f

Անկախ

«Կորսված հնարավորություններ․ իրաքահայերի հայրենադարձությունը 2003-2008 թվականներին»


2003 թվականին Իրաքում սանձազերծված պատերազմն իսկական դժոխքի վերածեց հայ համայնքի բնականոն ու բարեկեցիկ կյանքը։ Ավերվում էին հայկական եկեղեցիները, ակումբները, դպրոցների ու համայնքային այլ կառույցների գործունեությունը գրեթե դադարեցված էր, հայ ազգաբնակչությունը՝ լրջագույն վտանգի տակ․ նրանք սպանվում էի, առևանգվում, կտտանքների ենթարկվում։ Եվ ահա, հազարավոր հայեր լքում էին իրենց ծննդավայրը՝ հաստատվելով հարևան երկրներում։ Հարյուրավոր իրաքահայեր էլ այդ տարիներին տեղափոխվեցին Հայաստան։

Ի՞նչ փորձություն էր նրանց սպասվում հայրենիքում, որո՞նք էին իրաքահայերի՝ Հայաստանում հարմարվելու խոչընդոտները, ի՞նչ ազդեցություն ունեցավ իրաքահայ համայնքի գործոնը Հայաստանի՝ Իրաք զորաջոկատ ուղարկելու մասին որոշում կայացնելիս, այդ պատերազմի համատեքստում ինչպե՞ս զարգացավ Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականությունը 2003-2008 թվականներին։ Այս և այլ հարցերի պատասխանները կարելի է գտնել է Անուշ Բեժանյանի՝ բոլորովին վերջերս լույս տեսած «Կորսված հնարավորություններ․ Իրաքահայերի հայրենադարությունը 2003-2008 թվականներին» գրքում։

«Հայրենիքում մարդը «պետք է ընդունվի» ոչ թե պարտադրանքի ուժով, այլ անքննելիորեն, արյան կանչով»,-գրում է հեղինակը։  

Պատմական ակնարկ կատարելով Հայաստանի ու Իրաքի միջև վաղնջական ժամանակներից ձևավորված հարաբերությունների մասին՝ հեղինակը հիշեցնում է, որ Տիգրան Մեծը Հայաստանի սահմանները հասցրել է մինչև Իրաքի Մոսուլ քաղաք։ Իրաքում հայ համայնքի ձևավորման ժամանակաշրջանները ձգվում են դեպի հեռավոր դարեր։ Հեղինակը նշում է, որ 20-րդ դարասկզբին իրաքահայ համայնքը բաղկացած էր Արևմտյան Հայաստանի գաղթականներից (60%), Արևելյան Հայաստանից ու Իրանից գաղթած հայերից (30%) և բնիկ իրաքահայերից (10%):

«Բոլոր դժվարություններով հանդերձ, հայերն Իրաքում շատ արաբներից ավելի լավ էին ապրում, հատկապես բնիկ հայերը»,-նշում է նա։

1961 թ․ ԽՍՀՄ դեսպանության տեղեկանքում ասվում էր․ «Նրանք (հայերը) իրենց զգում էին, ինչպես տանը, քանի որ ունեին տեղացիներին հավասար իրավունքներ․․․»։

Անուշ Բեժանյանն անդրադառնում է նաև 1940-ականների Մեծ հայրենադարձության ժամանակ իրաքահայերի հայրենադարձությանը  չափազանց հետաքրքիր փաստեր ու վերլուծություններ ներկայացնելով այդ թեմայի վերաբերյալ։

Օրինակ՝ հեղինակը գրում է, որ 1947 թ․ շուրջ 10 հազար իրաքահայ էր ցուցակագրվել հայրենադարձվելու նպատակով (այդ ժամանակ հայերի թիվն իրաքում մոտ 16 հազար էր)։

«Իրաքի իշխանությունները, սակայն, դեմ էին հայերի հայրենադարձությանը և դիմում էին պատժիչ միջոցների»։

1969 թ․ Իրաքում ապրող 25 հազար իրաքահայերից 5000-ը առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ էին հայրենադարձվել։ Սակայն կար մի մտահոգիչ խնդիր․ հայերի զանգվածային արտագաղթ էր կազմակերպվում դեպի ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա։ Դա կազմակերպելու հարցում իրաքահայերը մեղադրում էին «ԱՆՉԱ»-ի (Անտուն հայերի օգնության ամերիկյան ազգային կոմիտե) բեյրության ներկայացուցիչներին, որոնք Լիբանանում ԱՄՆ դեսպանության միջոցով օգնում էին զբոսաշրջային արտոնագրեր ձեռք բերել։

1973 թ․ առաջին եռամսյակում  150 իրաքահայ ընտանիք այդ ճանապարհով տեղափոխվել էր ԱՄՆ։ 1974-ին իրաքահայ համայնքի թիվը 25 հազարից հասել էր 18 հազարի, իսկ 1981-ին՝ մոտ 12 հազարի։  

«Այդ տարիներին ԱՆՉԱ-ն իր ձեռքն էր վերցրել Արևելյան Եվրոպայից ու Միջին Արևելքից (ներառյալ Իրաքը) հայերի զանգվածային արտագաղթի կազմակերպումն ԱՄՆ (25 հազար մարդ), Հարավային Ամերիկա, Կանադա և Ավստրալիա»,-գրում է հեղինակը՝ հավելելով,-Հայաստանը սնուցող ամենածանրակշիռ արևելաեվրոպական և միջինարևելյան հայ համայնքները պարպելով և հայերին արևմտյան զարգացած երկրներ ուղղորդելով՝ այն նպաստում էր տարածաշրջանում հայության թվաքանակի շղթայական անկմանը, ինչի պատճառով տարիների ընթացքում հայրենիքի ընկալումը խարխլվում էր, ապագայում գրեթե անհնար էր դառնում բնօրրանի հետ կապը, առավել ևս՝ հայրենադարձությունը»։

***

Իրաքյան պատերազմը, փախստականների միջազգային ճգնաժամն ու հայերը

Այս գլխում հեղինակն անդրադառնում է 2000-ականներին Իրաքում սկիզբ առած պատերազմի հետևանքով հայ համայնքում տիրող իրավիճակին, իրաքահայերի արտագաղթի հիմնական ուղղություններին, Իրաքի փախստականների միջազգային ճգնաժամին և փախստական-հայրենադարձների խնդիրներին։  

2003-2009  թթ․ Հայաստանում ժամանակավոր ապաստան հայցող իրաքահայերը 987-ն էին։ 799-ը ստացել էր հատուկ կացության կարգավիճակ, 166-ին շնորհվել էր ՀՀ քաղաքացիություն։

Հեղինակը գրում է, որ Լոս Անջելեսում ստեղծվել էր իրաքահայերի օգնության հինադրամ, սակայն տեղի հայ ավանդական կուսակցությունները ձեռնպահ էին մնում հիմնադրամին աջակցելուց՝ պատճառաբանելով Հայաստանի իշխանությունների հանդեպ անվստահությունը։ Նրանք վստահ էին, որ Հայաստանում իրաքահայերին սպասում են «տառապանք և հուսահատություն»։

«Մեծ հայրենադարձությունից ի վեր տասնամյակների ընթացքում կարծրացած այդ մերժողականությունն ուղեկցվում էր ընդհուպ հիմնադրամի անդամների հանդեպ վիրավորանքներով ու կոպիտ արտահայտություններով»,-գրում է Բեժանյանը։

Իրաքահայ փախստական-հայրենադարձների խնդիրներն ավելի համակողմանի ու «առաջին ձեռքից» ուսումնասիրելու նպատակով հեղինակը 2007 թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հարցազրույցների շարք է իրականացնում իրաքահայ ընտանիքների հետ։  

Իրաքահայերի ինտեգրումը հայաստանյան իրողություններին հեշտ չէր։ Ու դա բնական էր՝ հաշվի առնելով լեզվական խնդիրները, մտածելակերպի, վարքագծի տարբերությունները։ Բայց եթե լիներ պետական համապարփակ ծրագիր և վճռականություն, այդ ամենը ժամանակի ընթացքում կլուծվեր։

«Հայաստանը չուներ իրաքահայերին երկրի կյանքում ներգրավելու հատուկ քաղաքականություն կամ պետական համապարփակ ծրագիր,-գրում է հեղինակը,- իշխանությունների ու միջազգային կառույցների միջև համագործակցությունը հեռու էր իրաքահայերի կենսական պահանջները բավարարելու երկարաժամկետ, հիմնավոր լուծումներ գտնելուց։ Իրաքահայերին տրամադրելով ժամանակավոր ապաստան հայցողի կարգավիճակ՝ Հայաստանի կառավարությունը պարտավորություն չէր ստանձնում խթանելու հայրենիքում նրանց մշտական բնակություն հաստատելը»։

Մինչդեռ իրաքահայերի 70 տոկոսը համոզված էր, որ Հայաստանի կառավարությունը պետք է իրենց հայրենադարձությունը դարձնի լուծման ենթակա գերակա խնդիր, իսկ 97 տոկոսը կարծում էր, որ կառավարությունը պետք է խրախուսի իրաքահայերի լիակատար միաձուլումը հայաստանյան հասարակությանը։

«Կառավարության որոշումը՝ Իրաքի քաղաքացիներին Հայաստան տեղափոխվելուն և այնտեղ հաստատվելուն աջակցելու վերաբերյալ, փաստորեն կյանքի չկոչվեց։ ՀՀ-ն չուներ նաև ռազմավարություն՝ կանխատեսելու Միջին Արևելքում ընթացող ներքին զարգացումների և հայ համայնքների վրա այդ հեղհեղուկ տարածաշրջանում արևմուտքի քաղաքականության ազդեցությունը»,-ամփոփում է հեղինակը։

Նա հավելում է, որ Իրաք հայկական զորաջոկատ ուղարկելուց և արևմուտքի ճնշումներից ձերբազատվելուց հետո Հայաստանի իշխանություններն այդպես էլ չստանձնեցին հայրենադարձ իրաքահայերին նպատակային և համապարփակ ձևով սատարելու բարոյական պատասխանատվությունը։

Իրաքահայերի՝ Հայաստան տեղափոխվելուն դեմ էին համայնքային որոշ ղեկավարներ ու թեմի առաջնորդը, իսկ տարիներ ի վեր զանգվածաբար արևմտյան երկրներ արտագաղթած հարազատները նրանց ուղղորդում էին արտերկիր։  

«Եվ այնուամենայնիվ, իրաքահայերի զգալի ներհոսքը Հայաստան խարխլեց սփյուռքահայերի հայրենադարձությանն ընդդիմանալու հիմնավորումներն ինչպես հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում»,-եզրափակում է հեղինակը։

 

Անուշ Բեժանյանն ուսանել է Հարավային Քարոլինայի համալսարանում (2008-2010 թթ․)՝ որպես ԱՄՆ պետդեպարտամենտի Էդմունդ Մասկիի անվան կրթաթոշակառու, ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան։ Հեղինակել է «Սփյուռքի մասին տեսությունների համառոտ ակնարկ» հոդվածը։  

Հ․Գ․

Գիրքը կարող եք ձեռք բերել Զանգակ, Բուկինիստ (կենտրոնական) գրախանութներից և www.gir.am գրքերի վաճառքի էլեկտրոնային հարթակի միջոցով։

 

Անուշ Բեժանյան իրաքահայեր գիրք Հայրենադարձություն Հայաստան Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Կարդացեք նաև

Օրենքով պետք է արգելել Եռաբլուր գնալ բոլոր նրանց, ովքեր փողով, կեղծիքով ազատվել են ծառայությունից. Մուրազի
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն այսօր ամբողջությամբ կդատարկվի եւ կզբաղվի միայն կորոնավիրուսի պացիենտներով. նախարար
Այս տարվա 1-ին եռամսյակում բյուջեի եկամուտներն աճել են 16,5 տոկոսով. Ակնհայտ է, որ այս տեմպերը կորցնելու ենք. Փաշինյան
Պուտինը՝ նավթի գների մասին
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել խափանված ավտոմեքենայի վարորդին և ուղևորներին
Ցերեկային խնամքի ծառայություն մատուցող կենտրոններում երեխայի ճանապարհածախսը կհոգա պետությունը
Ես կարծում եմ, որ տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ. Փաշինյանը՝ Արցախի ընտրությունների մասին
Ունենք կորոնավիրուսից առողջացած՝ 2 վարակակիր. ԱՆ խոսնակ
Կառավարությունը հաստատեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի» ռեկտորի ընտրության արդյունքները
Ապրիլյան պատերազմը տվեց հարցերից ամենակարեւորի պատասխանը. Կառավարության նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ
«Ժառանգության» առաջարկությունները ՀՀ կառավարությանը՝ արտակարգ դրության իրավիճակում
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 663-ի
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 1.7 հա տարածք
Ավելի քան 80 երկիր օգնություն է խնդրել ԱՄՀ-ից 
Մեկնարկել է Կառավարության նիստը. Օրակարգում 52 հարց կա. Ուղիղ
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 215 հազարը
Ապրիլի 1-2-ը բացահայտվել է հանցագործության 29 դեպք
Լարսի ճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատարների համար
«Ժողովուրդ». Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ․ ինչ է այն ենթադրում
Շիրակի մարզում եւ Լոռու մարզի ամբողջ տարածքում, բացի Ալավերդի քաղաքից տեղում է ձյուն
Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր. Նրան ուղեկցել են նախկին զինծառայողներ
«Փաստ». Եկեղեցին փորձել է հնարավորություն ընձեռել շտկվելու, սակայն՝ ապարդյուն
ՀՀԿ 30-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են ստացվել Ռուսաստանից եւ Չինաստանից
«Հաջորդ հանգրվանն ընտրությունների երկրորդ փուլն է». Արայիկ Հարությունյանի հայտարարությունը
«Ժողովուրդ». Ինչո՞ւ չենք նկատում քաղաքապետի ու Առողջապահության նախարարության համագործակցություն
Ավելին
Ավելին