f

Անկախ

Դավիթ Իշխանյան․ Չեմ կասկածում, որ ընտրությունները կլինեն ազատ, մրցակցային և թափանցիկ


Արցախում ընթացող նախընտրական քարոզարշավի և առաջիկա ընտրությունների մասին է «Անկախը» զրուցել   Արցախի նախագահի ՀՅԴ թեկնածու Դավիթ Իշխանյանի հետ։

-Պարոն Իշխանյան, հարցազրույցը սկսենք ընթացիկ իրավիճակի գնահատականից․ նոր կորոնավիրուսի համաճարակով ստեղծված իրավիճակն ինչպե՞ս է անդրադարձել Ձեր քարոզարշավի վրա։ Ձեր կարծիքով՝ պե՞տք է արդյոք հետաձգվեն մարտի 31-ին սպասվող ընտրությունները։

-Անշուշտ,  կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը չի կարող իր ազդեցությունը չունենալ Արցախի Հանրապետության ներքին կյանքի վրա։ Բարեբախտաբար,  այս պահին որևէ վարակի դեպք Արցախում չունենք, հետևաբար չունենք նախադրյալներ ընտրությունները հետաձգելու և չկայացնելու համար։ 

Հնարավոր է, որ  դիտորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամություն հայտնած տարբեր երկրների ներկայացուցիչներ ընտրությունների օրը չժամանեն Արցախ։ Բայց մենք կարող ենք   այդ բացը լրացնել Հայաստանի քաղաքական, հասարակական դաշտի ներկայացուցիչներով։ Կարծում եմ՝ այս պահին որևէ նախադրյալ չկա ընտրությունները հետաձգելու համար։

-Եթե միջազգային դիտորդները համաճարակով պայմանավորված հրաժարվեն մասնակցությունից, ընտրությունների միջազգային վարկանիշը հնարավոր կլինի՞ ապահովել։

-Անցյալի մեր ընտրությունների նկատմամբ ունեցած վերաբերմունքը կարծում եմ բավարար է, որ այս ընտրություններին  ևս նման գնահատական տան հեռվից հեռու։ Մենք ունենք բավականին լավ պատմություն ընտրությունների անցկացման, և երբեք մենք չենք ունեցել միջազգային դիտորդների կողմից  կասկածանքի արժանի ընտրություններ, որը կարող էր այս ընտրությունների առումով կասկածներ առաջացնել։ Բոլորն էլ հասկանում են իրավիճակը և ընկալում են այն պարզ և օբյեկտիվ պատճառները, որ կարող է դիտորդներ ներկա չլինեն։ Բայց այդ առումով նաև Հայաստանի Հանրապետությունը որպես առանձին սուբյեկտ իր դիտորդական առաքելությունը կարող է իրականացնել և իր գնահատականը տալ։ ՀՀ-ն միջազգային մեծ ընտանիքի անդամ է։ Այս առումով չճանաչված լինելու հանգամանքը կարող ենք լրացնել ՀՀ-ից դիտորդական առաքելություն իրականացնող դիտորդներով։

-Պարոն Իշխանյան, Արցախի նախագահի պաշտոնի համար 14 թեկնածու է պայքարում։ Ի՞նչ է առաջարկում նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը, որ մյուս թեկնածուները չեն առաջարկում։ Ինչո՞ւ պետք է քաղաքացին իր քվեն տա հենց  Ձեզ։ 

-Բոլոր թեկնածուներն էլ հրապարակել են իրենց նախընտրական ծրագրի հիմնադրույթները, Դավիթ Իշխանյան թեկնածուն նախընտրական ծրագրի հիմնադրույթներ չի հրապարակել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա  ներկայացնում է ՀՅԴ-ն։ Մեր ծրագրային հիմնադրույթները բնականաբար Դաշնակցության ընդհանուր ծրագրի, նպատակների մի փոքր բաղկացուցիչն են, և այսօր չէ, որ պետք է ճշգրտենք և մեր հասարակությանը ներկայացնենք մեր անելիքները և  պատկերացումները։ Այնուհանդերձ, 2020-ի համապետական այս ընտրություններին առաջարկվող մեր սկզբունքները հենց այն պատկերացումներն են, թե ինչ ուղով պետք է զարգանա Արցախը ընտրություններից հետո։ Այս ընտրություններին Դաշնակցության թեկնածուն ի դեմս ինձ քաղաքական առաջարկ է ներկայացնում մեր ընտրողներին, այդ քաղաքական առաջարկը հենց բխում է այն պատվերից, որը պետք է  ձևավորի մեր ընտրողը։ Կարծում եմ, որ կարողացել ենք անցած տարիներին ուսումնասիրել և ճիշտ եզրահանգել, թե որն է մեր քաղաքացու պատվերը։ Մենք փաստորեն արցախցու պատվերի իրականացնողը կարող ենք դառնալ և պատասխանատվություն ստանձնել այդ պատվերն իրականացնելու համար։

