Մայիսի 6-ի ԱԺ ընտրություններ

Հայուհու ու ադրբեջանցու ամուսնությունը

Հարցազրույց | | Հունվարի 24, 2012 13:53

Մարինա Բալայանը 35 տարեկան է, հիմա բնակվում է Երևանում չընդունված հյուրի կարգավիճակով: Երևանն ուրախությամբ չի ընդունել Մարինային, ով այս օրերին սեփական երեխաների հետ, սեփական հայրենիքում հանգիստ չի կարողանում ապրել:

- Ծնվել եմ Երևանում: Ապրել եմ մայրիկիս հետ: Երբ մայրս մահացավ` ստիպված էի վաճառել ժառանգություն մնացած տունն ու մեկնել Ռուսաստան, ավելի ճիշտ՝ Մոսկվա: Մեկնելուս նպատակը լավ ուսում ստանալն էր: Մոսկվայում մի բնակարան էի վարձել, ապրում էի մենակ ու պատրաստվում էի  ընդունվել համալսարան,- այսպիսի մեղմ նոտայով սկսեց պատմությունը Մարինան:

Նա համալսարան դիմելուն զուհագեռ սիրահարվում է, սիրահարվում ուժգին… Ամուսնանում է իր կյանքի երկրորդ կեսի հետ: Ամուսինը Բակինցե Ուիեֆն է՝ ազգությամբ ադրբեջանցի: Մեր այն հարցին, թե ինչպես  տեղի ունեցավ իր ու ադրբեջանցի Բակինցե Ուիեֆի միությունը, նա պատասխանեց.

- Պատահաբար ծանոթացանք, ունեինք շատ ընդհանուր բաներ, սիրեցինք իրար և որոշեցինք ամուսնանալ:

Ադրբեջանցի ամուսնու ծնողները դեմ էին այդ ամուսնությանը,   չնայած դրան` ամուսնացան: Մարինան Բակինցե Ուիեֆից երկու երեխա ունեցավ: Սակայն երեխաների ծնվելուց հետո նրանց ամուսնական կյանքը երկար չտևեց:

- Մինչև երեխաների ծնվելը բոլորը դեմ էին մեր ամուսնությանը, իսկ երեխաների ծնվելուց հետո մեր երկուսի հարաբերությունները սկսեցին օր օրի վատանալ:

Գիտեք, պատճառը բարեկամների վերաբերմունքն էր, Բակինցեն պարզապես չկարողացավ դիմակայել. նրա հարազատների ազդեցությունը, բացասական տրամադրվածությունը մեծ էր,- ասում է Մարինա Բալայանը:

Ամուսինները բաժանվեցին, Բակինցեն գնաց իր հայրենիք` Ադրբեջան, Մարինան էլ երկար չկարողացավ ապրել օտար երկրում երկու անչափահաս երեխաների հետ:

2008-ին փորձեց Բելգիայի Ազուլ ճամբարում ժամանակավոր կացարան փնտրել, սակայն մերժում ստանալուց հետո արտաքսվեց Բելգիայից ու վերադարձավ Հայաստան:

Մինչ Հայաստան գալը Մարինա Բալայանը չէր էլ կարող պատկերացնել, թե ինչ է սպասում իրեն սեփական հայրենիքում: Անակնկալ՝ մեկը մյուսի հետևից…  Ցանկանում էր ապրել մյուսների նման: Չէր մտածել, որ իրեն այստեղ ընդունելու են ոչ թե որպես հայ մայր, այլ ադրբեջանցու կին:

- Երեխաներն արդեն հաճախում էին դպրոց: Սկզբնական շրջանում ամեն ինչ նորմալ էր, լավ էր: Բայց դա ընդամենը մի պահ էր: Երբ երեխաների հասակակիցներն իմացան, լսեցին նրանց ադրբեջանական ծագման մասին, ամեն ինչ հօդս ցնդեց,- հուզմունքով պատմում է մեր հերոսուհին:

Մարինային այս խնդիրն իսկապես շատ է հուզել: Կինն այնքան է մտահոգվել, որ փոխել է երեխաների Ուիեֆ ազգանունը, դարձրել Բալայան:

Երկու երեխաների մորը թվում էր՝ ազգանունը փոխելուց հետո ամեն ինչ ավելի լավ կլինի, բայց դա միայն Մարինայի ցանկությունն էր:

Մարինան ասում է, որ խնդիրն այնքան հասունացավ, որ անգամ հարևաններն ու մտերիմները սկսեցին անհանգստացնել իրեն:

- Ախր, բարեկամներս երես են թեքել ինձնից, փոխանակ ինչ-որ բանով օգնեն կամ հուսադրեն, կոպտում են: Երեխաներս էլ  դպրոց  չեն գնում, ընկերներ չունեն, ես չեմ աշխատում ու չգիտեմ՝ ինչպես կերակրեմ երեխաներիս,- հուզված ասում է Մարինան:

«Անկախի» այն հարցին, թե Հայաստանում այս ընթացքում աշխատե՞լ է, ասում է.

- Այո, աշխատում էի: Բայց երբ իմացան նախկին ամուսնուս մասին, որ ադրբեջանցի է, նրանց  վերաբերմունքն իմ նկատմամբ դարձավ անտանելի: Ստիպված եղա դուրս գալ աշխատանքից, այսօր արդեն չեմ աշխատում:

Երկու անչափահաս երեխաների մայրը, աչքերից արցունքի կաթ-կաթ գլորվող արցունքները հազիվ զսպելով, ասում է, որ ինքն այնքան հիասթափված ու հուսահատված է, որ հայրենիքից փախչելու ելք է փնտրում:

- Մեր բարեկամներն ու ծանոթները գիտեն, որ երեխաներիս հայրն ադրբեջանցի է, անընդհատ Էրեխեքը նեղվում են: Ես էլ չեմ դիմանում, երեխեքիս վերցնելու եմ ու գնամ մի տեղ, մենակ էստեղ չմնամ,- հուսահատված նշում է երկու երեխաների մայրը:

Միայնակ մայրը հայրենիքում ապրելու ոչ մի հնարավորություն չի տեսնում:

- Ես ընենց հիասթափված եմ, որ էլ չեմ ուզում մնալ էստեղ: Էրեխեքս իմ ապագան են, և այս պահին ես օրերն եմ հաշվում, թե երբ պետք է նրանց տանեմ էստեղից,-ասում է Մարինա Բալայանն ու շարունակում,- չգիտեմ, իրոք, չգիտեմ՝ ինչ անեմ և ուր գնամ: Շատ էի ուզում երեխաների հետ եվրոպական մի երկրում բնակվել: Գիտեք, այնտեղ մարդու իրավունքը պաշտպանվում է:

Մարինա Բալայանն իրավապահ մարմիններին ու օրենքին դիմել չի ցանկանում, քանի որ կարծում է՝ բախտն իրենից երես է թեքել, և ոչ ոք ու ոչինչ չի կարող իրեն օգնել:

«Անկախի» այն հարցին, թե բաժանվելուց հետո հանդիպե՞լ  է իր ամուսնուն, պատասխանեց` ոչ: Մեր այն հարցին էլ, թե արդյոք ինչ-որ բանի համար զղջո՞ւմ է, արձագանքում է.

-Այո, զղջում եմ այն բանի համար, որ լսեցի ամուսնուս ու այդպես էլ բարձրագույն կրթություն չստացա:

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

 

Դիտվել է 1088 անգամ:
Print Friendly

Մեկնաբանություններ՝ (5)

  1. Hay axchik ասում է՝

    Ձեր հրապարակման ,,հերոսուհին,, արժանի վերաբերմունք է ստանում իր հայրենիքում: Պատկերացնու?մ եք (նա իմ տարիքին է) Արցախյան ազատամարտի տարիներին 6-7-րդ դասարան է եղել, դպրոցական ամենազգայուն տարիքը, երբ պետք է որ գենետիկորեն չընդուներ թշնամու հետ ամուսնությունը: Նա ոտնահարել է Բնական` գենետիկական` ազգային իրավունքը, դրա համար էլ այսօր ստանում է իր արժանին: ,,Մարդու իրավունքներ,, ասվածը այնքան է չարչրկվում, որ ամեն սխալ գործած մարդ դրանից է կառչում, մինչդեռ սխալներ կան, որոնք աններելի են: Նրա երեխաների մեջ վաղը ու?մ արյունն է խոսելու` հայի?, թե? թուրքի: Չմոռանանք` յաթաղանը ձեռքներն առած ենիչերները հենց խառնարյուն հայերի զավակներն էին, ովքեր ավելի արյունարբու էին: Գենախեղումը միշտ երկատվածություն ու դաժանություն է ծնում: Այնպես որ, ,,հերոսուհին,, երեխաներ է ունեցել` նրանց դատապարտելով: Սա ներելի? է: Վստահաբար` ոչ:

  2. AraHoDuqEzCheq ասում է՝

    Inch kap uni Ed harif azure gharabakhi het

  3. sofia ասում է՝

    կարողա կոնտակտ մոտնակտ կա էտ աղջկա, մի բանով օգնենք…?
    իսկ թուրքա, հրեայա, թե ազերիա, դա երրորդականա…

  4. Վարդան ասում է՝

    Բլեֆա, արտասահման մեկնելու համար ուզումա հալածվածի ստատուս ստանա, որ հետո դեսպանատներում ասի ինձ այստեղ աշխատանք չեն տալիս, երեխաներիս էլ հալածում են:

  5. Վարդան ասում է՝

    Հարգելի արա հո դուք եզ չեք, շատ մեծ կապ ունի: Եթե չեք հասկանում ասեմ, հոգեկան հիվանդ ադրբեջանցին ուզեցել է պղծել հային: Արցախյան ազատամարտից հետո այնտեղ լիքը հոգեկան հիվանդներ կան:

Leave a Reply