Արդեն զարմանալի չէ, որ այս 3-4 օրերին այդպես էլ հանրային աղմուկ չբարձրացավ ուսուցչին հարվածելու փաստի շուրջ, գործ չհարուցվեց, հասարակական պարսավանքի չարժանացավ... Խոսքը փետրվարի 24-ին Թումանյանի անվան դպրոցի աշակերտներից մեկի ծնողի խուլիգանության մասին է, որը հարվածել ու քաշքշել է ուսուցչուհուն մյուս աշակերտների ներկայությամբ, հոգեբանական վնասվածք հասցնելով նրանց (այդ տեսարանը, ենթադրում եմ, նրանցից շատերը կհիշեն ամբողջ կյանքում), անարգելով կրթօջախն ու թքելով իրենց լուսավոր ուսուցիչներին ամբողջ կյանքում հարգող մարդկանց ինքնասիրության վրա։
Հաջորդ օրը դիտում եմ դրա հարցազրույցը ու զարմանում. ինչպե՞ս կարելի է այդպիսի կերպարի առջեւ կանգնել ու խոսել հետը, «բացատրությունը» ստանալ եղկելի արարքի դրդապատճառների մասին, մեկի հետ, որը նույնիսկ դպրոցի շենքի ներսում դահուկորդի գլխանոցը չի հանել, որ չմրսի, մանավանդ, որ կնոջ հետ է խոսում։ Ինչո՞ւ է այդ տխեղծ պատմությունից իրավացիորեն բողոքող տնօրենը «ձեռքի հետ» հիշում, թե ժամանակին պաշտպանել են թավշյա հեղափոխության արժեքները, ասես նախորդ սերունդները չեն իմացել ինչ բան է դաստիարակությունն ու բարեկրթությունը։ Ինչո՞ւ կրթության նախարարությունը հայտարարություն չտարածեց։ Քաղաքապետարանի ու ԿԳՍՄ նախարարության պաշտոնյաները որ գնացին այդ դպրոց, ի՞նչ արեցին որ գնացին։ Ինչո՞ւ տասնամյակներով կնոջ հանդեպ կամ «ընտանեկան» բռնությունների դեմ խոսելու համար ֆինանսական սնունդ ստացող ՀԿ-ները չբորբոքվեցին։ Ի վերջո, ինչո՞ւ այդ ուսուցչուհուն ոչ ոք «անձնական պաշտպանության տակ չվերցրեց»։
Հ.Գ. Մի հին ֆիլմում, քննիչը, տեսնելով, որ դատավարության ընթացքը իր բռնած մարդասպանների արդարացմանն է տանում, իր ամփոփիչ խոսքում դիմելով ատենակալներին, ասաց. «Երբ վաղը ձեր տուն կբերեն ձեր դանակահարված որդու դիակը՝ ինձ չդիմեք... որովհետեւ ես թոշակի եմ անցնում»։