The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժին Մեծ Բրիտանիայից Միացյալ Նահանգներ արտահանձնելու գործով դատական լսումները հետաձգվել են մինչև 2020 թ․ մայիս: Գրում է Gazeta.ru-ն;
Հետաձգման որոշումը կայացրել է բրիտանացի դատավոր Վանեսա Բարեյսերը: Նրա որոշման համաձայն՝ դատական նիստը կվերսկսվի 2020 թ․ մայիսի 18-ին և կտևի երեք շաբաթ, որի ընթացքում կլսվեն բոլոր ցուցմունքները: Նշվում է, որ արտահանձնման գործով որոշումը կկայացվի այս տարվա ամռանը:
2010թ․ Ասանժին Շվեդիայում մեղադրեցին բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեջ: Լոնդոնում գտնվելու ընթացքում նա ինքնակամ հանձնվեց ոստիկանությանը, ձերբակալվեց, այնուհետև գրավի դիմաց ազատ արձակվեց: 2011թ․ որոշում կայացվեց Ասանժին Շվեդիա արտահանձնել, որը նա բողոքարկեց: 2012թ․ հունիսի 19-ին չհեռանալու ստորագրությունով նա ապաստան գտավ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը և քաղաքական ապաստան խնդրեց:
2019 թ․ մայիսի վերջին ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրանք առաջադրեցին Ասանժին լրտեսության մասին օրենքի խախտման և գաղտնի տեղեկության բացահայտման համար: ԱՄՆ արտահանձնվելու դեպքում Ասանժին երկար տարիների ազատազրկում է սպառնում: