f

Անկախ

Մատենադարան. գրքի եզակի թանգարան աշխարհում...


«Դեպի թանգարան» խորագրի շրջանակներում այս անգամ զրուցել ենք Մատենադարան. Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ցուցասրահների վարիչ Աիդա Չարխչյանի հետ:  

-Տիկին Չարխչյան, Մատենադարանի կյանքում ի՞նչ նշանակություն ունի թանգարանը:  

-Թանգարանը Մատենադարանի առանձին բաժինն է, որտեղ հանրությանը ներկայացնում ենք մեր ձեռագրերի հետաքրքիր, երբեմն լավագույն նմուշները, որոնք ընդհանուր գաղափար են տալիս հայոց պատմության և մշակույթի 5-18-րդ դարերում ունեցած զարգացումների մասին:  Թանգարանը հնարավորություն է տալիս այցելուներին տեսնելու այդ ցուցանմուշները, որովհետև գիտահետազոտական բաժին, բացի աշխատակիցներից, ուրիշ ոչ ոք իրավունք չունի մտնելու: Իհարկե, գրքերն ու ձեռագրերը մարդիկ կարող են ուսումնասիրել նաև ընթերցասրահում:  

-Անդրադառնանք Մատենադարանի ստեղծման նախապատմությանը:  

-1920-ին, երբ մեր ձեռագրերը ազգայնացվեցին, սկսվեց դրանք վանքերից հավաքելու գործընթացը, որովհետև բոլոր միջնադարյան ձեռագրերը գրվել և պահվել են վանքերում: Դրանք 1920-ականներին կենտրոնացվեցին Էջմիածնում, իսկ 1939-ին տեղափոխվեցին Երևան: Քանի որ այն ժամանակ այս շենքը չկար, ձեռագրերը պահվում էին Ազգային գրադարանի մի հարկաբաժնում, որտեղ գիտաշխատողները ուսումնասիրում և նկարագրում էին դրանք: 1957-ին, երբ ավարտվեց այժմյան շենքի շինարարությունը,  բոլոր ձեռագրերը տեղափոխվեցին այստեղ: Այդ ժամանակ դրանք ընդամենը 4660 էին, իսկ այժմ՝ 18500, որոնցից 14500-ը հայերեն են, մնացածը՝ տարբեր լեզուներով: Շենքն ի սկզբանե ունեցել է ձեռագրեր պահպանելու, ուսումնասիրելու, հրատարակելու բոլոր հարմարությունները: Եվ հենց 1957-ից սկսած էլ գործել է թանգարանը, բայց միայն մեկ ցուցասրահում: Նույն թվականին հատուկ պետական որոշումով Մատենադարանը դարձավ գիտահետազոտական ինստիտուտ: Տարիների  ընթացքում ֆոնդերն անընդհատ համալրվեցին նվիրատվությունների, գնումների և այլ ճանապարհներով: Եվ այդ գործընթացը դեռևս շարունակվում է: Շատ ձեռագրեր կան հատկապես Սփյուռքում:  

Մատենադարան

-Այժմ, երբ Մատենադարանի գլխավոր մասնաշենքը ամբողջությամբ տրամադրվել է թանգարանին, քանի՞ ցուցասրահ է ձևավորվել, և ընդհանրապես ի՞նչ թեմաներով ցուցադրություններ են կազմակերպվում:

-Տարիների ընթացքում համալիրը սկսեց չբավարարել ինստիտուտի գործունեության լիարժեք իրականացման համար: 2011-ին կառուցվեց նոր շենքը: Այն հատուկ այնպես է նախագծված, որ փողոցից չերևա՝ համալիրի ամբողջականությունը չխախտելու համար: Կառուցումից հետո բոլոր վարչական, գիտական բաժինները, պահոցները, գրադարանը իր պահոցներով, արխիվային բաժինը և մնացած ամեն ինչ տեղափոխվեց նոր մասնաշենք: Հին շենքն ամբողջությամբ տրամադրվեց թանգարանին: Արդյունքում այժմ գործում են 12 ցուցասրահ, ինչը հնարավորություն է տալիս կազմակերպել տարբեր թեմատիկ ցուցադրություններ: Միայն կենտրոնական սրահի ցուցադրությունն է, որ չի փոխվում, մնացած բոլորը ժամանակավոր են:  

Մեր ցուցահանդեսները կազմակերպվում են տարբեր թեմաներով: Օրինակ՝ նկուղային հարկի չորս սրահներում այժմ ցուցադրվում են պարսկական ձեռագրեր: Դրանք մեծ հետաքրքրություն են առաջացնում անգամ պարսիկների մոտ, որովհետև Պարսկաստանում, չնայած տասնյակ հազարավոր ձեռագրերի առկայությանը,  դրանք ոչ մի տեղ չեն ցուցադրվում: Շատ կարևոր են նաև մյուս այլալեզու ձեռագրերը՝ արաբերեն, հաբեշերեն, սլավոներեն և այլ լեզուներով: Այժմ նաև մի հետաքրքիր սրահ ունենք, որը ծանոթացնում է միջնադարյան հայկական բժշկագիտությանը: Համապատասխան ձեռագրերով ներկայացված են դեղաբույսերը, դրանցից ստացված յուղերը, որդան կարմիր ներկի պատրաստաման եղանակները և այլն: Ունենք նաև հնատիպ գրքեր ներկայացնող երկու մեծ սրահներ: Կա նաև արխիվային փաստաթղթերի սրահ: Մեր արխիվային ֆոնդը շատ հարուստ է. ավելի քան 300.000 հիմնականում ձեռագիր փաստաթղթեր, որոնց մեջ կհանդիպեք պարսից շահերի, թուրք սուլթանների, ռուսաց ցարերի Հայաստան առաքված տարբեր հրովարտակներ: Կան նաև նշանավոր արվեստագետների արխիվներ: Այս պահին մի ամբողջ ցուցասրահ ունենք՝ նվիրված հայ-ֆրանսիական հարաբերություններին: Ունեցել ենք նաև մանրանկարչական դպրոցների թեմայով ցուցահանդեսներ, կազմերի ցուցահանդես, որովհետև միջնադարյան շատ ձեռագրեր եղել են արծաթապատ կամ ոսկեպատ շքեղ կազմերով:  

Թանգարանում գործում է նաև վիրտուալ սրահ, որտեղ կարելի է դիտել Մատենադարանին վերաբերող տեսաշարեր կամ կինոնկարներ: Այս սրահն օգնում է հատկապես այն դեպքում, երբ ունենում ենք մեծ թվով այցելուներ: Վերջիններս վիրտուալ սրահում դիտում են որևէ կինոնկար, մինչև այցելուների թիվը նվազում է:  

Մատենադարան

-Քանի՞ նմուշ է այս պահին ցուցադրվում թանգարանում: Որո՞նք են ամենահին ցուցանմուշները: Կարո՞ղ ենք դրանց մեջ առանձնացնել առավել արժեքավորները:

-Թանգարանում այժմ ցուցադրվում են մոտ 600-700 նմուշներ, որոնք հիմնականում ձեռագրեր են: Կան նաև արխիվային փաստաթղթեր և հնատիպ գրքեր: Այլ նմուշներ շատ քիչ են հանդիպում, թերևս միայն բժշկական սրահում:  

Մեզ համար բոլոր ցուցանմուշներն էլ արժեքավոր են, պարզապես կան հեղինակներ, որոնց գործերը մեզ են հասել շատ օրինակներով և ճիշտ հակառակը: Օրինակ՝ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» աշխատությունն ունենք ընդամենը մեկ օրինակով, իսկ ահա Խորենացու «Հայոց պատմությունը»՝ 30, Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը՝ 150, քանի որ վերջինս համարվել է սուրբ գիրք և ունեցել է բուժող, խնդրակատար նշանակություն: Պոեմի օրինակներից առանձնացնում ենք Սայաթ-Նովայի ինքնագիրը՝ ներկայացնելով հենց ցուցասրահում:  

Ամենահին ցուցանմուշները ոչ թե ամբողջական ձեռագրեր են, այլ թերթիկներ՝ պահպանված 5-7-րդ դարերից: Մեզ հասած առաջին ամբողջական թվակիր նմուշը 887 թվականի Լազարյան Ավետարանն է, որը ձեռք ենք բերել Լազարյան ճեմարանի փակվելուց հետո: Մատենադարանում է պահվում նաև Վեհամոր նշանավոր Ավետարանը, որի վրա երդվում են մեր նախագահները: Ավետարանը, որ թվագրվում է 7-10-րդ դարեր, ոչ թե ցուցադրվում է, այլ պահվում է առանձին: Այն կաթողիկոս Գարեգին Առաջինի նվերն է իր մոր պատվին, որտեղից էլ ստացել է անվանումը:  

Արդեն 17-18-րդ դարերում գրված ձեռագրերի մեջ կան և´ շատ գեղեցիկները, և´ իրենցից որպես գրչության նմուշ առանձնապես արժեք չներկայացնողները:  

Հատուկ տեղ է գրավում «Մշո ճառընտիրը»՝ մեր ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը՝ ավարտված 1202-ին: Այն գրվել է երեք տարվա ընթացքում Երզնկայի Ավագ վանքում Աստվածատուր անունով մի մարդու պատվերով: Ձեռագիրը, որ բավական հետաքրքիր ու միաժամանակ շատ դժվարին ճանապարհ է անցել, դեռևս միջնադարում ծանրության պատճառով երկու կեսի է բաժանվել: Եղեռնի ժամանակ հայ գաղթականները այդ ձեռագրի երկու կեսերը փրկել են տարբեր ճանապարհներով, և դրանք իրար են միացել միայն 1929-ին: Այժմ երկու կեսերն էլ մեզ մոտ են, բայց թանգարանում ներկայացնում ենք համեմատաբար լավ պահպանված կեսը: Մյուսը գտնվում է պահոցում՝ պայմանավորված ձեռագրի վիճակով: Եղեռնի հարյուրամյակին նվիրված ցուցահանդեսի ժամանակ երկուսն էլ ցուցադրել ենք:  

Տպագրության գյուտից հետո, ճիշտ է, ձեռագրերը շարունակել են գրվել, բայց անհամեմատ փոքր թվով: 17-18-րդ դարում արդեն կային հատուկենտ ձեռագրեր:  

-Թվայնացման առումով ի՞նչ առաջընթաց կա թանգարանում:  

-Եթե նախկինում բուն ձեռագիրը տրամադրում էինք գիտնականին՝ կարդալու, աշխատելու և ուսումնասիրելու համար, ապա այժմ տալիս ենք թվայնացրած օրինակը: Իսկ եթե ուզում են այնպիսի ձեռագիր, որը դեռևս թվայնացված չէ, նախապես թվայնացնում ենք և տրամադրում էլեկտրոնային տարբերակը: Թվայնացման գործընթացը մեզ մոտ չի ընդհատվում. պիտի հասնենք նրան, որ բոլոր ֆոնդերը թվայնացվեն:

-Մատենադարանի թանգարանը ՀՀ ամենաայցելվող թանգարաններից է: Ովքե՞ր են հիմնական այցելուները:

-Մենք ընդունում ենք այցելուներ՝ սկսած չորրորդ դասարանից: Դրանից ավելի փոքր տարիքի երեխաներին ուղղակի անիմաստ է Մատենադարան բերելը: Սեպտեմբերից սկսած առ այսօր դպրոցական խմբերի այցելությունները շարունակվում են: Հաջորդ ամենաշատ այցելող խումբը ուսանողներն են: Շատ հազվադեպ թանգարան են գալիս նաև աշխատանքային անձնակազմեր: Եվ, իհարկե, մեզ այցելում են զբոսաշրջիկներ՝ ռուսներ, գերմանացիներ, ֆրանսիացիներ, անգլիացիներ, իտալացիներ, իսպանացիներ, ընդհուպ մինչև  չինացիներ ու ճապոնացիներ: Ընդհանրապես բոլոր զբոսաշրջային գործակալությունների ծրագրերում կա այցելությունը Մատենադարան, բայց անգամ, երբ Հայաստան են գալիս անհատ մարդիկ, նրանք ևս սեփական նախաձեռնությամբ այցելում են Մատենադարան: Ելնելով տվյալ ազգի և մարդու զարգացման չափանիշից՝ թանգարանի գործունեությունն առավել բարձր են գնահատում Ռուսաստանից, Գերմանիայից, Անգլիայից և Ֆրանսիայից եկած զբոսաշրջիկները, իսկ ահա, օրինակ՝ չինացիների դեպքում շատ դժվար է լինում որևէ բան հասկացնել, որովհետև նրանք ոչ թե հայկական մշակույթից գաղափար չունեն, այլ ընդհանրապես քրիստոնեական:  

Մատենադարան

-Թանգարանի ցուցանմուշները մասնակցու՞մ են միջազգային ցուցահանդեսների:  

-Մենք հրավերներ են ունենում պետական մակարդակով, պայմանագրեր են կնքվում, լուծվում են ապահովագրության հարցերը, և մեր աշխատակիցները թանգարանի ցուցանմուշները ներկայացնում են աշխարհի տարբեր անկյուններում՝ Ֆրանսիա, Ռուսաստան, Իտալիա, Գերմանիա, անգամ ԱՄՆ: Բարեբախտաբար, երբևէ կորուստներ չենք ունեցել:  

-«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը Մաշտոցյան Մատենադարանի մասնաճյուղն է: Ի՞նչ կարևոր առաքելություն ունի այն:  

-Այս կենտրոնը ստեղծվել է մեր նախորդ տնօրենի՝ երջանկահիշատակ Հրաչյա Թամրազյանի օրոք: Այսօր արդեն վանքի կողքին կառուցված հատուկ շենքում ցուցադրում ենք մեր ձեռագրերը, հնատիպ գրքերը, Արցախի հետ կապված արխիվային փաստաթղթերը: Անգամ վերջերս Մատենադարանը Գանձասարում գիտաժողով կազմակերպեց և´ արտասահմանյան, և´ մեր հայագետների մասնակցությամբ: Ողջունելի էր նաև տեղի մասնագետների ներկայությունը: Այժմ կենտրոնն ունի ընթերցասրահ, որտեղ տրամադրվում են ձեռագրերի թվայնացրած օրինակները:  

-Տիկին Չարխչյան, ինչպե՞ս կամփոփեք թանգարանի վերջին տարիների ձեռքբերումները:

-Մատենադարանը՝ որպես գրքի թանգարան, աշխարհում միակն է, որովհետև չկան բացառապես գրքին նվիրված թանգարաններ: Անգամ խոշոր թանգարաններում  գրքեր և ձեռագրեր ներկայացնող փոքր սրահներ կան միայն: Իսկ ահա Մատենադարանում կտեսնեք հազարավոր ձեռագիր ու տպագիր գրքեր, արխիվային փաստաթղթեր և ուրիշ ոչ մի ցուցանմուշ:  

Այսօր, բարեբախտաբար, արդեն չունենք տարածքի խնդիր, և Մատենադարանի տնօրինությունն էլ շատ ուշադիր է թանգարանի ու ընդհանրապես ձեռագրերի պահպանության նկատմամբ: Հպարտությամբ եմ նշում՝ ունենք  ամենատարբեր լեզուների տիրապետող էքսկուրսավարներ, ինչը չես հանդիպի հայաստանյան ուրիշ ոչ մի թանգարանում: Միակ խնդիրն աշխատավարձի ցածրությունն է, որն էլ կախված է ոչ թե թանգարանի ղեկավարությունից, այլ պետությունից:  

Փափագս է, որ Մատենադարանը միշտ այսպես ոգևորությամբ շարունակի իր գործունեությունը, չկրի ոչ մի վնաս և ամբողջ աշխարհին պատշաճ մակարդակով ներկայացնի հայոց արվեստն ու մշակույթը:  

 

           Արփի Խաչատրյան

 

 

Աիդա Չարխչյան Մատենադարան հարցազրույց Հայաստան Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Կարդացեք նաև

Անցնող շաբաթն աշխարհում
Մերկելը կորոնավիրուսը պատմության մեջ ԵՄ-ի համար ամենամեծ փորձություն է անվանել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 954 նոր դեպք է գրանցվել
Ինչպե՞ս 99% -ով նվազեցնել կորոնավիրուսով վարակվելու վտանգը
Հանրապետության տարբեր քաղաքներից ու գյուղերից դիմել են Գյումրի, որ օգնություն ստանան
ԱԺ աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են մարտ ամսվա համար. ԱԺ աշխատակազմի ղեկավար
Պետք է ամեն խոսալուց առնվազն մի 100 հատ սուտ ասես, որ մարդ չհասկանա, որ մեկը հերքի
ՀՀ պարետի որոշմամբ 6 ժամով գործունեության կասեցման որոշում է կայացվել արդեն 42 տնտեսվարողի նկատմամբ. ԱԱՏՄ
Օրական կիրականացվի 1000 թեստավորում. թեստերի տեղական արտադրության համար խոշոր գումար է հատկացվել
Ադրբեջանցին Հայաստանում սպանել է Կոտայքի մարզի բնակչին. գործը դատարանում է
Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին. ուղիղ
Այդ ողջ քաղաքական աղմուկը, ռեսուրսների կոնցենտրացիան և ֆինանսական ծախսերը ընդամենը 8 օրվա համար էին
Աբովյանի, Հրազդանի և Չարենցավանի համայնքապետարանները տրանսպորտային միջոցներ են տրամադրել՝ Երևանում բնակվող բուժաշխատողներին տեղափոխելու համար
Խնդիրներ, որ դեռ լուծում չունեն. Վահե Էնֆիաջյան
Վեց ոստիկանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. փոխոստիկանապետ
Լոռու մարզի մի քանի համայնքներում կատարված ճանապարհաշինության գործընթացներում հայտնաբերվել են կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումներ․ հարուցվել են քրգործեր
ՀՀ-ից Արցախ մուտք գործող բոլոր տրանսպորտային միջոցները ախտահանվում են
Անցնող շաբաթը Հայաստանում
Ուզում եմ վերջնականապես փակել երգչուհու թեման` հարգելով վերջինիս մահվան հանգամանքը. Ալինա Նիկողոսյան
Դեպի բնականոն կյանքի հուն. Շահան Գանտահարյան
Ինչու՞ առ այսօր Նիկոլ Փաշինյանը չի հրավիրվել ապրիլյան հանձնաժողովի նիստին. Արմեն Աշոտյան
Դատախազության հայտարարությունը միանշանակ պետք է վերաբերի նաև Ռոբերտ Քոչարյանին. փաստաբան
         Գնահատվել է հայ խաղաղապահների ծառայությունը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամասեր
Այն, որ «Քաղաքացիական ավիացիային զրկել են լիցենզիայից» լուրը իշխանությունը հերքում է չի նշանակում, որ ամեն ինչ նորմալ է. Սամսոնյան
Ավելին
Ավելին