիտակցությունս արձանագրեց. «Սա արդեն Ամերիկան չէ, դու արդեն տանն ես: Բարի՛ գալուստ, Հայաստան»:
Ես ունեմ իմ երազանքը: Դա կարող է համարվել նաև ամերիկյան երազանք: Կամ, ավելի ճիշտ, ամերիկյան երազանքի իմ ընկալումը: Ավելի ճիշտ` նույն երազանքի իմ պրոյեկտումը: Ձևակերպումները տարբեր են, բովանդակությունը` նույնը: Ես հավատում եմ մարդկային մտքի անսահմանափակությանն ու դրա թռիչքի արգասաբերությանը: Ես հավատում եմ, որ մարդ կարող է դառնալ Օբամա ոչ թե նրա համար, որ նրա պապը կամ էլ հարևանի եղբայրը Բուշի ընկերն է, այլ որովհետև նա ունի այդ ձգտումը: Ու կարևոր չէ, թե հասարակության որ շերտից է նա կամ դեպի բարձունք տանող ճանապարհը որ կետից է սկսել: Ես հավատում եմ, որ Հայաստանը կարող է դառնալ այն երկիրը, որտեղ յուրաքանչյուրի առջև բաց են բոլոր դռները:
Միացյալ նահանգները 200 տարում ոչնչից դարձավ աշխարհի զարգացմանն ընթացք տվող երկիր: Ես չեմ հավատում, որ Հայաստանը կդառնա աշխարհակալ երկիր: Տեսականորեն անգամ դա հնարավոր չէ: Բայց հավատում եմ, որ Հայաստանը կարող է դառնալ օրենքի երկիր: Ես ուզում եմ դա: Ու հավատում եմ, որ դրա իրագործումը կախված է իմ ու քո երազանքից կամ դրա համար մղվող պայքարից: Ընդամենը 60 տարի առաջ Մարտին Լյութեր Քինգը պայքարում էր սևամորթների իրավունքների համար ու ռասսայական խտրականության դեմ: Այսօր ԱՄՆ պրեզիդենտը սևամորթ է: Մենք կարող ենք դա անել: Ես հավատում եմ: Կարող ես քո հավատով միանալ ինձ:







Facebook
Tweet This

Dear compatriot:
I agree with you completly. Let’s always remember the famous Armenian proverb:”Our sick sheep is preferable to the other’s healthy wolf”.
Sincerely,
Y. Rubenyan
Dear compatriot:
I agree with you completely. Let’s always remember the famous Armenian proverb which says “our sick sheep is preferable to the other’s healthy wolf”.
Regards,
Y. Rubenyan
Ays grvatske indz hishetrets patanekutyans tarinere, yerb mezanits mi erku tari mets, yerbek merk kin chtesats, tghanere mez sex-i daser ein talis.
Իսկ ես այս քոմենթը նմանեցնում եմ այն բանին, երբ երբեք մերկ կին չտեսած տղամարդը հայտնվում է միանգամից մերկ կանանց խմբում:
I’m with you
KECCES, BRAVO ANNA JAN… shat lav esse e u texin asvac…, menq menak glux govanq, menq es enq, menq en enq..isk irakanum????
sarac demqerov, bri, ankulturakan…
Asum en New Yorqum bolori tnery odapoxichner kan, isk im harcin te inchpes en nranq karoxanum aydqan elektroenergiayi varz mucel, qani vor odapoxichnery ahavor en caxsum, Asecin vor ayntex aamen amis inch vor mi konkret gumar es mucum u verj,
inchqan uzum es elektroenergian caxsi..
Hrashq, mite ayntex arden komunizmn e hasel
ես, մեղմ ասած, էդքան էլ հիացած չեմ ամերիկյան իրականությամբ, սակայն երբեք էլ աչք չեմ փակում ՄԵՐ իրականության վրա: Ընդհանրապես դեմ եմ օդափոխիչների գաղափարին ու նրան, որ երկնաքերներում պատուհանները չեն բացվում, Ամերիկան էներգիայի հսկայական սպառող ա, ու դա շատ մեծ խնդիր է: Չեմ հավատում, որ ինչ-որ գումար դեպքում մարդ կարղ է օգտագործել այնքան, ինչքնա ուզում է: Բայց դա երկար խոսակցություն է: