f

Անկախ

Ամենայն հայոց բանաստեղծի և մեծ հումանիստի հյուրընկալ օջախում...


«Անկախը» հարցազրույցների նոր շարք է սկսում «Դեպի թանգարան» խորագրով: Նպատակն ընթերցողին երևանյան թանգարանների մերօրյա գործունեությանը ծանոթացնելն է՝ ուղղորդելով դեպի դրանց զարմանահրաշ աշխարհ:Հուսանք՝ շարքը կունենա իր փոքրիկ ներդրումը: Առաջին կանգառը խորհրդանշական կերպով Հովհաննես Թումանյանի թանգարանում է: Զրուցել ենք տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանի հետ:

-Որքանո՞վ են այսօր թանգարանները պահանջված հայկական իրականության մեջ:

-Թանգարանն իր տեսակի մեջ եզակի մշակութային կենտրոն է: Եվ եթե այն ճիշտ քաղաքականություն է վարում, ոչ միայն պահանջարկն է ծնվում մարդկանց մեջ, այլև նրանց կողմից լինում են առաջարկներ: Շատ հաճախ թանգարանի տարաբնույթ նախագծեր բխում են հենց այցելուների ցանկություններից: Սա կարևոր է՝ հասարակություն և մշակութային կենտրոն կապի հաստատման համար: Առհասարակ վերջին տարիներին մեծ աշխուժություն է նկատվում թանգարանների գործունեության առումով: Դրանք դարձել են լուրջ մշակութային կենտրոններ: Կոտրվել է այն կարծրատիպը, որ թանգարանները ցուցանմուշներ ցուցադրելու տարածք են, որտեղ պիտի շատ լուռ լինեն և ոչ մի բանի ձեռք չտան:

Թանգարանային կյանքն աշխուժացավ նաև այն բանից հետո, երբ սկսեցին ակտիվորեն նշել Թանգարանների միջազգային օր, «Թանգարանային գիշեր» կամ «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումները: Վերջին տարիներին նաև միջթանգարանային համագործակցություններն են շատացել, և այցելուները հաճախ հնարավորություն են ունենում որևէ թանգարանի ցուցանմուշը տեսնել մեկ այլ թանգարանում:

Հովհաննես Թումանյան

-Ինչպիսի՞ միջազգային համագործակցություններ են լինում Ձեր ոլորտում:

-Եթե խոսեմ մեր թանգարանի օրինակով, ապա դեռ նախորդ տարիներից մեկնարկել են համագործակցություններն արտասահմանյան թանգարանների հետ: Ցանկացած երկրի վարած մշակութային քաղաքականությունն ուղղակիորեն անդրադառնում է թանգարանների վրա: Միջազգային թանգարանագիտության ոլորտի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների, քննարկումների ընթացքում, երբ իրենց միջազգային փորձն են մեզ փոխանցում, հասկանում ենք՝ այդ ամենն իրականում ֆինանսական մեծ ներդրում պահանջող ծրագրեր են, ինչը, բնականաբար, հայաստանյան թանգարանների դեպքում դառնում է խնդրահարույց: Մենք պետական լուրջ աջակցության կամ ՊՈԱԿ-ների մասին օրենքի փոփոխության կարիք ունենք, որպեզի ՊՈԱԿ-ների լիազորությունների շրջանակը, այս դեպքում՝ թանգարաններինը հնարավոր լինի ընդլայնել և հասնել ֆինանսական հոսքի ապահովման: Այնպես չէ, որ հայաստանյան թանգարանները մտքի թռիչքներ չունեն, շատ ունեն, բայց պետական աջակցությունը պիտի զգալի լինի, որ հնարավոր լինի կազմակերպել այդ ամենը:

-Հովհաննես Թումանյանի թանգարանն ի՞նչ նորարարություններ է կիրառում:

