Այսօր առավոտյան սարսափելի սպանություն է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում։ 35-ամյա տղամարդը սպանվել է ընտանիքի, այդ թվում` երկու անչափահաս երեխաների աչքի առաջ։ Կրակոցներից հետո վիրավոր տղամարդուն տեղափոխել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, բայց նա արդեն մահացած է եղել:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը, ում վրա, ըստ նախնական տեղեկությունների, կա կրակոցի 3 հետք, հիվանդանոց է տեղափոխվել Արամ Մանուկյան փողոցից։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկաններն ու քննիչները սպանվածի տան պատերին հայտնաբերել են նաև կրակոցի հետքեր։
Սպանությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են Մեսրոպ Կյուրեղյանին, ով այս պահին գտնվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնում։
Կրակոցներ արձակած անձը ինքնաձիգը թողել է դեպքի վայրում։ Ավելի ուշ նրան էլ են հայտնաբերել։ Կասկածյալը 62 տարեկան տղամարդ է, ապրում է Էջմիածնում։
Ըստ թաղամասում շրջանառվող լուրերի` տունը, որտեղ ապրում էր սպանվածը, նախկինում պատկանել է կրակոցներ արձակած տղամարդուն: Նա գրավադրել է տունը և, ամենայն հավանականությամբ, չի կարողացել կատարել իր ֆինանսական պարտավորությունները, ինչի հետևանքով տունը դրվել է աճուրդի:
Սպանված տղամարդը բնակարանը գնել է աճուրդում, ինչն էլ տան նախկին ու ներկա տերերի միջև կոնֆլիկտի պատճառ է դարձել:Սպանվածը 36-ամյա Գևորգ Խալաթյանն էր։
Մ. Կյուրեղյանը ոստիկանության նախկին աշխատակից է։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները։