f

Անկախ

«Մեր ժամանակների հերոսը». Արման Բարսեղյան


Ժամանակակից  պատանիները  ոչ միայն համակարգչային խաղեր են խաղում, այլև ստեղծում են նոր ծրագրեր, հավելվածներ ու ռոբոտներ:

16-ամյա Արման Բարսեղյանը հաճախում  է  Թալինի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, հետաքրքրվում է լրացված եւ վիրտուալ իրականության տեխնոլոգիաներով: Թալինի Արմաթը հիմնադրվել է Ucom ընկերության կողմից:

Հենց այստեղ էլ Արմանն ու իր թիմակիցները ծրագրավորման հմտություններ են սովորում և ստեղծում իրենց պրոդուկտները: Ucom ընկերությունը աջակցել է նաև, որպեսզի նրանք մասնակցեն EMERGE միջազգային ինովացիոն կոնֆերանսին ու ներկայացնեն իրենց հավելվածը:

Արմանը 2018թ. մայիսին իր Zoomar ստարտափով (լրացված իրականության հավելված, որը թույլ է տալիս սկանավորել պատկերներ եւ կենդանացնել, տեսնել դրանց եռաչափ մոդելները), մասնակցել է Մինսկում կայացած EMERGE կոնֆերանսին: Ի դեպ, նա EMERGE-ի ամենաերիտասարդ մասնակիցն էր:

Հունվարին էլ Երեւանում կայացած Yerevan Blockchain Hackathon-ում ստարտափն արժանացել է մրցանակի:

Ընդամենը  չորս  տարեկանից  սեր  ունենալով  դեպի համակարգիչը և հետաքրքրվելով համակարգչային ծրագրերով՝ նա այսօր կարողացավ հաջողության հասնել. ստեղծեց 3D մոդելներ, անիմացիաներ, իսկ վերջերս մշակեց լրացված իրականության Zoomar հավելվածը, որի  օգնությամբ  հնարավոր է կենդանացնել պատկերները։  

Արմանի  ընտանիքում ոչ ոք կապ  չունի ծրագրավորման հետ: Մայրը   քիմիայի ուսուցչուհի է, հայրը՝ խոհարար:  Արմանը հինգ տարեկանից հաճախ է հետևել, թե ինչպես է համակարգչով աշխատում իրենց  հարեւանի աղջիկը, որը մասնագիտությամբ   ծրագրավորող է:  

Հենց   դա նպաստեց, որ մանկուց  սիրի տեխնոլոգիաները, համակարգիչը: Առաջին համակարգիչն  ունեցել  է  8-9 տարեկան  հասակում:

Արմանը  աշխատում է  C# ծրագրավորման լեզվով, որն ինքնուրույն է  սովորել: Դրանից առաջ  ուսումնասիրել է  HTML,  JavaScript  և  այլ  լեզուներ:

16-ամյա  Արման  Բարսեղյանը ներկայացրել է  վիրտուալ իրականությամբ  աշխատող հավելված, որը նպատակ ունի խթանել  ընթերցանությունը:  Հավելվածը  թողարկվել է «Անտարես»  հրատարակչության  հետ և կոչվում  է   Ar Antares:

Պրոդուկտն  իրենից ներկայացնում է մի հավելված, որի միջոցով  « կենդանացվել» է  «Անտարեսի» կողմից տպագրված «Փոքրիկ Իշխանը» և Սթիվ Ջոբսի գիրքը, Հովհաննես Թումանյանի  գրած 9 հեքիաթ: Արմանի ստեղծած հավելվածի միջոցով գրքերի հերոսները կենդանանում են և խոսում:  Արմանը ուզում է  սրա միջոցով զարգացնել և խթանել ընթերցանությունը:  

Օրերս  Հանրային  Հեռուստաընկերության  եթերով  ցուցադրվեց  «Մեր ժամանակների հերոսը»  հաղորդաշարը՝   նվիրված  այս  տաղանդաշատ պատանուն:

Վստահ ենք , որ  Արմանը  իր  նորարարական գաղափարներով գրավելու է  միջազգային  շուկան՝  դառնալով  լավագույն   ծրագրավորողներից  մեկը։

Անկախը  զրուցել  է  համալրված և վիրտուալ իրականության հետաքրքիր հավելվածներ մշակող   թալինցի  16-ամյա  Արման  Բարսեղյանի  հետ :

-Արման,  ո՞ր  տարիքից  ես  սկսել  հետաքրքրվել  ծրագրավորմամբ , տեխնոլոգիաներով։

-Տեխնոլոգիաներով սկսել եմ հետաքրքրվել մոտ երեք-չորս տարեկանից, բայց ավելի կոնկրետ ծրագրավորմամբ տասը տարեկանից։ Երեք-չորս տարեկանում համակարգչով զբաղվել էի սիրում, իսկ արդեն տասը տարեկանում և ավելի ուշ սկսեցի ավելի պրոֆեսիոնալ ուսումնասիրել  ծրագրավորումը։  

-Արման, տեղյակ  եմ, որ  հաճախում  ես  Թալինի  «Արմաթ»  ինժեներական  խմբակ: Երբվանի՞ց  և ինչպե՞ս  որոշեցիր   հաճախել։

-Արմաթ ինժեներական լաբորատորիա հաճախել եմ տասներկու տարեկանից։  Ընկերներս հաճախում էին Արմաթ և ես էլ,  ոգևորված դրանից, սկսեցի  հաճախել։

-Հե՞շտ  է  ուսումը  և աշխատանքը  համատեղելը:  Բացի  ծրագրավորումից  ուրիշ   ի՞նչ հետաքրքրություններ  ունես ։

-Այդքան էլ հեշտ չէ համատեղել դպրոցի դասերը և ծրագրավորման աշխատանքը։ Սակայն փորձում եմ առավելագույնը հասցնել։ Ծրագրավորումը շատ եմ սիրում, դրա համար էլ կարողանում եմ այն համատեղել դասերիս հետ։ Տեխնոլոգիաներից ու ծրագրավորումից բացի հետաքրքրվում եմ նաև կենսաբանություն առարկայով, սիրում եմ  նոր լեզուներ  սովորել։

-Քո  շրջապատում,  դպրոցում   քեզ  արդեն  ճանաչում  են, հպարտանում  քո աշխատանքներով։   Դա  քեզ  պարտավորեցնո՞ւմ  է  ավելիին  հասնելու։

-Իրականում  դա ոչ  այնքան  պարտավորեցնում է, որքան  ոգևորում։  Ինձ համար պարտավորեցնող են իմ նպատակները, որոնք ստիպում են ինձ ավելի  շատ աշխատել։ Իսկ շրջապատի դրական արձագանքը  ինձ  ուժ  է  տալիս, ինձ  ոգևորում  է։

-2018թ.-ին  քո կողմից  մշակեց  լրացված  իրականության  Zoomar  հավելվածը, որի օգնությամբ  հնարավոր է կենդանացնել  պատկերները։  Ինչպե՞ս առաջացավ  Zoomar հավելվածը  մշակելու  գաղափարը:

-Zoomar  հավելվածը  մշակվեց  այն շրջանում, երբ փորձում էի ծրագրավորման որևէ նոր ճյուղ գտնել, որը  ինձ հոգեհարազատ էր, որն ավելի շատ կօգտագործվեր։  Այդ պատճառով էլ ընտրեցի վիրտուալ և համալրված իրականության տեխնոլոգիան, որն ինձ ավելի հոգեհարազատ էր, ինչի հետ աշխատելն ինձ ավելի հաճելի էր։ Ու սկսեցի մշակել մի ծրագիր, որը կլիներ հենց իմ ստեղծածը։ Դա եղավ Zoomar հավելվածը։ Որպես այդպիսին նպատակադրված չեմ եղել որևէ ստարտափ ստեղծել, ուղղակի ես հասկացա, որ դա ինձ մոտ ստացվում է, դա ինձ դուր է գալիս, ես դրանից հաճույք եմ ստանում։

-Դպրոցն  ավարտելուց  հետո  ի՞նչ  ծրագրեր ունես։  Մասնագիտությունդ  և՞ս  կապված  է լինելու  ծրագրավորման  հետ։

-Անմիտ կլիներ այսքան գործունեություն ծավալելուց հետո այլ մասնագիտություն ընտրել, եթե ոչ ծրագրավորում։ Ապագա մասնագիտությունս ծրագրավորման և տեխնոլոգիաների ոլորտում եմ տեսնում։  Երազանք ունեմ ԱՄՆ – ում սովորելու՝ Մասաչուսեթսի համալսարանում։

-Արման,  դու  համագործակցում  ես   նաև  «Անտարես» հրատարակչության  հետ,  որի արդյունքում   թողարկվել  է   Ar Antares  հավելվածը :  Կպատմե՞ս   ձեր  կողմից  ստեղծված  «AR Antares» բջջային  հավելվածի  մասին։

-2019 թ.-ի  Անտարես հրատարակչության հետ ստեղծեցինք   Ar Antares  հավելվածը,  որը մեր տարածաշրջանում նախադեպը չունեցող ծրագիր էր։ Հավելվածը հնարավորություն է  տալիս, որպեսզի Անտարեսի կողմից թողարկված մի քանի գրքեր, իրենց մեջ գտնվող նկարներով  համալրվեն   իրականության տեխնոլոգիաներով։ Լրացված իրականության հավելված, որը թույլ է տալիս սկանավորել պատկերներ եւ կենդանացնել, տեսնել դրանց եռաչափ մոդելները: Երբ այդ հավելվածով  սկանավորում  են գրքի էջերը, արդեն սքանավորող անձը տեսնում է, թե ոնց են շարժվում գրքում եղած հերոսները, խոսում օգտագործողի հետ։  

Սա ստեղծվեց  այն  նպատակով, որ ուսումնառության գործընթացը ավելի ինտերակտիվ դարձնենք, ավելի հեշտ ու ավելի մոդեռն։ Ծրագիրը նպատակաուղղված էր ընթերցանության խթանմանը,  նրան, որ երեխաներին ավելի շատ գրավեինք  դեպի գիրքը։

-Ծրագրավորումը, որպես այդպիսին, լայն հասկացողություն է և իր մեջ է ներառում գիտության  մի քանի ճյուղեր։ Պարզ վեբ կայքերից մինչև տիեզերանավերում օգտագործվող օպերացիոն համակարգեր կարելի է ծրագրավորել։ Աշխատանքի սկզբում բավարարո՞ւմ էին արդյոք ունեցած գիտելիքներդ:

-Աշխատանքի սկզբում փոքր նախագծերով եմ զբաղվել։ Օտար լեզուների իմացությունը  ինձ համար խնդիր չի եղել, քանի որ ծրագրավորման վերաբերյալ բոլոր գրքերը, վիդեոդասերը եղել են անգլերեն լեզվով։ Իսկ ինչ վերաբերվում է ծրագրավորման գիտելիքներին , ապա ասեմ, որ սկզբում ցանկանում էի միանգամից  շատ բան սովորել, որը թերևս թեորիապես  անհնար է։ Պետք է ժամանակի ընթացքում կամաց- կամաց զարգացնել այդ գիտելիքները։ Օգտագործելով  օտար լեզվից և մաթեմատիկայից ունեցած գիտելիքներս, որ ստացել էի դպրոցում, ավելի կատարելագործեցի  ծրագրավորման մասին գիտելիքներս, հասկացա, թե որ  ուղղությամբ եմ դրանք տանելու։  

Բացի համալրված և վիրտուալ իրականության տեխնոլոգիաներից ես 2018թ.- ին  մասնակցել եմ  նաև   NASA-ի կողմից  կազմակերպված դպրոցականների մրցույթին։ Մեզ հանձնարարված էր գրել կոդ, որը պետք է կիրառվեր տիեզերքում հենց տիեզերանավերի վրա։  Կազմակերպությունը դպրոցականներին հնարավորություն էր տալիս կոդավորել հենց  NASA-ի  տիեզերանավերը։ Մեր կոդերը փորձարկվեցին մեր աչքի առաջ՝  տիեզերքում։ Նպատակ ունեմ ծրագրավորման այլ ոլորտներում ևս խորը գիտելիքներ ձեռք բերել, որը հետագայում կկիրառեմ ինչ-որ ավելի լավ բան ստեղծելու համար, որը ավելի մեծ մասշտաբների  փոփոխության արդյունք  կդառնա։

- Ի՞նչ սկզբունքով են ստեղծվում  քո  բոլոր   պրոդուկտները:  Տարիքային  ո՞ր  խմբերի  համար  են  դրանք  նախատեսված:  

-Օրինակ   Ar Antares  հավելվածը ստեղծվել է փոքր տարիքային խմբերի համար։ Բայց,  քանի որ  Հայաստանում համալրված և վիրտուալ իրականության տեխնոլոգիաներն  այդքան էլ տարածված  չէն, յուրաքանչյուր տարիքի ներկայացուցչի համար հետաքրքիր է լինում նմանատիպ  տեխնոլոգիան։ Ես ունեմ տարիքային թիրախային խումբ՝  պատանիները, սակայն ի ուրախություն ինձ, մյուս տարիքի ներկայացուցիչներն  էլ են հետաքրքրվում իմ ստեղծած  հավելվածներով։ Ներկա պահին իմ թիրախային խմբերը փոքրիկներն ու պատանիներն են, բայց հետագայում, երբ կստեղծեմ ավելի պրոֆեսիոնալ ծրագրեր, ուղղված կլինի նաև  ուսանողներին։ Ցանկանում եմ նրանց  ուսումնառության  գործընթացը ևս հետաքրքիր դարձնել։

-Շատ  է խոսվել Հայաստանից ծրագրավորողների  արտահոսքի  մասին: : Երբևէ  մտածե՞լ ես  արտերկիր  տեղափոխվելու  և  այնտեղ աշխատելու մասին:

-Արտերկրի տեղափոխվելու և այնտեղ ապրելու մասին դեռ չեմ մտածել, բայց մտածել եմ արտերկրի մեկնելու և այնտեղ սովորելու  մասին։ Ուսումնառությունս արտերկրում շարունակելու մասին ոչ միայն մտածել եմ, այլ նաև որոշ պլաններ եմ գծել։ Նպատակ ունեմ  շարունակել  կրթությունս  ԱՄՆ-ում: Իսկ  հետագա նպատակներս կապված են արդեն Հայաստանում գործունեություն ծավալելու հետ:

-Հայաստանում  կազմակերպություններ կա՞ն, որտեղ կցանկանայիր  աշխատել: Ի՞նչ  ես կարծում, ինչքանո՞վ  կկարողանաս  այստեղ   քո   նպատակները  և  գաղափարները իրագործել:

-Կուզեմ սկզբում նպատակների իրագործման մսին խոսել։ Հայաստանում կարծում եմ ինչ- որ  բարիեռներ  չեն լինի, որոնք կխոչընդոտեն նպատակներիս իրագործմանը։ Այսօր նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս , որպեսզի ապակենտրոնացում լինի ամբողջ աշխարհում։ Այսինքն  Հայասատանում  նստած կարող ես ստեղծել մի պրոդուկտ, որը կօգտագործի ամբողջ աշխարհը։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում Հայաստանում գաղափարներս մշակելու և իրականացնելու համար։ Շատ կուզեի աշխատել  Սինոփսիս ընկերությունում: Սակայն պլաններս ավելի հեռուն են, ավելի լայն տարածում ունեցող համաշխարհային կազմակերպություններում  ցանկություն ունեմ աշխատելու ։ Բնականաբար պետք է սկսել փոքրից, որպեսզի ժամանակի ընթացքում աճեմ և հասնեմ նրան, ինչ որ ուզում եմ։

- Մեծ  հաշվով, ծրագրավորումը  տարբեր  տեսակի  հետաքրքիր  առաջադրանքների լուծման մեթոդ է, որն օգտագործվում  է  այս կամ այն  խնդիրը  լուծելու համար:  Քո աշխատանքները  ունե՞ն  հստակ  նպատակներ:

-Իմ աշխատանքները ունեն հստակ նպատակ։ Մինչ այսօր կատարած աշխատանքներս ուղղված են  եղել ուսումնառությունը ավելի հեշտացնելուն, ուսումնառության գործընթացը ավելի հետաքրքիր դարձնելուն։ Իսկ ինչ վերաբերվում է ապագայի պլաններին, ապա դրանք ուղղված են մարդու կյանքը ավելի հեշտացնելուն։  Բացի դրանից նպաստել նաև գիտության մյուս  ճյուղերի  զարգացմանը։ Մեծ ցանկություն ունեմ ծրագրավորման մասին գիտելիքներս կիրառել առողջապահության ոլորտում, քանի որ այդ ոլորտով ևս  շատ հետաքրքրված եմ։

- Տեղյակ եմ, որ  մտադիր  ես  ստեղծել  հավելված, որը  հնարավորություն   կտա  մարդկանց հայտնվել  հետաքրքիր  վայրերում,  օրինակ՝  Մատենադարանի  պահոցում։  Կպատմես  մեր  ընթերցողներին  այդ  մասին:

-Անտարես հրատարակչության հետ կրկին մի նոր ծրագիր ենք ուզում իրագործել, որը հնարավորություն կտա մարդկանց հայտնվել տարբեր պատմամշակութային վայրերում, որոնք այդքան էլ հասանելի  չեն  ֆիզիկական այնտեղ հայտնվելու համար։ Ուզում ենք ստեղծել ուսումնառության գործընթացը  հեշտացնելու նոր մեթոդ, բայց  արդեն  վիրտուալ իրականության տեխնոլոգիաներով։ Այն հնարավորություն կտա, օրինակ, մտնել մարդու օրգանիզմ՝  վիրտուալ իրականության ակնոցներով։ Կամ քիմիային վերաբերյալ ինչ-որ ծրագրի, որը հնարավորություն կտա մարդուն դառնալ  օրինակ՝  էլեկտրոն,  և մարդը կպտտվի  ատոմի  միջուկի  շուրջը  ու կհասկանաս ինչպես են գործում  ներատոմային բոլոր գործողությունները։

Այսինքն  մենք  ուզում ենք ստեղծել  մի  բան, որը կկիրառվի տարբեր ոլորտներում։ Այս ծրագիրը  կհեշտացնի օրինակ պատմությունը,  ֆիզիկան,  քիմիան  սովորելու  գործընթացը։ Իսկ  պատմամշակութային  տարբեր  վայրերում հայտնվելու  հնարավորությունը կթիրախավորի նաև արտերկրում ապրող մեր հայրենակիցներին, ովքեր տվյալ պահին  եթե հնարավորություն  չունեն  գալ  Հայաստան, վիրտուալ իրականության ակնոցներով կհայտնվեն  տարբեր  վայրերում։

-Ո՞րն  է  ծրագրավորող   Արման  Բարսեղյանի   մոտիվացիայի  աղբյուրը,  ունե՞ս հաջողության   քո  բանաձևը ։

Հաջողության  հասնելու  իմ ամենակարևոր  բանաձևը՝  դա  նպատակասլացությունը  և գլոբալ   ինչ-որ  բան  ստեղծելու  ցանկությունն է։ Մոտիվացիայի աղբյուր ինձ համար իմ նպատակներն են, որոնք ձգտում  եմ   կյանքի  կոչել  և  գլոբալ  գործունեություն  ծավալել ամբողջ  աշխարհում։ Հաջողության հասնելու կարևոր պայման է նաև աշխատասիրությունը։ Յուրաքանչյուր  մարդ, որքան էլ   շատ  գիտելիքներ  ունենա,  որևէ  կարևոր  ձեռքբերում, հաջողություն  ունենալ  համար  պետք է շատ  աշխատի։ Միայն  աշխատասիրությամբ  կարող ենք  որևէ  լավ  ստեղծել,  իրագործել։

 

Թամարա   Թորոսյան  

 

Արման Բարսեղյան հարցազրույց

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին