Ուժային եռամարտիկները փետրվարի 23-ին տարվա առաջին մեկնարկում իրենց կարողություններն ու հնարավորությունները ցուցադրեցին WUAP Push and Phull Հայաստանի բաց առաջնությունում, որը տեղի ունեցավ նորաբաց Թութունջյան ֆիթնես կենտրոնում:
Մինչև 105 կգ քաշային կարգում իրեն լավագույն կողմերով դրսևորեց և մրցակիցների շարքում հավասարը չունեցավ Արտյոմ Խուգոյանը` ձգում գետնից և սեղմում պառկած դիրքից վարժություններրից գրավելով առաջին պատվավոր տեղը` 505կգ ընդհանուր արդյունքով` պոկում գետնից` 310 կգ, և սեղմում պառկած դիրքից` 195 կգ:
Անկախի հետ զրույցում հայ մարզիկը կիսվում է տպավորություններով, խոսում մարզաձւում առկա խնդիրների, մարզչական աշխատանքի և առաջիկա մրցաշարերի մասին:
-Շնորհավորում ենք, պոկում գետնից և սեղմում պառկած դիրքից վարժություններում առաջինը ճանաչվելու և Հայաստանի ռեկորդ սահմանելու կապակցությամբ:
-Շնորհակալ եմ: Տեղական առաջնություններին մասնակցությունը մարզավիճակի պահպանման և ուժերի փորձարկման հնարավորություն է ընձեռում: Այս հաղթանակն ինձ տվեց ինքնավստահություն, որը կօգնի ավելի վստահ հանդես գալ առաջիկա ստուգատեսերում: Բացի այդ, ոսկե մեդալներիս և պատվոգրերիս շարքը համալրվեց ևս 1-ով:
Նշեմ, որ առաջնություններին մարզիկները մասնակցում են սեփական նախաձեռնությամբ, առաց որևէ օգնության ու ֆինանսական աջակցության: Կան մի շարք խնդիրներ, որոնք ինքներս ենք կարգավորում հնարավորության սահմաններում: Իհարկե, ուրախություն մեզ, կան մարդիկ, որոնք գնահատելով մարզիկներին, նրանց ներդրումները սպորտում, ֆինանսական աջակցություն են ցուցաբերում:
-Տեղյակ եմ, որ, մարզիկի կարիերային զուգահեռ, զբաղվում եք նաև մարզչական գործունեությամբ: Կպատմե՞ք այդ մասին:
- Նշեմ, որ ուժային եռամարտից բացի զբաղվում եմ կրոս-ֆիթ, կրոս-լիֆթինգ մարզաձևերով` միաժամանակ մարզելով: Մենք տարածում և քարոզում ենք առողջ ապրելակերպ: Մարզվել ցանկացողներ շատ կան: Անհատական մարզումներ եմ անցկացնում նորաբաց «Թութունջյան ֆիթնես» կենտրոնում: Մարզվողները շեշտը հիմնականում դնում են մարզավիճակի կայունության պահպանման վրա: Մարդիկ կան, որ ցանակնում եմ ավելորդ քաշից ազատվել, մի առանձին հատված էլ զբաղվում է ուժային եռամարտով և արագաուժային պարապմունքներով: Մեզ հետ մարզվողները բարձրացնում են դիմադրողականությունը, կարգավորում են շնչառությունը, զարգացնում են արագաուժային կարողությունները:
Նշեմ, որ 2019-ին Մոսկվայում մասնակցեցի կրոս-լիֆթինգի աշխարհի առաջնությանը և զբաղեցրի 5-րդ հորիզոնականը: Հայաստանում առաջինն էի, որ հանդես եկա նման ստուգատեսում. փորձի պակասի պատճառով միայն չկարողացա ավելի լավ արդյունք գրանցել: Դա էլ լուրջ հաջողություն էր:
-Առաջիկայում ի՞նչ մրցաշարերի եք մասնակցելու:
-Մայիսի սկզբին Հայաստանում IPF ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը, որը բավական լուրջ մրցաշար է: Ֆեդերացիան գլխավորում է Լևոն Քոչարյանը: Այդ ստուգատեսից հետո կմասնակցեմ Ուկրաինայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: Մայիսի կայանալիք մրցմանը գերծանր քաշային կարգում հանդես կգա նաև Գեղամ Հակոբյանը, որը շուրջ 4 ամիս իմ գլխավորությամբ է մարզվում և, արդեն իսկ, ուժային եռամարտում լուրջ արդյունքներ ունի գրանցած: Գեղամ Հակոբյանին պատրաստելու ենք գերծանր քաշային կարգում Եվրոպայի և աշխարհի առաջնություններին:
Թեև ուժային եռամարտն օլիմպիական մարզաձև չի, սակայն տարածված է և մասսայականություն է վայելում ողջ աշխարհում:
Միջազգային մրցաշարերին մենք մասնակցում ենք մեր միջոցներով, ցանկալի կլիներ, որ սպորտի նախարարությունը որոշակի ուշադրություն դարձներ մարզաձևին, որովհետև մարզիկները բոլոր ֆինանսական հարցերը իրենց միջոցներով են կարգավորում: Միաժամանակ, շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, որոնք մեր կողքին են, աջակցում են մեզ` հավատալով մեր հաջողություններին ու հաղթանակներին: