«Այո» նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը փետրվարի 28-ին «Այո» քարոզարշավի լոգոյի մրցույթի համար նախատեսված մեկական միլիոն դրամի հավաստագրերը հանձնեց «Երեկոյան Երևան» թերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանին, նկարիչներ Ցոլակ Ղանդիլյանին և հանգուցյալ Ստյոպա Նարոյանի դստերը` Սյուզաննա Նարոյանին:
«Այո»-ի շտաբը որոշում է կայացրել գումարը հանձնել բնօրինակի հեղինակի` հանգուցյալ Ստյոպա Նարոյանի ընտանիքին, ինչպես նաև նկարիչ Ցոլակ Ղանդիլյանին և «Երեկոյան Երևան» թերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանին, ովքեր տեղեկություն են տրամադրել և օգնել գտնել հեղինակին:
«Այո» նախընտրական շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այդ լոգոն պահպանելու և օգտագործելու են քարոզարշավի ընթացքում:
«Արդարությունը վերականգնելու համար և նաև բարոյական առումով ճիշտ ու մաքուր գործընթաց ունենալու համար այս հաղթողի համար նախատեսված 3 միլիոն դրամը պետք է բաշխենք «Երեկոյան Երևան» թերթի երկու նկարչի և խմբագրի միջև»,- ասաց Պապիկյանը:
«Երեկոյան Երևան» թերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանի խոսքով` 1991 թվականի անկախության հանրաքվեի օրերին ամբողջ Հանրապետությունում շատ բուռն իրադարձություններ էին տեղի ունենում, և թերթի աշխատակազմը փորձում էր այդ ոգին տեղափոխել թերթի էջեր:
«Ստյոպա Նարոյանի այդ նկարը հենց այնպես չի ստեղծվել, ինչ-որ մթնոլորտ էր պետք, պայմաններ… Այդ պայմանները հասունացել էին, և Նարոյանի կատարյալ նկարը ստեղծվեց: Ես վատ բան չեմ տեսնում «Այո»-ի կրկնվելու մեջ, որովհետև դա խորհրդանշում է կապը այս հանրաքվեների միջև»,- նշեց Ցոլակ Ղանդիլյանը:
«Արմենպրես»-ը Ազգային արխիվում գտել էր հոնորարների դուրսգրման փաստաթուղթը, որը հավաստում է, որ «Այո»-ի 1991-ի տարբերանշանի հեղինակը Ստյոպա Նարոյանն է:
Համացանցում բուռն քննարկվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոյի ընթացքում հաղթող ճանաչված «Այո» քարոզարշավի լոգոն, որը նման է 1991 թվականի թերթում տպագրված լոգոյին: «Այո»-ի շտաբում լոգոն ընտրելիս տեղյակ չեն եղել, որ այն արտատպված է եղել 1991 թվականի թերթից: «Երեկոյան Երևան» թերթի գլխավոր խմբագիր Ենգիբարյանը երկու նկարչի անուն էր նշում՝ որպես 1991թ. սեպտեմբերի 23-ի համարում լույս տեսած անկախության հանրաքվեի «Այո»-ի լոգոյի հավանական հեղինակների: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշել էր, որ հնարավոր է նկարի հեղինակը լինի Ցոլակ Ղանդիլյանը կամ Ստյոպա Նարոյանը, իսկ Ղանդիլյանը հաստատել էր, որ սեպտեմբերի 23-ի համարում պատկերված տարբերանշանն ամբողջովին իր գործընկերոջ՝ Նարոյանի ձեռագրի արտահայտությունն է: