f

Անկախ

Ամանոր


Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի. մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին:

Հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին: Այս տոնը նաև Ծաղկըմուտ է կոչվել` վկայակոչելով գարնան գալուստը: Այդ օրը հայ արորդիները նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր տոնն է համարվել: Օրվա խորհուրդը կրակն էր: Վահագնը նաև ռազմի աստվածն էր և Աստղիկի սիրեցյալը: Նա կոչվում էր Վիշապաքաղ: Վահագնը մարմնավորում էր հուրը, զորությունը, և տոնի խորհուրդը հրով ու կրակով մաքրվելն ու Չարի ու Վիշապի պղծությունիցազատվելն էր: Ծնվելուն պես Վահագնը կռվի է բռնվում Չարի դեմ ու հաղթում նրան` Երկիրն ազատելով կործանումից: Վահագնը քաջության ու հզորության խորհրդանիշն էր, հայոց բանակի ապավենը: Հայ զինվորները մարտից առաջ Վահագնի աջակցությունն էին աղերսում:

Ամանոր նշանակում է նոր տարի: Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը: Ամանորի տոնակատարությունը նշվում էր հայոց նոր տարուն` Նավասարդին:

Հունվարի 1-ը օրացուցային նոր տարին է, իսկ հայոց եկեղեցին հունվարի 6-ը նշում է որպես Սուրբ Ծնունդ: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել, և ‎դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը, ինչպես որ հայերը դեկտեմբերի 22-ին նշում են Միհրի` արևի ծննդյան օրը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ Արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության, Մկրտության օր: Հունվարի 6-ին Ս.Ծննդյան տոնի հետ նշվում է նաև Ջրօրհնեքը, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը: Ջրօրհնեքին հայերը երբեմն նաև Տնօրհնեք են արել: Այդ ժամանակ քահանային տուն են հրավիրել, և վերջինս օրհնել է` տունն ազատելով չարքերից:

Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր: Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին: Ճիշտ է, հայոց մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել:

Ավանդաբար ամանորյա նախապատրաստությունները սկսվում էին տան ու բակի մաքրությունից: Այս արարողություններին մասնակից էին ընտանիքի բոլոր անդամները: Հունվարի 1-ի գիշերը աղբյուրից բերած ջրով լվացվում էր թոնրի շուրջը հավաքված ընտանիքը: Մինչ օրս էլ տարեմուտից առաջ ամբողջ տունը մաքրվում է և թարմացվում: Տարեմուտի նախօրյակին կատարվող մաքրագործման արարողություններն ու ծեսերը գալիս են բնապաշտական ժամանակներից և հատուկ են բազում ժողովուրդների: Տարվա նորոգումը, վերածնունդը խորհրդանշական կապ ունեն մարմնական մաքրության և հոգևոր սրբության հետ (սուրբ բառը ևս նշանակում է մաքուր, անարատ): Մաքրությունը խորհրդանշում է սկիզբը, անապական, նախնական վիճակը, որով սկսվելու էր նոր տարին, արևի հերթական պտույտը, նոր տարեշրջանը, նոր ժամանակը:

Մաքրագործման արարողությունները նաև ներքին, հոգևոր բնույթ ունեին: Լոռիում, օրինակ, տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների բերաններին, իսկ Համշենում կծու կերակուր ուտելն արգելվում էր, թթու խոսք ասելը` նույնպես: Այս սովորությունները կապվում էին խոսքի մոգության հետ: Համարվում էր, որ անցումային օրը յուրաքանչյուր չար խոսք կարող էր չարիք բերել ամբողջ տարվա համար, «խոսք-աղբը» կարող էր պղծել օրվա ծիսական մաքրությունը: Ընտանիքի բոլոր անդամները պետք է նոր զգեստներ հագնեին: Ընդունված էր գժտվածներին հաշտեցնել թե՜ տանը, թե՜ հասարակական միջավայրում: Տոնի առթիվ թարմ հաց էին թխում, եթե անգամ տանը հաց կար:

Ավանդական սովորության համաձայն` Ամանորի գիշերը (Կաղանդի գիշերը) շատերի տներում ճրագ էր վառվում, որպեսզի տան հաջողությունը չփախչեր: Նախկինում գերանը համարվել է ընտանիքի ամրության խորհրդանիշ, և տան մեծերը մեծ գերան են դրել կրակի մեջ, որը վառվել է մինչև Սուրբ Ծնունդ: Այդ կրակի վրա էլ պատրաստվել են Ս. Ծննդյան կերակուրները: Հավատում էին, որ դրա ածուխը պաշտպանում է կարկուտից: Հյուրերը պարտավոր էին մի կտոր փայտ ավելացնել կրակին: Գիշերը անպայման որևէ լույս վառ էին թողնում: Չարքերից պաշտպանվելու համար մութն ընկնելուն պես տանտիկինը տան շեմին մոխիր էր ցանում կամ ալյուրով դռանը խաչ անում: Գերանը, որը վառում էին նոր տարվա նախորդ երեկոյան, կոչվում էր «Տարեմտի քոթուկ», որի առկայծող կտորները հետո թաղում էին հանդերում` բերքի առատությունն ապահովելու համար: Օջախը վառ պահելը շատ կարևոր է եղել հայի համար, որովհետև, ըստ պատկերացումների, օջախի մեջ էին ապրում տան նախնիների հոգիները:

Այդ օրը խուսափում էին որևէ մեկին փոխ տալ, հատկապես` թթխմոր, դրամ: Առհասարակ որևէ ծախս չէին անում: Առավոտյան տան դուռը առաջինը տան մեծն էր բացում, որպեսզի հաջողությունը տնից անպակաս լինի: Վաղ առավոտյան նոր բերած ջուրը լցնում էին տան անկյունները` տան առատությունն ապահովելու համար: Միմյանց նվերներ էին տալիս, հատկապես` մեծերը փոքրերին: Ամանորին տան դուռը երբեք չէր փակվում, լույսերը չէին մարում:

Ճիշտ է, Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել: Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը: Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը և հավանաբար կաղանդ-կախանդ բառն առաջացել է կախելու գործընթացից: Կա նաև այլ բացատրություն կախանդ բառի վերաբերյալ. Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք: Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են:

Ամեն դեպքում, ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից: Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են միայն XVI դարից: Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ:

Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ ճյուղը կոչվել է Կաղանդի ծառ: Տան անդամները նախ ընդեղենով զարդարում էին ճյուղը, այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանան օրհնում էր, իսկ հետո այն բերում էին տուն և ամրացնում գերանին: Տոնածառի խաղալիքները հասկերից, ընդեղենից (թվով յոթ) պատրաստված զարդարանքներ էին, որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաև` մարդակերպ և կենդանակերպ թխվածքներ: Այսպիսով, ամեն ընտանիք իր համար պատրաստում էր Կենաց ծառը:

Կենաց ծառի կողքին կար ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր էին դրված: Այդ ծառը կոչվում է «չաթալ ծառ»: Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լիներ: Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառեր: Իսկ տան մեծ մամիկի (ավագ տիկնոջ) մոմը պետք է առաձնահատուկ լիներ: Հին ժամանակներում Ամանորի գիշերը, երբ հավաքվում էին երեխաները, սկսում էին մամիկից չիր ու չամիչ ուզել: Բայց եթե մամիկի տվածը բավական չէր երեխաների համար, նրանք ցորենի հատիկներ էին գցում մամիկի վառած մոմի վրա` փորձելով հանգցնել: Եվ մամիկը ստիպված նրանց կրկին անուշեղեն էր տալիս:

Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձին Կաղանդ պապի կամ Մեծ Պապուկի, որը, սակայն, ավելի շատ Բարեկենդանի տոնի կերպար էր, քան Ամանորի:

Ամանորի հետ է կապված գոտեկախի արարողությունը. տարեմուտի գիշերը երեխաների խմբերը պարելով շրջում էին փողոցներով և որևէ մեկի տանը մոտենալիս երգում էին: Երգերը բովանդակում էին բարեմաղթանքներ, ընտանիքի անդամների գովք և տոնական կերակրատեսակների խնդրանք: Նրանք գոտիներով երդիկից փոքր տոպրակներ էին իջեցնում, որոնց մեջ տան մամիկը դնում էր մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն: Երեխաները, ստանալով անուշեղեններ, դրանց փոխարեն հայցում էին երկնքի բարի ուժերի հաճությունը: Իսկ աղջիկները ժապավենով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն:

Տարվա առաջին օրը` լուսաբացին, տանտիկինը դուրս էր գալիս և յուղ քսում տան պատի այն հատվածին, ուր պիտի դիպչեր արևի առաջին շողը: Նա կարմիր շոր էր փռում տան շեմին, քանի որ տան շեմը համարվել է այն սահմանը, որտեղ հանդիպում են բարի ու չար ուժերը: Նաև մեղրով խաչ էին նկարում գոմի պատին` ի նշան առատության: Ծերունիները տան դրսի պատին իրենց բնորոշող առարկաներ էին նկարում, հաճախ` ալյուրով: Տան շեմի ու դրսի պատերի հետ կապված բոլոր արարողությունները կապված են նոր տարին ներս հրավիրելու, բարիքը տան մեջ առնելու հետ:

Ջավախքում տանտիկինն ու հարսները տարեհացը ձեռքներին դուրս էին գալիս և նայելով դեպի արևելք` ասում էին. «Դովլաթ, սարն ես, ձորն ես, արի տուն»: Ամանորի առաջին օրը սկզբում այցելում էին տոհմի մեծերին, ծնողներին, խնամիներին, քավորին, հարևաններին, գյուղապետին, քահանային: Շնորհավորելու գնացողները երբեք դատարկաձեռն տուն չէին մտնում, առնվազն մի խնձոր էին ավելացնում սեղանի բարիքներին` բարեկեցության և երկարակեցության մաղթանքներով:

Ամանորյա ավանդական մաղթանքներն այսպիսին էին.

Տունը շեն լինի,

Բարաքյաթ լինի,

Միշտ ջոմարդ լինեք

Մեզ էլ միշտ հիշեք

Շնորհավոր նոր տարի:

Լիքը հորեր շատ ունենաք,

Կարմիր օրեր շատ ունենաք,

Կարմիր օրով, կարմիր շորով,

Ուրախ կենաք միշտ կուշտ փորով:

Ամանորը հայոց սիրված տոներից է և դրան երկար ու լրջորեն են պատրաստվում: Ամանորյա պատրաստությունները, անշուշտ, հիմնականում վերաբերում են տոնական սեղաններին: Ամանորը հայ եկեղեցական օրացույցով պահուց օր էր (պահքը սկսվում էր դեկտեմբերի 30-ի երեկոյան և ավարտվում հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցիներում մատուցվում էր Ս.Ծննդյան Ճրագալույցի պատարագ), և հին հայերը նոր տարվա սեղանները զարդարում էին հիմնականում տարատեսակ չրերով, մրգերով, ընդեղենով, հատկապես լայն կիրառություն ունեին լոբին, ձավարեղենը, ոսպը, սիսեռը, բրինձը:

Մենք չգիտենք, թե որ ժամանակներից է Ամանորը պահուց համարվել, համենայն դեպս, մեր օրերում, անգամ Հայաստանի ամենահեռավոր բարձր լեռնային գյուղերում, Ամանորը երբևէ պահք չի ընկալվել, և մսեղենով լի սեղաններ են բացվել: Բացի այդ, հնում մարդկանց պահուստը հիմնականում եղել է մսեղեն և կաթնամթերք, և դժվար է պատկերացնել, որ հնարավոր լիներ պաս պահել ձմռան ամիսներին: Բացի այդ, Ամանորը ուրախ տոն է, և պահքի անհրաժեշտությունն ու պահանջը չկար: Ամանորյա պահքը հավանաբար վերջին հարյուրամյակների նորամուծություն է:

Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ: Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը:

Ամանորյա նախապատրաստությունների առանցքը խմորեղեններն են: Կարևոր արարողություն էր հաց թխելը: Նոր տարին պետք է սկսվեր նոր հացով: Հայաստանում հաց թխում էին փռի մեջ և թոնիրում:

Թոնիրը հայոց մեջ պաշտամունքային նշանակություն ուներ: Թոնիր ունեն շատ ազգեր, բայց միայն հայերն են, որ թոնիրը գետնի մեջ են սարքել: Այն արևն է` գետնի մեջ: Եվ հայ կինը խոնարհվում է արև-աստծուն, որ վերջինս հաց պարգևի: Հնում, երբ մոտակայքում տաճար չի եղել, քրմերը թոնրի մոտ են կատարել պսակի արարողությունը: Ամանորի գիշերը թոնրատան սևացած առաստաղը ալյուրով սպիտակեցնում էին` վրան պատկերելով երկնային լուսատուներին: Երկնային լուսատուներին պատկերում էին նաև տարեհացի վրա:

Հետաքրքիր սովորություն կար հաց թխելու արարողակարգում: Նոր տարվա համար թխվող հացի ալյուրից մի քանի բուռ փոքրիկ աղջնակը շաղախում էր` առանց թթխմոր խառնելու. այն պետք է թողնեին, որ ինքնաբերաբար թթվեր և դառնար նոր տարվա առաջին թթխմորը:

Հացից հետո թխվում էին գաթաները, նազուկը, «Փուռնիկ», «Կրկենի», «Տարեհաց» կոչված ծիսական հացերը: Այս հացերը տարբեր ձևեր ունեին: Գաթաների ու ծիսական հացերի մեջ ձու, կարագ, կաթնեղեն չի օգտագործվում:

Ծիսական հացերի մեջ որևէ իր էին դնում, ավելի հաճախ` դրամ: Եվ ում բաժին էր ընկնում այդ առարկան, նրա համար հաջողակ տարի կլիներ: Այս վիճակի համար գաթաներն ու ծիսական հացերը կտրտում էին ընտանիքի անդամների թվով:

Ծիսական հացերն ու խմորեղենն ունեին հմայող, գուշակող, չարը խափանող «հատկություններ»: Ամանորյա հացերի երեսին հաճախ էին նախշերի մեջ տասներկու գիծ անում, որոնք խորհրդանշում էին տարվա ամիսները:

Երբեմն խմորեղենները թխում էին աշխատանքային գործիքների տեսքով ու ձևով և նրանց միջոցով գուշակություններ անում: Օրինակ, եթե թխելու ընթացքում ուռչում էր «Հացի հոր» կոչվող խմորեղենը, ուրեմն տարին հացառատ էր լինելու: Եթե լավ էր թխվում «եզան պտուկներ» կոչվող խմորը, տարին կաթնառատ կլիներ…

Գուշակությունների համար թխում էին նաև մարդակերպ թխվածքներ, որոնք կոչվում էին «Ասիլ-Վասիլ»: Սրանք թխվում էին ընտանիքի անդամների թվին համապատասխան: Եթե կնոջը խորհրդանշող թխվածքի որովայնը ուռչում էր, նշանակում էր կինը կհղիանա: Եթե աղջկան խորհրդանշող թխվածքն էր ուռչում` կամուսնանա:

Ամանորին աղջիկները ժապավենով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն: Դա նշանակում էր, որ աղջիկը պատրաստ է ամուսնանալ տվյալ տղայի հետ: Ի պատասխան` տղաներն այդ խնձորի մեջ ոսկյա դրամներ էին մտցնում և ուղարկում հասցեատիրոջը: Այս սովորույթը պահպանվել է Լոռիում հարսանիքների ժամանակ, երբ ազաբները զարդարված խնձորներ են ուղարկում աղջիկներին:

Այն տանը, որտեղ ամուսնացնելու աղջիկ ունեին, դռնից կամ տան կտուրից կարմիր կտոր կամ ավել էին կախում:

Ամանորյա սեղաններին կարևոր տեղ ունեին մրգերը: Նրանց մեջ առանձնահատուկ էին խնձորը, նուռը, խաղողը:

Առհասարակ, յուրաքանչյուր տոն, մանավանդ Ամանորը, հարուստ կերակրացանկ ունի: Սակայն կան կերակրատեսակներ, որոնք պարտադիր են տվյալ տոնի համար: Ամանորյա կերակրատեսակներն են տարեհացը, մարդակերպ գաթաները, լոբով աղցանը, մայրամապուրը, «Կաղանդ» անուշը, խոշաբը, սիսեռից գնդիկները:

Տարեհաց

1 բ. եռման ջուր

1 բ. ձեթ

1 բ. շաքարավազ

5 բ. ալյուր

1/2 բ. մանրացված չրեր

1/2 բ. մանրացված ընկուզեղեն

1/2 բ. կանեփ

1 թ. գ. սոդա

Ալյուրը, շաքարավազն ու սոդան խառնել, ապա շաղախել` լցնելով ջուրն ու ձեթը: Ավելացնել չրեղենը և տեղավորել նախապես ձեթոտած և ալյուրոտած փռի ափսեի մեջ: Մեջը դնել մետաղադրամ, կամ ինչ-որ կորիզ` որպես միջինք: Վրան շաղ տալ կանեփը և թխել:

Աղանձ

2 բ. ձավար

1/2 բ. սիսեռ

1 բ. կանեփ

1/2 բ. ընկույզ աղ

Ձավարն ու կանեփը լվանալ և չորացնել: Սիսեռը թրջել մի քանի ժամ, ապա հանել ջրից և ցամաքացնել: Յուրաքանչյուրն առանձին-առանձին բովել տապակի մեջ, մարմանդ կրակով, անընդհատ խառնելով: Սառչելուց հետո խառնել իրար, ավելացնել ընկույզը: Կարելի է խառնել նաև բոված ու մանրացված նուշ, ծիրանակուտ, կաղին, արևածաղկի սերմ, դդմի կուտ և այլն, ինչպես նաև չամիչ և թթի չիր:

Մարդակերպգաթաներ

Կարելի է պատրաստել տարեհացի խմորով: Խմորը ձևավորել մարդու տեսքով` աչքերի և բերանի տեղերում, ինչպես նաև կրծքին դրած ձեռքերի վրա չամիչ խրելով:

Լոբովաղցան

1 բ. լոբի

1 գլուխ սոխ

1 ճ. գ. քացախ

1 ճ. գ. ձեթ

կանաչի

կարմիր և սև պղպեղ

աղ

Լոբին խաշել, ապա ջրքամել: Ավելացնել կտրտած սոխն ու կանաչին, ապա համեմել:

Մայրամապուր

1 բ. ձավար

1 բ. չիր

1/2 բ. դոշաբ

Կորկոտը խաշել, ավելացնել չրերը, շարունակել միասին եփել, վերջում ավելացնել դոշաբ:

«Կաղանդ» անուշ

1 բ. մեղր

1 բ. ընկույզ

Մեղրը հարել այնքան, որ սպիտակի: Ընկույզի միջուկը մանրացնել և բովել մինչև ոսկեգույն դառնալը, խառնել հարած մեղրին:

Խոշաբկամչամչարակ

1 բ. չրեր (սալորաչիր, թթի չիր, ծիրանաչիր, չամիչ)

1 լ ջուր

դարչին:

Չիրը մանրացնել, ավելացնել տաք ջուր և եփել 10-15 րոպե, դարչին ցանել: Մատուցել սառը վիճակում:

Սիսեռիգնդիկներ

1 բ. սիսեռ

1/2 բ. հոնաչիր

1/2 բ. չամիչ

1/2 բ. ընկույզ

2 ճ. գ. ալյուր

1/3 բ. ջուր

հիլ

աղ

Սիսեռը նախօրոք թրջել մի ամբողջ օր: Խաշել, ապա տրորել: Ավելացնել կորիզը հանած հոնաչիրը, մանրացված ընկույզը, չամիչը, հիլն ու աղը: Ապա բովել 2 ճաշի գդալ ալյուր, բացել քիչ ջրով և այդ թանձր խյուսը լցնել սիսեռի վրա: Լավ խառնելուց և սառեցնելուց հետո այդ զանգվածից պատրաստել գնդիկներ: Մատուցելիս դրանք շարել սկուտեղի վրա, զարդարել կանաչիով: Խյուսին կարելի է խառնել թահին և կիտրոնի հյութ:

Մախոխապուր

Գարու մանրաձավարը եփել: Նախապես առանձին թասի մեջ լավ թթվեցրած խմորը խառնել ջրի հետ, խյուս սարքել, հարել, ավելացնել ձավարին: Միասին լավ եփել, վերջում համեմել դաղձով և սխտորով:

Քրչիկ

Սոխառածի վրա ջուր լցնել, կարտոֆիլ և երկու ճաշի գդալ մանրաձավար: Եփելուց հետո ավելացնել նաև մանր կտրտած թթու կաղամբ: Վերջում համեմել անանուխով:

Անուշապուր

1/2 կգ ձավար

1/2 կգ խառը չիր (չամիչ, ծիրանի, տանձի, դեղձի, թզի, խնձորի, սալորի և այլն)

1 բ. ընկուզեղեն (ընկույզ, կաղին, նուշ)

1 բ. շաքարավազ

1 թ.գ. դարչին

8-10 բ. ջուր

Ձավարը խաշել: Մանրացնել չրերն ու ընկուզեղենը. ավելացնել ձավարին:

Լցնել շաքարավազն ու դարչինը և շարունակել եփել մարմանդ կրակով համարյա 2 ժամ:

Կճախաշ

1 բ. խոշոր կորկոտ

1/2 բ. եգիպտացորեն

1/2 բ. լոբի

1/2 բ. սիսեռ

2 սոխ

1 սուրճի բ. ձեթ (կամ 2 ճ.գ. յուղ)

չորացրած կանաչի

սև պղպեղ

աղ

Լոբին, սիսեռն ու եգիպտացորենը խաշել, ավելացնել կորկոտը: Սոխը մանրացնել, տապակել յուղի մեջ և լցնել ապուրի վրա: Ավելացնել համեմունքները և շարունակել եփել, մինչև հատիկեղենը համասեռ դառնա:

Պասուցտոլմա

1/2 բ. խաշած սիսեռ

1/2 բ. խաշած լոբի

1/2 բ. խաշած ոսպ

1/2 բ. խոշոր կորկոտ

1/2 բ. խաշած եգիպտացորեն

1/2 բ. խաշած ոլոռ

1/2 բ. կանեփ

1/2 բ. լոլիկի մածուկ

1/2 բ. ձեթ

4 սոխ

1 փունջ խառը կանաչի

սալորաչիր

կարմիր և սև պղպեղ

թթու կաղամբ

աղ

Ողջ ընդեղենը խառնել իրար: Սոխառածի վրա ավելացնել լոլիկի մածուկը, ջրով բացել, համեմել և լցնել ընդեղենի վրա: Ավելացնել մանրացված կանաչին, խառնել և փաթաթել կաղամբի տերևի մեջ: Կաթսայի մեջ շարելիս արանքներում տեղադրել սալորաչիր: Տոլման ծածկել ջրով և եփել: Կաթսայից հանել միայն սառչելուց հետո:

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ, ՋՐՕՐՀՆԵՔ

Քանի որ Ամանորը, Սուրբ Ծնունդն ու Ջրօրհնեքը օրացույցով մոտ են իրար, ժողովրդական տոնախմբության մեջ հաճախ միահյուսվել են: Սակայն այս տոներից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը: Եթե Ամանորի ակունքները բնապաշտական ժամանակներից են գալիս, Սուրբ Ծնունդն ու Ջրօրհնեքը քրիստոնեական ակունքներ ունեն: Ժողովուրդն այն անվանել է նաև Փոքր Զատիկ:

Ավանդապատումի համաձայն` Սուրբ Ծննդյան նախընթաց երեկոյան գետերը մի պահ կանգ են առնում: Մարդիկ հաճախ զարթուն են մնում` այդ պահը որսալու համար, հավատալով, որ եթե հաջողվի որսալ այդ պահը և սափորը ջրով լցնել, ապա բոլոր իղձերը ի կատար կածվեն:

Այս առումով հետաքրքիր է Պետրոս Գետադարձ կաթողիկոսի մասին շրջանառվող առասպելը, համաձայն որի` 1021 թ. Տրապիզոնում Ջրօրհնեքի տոնի ժամանակ բյուզանդական Վասիլ Բ կայսեր ներկայությամբ նա ոչ միայն կանգնեցրել է Ճորոխ գետի հոսքը, այլև շրջել է հոսքի ուղղությունը: Սա, իհարկե, հայ եկեղեցու հորինվածքն է, որի նպատակը ազգադավ կաթողիկոսի նկատմամբ ժողովրդական զայրույթը մեղմելն էր:

Ջրօրհնեքի արարողությունը կատարվում է գետերում: Արարողության ժամանակ խաչը գցում են գետի մեջ: Երիտասարդները սուզվում են և ջրից հանում խաչը: Ով հանում է խաչը, դառնում է Ս.Խաչի կնքահայրը:

Սուրբ Ծնունդը Հիսուսի ծննդյան տոնն է, և նշում են աշխարհի բոլոր քրիստոնյա ժողովուրդները: Սուրբ Ծնունդը Ջրօրհնեքի հետ միասին նշում են միայն հայերը: Ջրօրհնեքը նշում են ի նշան Հիսուսի Հորդանան գետում մկրտության:

Այս տոնին նախապատրաստվել են բծախնդրությամբ: Ճիշտ է, սա եկեղեցական տոն է, սակայն համեմված է ժողովրդական բառուբանով: Սուրբ Ծնունդի առավոտը գերդաստանը դիմավորում է միասին, սեղանի շուրջը, բոլորը մաքուր լվացված, նոր հագուստ հագած: Սա պարտադիր պայման էր Հայաստանի շատ գավառներում:

Ս.Ծննդյան պասը բացվում էր Թաթախման երեկոյին, երբ եկեղեցիներում պատարագ էր մատուցվում միայն տղամարդկանց մասնակցությամբ: Այն տներում, որտեղ հասուն տղամարդ չկար, կանայք տան դուռը բացած սպասում էին եկեղեցուց վերադարձող որևէ անցորդ տղամարդու, որպեսզի նրանցից լսեն Սուրբ Ծննդյան ավետիսն ու պասը բացելու թույլտվություն խնդրեն: Իսկ եկեղեցուց վերադարձող տղամարդիկ ընտանիքի անդամների թվաքանակին համապատասխան մոմ էին վերցնում և տուն տանում, ուր ընթրիքից առաջ պարտադիր խնկավառություն էին կազմակերպում: Թաթախման երեկոյի սեղաններն առատ էին ձկնեղենով ու զանազան փլավներով: Ամենաշատ օգտագործվող մթերքը արշտան, ձավարն ու բրինձն էին:

Թաթախման երեկոյի ընթրիքը բուժիչ էր համարվում: Հիվանդ ունեցող տանտերերը կամ տանտիկինները համոզված էին, որ եթե այդ սրբազան երեկոյան յոթ տարբեր սեղաններից ողորմություն (փայ) հավաքեն, ապա իրենց հիվանդը կբուժվի: Թաթախման երեկոյան փայ հավաքողներին մերժելն արգելված էր:

Թաթախման երեկոյան սկսվում էին տոնախմբությունները: Պասը լուծելուց հետո երիտասարդ տղաներն ու աղջիկները շրջում էին տնետուն աչքալուսանքով` ավետելով Հիսուսի ծնունդը: Նրանք տների երդիկներից տոպրակ էին կախում, և տանտիկինները նրանց մեջ անուշեղեն էին լցնում: Որոշ վայրերում երդիկից ավետիսի փոխարեն ճրագ էին կախում և երգեր երգում: Առհասարակ Ամանորից մինչև Սուրբ Ծնունդ տան կրակը, օջախը պետք է անմար լիներ:

Ջրօրհնեքի ջուրը սուրբ էր համարվում: Ամուլ կանայք լողանում էին այդ ջրով, Ջրօրհնեքի օրը վերքերը լվանում էին օրհնված ջրով, կուժերով ջուր էին տանում տուն, դրանով ցողում էին ամբարը` հավատալով, որ լիություն կլինի, մի խոսքով, հավատում էին Ջրօրհնեքի կենարար ջրի ազդեցությանը: Շատ հավատացյալներ Ջրօրհնեքի ջուրը պահում էին` այն հետագայում խառնելու Տրնդեզի մոխրին, համոզված լինելով, որ այդ սրբազան խառնուրդը բուժիչ է և զորավոր: Ջրօրհնեքի օրը երբեմն նաև Տնօրհնեք էին անում: Դա արվում էր այն դեպքում, երբ ինչ-ինչ պատճառներով խախտվել էր տան անդորրը, կամ այդ տունը կորուստ էր ունեցել: Տվյալ դեպքում քահանային կանչում էին տուն, և նա տեղում կատարում էր Տնօրհնեքի արարողությունը:

Սա իսկական ժողովրդական տոնախմբություն էր, որ ուղեկցվում էր երգ ու պարով, խաղով:

Վերջին հարյուրամյակներում Ամանորը պասուց էր համարվում: Պասը լուծվում էր հունվարի 5-ի Թաթախման երեկոյին, երբ ընտանիքը, ժամերգությունից վերադառնալով, պասը բացում էր Ծննդյան տոնին ընդունված ճաշատեսակներով: Այդ երեկո սեղանի գլխավոր կերակրատեսակները ձկնեղենից պատրաստված խորտիկներն էին` խաշած, տապակած, ձկով կարկանդակ, խորոված ձուկ և այլն: Ձկնատեսակներից բացի դրվում էին առատ յուղով պատրաստած բրնձի, ձավարի, արիշտայի փլավներ, ալյուրից պատրաստված և դոշաբով կամ մեղրով քաղցրացված խաշիլ, սիսեռով և չորացրած բանջարեղենով ապուր, որը հայտնի է «մայրամաճաշ» անունով: Սուրբ Ծնունդի նախօրեին մորթում էին հատուկ այդ օրվա համար խնամված խոյ, այծ, ոչխար կամ հորթ:

Մարիամաճաշ

1/2 կգ (կամ 1 հյուսք) սպիտակ բանջար

1 բ. ձավար

2 ճ. գ. յուղ

1 սոխ

աղ

Ձավարը խաշել, ավելացնել եռման ջրով թրջած և ջրքամած բանջարը և շարունակել եփը: Ընթացքում ավելացնել նաև սոխառածը: Մատուցել կարմիր պղպեղով:

Սպիտակ բանջարը հավաքում են գարնանը և հյուսելով չորացնում ու պահեստավորում: Հյուսքերը նմանեցնում են Աստվածածնի (նախկինում Անահիտի) ծամերին. այդտեղից էլ առաջացել է ճաշի անվանումը: Մուշում հավատում էին, որ Մարիամն ինքն էլ հավաքել է այս բանջարից:

Ձուկ

1 ձուկ

2 կարտոֆիլ

2 լոլիկ

1 պղպեղ

30 գ կարագ

թարխուն

աղ

Ձուկը մաքրել, կտրատել 3 սմ լայնությամբ: Կարտոֆիլը մաքրել, կտրատել օղակաձև: Կաթսայի մեջ դասավորել կարտոֆիլը` վրան դնելով կտրտած ձուկը: Պղպեղը և լոլիկը կտրատել և լցնել ձկան վրա: Ավելացնել ջուր, աղ և կարագ: Եփելուց հետո ավելացնել թարխուն:

Այս ճաշատեսակը համեմատաբար նոր է կիրառության մեջ մտել: Նախկինում ձուկը եփել են առանց կարտոֆիլի և լոլիկի:

Կոլոլակովմածնապուր

ապուրի համար`

1 լ մածուն

1 ձու

1 սուրճի բ. բրինձ

50 գ կարագ

անանուխ

աղ

Կոլոլակի խմորը`

1/2 կգ ծեծած միս

1/2 կգ մանր կորկոտ

1 ճ.գ. պղպեղի մածուկ

քիմիոն

կարմիր և սև պղպեղ

աղ

Միջուկը`

1/2 կգ աղացած միս

1 սոխ

1/2 բ. աղացած ընկույզ

ձեթ

դարչին

կարմիր և սև պղպեղ

աղ

Պատրաստել միջուկը. սոխառածի վրա ավելացնել աղացած միսը, համեմել և եփել. լցնել ընկույզը և կրակն անջատել, թողնել սառչի:

Շաղել պատյանի խմորը, խառնելով բոլոր նյութերը: Երբեմն ձեռքերը թրջել սառը ջրի մեջ, ափով մի քիչ ջուր ցանել խմորի վրա և շարունակել շաղել: Խմորը պիտի լինի փափուկ, բայց ոչ ջրոտ, այնպես որ հարմար լինի կոլոլակները բացելու համար: Վերցնել խմորից մի ընկույզի չափով, շաղել, անցք բացել և մատների օգնությամբ մեծացնել փոսիկը: Լցոնել միջուկով, ապա փակել և ձվաձև դարձնել:

Մածունը հարել ձվով, եռացնել. լցնել բրինձն ու եռման ջուր և շարունակել եռացնել: Մատուցելուց 20 րոպե առաջ, տաք ապուրի մեջ ավելացնել կարագը, անանուխն ու կոլոլակները: Երբ կոլոլակները բարձրանան ապուրի երեսը, նշանակում է այն պատրաստ է:

Չրերովփլավ

2 բ. բրինձ

3 ճ.գ. յուղ

1 բ. տարբեր չրեր, չամիչ և ընկուզեղեն

լավաշ աղ

Բրինձը թեթևակի խաշել եռացող աղաջրի մեջ. երբ հատիկները եռացող ջրի երեսը բարձրանան, դատարկել փլավքամիչի մեջ, սառը ջրով ողողել: Կաթսայի հատակին մի քիչ յուղ քսել, լավաշի կտորները փռել և վրան լցնել կիսախաշ բրինձը: Մի քիչ աղ ցանել, տեղ-տեղ յուղ դնել, կափարիչը ծածկել սրբիչով, փակել կաթսան և մարմանդ կրակով թրմել փլավը մոտավորապես 30 րոպե:

Մանրացնել չրերը և 1/2 ճ.գ. յուղով տապակել, ավելացնել 1 սուրճի բ. ջուր և շարունակել եփել: Մատուցելիս փլավի կեսը ծածկել լավաշի մանրացված քերանքով, իսկ մյուս կեսը` չրերով:

Հարիսա

1 կգ ձավար

1 կգ միս աղ

Մսի վրա ջուր լցնել, եռացնել և մաքրել վրայի փրփուրը: Խաշվող մսի վրա ավելացնել ձավարը և մարմանդ կրակով եփել մինչև ամբողջությամբ փափկեն:

Եթե ցանկանում եք, որ այն լինի հարիսա, պետք է հարել, մինչև համասեռ դառնա. իսկ ամանորյա քյաշիկան չենք հարում. միսը կտորներով պիտի երևա ճաշի մեջ:

Բաղարջ

3 բ. ալյուր 2 ճ. գ. շաքարավազ 2 թ. գ. թթխմոր ջուր կաթի սեր

Խմորը հունցել, թողնել հանգչի: Պատրաստել ձվաձև կամ օղակաձև հացեր և թխել: Փռից հանելուց հետո վրան քսել կաթի սեր:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

անցյալից ամանոր Բաղադրատոմսեր 2020

Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվել է
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ավելին
Ավելին