-Ակտիվ հանդիպումներ եք ունենում քաղաքացիների հետ։ Եթե ամփոփեք՝ որո՞նք են քաղաքացիների հիմնական մտահոգությունները և ի՞նչ են ակնկալում ապագա նախագահից։ Ձեր առաջարկածը և իրենց ակնկալիքները որքանո՞վ են համընկնում։

-Առաջին հերթին մեր ընտրողներն  ակնկալում են այնպիսի ղեկավարի և այնպիսի քաղաքական ուժի իշխանություն, որը կարող է երկրի անվտանգությունը և պաշտպանունակությունը լիարժեքորեն իրականացնել, անվտանգային մեր համակարգը ուժեղացնել։ Այս ոլորտում մեր ծրագրային հիմնադրույթների հիմնական բաղադրիչն անվտանգության համակարգի ուժեղացումն է, մեր պաշտպանության համակարգի ավելի կատարելագործումը և արտաքին  մարտահրավերներին դիմակայելը։ Այդ առումով Դաշնակցությունն ունի իր հստակ հնարավորությունները և կարողությունները։ Սա կապված է ոչ միայն մեր քաղաքական կամքի, վճռականության հետ, այլ նաև այն փաստի, որ դաշնակցությունը համահայկական կառույց է ոչ միայն իր կուսակցական, այլ նաև Հայ դատի կառույցներով և նաև իր ուղեկից միություններով։ 

Մյուս կողմից մեր ժողովրդի ակնկալիքների թվում  սոցիալական արդարության հաստատումն է, սոցիալական հիմնախնդիրների լուծումը, տնտեսության զարգացումը և բարեկեցիկ կյանքի ապահովումը։ Սրանք են այն հիմնական  փոփոխությունները, որ մեր հասարակությունը ակնկալում է այս ընտրությունների միջոցով տեսնելու։

-Պարոն Իշխանյան, ընտրվելու պարագայում ինչպիսի՞ն եք տեսնում համագործակցությունը ՀՀ իշխանությունների հետ, հատկապես Արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների հարցում։ 

-Այն, որ Արցախի ընտրված որևէ իշխանության հետ Հայաստանի իշխանությունների համագործակցությունը պետք է լինի հեզասահ և բնականոն, միանշանակ է։ Այստեղ որևէ դերակատարում չի կարող ունենալ հանգամանքը, որ Դաշնակցությունը Հայաստանում ընդդիմադիր է։ Ունեցել ենք բազմաթիվ իրավիճակներ, երբ Դաշնակցությունը Արցախում իշխանության մաս էր, ՀՀ-ում ընդդիմություն կամ այնտեղ էր իշխանության մաս, այստեղ ընդդիմություն։ Այս առումով մենք որևէ խնդիր չենք տեսնում։Բայց մեզ համար նաև  շատ կարևոր է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման առումով։ Այն, որ Դաշնակցությունն ընդհանուր առմամբ մտահոգություններ ունի, այս մասին նաև մեր վերադաս մարմինն ի դեմս Դաշնակցության բյուրոյի տարբեր առիթներով իր տեսակետն է հնչեցրել։ Մեր պատկերացումները Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման առումով շատ հստակ ձևակերպված են մեր ընդհանուր սկզբունքների մեջ։ 

 1988-ից այս կողմ մենք ունենք մեր ռազմավարությունը և ռազմավարական կարևոր սկզբունքը մայր Հայաստանին վերամիավորվելու, իսկ 91 թվականից այդ ռազմավարական սկզբունքի իրականացման  ճանապարհին մենք ընտրեցինք մարտավարական մեկ այլ ճանապարհ, դա անկախ պետականության միջոցով մեր վերջնական վերամիավորումն է։ Ի դեպ, այստեղ մեր ծրագրային հիմնադրույթներում ՀՀ և  ԱՀ միջև ռազմաքաղաքական դաշինքի կնքումը դիտարկվում է որպես առաջնային խնդիր։ Սա ոչ միայն իրավական փաստաթուղթ է , այլ մեկ քայլ է այդ ռազմավարական սկզբունքին հասնելու ճանապարհին, այսինքն Արցախի՝ Մայր Հայաստանին վերջնական վերամիավորման ճանապարհին։  

-Ձեր առաջարկած մոտեցումները բանակցությունների օրակարգում չկան։ Բանակցային սեղանին առկա  մոտեցումները որքանո՞վ են ընդունելի Արցախի և Ձեզ համար։ 

-Մեր ընդհանուր գնահատականը  հետևյալն է՝ վերջին շրջանում նկատելի է, որ Հայաստանի Հանրապետության  և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության միջև հանդիպումների և բանակցությունների գործընթացում մենք ունենք  որոշակի նահանջ։ Այդ նահանջն արձանագրում ենք այն փաստով, որ մենք կարծես թե վերադարձել ենք 97-98թթ․ սահմանագիծը՝ արցախյան հարցի լուծման փուլային տարբերակով։ Գոնե վերջերս Մյունխենում Ալիևի կողմից  շատ հստակ ներկայացվեցին իրենց պատկերացումները և պահանջները։ Ես կարծում եմ, որ մեր ընդհանուր սկզբունքներին պետք է մնանք հավատարիմ։ Այդ սկզբունքը մենք նաև ամրագրել ենք մեր նախընտրական հիմնադրույթների մեջ և մեր նախընտրական կարգախոսում, այն է՝ «Հաղթել ենք միասին, չենք զիջի միասին, կզարգանանք միասին»։

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավը։ Որքանո՞վ է թեկնածուների պայքարը գաղափարական՝ հիմնավորված ծրագրերով և տեսլականներով։ 

-Ցավոք սրտի Արցախում գաղափարական և քաղաքական ընտրություններ ինչպես անցյալում, այս հանգրվանում էլ  կարծես թե չունենք։ Դաշնակցության մոտեցումները խիստ գաղափարական են և քաղաքական հենքի վրա կառուցված, մենք փորձում ենք դասական մոդելով մեր քարոզարշավն իրականացնել՝  նաև այդ ամենն արմատավորելով որպես քաղաքական մշակույթ, բայց, ցավոք սրտի, մենք բաց ենք տեսնում և գոնե այս հանգրվանում նման բան չենք կարող ակնկալել։ Այդ մասին կարող են վկայել նաև վերջին 1-1,5 տարում Արցախում ի հայտ եկած նորաստեղծ կուսակցություններ, որոնք հայտ են ներկայացրել այս ընտրություններին  մասնակցելու՝ ոչ միայն խորհրդարան մտնելու այլ նաև նախագահի թեկնածուներով հանդես գալու։

Ավելի անձնավորված, ավելի իշխանության ձգտելու և իշխանական համակարգում տեղ ունենալու երևույթներն են, որ առկա են մեր քաղաքական գործիչների և կուսակցությունների մոտ։

-Պարոն Իշխանյան, Ձեր կարծիքով  մարտի 31-ին ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ կկայանա՞ն։ Արդյո՞ք տեսնում եք համապատասխան  նախադրյալներ։ 

-Մենք տասնամյակների ընթացքում  կատարելագործել և լուրջ հաջողությունների ենք հասել մեր ընտրական մեխանիզմների առումով։ Արցախում ընթացող ամեն մի ընտրություն, լինի դա համապետական, թե տեղական ինքնակառավարման, մեկ քայլ առաջ է նախորդ ընտրություններից։ Եվ կարծում եմ, որ պատահական չէ, որ վերջերս Հայաստանի վարչապետն ուղղակիորեն այս մասին խոսեց։

Այն, որ այս ընտրությունները կլինեն ազատ, մրցակցային, թափանցիկ, ես չեմ  կասկածում ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մենք ունենք մեծ թվով նախագահի թեկնածուներ և կուսակցություններ, որոնք  պետք է որ վերահսկողություն իրականացնելու շահագրգռվածություն ունենան։ Խնդիրը մնում է միայն ընտրողների ճիշտ կողմնորոշումը։

-Իսկ ընտրակաշառքի դեպքերի մասին  տեղեկություններ ունե՞ք, մյուս թեկնածուների կողմից նման ահազանգեր հնչում են։

-Ընտրակաշառք հասակցության առումով՝ ոչ։  Բայց անցած 1-1,5 տարվա ընթացքում նկատելի էին  խոստումների և բարեգործական ծրագրերի իրականացման միջոցով որոշակի դաշտ ստեղծելու ջանքեր։ Բայց կարծում եմ, որ արցախցի  ընտրողն ունի ընտրությունների օրը ճիշտ մոտեցում ցուցաբերելու բավարար կարողություն։

Դավիթ Իշխանյան Արցախ նախագահական ընտրություններ հարցազրույց

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին