«Թող գիրքը դառնա ամենաթանկ բանը, որը կարելի է նվիրել մեր երեխաներին, մտերիմներին ու հարազատներին». Փետրվարի 19-ը՝ որպես Գիրք նվիրելու օր
Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»:
Այս տարի ևս ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության 12 գրադարաններում՝ Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական և մարզային գրադարաններում կիրականացվեն բազմաբովանդակ ծրագրեր և միջոցառումներ:
Կանցկացվեն գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ, ցուցահանդես-տոնավաճառներ, գրքի նվիրատվության ակցիաներ, վիկտորինաներ, խաղ-մրցույթներ, հեքիաթապատումներ, ինտերակտիվ ընթերցումներ, քննարկումներ հեղինակների հետ, կինո և մուլտֆիլմերի դիտումներ, գրական և երաժշտական հոբելյարներին նվիրված քննարկում-տեսությունների և ունկնդրումների շարքեր:
Գրողների միությունը ևս բազմազան միջոցառումներով կտոնի Գիրք նվիրելու օրը:
Գիրք նվիրելու տոնի կապակցությամբ Հայաստանի գրողների միության անդամները կայցելեն մայրաքաղաքի և մարզերի դպրոցներ, կհանդիպեն աշակերտների հետ և գրքեր կնվիրեն նրանց:
Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
«Արդեն 15 տարի նշում ենք Գիրք նվիրելու օրը: Կարծում եմ`հատկապես ընթերցողական ճգնաժամի հետևանք է այն, որ պետք է մշտապես մտածել, թե ինչ նորություններով, ինչ հետաքրքիր առաջարկներով է հնարավոր աշխուժացնել գրական դաշտը»,-նշեց Միլիտոնյանը:
Անդրադառնալով Գիրք նվիրելու օրը կայանալիք այլ միջոցառումներին` Միլիտոնյանը շեշտեց, որ միության դիմաց և «Պոեզիայի այգում» գրողները գրքեր են նվիրելու անցորդներին, ընթերցումներ են կազմակերպելու, միջոցառումներ են նախատեսվում տաբեր թանգարաններում, գրախանութներում:
«Անձամբ ես այցելելու եմ Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոց: Հարկ եմ համարում ասել, որ պարբերաբար գրքեր ենք նվիրում սահմանամերձ գյուղերի գրադարաններին: Պետք չէ սպասել, որ քեզ գիրք նվիրեն, առաջնահերթ ինքդ պետք է գիրք նվիրես: Այս գեղեցիկ ավանդույթը պետք է ամրապնդվի ամեն ընտանիքում, և գիրք նվիրելը բարձր արժեք դառնա»,-նշեց նա:
Խոսելով հայ գրականության առաջընթացի մասին` Միլիտոնյանը շեշտեց, որ մենք ունենք դասական և ժամանակակից հարուստ գրականություն, որն ամեն օր տարբեր միջոցառումների և շնորհանդեսների, ընթերցումների շրջանակում փորձում են ներկայացնել և հանրահռչակել:
«Ժամանակակից մի շարք գրողներ կան, որոնց գործերը թարգմանվում են տարբեր լեզուներով, հրատարակվում և անգամ վերահրատարակվում են: Օրինակ`Վահագն Գրիգորյանի, Գուրգեն Խանջյանի, Հենրիկ Էդոյանի, Սամվել Կոսյանի, Արտեմ Հարությունյանի, Խաչիկ Մանուկյանի, Էդուարդ Հարենցի և այլ գրողների ստեղծագործությունները: Ե՛վ երիտասարդ, և՛ փորձառու գրողները շատ լավ գործեր են լույս ընծայում և արժանի են ընթերցվելու: Հորդորում եմ չսպասել փետրվարի 19-ին՝ գիրք նվիրելու համար:
Թող գիրքը դառնա ամենաթանկ բանը, որը կարելի է նվիրել մեր երեխաներին, մտերիմներին ու հարազատներին»,-եզրափակեց Էդվարդ Միլիտոնյանը:
Այս տարի Գիրք նվիրելու օրը` փետրվարի 19-ին, Հայաստանի բոլոր դպրոցներում գրողների հետ հանդիպումներ կանցկացվեն, նրանք կպատասխանեն դպրոցականների հարցերին, իրենց գրքերից կնվիրեն։ Բացի այդ, Բաղրամյան փողոցի սկզբնամասում` Գրողների տան մոտ, «ազատ» գրքերի սեղանիկ կտեղադրվի, որտեղ ցանկացողները կարող են մոտենալ և իրենց համար վեպ կամ պոեմ ընտրել որպես նվեր։
Փետրվարի 19-ը Գիրք նվիրելու օր հայտարարելու նախաձեռնությունը Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանինն է։
Օրը պատահական չի ընտրվել` 1869 թվականին այս օրը ծնվել է հայ մեծ բանաստեղծ և գրող Հովհաննես Թումանյանը։ Գիրք նվիրելու օրը նշվում է 2008 թվականից։
Հատկանշական է, որ Հայաստանից բացի, Գիրք նվիրելու օր կա նաև միջազգային տոնացույցում։ Սակայն այն «ծնվել է» հայկական տոնից 4 տարի անց` 2012 թվականին։