Այսօր՝ մարտի 5-ին, ԵԿՄ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ ասաց, որ իրենք դեռ ուշացրել են, այս հանրաքվեն պետք է շուտ լիներ:
«Ես ելույթ եմ ունեցել եւ ասել եմ, որ մեր սահմանադրական իրավունքները խախտվել են եւ մենք պարտավոր ենք գնալ ժողովրդի ձայնով, որ ժողովուրդը որոշի՝ այս վիճակը փոխի, թե ոչ:
Այսօր երկրում իշխանափոխություն է եղել, իսկ ՍԴ-ն մեզ ուրիշ ճանապարհով է տանում: Ինչ հարց լինելու է, ՍԴ-ն ուրիշ ճանապարհով է տանում: Բնականաբար, էս ժողովուրդը չի կարող սպասել մինչեւ 2035 թվականը, որ ըստ իրենց ցանկության բերել ժամկետ են դրել, որ իրենց իշխանությունը պահեն: Մենք հնարավորություն ենք տալիս, որ ժողովուրդը մեզ հնարավորություն տա փոխել այդ վիճակը»,-ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ որոշում է կայացրել ՍԴ-ն, որ այլ ճանապարհով է տարել, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Ես այս տարիների ընթացքում գիտեք, թե ինչ ճանապարհներ եմ անցել դատարաններով, դատապարտվելով, որ արհամարհվել է մեր սահմանադրական իրավունքները: Ես ՍԴ-ից ոչ մի նորմալ բան չեմ տեսել: ՍԴ-ն իրար փոխանցելով, նախկին իշխանությունների ձեռագրով եկել հասել են էստեղ»: