f

Անկախ

Տյառնընդառաջ


Տյառնընդառաջը (Տրնդեզը) ամենասիրված տոներից է Հայաստանում, որն այսօր պարտադիր նշում են այն ընտանիքները, որոնք նշանված կամ նոր ամուսնացած զավակներ ունեն: Նաև Տրնդեզի օրը տեղի են ունենում նշանադրման և հարսանիքի արարողություններ:  Տոնի ժողովրդական ավանդույթներից այսօր պահպանվել են խաղարկային բնույթի բաղադրիչներ, գլխավորապես` խարույկավառությունը:

Ըստ որոշ ուսումնասիրողների` տոնը վաղնջական ժամանակներում նվիրված էր Տիր աստծուն: Տիրը հայերի իմաստության, գիտության, ուսման աստվածն էր` աստվածահայր Արամազդի քարտուղարը: Նրա տաճարը գտնվում էր քաղաքամայր Արտաշատում, որ միաժամանակ ծառայում էր որպես կրթարան: Տիրը երազների և գուշակությունների հովանավորն էր, քրմական դասի պաշտպանը:

Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից  (Հայաստանում ամենուր չէ, որ անտառ կա): Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը, և պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Երբ կրակը նստում էր, տոնախմբության մասնակիցները թռչում էին կրակի վրայով և պար բռնում կրակի շուրջը:

Բնապաշտական ժամանակաշրջանում Տրնդեզը խորհրդանշել է Վահագն աստծո ծնունդը, որի երկունքը տևել է քառասուն օր: Վահագնը ծնվեց հրից, որից էլ քուրմը կրակ է վերցրել և նվիրել համայնքին: Նորահարսների` խարույկի վրայով թռչելու սովորույթը Վահագնի նման արու զավակ ակնկալելու խորհուրդ ունի: Պահպանվել է նաև մի հավատալիք, ըստ որի` չբեր կինը, այրելով իր քղանցքը Տրնդեզի կրակով, անպայման կհղիանա և արու զավակ կունենա: Տղամարդիկ կրակի վրայով թռել են նրա միջոցով մաքրագործվելու, իսկ երեխաները` չարից ազատվելու համար:

Նախկինում խարույկի ծխի ուղղությամբ կատարել են գուշակություններ. հետևելով ծխի ուղղությանը՝ որոշել են տարվա բերքառատությունը (եթե ծուխը թեքվել է հարավ կամ արևելք, ակնկալել են առատ բերք, իսկ եթե թեքվել է հյուսիս կամ արևմուտք` համարել են, որ երաշտ կլինի): Ծխի ուղղությամբ փորձել են գուշակել, թե որ կողմից է գալու հարսնացուն կամ փեսացուն: Տրնդեզի մոմերով կամ ջահերով հատուկ պար է եղել նորապսակների համար: Յոթ ամուսնական զույգեր մոմերով կամ ջահերով շրջապատել են պարող նորապսակներին` չարքերից պաշտպանելու համար, և նրանք պարել են այդ շրջանակի մեջ:

Տրնդեզի մոխիրը համարվել է սրբազան: Հարսների բարեհաջող ծննդաբերության համար Տրնդեզի կրակի մոխիրը կանայք լցրել են ջրի մեջ և խմեցրել հղի հարսին: Տրնդեզի մոխիրը խորհրդանշել է առատությունը, և այն հաճախ պահել են կճուճների մեջ, որ առատություն լինի: Այն շաղ են տվել հավաբներում՝ հավերի ձվատվությունն ավելացնելու համար, ինչպես նաև արտերում՝ ցանքսը մկներից պաշտպանելու համար: Հայերը նաև Տրնդեզի կրակի մոխրով սրբագործել են շրջապատը:

Տրնդեզի ծիսակատարությունը կապված է նաև մեռնող և հառնող աստվածության հետ. վառելով ձմռան շունչը և տաքացնելով գարնանամուտը` աստվածների հաճությունն են աղերսում: Նույն միտումով պատրաստում են նաև աղանձը` նախորդ տարվա արմտիքների պաշարի վերջին մնացուկները բովելով և նվիրելով աստվածներին:

Հետաքրքիր սովորություն է եղել Մուսա լեռան շրջանի հայության շրջանում, որի մնացուկներն այժմ էլ կարելի է գտնել գյուղերում մեծահասակների հիշողությունների մեջ, երբ տանտիկինը, բացելով դուռ ու լուսամուտ, քշում էր ձմեռ-շվոտը և ներս հրավիրում գարուն-մարտը: Շվոտը փետրվար ամսի արաբերեն բառի` շուբաթի աղավաղված ձևն է. երբեմն էլ շվոտի փոխարեն ասել են փուռդիկ, որը նույնպես փետրվար ամսի աղավաղված ձևն է:

Եթե Համբարձումը հիմնականում երիտասարդ աղջիկներին ու հարսներին նվիրված տոն էր, ապա Տրնդեզը փեսաներինն էր: Մինչ Տրնդեզը երիտասարդ փեսան իրավունք չուներ հանդիպելու և խոսելու հարսի հոր հետ: Միայն Տրնդեզի կրակի վրայով թռչելուց հետո էր այդ քրմարգելքը վերանում:

Քրիստոնյա եկեղեցու տոնացույցով սա անշարժ տոն է և նշվում է փետրվարի 14-ին: Այս օրը կատարվում է մոմերի օրհնություն: Քահանան օրհնում է մոմերը և բաժանում ժողովրդին: Մարդիկ մոմերը վառում են և պահում ձեռքներին, որպեսզի Տիրոջ երկրորդ գալստյանը արժանանան նրան ընդառաջ ելնելուն: Արարողությունից հետո այդ մոմերը տարվում են տուն: Եկեղեցին անթույլատրելի է համարում խարույկի շուրջ պտտվելն ու վրայով թռչելը:

Փետրվարի 13-ի երեկոյան, երբ եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, սկսվում է Տյառնընդառաջի տոնը: Տոնը խորհրդանշում է 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելը: Տյառնընդառաջի նախատոնակին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է Անդաստանի կարգ՝ աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն, ինչն ազդարարում է ձմռան ավարտն ու գարնանամուտը:

Ըստ Նոր կտակարանի՝ Հրեաստանում մի սրբազան ավանդություն գոյություն ուներ. ծնողներն իրենց առաջնեկ արու զավակին քառասուն օրականում տաճար էին տանում՝ ընծայաբերելով Աստծուն: Մանուկ Հիսուսի ծնողները՝ Մարիամն ու Հովսեփը, նույնպես Հիսուսին տանում են տաճար, որտեղ Սիմոն անունով մի ազնիվ և արդար ծերունի սպասում է Հիսուսին և տեսնելով նրան՝ Տիրոջը ընդառաջ է գնում: Ահա այստեղից է, ըստ քրիստոնեական եկեղեցու, առաջացել տոնի անվանումը: Երբ Հիսուսի ծնողները նրան ընծայում են տաճարին, տաճարի դռները դղրդյունով բացվում են, և մարդիկ գիշերը ճրագներով դուրս են  գալիս տներից տեսնելու, թե ինչ է կատարվում, և այդպիսով ակամա լուսավորում են Հիսուսին: Այստեղից էլ, համաձայն քրիստոնեության, Տրնդեզի կրակներ վառելու սովորույթը:

Աղանձ

2 բ. ձավար

1/2 բ. սիսեռ

1 բ. կանեփ

1/2 բ.  ընկույզ                                                                                                                             աղ

Ձավարն ու կանեփը լվանալ և չորացնել: Թրջել մի քանի ժամ, ապա հանել ջրից և ցամաքացնել սիսեռը: Յուրաքանչյուրն առանձին-առանձին բովել տապակի մեջ մարմանդ կրակով, անընդհատ խառնելով: Սառչելուց հետո խառնել իրար, ավելացնել ընկույզը: Կարելի է խառնել նաև այլ ընկուզեղեն. օրինակ` բոված ու մանրացված նուշ, ծիրանակուտ, կաղին, արևածաղկի սերմ, դդմի կուտ և այլն, ինչպես նաև չամիչ և թթի չիր:

Հալվա

Անհրաժեշտ է 1 կգ ալյուր, 200 գ յուղ,  100 գ շաքարավազ, 50 մլ տաք ջուր:

Ալյուրը լցնել խոր թավայի մեջ, ավելացնել յուղ և անընդհատ խառնել: Բովել, մինչև գոյանա փշրվող զանգված: Ավելացնել շաքարաջուր և խառնել, մինչև բոլոր կոշտուկները վերանան: Լցնել ամանի մեջ, հավասարեցնել և բաժանել հավասար մասերի:

Փուռդիկ

(Սասնա տարբերակ)

հացի խմոր

1/2 բ. ընկույզ

1/2 բ. բոված կանեփ                                                                                                                             1 բ. մանրացված չրեր և չամիչ

Խառնել միջուկի նյութերը, լցնել հացի խմորի մեջ, փակել, վրան քսել ջուր կամ ձու և թխել:

Փուռնիկ

(Շիրակի տարբերակ)

հացի խմոր

200 գ հորած պանիր

50 գ կարագ

1/2 կապ խառը կանաչի

Մանրացնել կանաչին, խառնել պանիրն ու կարագը, լցնել հացի խմորի մեջ, վրան ձու կամ ջուր քսել և թխել:

 

Վահե Անթանեսյան

անցյալից Տյառնընդառաջ Բաղադրատոմսեր

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին