f

Անկախ

Ո՞ր ուղին էր ճիշտ, Վարդանի՞, թե՞ Վասակի


Ամեն տարի Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը հայ եկեղեցին նշում է Վարդանանց նահատակների օրը: Դեռևս IV դարում հայոց Վրթանես Ա Պարթև կաթողիկոսը (333-341) հաստատեց հայ եկեղեցական տոնացույցը, և այս օրը նախապես նշվում էր որպես Նահատակաց տոն` ի հիշատակ 337 թ. հայ-պարսկական պատերազմում զոհված Վաչե Մամիկոնյան սպարապետի: V դարում` Հայոց պատերազմից հետո, տոնն անվանափոխվեց և կոչվեց Վարդանանց նահատակների օր: Այս տարի լրանում է Հայոց պատերազմի 1560-ամյակը…

451 թ. ապստամբությունը հայ իրականության մեջ կարևորվում է երկու պատճառով. նախ` այն համաշխարհային պատմության մեջ առաջին կրոնական պատերազմն է, հանուն հավատի, և ապա` այն ունեցավ դարակազմիկ նշանակություն այն պատճառով, որ պատերազմի հերոսների` Վարդանի ու Վասակի հակադիր կերպարները մինչ օրս հայոց մեջ անհաշտ, երբեմն` ծայրահեղ քննարկումների առարկա են: Եվ որպես կանոն` Վարդանն ընկալվում է որպես հերոս, սուրբ նահատակ, իսկ Վասակը` դավաճան և ուրացող: Բայց, ցավոք, պատմությունը միշտ չէ, որ արդար է…

Վարդանանց պատերազմի մասին սկզբնաղբյուրը Եղիշեի «Վասն Վարդանի և հայոց պատերազմի մասին» մատյանն է: Եղիշեն  այն գրել է Մամիկոնյան Դավիթ երեցի պատվերով, հետևաբար, մեր կարծիքով, ինչպես և միջնադարյան շատ աշխատությունների դեպքում, նրա մատյանում շատ իրադարձություններ մեկնաբանված են միակողմանի:

Բացի Եղիշեից, Վարդանանց պատերազմի մասին կարևոր մանրամասներ է հաղորդել նաև V դարի պատմիչ Ղազար Փարպեցին:

Պատմիչների հավաստմամբ` ճակատամարտի օրը հայոց զորքը կազմում էր 66000 կռվող. սրանց մի մասը նախարարական զորագնդերն էին, մյուս մասը` ժողովրդական աշխարհազորը: Այլ կերպ ասած` գերանդիավոր շինականների բազմությունը կանգնած էր թվաքանակով եռապատիկ հզոր բանակի դեմ:

Առհասարակ Վարդանանց պատերազմը զուտ կրոնական պատերազմ էր և ոչ մի աղերս չուներ համաժողովրդական շարժման կամ ազգային-ազատագրական շարժման հետ: Իսկ շարժումը սկսվեց 450 թ., երբ պարսից Հազկերտ Բ արքան հայերից հավատափոխություն պահանջեց: Զրադաշտականությունը ցանկանում էր հայոց մեջ արմատավորել իր գաղափարախոսությունը: Հազկերտն իր հրամանում նշում էր. «Պետք է կարճվի և արգելվի սուրբ ամուսնության օրենքը, որ ունեին նախնիքներից քրիստոնեության սովորության համաձայն. մեկ կնոջ փոխարեն թող շատ կանայք առնեն, որպեսզի հայոց ազգն աճի, բազմանա…»: Այսինքն` Հազկերտը հայ ազգի կործանման կամ ձուլման նպատակ չէր դրել. նրա խնդիրը հայերին քրիստոնեությունից հետ պահելն էր:

Մինչ այդ պարսից արքունիքը Հայաստան է գործուղում Դենշապուհ անունով պաշտոնյային, որը աշխարհագիր է անցկացնում երկրում: Եղիշեն ներկայացնում է Դենշապուհի կատարած չարագործությունները. ա.  եկեղեցու ազատությունը ծառայության տակ դրեց, բ.   վանքերում բնակվող մենակյաց քրիստոնյաներին նույն աշխարհագրի տակ գցեց, գ.   երկրի հարկն ավելի ծանրացրեց, դ.   նախարարներին բանսարկությամբ թշնամացրեց միմյանց հետ և ամեն տան մեջ խռովություն գցեց:

Տեսնում ենք` Եղիշեի բերած փաստարկները հիմնականում դիտվում են կրոնի և եկեղեցու դիրքերից, ոչ թե ժողովրդի կամ պետության, պետականության պաշտպանության շահերից: Դենշապուհի չարագործությունների հետևանքով հայ հոգևոր դասը զրկվում էր նախկին արտոնություններից, որ ուներ Արշակունիների թագավորության օրոք և հարկատու էր դառնում պետությանը: Սա արդեն բավական էր հայոց երկրում դժգոհության մեծ ալիք բարձրացնելու համար:

Հազկերտին պատասխանելու համար Արտաշատում հավաքվեցին 18 եպիսկոպոսներ և 18 իշխաններ ու նախարարներ: Բացի սրանցից, հավաքվեցին նաև հոգևոր այլ գործիչներ` երեցներ, վանականներ…Պարսից արքունիք ուղարկած նամակում գրված էր. «…Մեր ամբողջ գույքն ու ստացվածքը քո ձեռքում են, և մեր մարմինները քո առաջն են. քո կամքի համաձայն արա ինչ ուզում ես: Եթե այս հավատքի մեջ թողնես, ո՛չ երկրի վրա ուրիշ տեր կընդունենք քո փոխարեն, ո՛չ էլ երկնքում ուրիշ աստված կընդունենք Հիսուս Քրիստոսի փոխարեն»:

Հայերի պատասխան նամակում իսպառ բացակայում էր դիվանագիտությունը, խոսում էր կրոնական մոլեռանդությունն ու ծայրահեղ անհանդուրժողականությունը: Հայ հոգևորները, անգամ անցնելով չափը, պատասխան նամակում ծաղրում են պարսից հավատը: Նամակի թելադրմանը շատ քիչ հայ նախարարներ են մասնակցել: Հիմնականում հոգևոր դասն է հավաքվել:

Ստանալով հայերի պատասխանը` Հազկերտը զայրացած հայ նախարարներին ու բարձրաստիճան հոգևորականներին կանչում է Տիզբոն` արքունի դիվան: Տիզբոնում ծուղակն ընկած հայ նախարարներն առերես ուրանում են քրիստոնեությունը և վերադառնում Հայաստան:

Հայ նախարարների մեջ առանձնակի դեր ու բարձր դիրք ուներ մարզպան Վասակ Սյունին, որ փաստորեն երկրի կառավարիչն էր: Վասակից հետո ազդեցիկ էր սպարապետ Վարդան Մամիկոնյանը: Վերջինս, պետք է նկատել, աչքի էր ընկնում ոչ թե որպես զորաց սպարապետ, այլ որպես Մամիկոնյան տան ավագ և Սահակ Պարթևի թոռ, որով էլ հասել էր նման դիրքի:

Մինչ Ավարայրը Վարդան Մամիկոնյանը որևէ մեծ պատերազմում կամ ճակատամարտում աչքի չի ընկել, և պարսից արքունիքում նրանից վտանգ չէին սպասում. այլապես, որպես Մամիկոնյան պայազատի, հենց նրանից պատանդներ կառնեին, այլ ոչ Վասակ Սյունուց: Սա էլ վկայում է այն մասին, որ Հազկերտը, գիտենալով Վասակի ունակություններն ու ձգտումները, հենց նրան է համարել հնարավոր ընդվզման առաջնորդն ու  նրանից է զգուշացել: Հետևաբար, ապստամբների պառակտման  առնչությամբ հավատալ պատմիչներին սխալ է, քանզի համընդհանուր ոգևորության պայմաններում չէր կարող հայոց նախարարների և զորքի կեսը հետ քաշվել շարժումից: Իսկ պառակտման պատճառը, երևի, Վարդանի տարերային, անկազմակերպ շարժումն էր:

Վարդանը աչքի էր ընկնում համառ, անկոտրում և անզիջում բնավորությամբ:

Տիզբոնում արքայի առաջ առաջինը խոսք վերցրեց Վարդանը: Նա, նշելով իր ծառայությունները արքունիքին, ասաց, որ հանձն է առնում մեռնել, քան ուրանալ: Իսկ մյուսները արքայից ժամանակ խնդրեցին` խորհրդակցելու և պատասխան տալու համար:

Այսինքն` սպարապետի համար, որ կոչված էր զենքով պաշտպանելու հայրենին ամեն վտանգից, չկա դիվանագիտություն, չկա փոխզիջում, երբ խոսքը հավատին է վերաբերում: Նրա համար եկեղեցին, հավատքը վեր է ամենից, անգամ հայրենիքից և ընտանիքից: Ի վերջո, նախարարներին հաջողվում է համոզել Վարդանին. «Դու հո Քրիստոսի սուրբ առաքյալ Պողոսից մեծ չես…»:

Վարդանանք կոմպրոմիսը բացառում էին, հանուն հավատի պատրաստ էին ամեն ինչի: Ապստամբների խորհրդի առաջին վճիռը, ըստ Եղիշեի, հետևյալն էր. «Հարազատ եղբոր ձեռքը թող բարձրանա այն մերձավորի դեմ, որ դուրս է եկել աստծո պատվիրանի ուխտից. հայրը չխնայի որդուն, և որդին չակնածի հոր պատվից: Կինը կռվի իր ամուսնու դեմ, և ծառան դիմադրի իր տիրոջը» Այսինքն` առաջնորդող հոգևոր դասը պատրաստ էր ոտնատակ տալ և քանդել ժամանակի տիրող օրենքներն ու բարքերը` հանուն իր իշխանության անսասանության:

Իսկ շարժումը սկսվեց հենց Վասակի նախաձեռնությամբ: Տիզբոնից վերադառնալով` հայ նախարարները տարակուսանքի մեջ էին և չգիտեին ինչ անել. նրանցից ոմանք ուղղակի սպասում էին իրադարձությունների զարգացմանը` չհամարձակվելով ընդդիմանալ կամ միանալ հոգևոր դասի սկսած իրարանցմանը, ոմանք էլ, հավաքելով իրենց ինչքը, փախուստի դիմեցին երկրից` անցնելով Բյուզանդիա` այդ կրիտիկական պահին թողնելով երկիրն անտեր ու բախտի քմահաճույքին: Մանավանդ Վարդան Մամիկոնյանը, որ  ի պաշտոնե պարտավոր էր լինել հայրենյաց պաշտպանը, առաջինն է լքում հայրենիքը և դիմում փախուստի:

Այստեղ, սակայն, առաջ է գալիս հմուտ դիվանագետն ու գործիչը` Վասակ Սյունին: Նա կարողանում է համոզել նախարարներին, ի մի բերել բոլոր ուժերը, հետ կանչել Վարդանին և երկիրը պատրաստել պատերազմի: Իսկ Վարդանը չէր համոզվում: Փավստոսը գրում է, որ երբ լուր տարածվեց, թե պարսիկները զորք են հավաքել և Աղվանքի կողմից պիտի Հայաստան մտեն, «…Սյունաց Վասակ իշխանը Հայոց երանելի սպարապետ ու Մամիկոնեից տեր Վարդանին ստիպում էր գնալ զորքով և դիմակայել նրանց»: Իսկ Վարդանը պայման է դնում, որ մինչև պատգամավորություն չուղարկի Պոլիս, ինքը չի ապստամբի:

Վասակը դիմում է հարևան երկրներին, կազմակերպում և կարգի է բերում երկիրը, անգամ հայոց բանակը, ուխտի մեջ է համախմբում ողջ կարող ուժերին` ցանկանալով ապստամբեցնել և անկախացնել Հայաստանը:

Վարդան Մամիկոնյանը Աղվանքի մատույցներում ջարդում է Սեբուխտի զորաբանակն ու քանդում Ճորա պահակը: Այստեղ նա իմանում է, որ Վասակը ապստամբությունից հրաժարվել է և դուրս է եկել ուխտից: Ի՞նչն էր պատճառը:

Պատմիչի հավաստմամբ` Վարդանի արևելքում եղած ժամանակ Վասակ Սյունուն իր մոտ է հրավիրում պարսից հազարապետ Միհրներսեհն ու համոզում անջատվել շարժումից: Իհարկե, չպետք է  անվերապահորեն հավատալ Եղիշեին: Նախ` արքունիքը Վասակին զսպելու համար կարող էր ուղղակի օգտագործել նրա որդիներին, ապա` չի կարող պատահել, որ Միհրներսեհը չիմանար Վասակի դերակատարության մասին, նրան բռնելուց հետո այլևս բաց չէր թողնի: Միգուցե ապստամբների պառակտման պատճառը եղել է հենց Վարդանի կողմից հրահրած այդ անկազմակերպ, տարերային շարժումը: Բացի այդ, հարց է առաջանում, թե դեպի Աղվանք ինչո՞ւ հենց սպարապետը գնաց, այլ չուղարկեց իր զորավարներից մեկին, այն դեպքում, երբ հայոց զորքի մի մասը ճանապարհվեց հարավ` պարսկական սահմանի մոտ, որտեղից կարելի էր սպասել իրական վտանգը:

Մենք տեսնում ենք, որ Վարդանի և Վասակի նպատակներն ու գործելաոճը շատ տարբեր էին: Վարդանանք չունեին հեռուն գնացող նպատակներ, ծրագրեր. նրանց նպատակը ոչ թե ապստամբության հաղթանակն էր և երկրի անկախության վերականգնումը, այլ` հապշտապ նահատակությունն ու մարտիրոսացումը: Այս իմաստով Վարդանին ձեռնտու էր տարերային, անկազմակերպ շարժումը, քաոսի մեջից նա վեր կհառներ իր հերոսական մարտիրոսությամբ: Այլ էր Վասակի պարագան: Նա ամենամոտն էր կանգնած պարսից արքունիքին և լավ էր հասկանում, որ  Վարդանի ուղին կործանարար է: Նա հեռուն գնացող նպատակներ ուներ, այն է` երկրի անկախացում և իր թագավորության հռչակում: Սրան հասնելու համար միայն ռազմական հաղթանակը քիչ էր, ավելի շատ ճկունություն ու դիվանագիտական հմտություն էր անհրաժեշտ: Վասակը հմուտ դիվանագետ էր և լավ վարչարար:       Եվ քանի որ պարսից արքան հետ էր կանգնել իր ուրացման ծրագրից, ներում էր շնորհել հայերին ապստամբության համար, Վասակը պահը հարմար գտավ կործանարար շարժումը սառեցնելու համար և Վարդանանց ու հայ հոգևորականների կողմից արժանացավ դավաճանի «լուսապսակի»:

Սակայն Վարդանանք իրենց ամբոխային մարտավարությամբ խառնեցին Վասակի ծրագրերը: Վասակը փորձում էր տարհամոզել շարժման մասնակիցներին` ցույց տալով արքայի հրովարտակը, որով նա ներում էր ապստամբությունն ու հայերին թողնում էր իրենց նախկին դավանանքին: Վասակը դա անում էր «Հայոց աշխարհն անվնաս պահելու համար»: Բայց ապարդյուն: Վարդանանք պատրաստ չէին փոխզիջման, նրանց նպատակը նահատակությունն էր, ոչ երկրի անկախությունը:

Անգամ Վարդանանց մեղադրանքում գեթ մեկ ակնարկ չկա, թե նրանք ցանկացել են անկախություն վերականգնել:

Ատյանում արյաց արքան անգամ ազատ արձակեց հայոց իշխանների մանուկ զավակներին, որոնց պատանդ էր տարել Տիզբոն:

Վարդանի գործողություններում իսպառ բացակայում էր մարտավարությունը:  Առհասարակ Վարդանի գործողությունները տարակուսելի են: Ավարայրում նա փոխանակ ջարդի մարտին անպատրաստ պարսկական զորքը, հապաղում է և թույլ տալիս թշնամուն, որ ուշքի գա: Բացի այդ, փոխանակ պատվար ծառայեցնի Տղմուտ գետը, նախահարձակ է լինում և իր վատ զինված, հիմնականում գյուղացիներով համալրված զորքը տանում է պարսից դեմ` կործանման: Վարդանի նպատակը հաղթանակը չէր, այլ նահատակությունը: Մեջբերենք Փավստոսին. «Եվ հայոց երանելի սպարապետ Վարդանը, իր հետ եղած ավագների միաբանությամբ, Ամատունյաց տոհմից մի սեպուհի, որի անունն էր Առանձար, երեք հարյուրի չափ հեծյալներով ուղարկեց հետախուզելու պարսից զորքերի բազմությունը, և եթե հնար լիներ, գրգռելու, որ շուտ գան և մեզ բերեն արքայության պսակներ»:

Ըստ Փավստոսի` ճակատամարտի հենց սկզբից հայոց զորքի մի մասը փախուստի դիմեց: Բայց դա չվախեցրեց վարդանանց քաջերին, որ գրոհի նետվեին և մխրճվեին պարսից զորքերի բազմության մեջ… Նրանք հասան իրենց նպատակին. մարտիրոսացան: Ճակատամարտն ավարտվեց հայոց բանակի պարտությամբ:

Ապստամբության ճնշումից հետո նոր մարզպան Ատրոմիզդը  ձերբակալեց ապստամբ հայ նախարարներին և ուղարկեց Տիզբոն:

Ճանապարհին Վասակը, քեն չպահելով հայ մեծավորների հանդեպ, պատիվների էր արժանացնում նրանց, իսկ վերջիններս ուղղակի մատնությամբ  նրան տվին Հազկերտի ձեռքը:

Ապստամբության ճնշումից հետո հայ հոգևոր գործիչները դատավարության ժամանակ ապստամբութան ողջ մեղքը գցեցին Վասակի վրա: Նրանք ցուցում տվեցին, որ ապստամբել են միմիայն Վասակի դրդմամբ: Մեջբերեցին Վասակի կնքած նամակները Վրաց և Աղվանից աշխարհներին, Աղձնիքի բդեշխին, հունաց զորավար Անատոլիին, Բյուզանդիայի կայսրին, ասացին, որ պարսիկների կոտորածի հրամանները Վասակն է տվել, նա է յուրացրել արքունի հարկերը:

Դատեք ինքներդ, ո՞ր ուղին էր ճիշտ այս պատերազմում, Վարդանանց նահատակների՞, թե՞ Վասակի:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Վասակ Սյունի Վարդան Մամիկոնյան անցյալից Վարդանաց պատերազմ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին