Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում Հայաստանը ՌԴ–ից ընդհանուր առմամբ 1500 թեստ է ստացել։
Հայաստանը Ռուսաստանից կորոնավիրուսի ախտորոշման 1000 թեստ է ստացել։Անկախը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանից։
Նրա խոսքով` սա այդ երկրից Հայաստանին տրամադրված թեստերի արդեն երրորդ խմբաքանակն է։
«Առաջին անգամ 200 թեստ էր տրամադրվել, երկրորդ անգամ` 300, և այժմ արդեն` 1000։ Ընդհանուր առմամբ` ՌԴ–ից արդեն 1500 թեստ ենք ստացել»,– ասաց նա։
Նշենք, որ Հայաստանը միակ երկիրը չէ, որը ՌԴ–ից կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում նման աջակցություն է ստանում։
Роспотребнадзор-ն այսօր հայտնել էր, որ Ռուսաստանում արտադրված ավելի քան 100 000 թեստ է ուղարկվել աշխարհի 13 պետություններ։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ԵԱՏՄ անդամ երկրները, Իրանը, Մոնղոլիան ու Չինաստանն արդեն ստացել են թեստերի` իրենց խմբաքանակները։ Իսկ Եգիպտոսում, Սերբիայում ու Վենեսուելայում այս պահին դեռ սպասում են իրենց ուղղված աջակցությանը։
Роспотребнадзор–ի պաշտոնական հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Ռուսաստանում մշակված ու արտադրված բժշկական տեխնոլոգիաների շնորհիվ են հայտնաբերվել Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի ու Ուզբեկստանի տարածքներում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքերը։
Հիշեցնենք` կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։
Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։
Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում, որը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում։
Դրանից հետո հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ:
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։
Երեկ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց մեկուսացման պահանջի խախտումը քրեականացնող օրինագիծը։
Մարտի 21-ի առավոտյան 10։00–ի տվյալներով Հայաստանում վարակի հաստատված դեպքերը 160–ն են։