-Միշտ պիտի ձեռքը զարկերակին պահել: Ժամանակակից այցելուին չես կարող կանգնեցնել ցուցապահարանների մոտ և պատմել որևէ ցուցանմուշի մասին: Թարմացնող հնարքներ են պետք, ինչը հենց կարելի է կիրառել նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: Թումանյանի թանգարանն արդեն իսկ այդ փորձառությունն ունի: Մեր խնդիրն է ամեն տարի որևէ նոր միջոցով ոչ թե խթանել, որ թանգարան այցելեն նոր մարդիկ, այլ որ մեզ այցելողը երկրորդ, երրորդ անգամ ևս մեզ մոտ լինելու ցանկություն ունենա: Տարիներ առաջ թանգարանի հուշային սենյակներից մեկում, որտեղ «Վերնատուն» գրական խմբակի հավաքատեղին է ներկայացված, կիրառեցինք առաջին տեխնոլոգիական նորարարությունը՝ «Պատրանք Վերնատանը» խորագրով: Մարդիկ կարողանում են կենդանացած տեսնել Թումանյանին, տեսնել նրան կարդալիս, շրջելիս, խորհելիս: Սա շատ տպավորիչ էր այցելուների համար, որոնց թիվը բավական մեծացավ այդ շրջանից:

Թանգարանում ունենք նաև անիմացիոն մուլտֆիլմերի սրահ, և փորձում ենք գոնե երկու տարին մեկ այդ մուլտֆիլմերի շարքն ավելացնել, որ երեխաները նոր անիմացիաներ դիտելու հնարավորություն ունենան: Առաջիկա անակնկալներից մեկն էլ այն է, որ Թումանյանի 150-ամյակի հետ կապված 2D անիմացիոն մուլտֆիլմ ենք պատրաստում, ինչի շնորհիվ երեխաները հնարավորություն կունենան բացի թանգարանային շրջայցից մեկ մուլտֆիլմի միջոցով անցնել բանաստեղծի կյանքի ճանապարհով իրենց հասանելի լեզվով ու կերպարներով: Թումանյանի համար երեխան հասարակության կարևոր թիրախն է եղել: Ունենք ծնողներ, որ թանգարան են այցելում 2-3 ամսական բալիկի հետ, ինչը վստահաբար այդ երեխայի ենթագիտակցության մեջ նստվածք է տալու:

Քանի որ հեռախոսները մեր կյանքի անբաժանելի մասն են հիմա, հատուկ հավելվածներ են ստեղծվել այֆոնների, սմարթֆոնների համար, որ մարդիկ ունենան հնարավորություն, ասենք, կենդանացած տեսնել Սասունցի Դավթին, թերթվող լուսանկարների ալբոմի օգնությամբ ծանոթանան Թումանյանի տիկնոջ լուսանկարներին և այլն:

-Հովհաննես Թումանյանի 150-ամյակի հետ կապված ի՞նչ կարևոր իրագործված ու իրագործվելիք նախագծեր կան:

-150-ամյակը լավագույն հնարավորությունն է՝ ամփոփելու նախորդ տարիների գործունեությունը, այս տարվա ընթացքում մշտապես բարձր պահելու թումանյանական տրամադրությունը ոչ միայն տոնական հանդիսություններով, այլև գրահրատարակչական գործունեությամբ, ինչպես նաև հայտարարելու նոր սկիզբ հաջորդ տարիների համար:

Դեռ նախորդ տարվանից մեր աշխատանքային պլաններում կարևորագույն գործերից էր Թումանյանի որակյալ թարգմանությունների ապահովումը: Ճիշտ է, Թումանյանը թարգմանվել է տասնյակ լեզուներով, բայց միշտ չէ, որ դրանց թարգմանական որակը լավն է, կամ մեր ուզած ստեղծագործությունները չէ, որ թարգմանվել են: Թումանյանն ունի ֆանտաստիկ գործեր, որ նրան աշխարհի մեծերի շարքում կանգնելու պատիվ են տալիս: Այս առումով անելիքները շատ են: Թումանյան թարգմանելը բարդագույն գործ է, բայց պիտի հնարավոր ամեն բան փորձել՝ աշխատելով ոչ թե մեկ թարգմանչի, այլ թարգմանիչների խմբի հետ՝ համագործակցելով անգամ օտարախոսների հետ: Այսօր արդեն ունենք անգլերենով թարգմանված Թումանյանի ստեղծագործությունների ծաղկաքաղը՝ հրատարակված մեկ հատորյակով: Գրքում զետեղված են անգամ Թումանյանի հոդվածները Սերվանտեսի և Շեքսպիրի մասին, որոնք առաջին անգամ են թարգմանվում:

Շուտով լույս կտեսնի վրացերեն մի ամբողջական ժողովածու, այնուհետև գերմաներեն և պարսկերեն: Թարգմանությունները կլինեն շարունակական, ինչը լավագույն միջոցներից է աշխարհին մեզ ճանաչելի դարձնելու համար:

150-ամյակը լավագույն առիթն էր ունենալու և´ բովանդակային,´ և արտաքին առումով նոր որակի երկերի լիակատար ժողովածու տասը հատորով: Այս բարդ նախագիծն իրականացնում ենք ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի հետ՝ վերախմբագրելով և վերալրացնելով երկերի նախորդ լիակատար ժողովածուն: 2018-ին ունեցանք երկու հատոր, շուտով կլինի երրորդը: Մեկնարկել են չորրորդ հատորի աշխատանքները:

 

-Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյան ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում: Արդյոք սա պայմանավորվա՞ծ է թանգարանի ծավալած գործունեությամբ:

-Առաջին հերթին դա պայմանավորված է Թումանյանի մեծությամբ, հետո նոր՝ համագործակցությունների մի ամբողջ շղթայով և տարբեր հաստատությունների ծավալած գործունեությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայաստանյան գրասենյակ, ՀՀ մշակույթի նախարարություն, Հովհաննես Թումանյանի թանգարան և այլն: Վերջին տարիներին մենք ընդլայնել ենք ոչ միայն արտասահմանյան թանգարանների հետ մեր գործունեությունը, այլև Հայաստանում ենք ակտիվացրել կապերը տարբեր երկրների հյուպատոսարանների և դեսպանատների հետ՝ ի ցույց դնելով ոչ միայն Թումանյան բանաստեղծի, այլ հատկապես Թումանյան մարդու, հասարակական գործչի և մեծ հումանիստի տեսակը, որը միշտ երկրորդվել է: Այն դեպքում, երբ հումանիստ Թումանյանը լավագույն օրինակը կարող է լինել 21-րդ դարի շատ կնճռոտ հարցերին ճիշտ դիվանագիտական մոտեցում ցուցաբերելու առումով:

-Ինչպե՞ս եք պատրաստվում ողջ տարվա ընթացքում պահպանել թումանյանական ոգին:

-Թանգարանի ռեսուրսը մնացել է այնքան, որքան նախորդ տարիներին, իսկ աշխատանքի ծավալը կրկնակի ավելացել է: Աշխատում ենք բավական լարված թե´ այցելուներին սպասարկելու, թե´ միջոցառումները պատշաճ որակով ներկայացնելու համար: Ինչպես նաև փորձում ենք չմերժել բոլոր այն կրթամշակութային օջախներին, որ նշում են Թումանյանի 150-ամյակը և ցանկություն ունեն, որ թանգարանից էլ անպայման ներկայացուցիչ լինի: Այս ամենով հանդերձ մեր գործն անում ենք մեծ հպարտությամբ, որովհետև քաջ գիտակցում ենք՝ մեզ պատիվ է ընձեռված Թումանյանի 150-ամյակի մասնակիցը դառնալու:

-Ի՞նչ համատեղ միջոցառումներ են նախատեսվում Դսեղում և Թբիլիսում:

-Ամռանը հատուկ ծրագրով կլինենք Դսեղում, ինչպես նաև նախատեսում ենք անցնել այն ճանապարհներով, որ ժամանակին Թումանյանն է անցել և´ Թբիլիսի ներսում, և´ Ջավախքում: Շատ ակտիվ է մեր համագործակցությունը Վիրահայոց թեմի հետ, որովհետև Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնը գործում է հենց Վիրահայոց թեմի հովանու ներքո:

Այժմ աշխատանքներ են ընթանում վրացերեն երկհատորյակի լույս ընծայման ուղղությամբ, որոնցից մեկը Թումանյանի գործերն են վրաց մշակույթի և Վրաստանի մասին, մյուսը, թե ինչպե՞ս են գնահատել վրաց մտավորականները Թումանյանին: Նախատեսում ենք նաև հեքիաթների ժողովածու հրատարակել, որտեղ կլինեն տասը հեքիաթ հայերեն-վրացերեն տարբերակով և վրացի երեխաների նկարազարդումներով:

-Չենք կարող չանդրադառնալ Թումանյան-Կոմիտաս կապին:

-Դա մի յուրահատուկ շերտ է այս տարվա մեր ծրագրերում: Մեր բոլոր, հատկապես արտասահմանյան այցերի ժամանակ միշտ այս երկու մեծերի գործունեության համատեղ եզրերին ուշադրություն ենք հրավիրում: Ապրիլին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս վարդապետ և Հովհաննես Թումանյան» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրությունը բացվեց, որ մեր թանգարանի, Կոմիտասի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտների եռակողմ համագործակցության արդյունք է:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ ունենք նաև իրականացվելիք կրթական ծրագրերի շարքեր: Միասին նախատեսում ենք վերականգնել և փորձել ձայնագրել կոմիտասյան «Անուշի» պահպանված հատվածները:

-Զգու՞մ եք Թումանյանի շունչը Ձեր ամենօրյա գործունեության ընթացքում:

-Թումանյանն առատ ակունք է, որտեղից անընդհատ մտքեր են հորդում: Նա մեր բոլոր նախաձեռնությունների ուղենիշն է, մեր մեծ առաջնորդը: Ֆանտաստիկ մի բան, երբ Թումանյանի գործունեության որևէ մի ոլորտ բերում ենք 20-րդ դարից 21-րդ դար, նա մեզ հետ քայլում է ճիշտ այնպես, ինչպես այսօրվա մարդը՝ իր մտածողությամբ, նախաձեռնություններով, առաջ նայելու զարմանալի ուժով:

-Ո՞րն է Թումանյանի պատգամը թանգարանի շեմքից ներս ոտք դնողին:

-Այդ պատգամները շատ են և արդիական, պարզապես պիտի կիրառվեն: Եթե նրա ստեղծագործություններում բարձրաձայնած խնդիրներից որևէ մեկը այսօր համարենք ժամանակավրեպ, արդեն հաղթահարված, վստահ եմ՝ Թումանյանի հոգին կփառավորվի դրանից: Եվ հիմա, երբ ամենուր թումանյանական ընթերցումների մի հեղեղ կա, մրցույթներ, փառատոներ և այլն, կուզեմ, որ ամեն մեկը գոնե իր ընտրած նյութը կիրառելի դարձնի կյանքում:

-Թումանյանի թանգարանի առանձնահատկությունները երևանյան մյուս թանգարանների շարքում:

-Մեր առաջին եզակիությունը Թումանյանի ընտանիքի մեծագույն ավանդն է թանգարանի հիմնադրման և կայացման գործում: Թե´ հիմնադիր տնօրեն բանաստեղծի դուստր Աշխեն Թումանյանը, թե´ Թումանյանի այրին՝ տիկին Օլգան, թե´ ընտանիքի մյուս անդամները մեծ նվիրում են ունեցել և բացառիկի գիտակցում, որն էլ ուղղորդել է ունեցած հարստությունն անմնացորդ դարձնել ազգային հարստություն: Սա անգնահատելի իրողություն է, և թանգարանի հիմքն էլ դրվել է այս որակի մեջ: Չպահել, չզարգացնել, չգնահատել դա, նշանակում է իրավունք չունենալ լինել Թումանյանի թանգարանում: Այսօր մենք ուզում ենք ոչ թե պարզապես գալ, օրվա հաստատված ժամերին լինել թանգարանում ու գնալ, այլ ստեղծարար աշխատանքով զբաղվել, և «մեղավորն» էլի Թումանյանն է: Մենք, որքան էլ ամպագոռգոռ հնչի, հայապահպանման և հայերենի պահպանության հարց ենք նաև լուծում մեր շատ նախագծերի շրջանակներում:

-Ի՞նչ կմաղթեք մեր նորաստեղծ շարքին:

-Մեծ հաջողություն եմ մաղթում, և թող Թումանյանի օրհնանքը մշտապես ուղեկից լինի ձեզ:

հարցազրույց Հովհաննես Թումանյանի թանգարան

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին