f

Անկախ

Ազգային գրադարանը որբի գլուխ չէ


Օրերս «Անկախն» անդրադարձավ Հայաստանի ազգային գրադարանին: Առիթն այդ հաստատության տնօրենի թափուր տեղի համար ԿԳՄՍ նախարարության հայտարարած բաց մրցույթն էր, որի արդյունքներով ոչ ոք հաղթող չի ճանաչվել, ներառյալ տնօրենի պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանը:

Մի քանի օր անց «Հրապարակ» թերթի «Քանի՞ ընթերցողի հետ է խորհրդակցել ազգային գրադարանի քարտարանը տեղափոխելու համար» հոդվածից տեղեկացանք, որ տնօրենի պաշտոնակատարը իմանալով, որ ամենայն հավանականությամբ մոտ ապագայում լքելու է աթոռը, ցանկանում է շուտափույթ իրականացնել իր մտահղացած ծրագիրը՝ ներկայիս գրացուցակների սրահն ազատել՝ գրացուցակները տեղափոխելով թամանյանական մասնաշենքի նկուղ (որտեղ մի ժամանակ վարձակալական հիմունքներով կարաոկե սրճարան էր գործում), իսկ գրացուցակների սրահը վերածել «ազատ ընթերցասրահի», որտեղ ով ինչ ձևով ու դիրքով ուզի գիրք կարդա:  

«Այն, ինչ արվում է, հրապարակային կապիկության համար է և Ազգային գրադարանի գործառույթների մեջ չի մտնում»,- ասել է Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը և հանգել այն եզրակացության, որ այդ քայլով վտանգվում է Հայաստանի գրքային ժառանգության մի մասը, որը կենտրոնացված է հենց Ազգային գրադարանի քարտարանում:

Միանգամայն իրավացի է Դևրիկյանը. Ազգային գրադարանի առնչությամբ ավելի անհեթեթ միտք հնարավոր չէր հղանալ: Եվ նա իրավացի է հատկապես այն առումով, որ առաջին հերթին մատնանշում է տվյալ քարտարանի անվտանգության ու անխաթարության հարցը:  

Տարիներ առաջ նույնպիսի շտապողականությամբ, առանց ընդդիմախոսների փաստարկները հաշվի առնելու, գրադարանի մատենագիտական բաժինը թամանյանական շենքից տեղափոխվեց նոր մասնաշենք: Այդ բաժնում էին գտնվում հայագիտական և անհատական քարտարանները, որոնք տասնամյակների քրտնաջան աշխատանքի արդյունք էին, իսկական գանձ: Տեղափոխման ընթացքում քարտարանները խառնվեցին, մի մասն էլ կորավ, ու երկար ժամանակ պահանջվեց դրանք ինչ-որ կերպ վերականգնելու և վերադասավորելու համար: Թե ինչքանով դա հաջողվեց, դժվար է ասել, կարծիքները հակասական են:  

Տնօրենի դերակատարը մտածում է ընթերցողների ընթերցանության հարմարավետության մասին, բայց չի մտածում նույն ընթերցողների գրականության որոնման հարմարությունների մասին, որոնք այժմ բավարար են, իսկ նշված փոփոխությունից հետո խիստ անբավարար կլինեն: 

Հարց է ծագում՝ ինչի՞ համար է այս շտապողականությունը, եթե վստահ չես, որ դու ես քաղելու դրա պտուղները կամ  ձախողման դեպքում դու ես պատասխան տալու:  

Սա, իհարկե, գրադարանի վերջին երեք տասնամյակների պատմության մեջ միակ կոպիտ սխալը չէ, գրադարանի յուրաքանչյուր տնօրինություն և՛ ձեռքբերումներ է ունեցել, և՛ անհեռատես որոշումների տխուր հետքեր է թողել: Բայց այս մեկը գերազանցում է բոլորին:

Ի՞նչ հիմնավորումներ է բերում սույն ձեռնարկման հեղինակը. եղած ընթերցասրահները չեն բավականացնում: «Ընթերցողների զգալի մասը, հարկադրված, միջանցքներում՝ բազկաթոռների և աստիճանների վրա նստած է ընթերցում։ Բազմաթիվ ընթերցողների խնդրանքին ընդառաջ՝ նախատեսել ենք առաջիկայում նոր, ընդարձակ ընթերցասրահ բացել, ինչն ընթերցողների պահանջից բխող անհրաժեշտություն է։ Ի դեպ, նախկինում Ազգային գրադարանում ավելի շատ ընթերցասրահներ փակվել են, քան բացվել: Եթե ավելի կոնկրետ՝ 90-ականներից ի վեր՝ 2008 թվականին է միայն, որ տեսողական խնդիրներ ունեցողների համար նախատեսված փոքրիկ ընթերցասրահ է բացվել»,- ասում է նա:

Որ  ընթերցասրահներ են փակվել, միանգամայն ճիշտ է, փակվել է երեք մեծ ընթերցասրահ (երկու գիտական և ավարտական թեզ գրողներինը՝ այսպես կոչված դիպլոմնիկներինը), ևս երկու-երեք փոքր ընթերցասրահներ: Այս տխուր իրավիճակը գրադարանի նախկին տնօրենների անհեռատես և կամայական որոշումների հետևանքն է, որոնք ընթերցասրահների փակումը հիմնավորում էին ընթերցողների թվի նվազմամբ: Բայց եթե ցանկություն կա բարելավելու վիճակը և ինչ-որ կերպ սրբագրելու նախկինների սխալները, ինչո՞ւ չվերականգնել փակված սրահները: Եվ երկրորդ՝ նոր ընթերցասրահ բացելով՝ պարոն Սարիբեկյանը չի նշում՝ ինչպիսի ընթերցասրահ՝ ընդհանո՞ւր, թե՞ գիտական: Սա շատ որոշիչ հարց է: Ընդ որում, երկու դեպքում էլ լուրջ խնդիրներ են առաջանալու:  

Եվ ինչո՞ւ գրքերի ու ընթերցողների համար չվերականգնել թամանյանական շենքի երկրորդ և երրորդ հարկերի այն ընդարձակ  տարածքները, որոնք այժմ ծառայում են տնօրինությանը: Յուրաքանչյուր գրադարանում, այն էլ ազգային, առաջին հերթին մտածում են գրքերի ապահովության մասին, երկրորդ հերթին՝ ընթերցողների հարմարավետության և նոր միայն աշխատողների: Մեզանում ստացվել է ճիշտ հակառակը: Ընդ որում, տնօրինության համար ապահովվել են ոչ միայն հարմար պայմաններ, այլև անհարկի ընդարձակ ու շքեղ տարածքներ, այն դեպքում, երբ գրադարանը խեղդվում է մակերեսի սղությունից:  

Առհասարակ Ազգային գրադարանում  խնդիրներն այնքան են կուտակվել, որ թեական են դարձրել տվյալ հաստատության համապատասխանությունն իր անվանը: Մեզանում այդ կարևոր ինստիտուտը բաժանվել է երկու մասի: Տեղեկատվության ձեռագիր կրիչներն առանձնացվել են Մատենադարանում, որին միշտ էլ պետությունը պատշաճ հոգատարությամբ է վերաբերվել, իսկ ազգի տպագիր հիշողությունը պահող ազգային գրադարանին վերաբերվել են որպես երկրի ամենամեծ հանրային գրադարանի՝ մոռանալով կամ անտեսելով նրա գլխավոր գործառույթները: Բայց սա ուրիշ և երկար խոսակցության նյութ է:

Այժմ անպայման պետք է կասեցնել տվյալ ծրագիրը և անհապաղ  ձեռնամուխ լինել գրադարանի կառավարման ներկայիս կարգի փոփոխությանը, ավելի շուտ՝ երբեմնի գործելակերպի վերականգնմանը, երբ գրադարանի  յուրաքանչյուր հիմնարար կամ առանցքային հարց որոշվում էր գրադարանի գիտական խորհրդում:  Չի կարելի դրանք թողնել տնօրենի միանձնյա որոշմանը, նա կարող է միանձնյա լուծել վարչական խնդիրները, բայց ոչ գիտական: Իսկ գիտական խորհրդում, ինչպես նախկինում, պետք է ընդգրկվեն անվանի գիտնականներ, մշակութային գործիչներ և գրադարանային գործի փորձառու մասնագետներ: Ազգային գրադարանը որբի գլուխ չէ, որ յուրաքանչյուր նշանակվող տնօրեն վարվի այնպես, ինչպես ուզում է:

Անահիտ Հարությունյան  

 

մշակույթ Հայաստանի ազգային գրադարան Վարդան Դևրիկյան

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին