f

Անկախ

Անցնող շաբաթն աշխարհում


Աշխարհի անցուդարձի գլխավոր թելադրողը դարձյալ մնում է կորոնավիրուսի համավարակը, որը շարունակում է սարսափի մեջ պահել մարդկությանը, և «պատերազմը» հետզհետե ավելի ու ավելի դաժան է դառնում: Վերջապես այս աշխարհի հզորները հասկացել են, որ ոչ միայն պետք է պայքարել հետևանքների դեմ, այլև նախահարձակ լինել: Ժամանակավորապես մի կողմ են դրվել բոլոր հակասությունները պետությունների միջև, ներկայումս բոլորն ունեն մեկ թշնամի, որին հնարավոր կլինի հաղթել ձեռք ձեռքի տված, միահամուռ ուժերով:

Ցավալի վիճակագրություն

Վիճակագրությունն օր օրի ավելի հուսահատական է դառնում, կառավարություններն ավելի խիստ մարտավարություն են որդեգրում:

COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվն Իտալիայում երեկ՝ կիրակի, գերազանցել է 50 հազարը, վիրուսի զոհ է դարձել գրեթե 5,5 հազար մարդ: Իտալիան առաջվա պես երկրորդ տեղում է վարակվածների թվով Չինաստանից հետո և առաջին տեղում մահերի թվով:

Անցած հանգստյան օրերին վարակվածների թվով երրորդ տեղում հայտնվեց Միացյալ Նահանգները: Այնտեղ վարակվել է ավելի քան 33 հազար մարդ: Ամենաբարդ իրավիճակը Նյու Յորքում է, որը փաստորեն կորոնավիրուսի էպիկենտրոնն է դարձել ԱՄՆ-ում: Նյու Յորքին ընկնում է աշխարհի բոլոր վարակման դեպքերի մոտ 5 տոկոսը: Կիրակի հայտնի դարձավ, որ վարակվել է գրեթե 100 ոստիկան, որոնք կարգուկանոնն են ապահովում քաղաքում:

Հինգշաբթի Washington Post թերթի սյունակագիր Մաքս Բուտը Նահանգներում կորոնավիրուսի արագ տարածումը պայմանավորեց այն հանգամանքով, որ ամերիկյան դաշնային կառավարությունը, որի լիազորությունները կրճատվել են վերջին տասնամյակներում, նվազ արդյունավետ է դարձել, իսկ առողջապահությունը՝ թանկ և անհասանելի:

Չորրորդ տեղում Իսպանիան է: Շաբաթ օրը երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարեց, որ Իսպանիան կարանտինի ամենախիստ միջոցներն է ձեռնարկել Եվրոպայում և ամենախիստ միջոցներից մեկն աշխարհում:  

Մի շաբաթ առաջ Իսպանիան առաջիկա երկու շաբաթների համար բարձր զգոնության դրություն մտցրեց՝ սահմանափակելով մարդկանց տեղաշարժը: Երեկ հայտնի դարձավ, որ կառավարությունն այսօր կարող է խնդրել խորհրդարանին, որ այդ դրությունը երկարացվի մինչև ապրիլի 11-ը:

Հինգերորդ տեղում վարակվածների թվով Գերմանիան է: Այդ երկրի իշխանությունները որոշել են խստացնել մարդկանց տեղաշարժի սահմանափակումները, հիմա արգելված է երկու մարդուց ավելի խմբերով հավաքվել: Այդ միջոցների մասին երեկ՝ կիրակի, հայտարարեց ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը: Ճեպազրույցից անմիջապես հետո նա էլ ստիպված եղավ գնալ կարանտինի: Պարզվել է, որ կորոնավիրուսով վարակված է եղել այն բժիշկը, որը ուրբաթ Մերկելին կանխարգելիչ պատվաստանյութ է ներարկել:

Ֆրանսիան փակել է բոլոր արտաքին սահմանները և երկրի բնակիչներին կարգադրել է մնալ տանը: Առանց հարգելի պատճառի տնից դուրս գալն արգելված է, զանգվածային բոլոր միջոցառումները նույնպես արգելված են:  Արգելքը մտցվել է 15 օրով:  Ներկայումս արդեն 92 հազար մարդ տուգանվել է կարանտինի խախտման համար:

Բրիտանիայում  ուրբաթ օրվանից անորոշ ժամանակով փակվել են դպրոցները, շաբաթ լույս կիրակի գիշերից փակվել են փաբերը, բարերը, ռեստորաններն ու գիշերային ակումբները: Երկրի բոլոր բնակիչներին կոչ են անում մնալ տանը և հնարավորություն տալ օգտվելու հասարակական տրանսպորտից միայն նրանց,  որոնց դա խիստ անհրաժեշտ է: Սակայն անցած հանգստյան օրերին շատ բրիտանացիներ մեծ խմբերով հավաքվել են զբոսայգիներում և այլ հասարակական վայրերում: Տեսագրություններն ու լուսանկարները վկայում են, որ իշխանությունների սահմանած երկու մետրի հեռավորությունը միմյանցից ոչ բոլորն են պահպանում:

Բրիտանական թերթերը գրում են, որ երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը փաստացի վերջնագիր է ներկայացրել Միացյալ Թագավորության բնակիչներին. կա՛մ նրանք կհետևեն իշխանությունների հանձնարարականներին, կա՛մ կարժանանան նույնպիսի խիստ սահմանափակումների, ինչպիսիք մտցրել են Ֆրանսիայում, Իսպանիայում և Իտալիայում:  

«Մենք շատ լուրջ կմտածենք այդ մասին առաջիկա 24 ժամվա ընթացքում: Եթե մարդիկ չեն կարող օգտվել զբոսայգիներից և մանկական հրապարակներից պատասխանատվությամբ և պահպանել երկու մետրի կանոնը, ապա մենք ստիպված կլինենք դիմելու ավելի խիստ միջոցների»,- ասել է Ջոնսոնը: Եվ թերթերը գրում են, որ այդ տեսանկյունից վարչապետը լիովին վայելում է կառավարության աջակցությունը: Պաշտոնյաների ճնշող մեծամասնությունը կարծում է՝ որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ:

Ի դեպ, New York Times թերթը գրում է, որ Ջոնսոնին և Թրամփին սթափեցնելու և կորոնավիրուսի դեմ պայքարում բնակչության լիակատար մեկուսացման անցնելու հարցում վճռական դեր է խաղացել Լոնդոնի կայսերական քոլեջի զեկույցը, որում գիտնականները գրել են, որ վիրուսի անվերահսկելի տարածումը կարող է 510 հազար բրիտանացու կյանք խլել, իսկ Միացյալ Նահանգներում կարող է մահանալ 2 միլիոն մարդ:

Դաշնակից «զորք», ինչպես պատերազմում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մ հասել է 438-ի: Մոսկվայի մետրոպոլիտենը հայտարարեց, որ ուղևորահոսքերը նվազել են 40 տոկոսով, իսկ մշակույթի նախարարությունը հանձնարարեց փակել կինոթատրոնները:

Շաբաթ օրը Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը  հերքեց մետրոյի փակման լուրը: Նա հայտարարեց, որ «ընդհանրապես հնարավոր չէ կանգնեցնել» մետրոն, այն կգործի ամեն մի  իրավիճակում:

Ոստիկանությունը մշակում է Մոսկվայում կարանտին մտցնելու և քաղաք մուտքի արգելքի պլանը: Դիտարկվում է նաև պարետային ժամ մտցնելու տարբերակը, ինչպես նաև պահեստայինների հավաքագրման սցենարը՝ ներգրավելով Ազգային գվարդիան և Մոսկվայի քաղաքային ժողովրդական դրուժինան:

Իսկ այս գիշեր ռուսական ռազմական ԻԼ-76 յոթ ինքնաթիռ է վայրէջք կատարել Իտալիայում՝ այնտեղ հասցնելով ռազմական մասնագետների և կորոնավիրուսի դեմ պայքարի սարքավորումներ: Որ Ռուսաստանն օգնություն է հասցնելու Իտալիային, հայտնի էր արդեն շաբաթ օրը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի զրույցից հետո:

Ընդհանուր հաշվով Իտալիա է ժամանել վիրուսաբանության և համաճարակաբանության 100 մասնագետներից ու բժիշկներից  բաղկացած մի խումբ՝ զինված ախտորոշման և ախտահանման սարքավորումներով:

Մարդիկ մնում են տանը, իսկ բանտարկյալները դուրս են գալիս բանտից

Մինչ մարդիկ ինքնակամ կամ հարկադրված «բանտարկվում» են տանը, Նյու Յորքի, Քլիվլենդի և Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները ժամանակավորապես ազատում են բանտարկյալներին՝ փորձելով խուսափել բանտերում վարակի բռնկումից: Այդ որոշումն առնչվում է նաև Ռայքերս Այլենդ կղզում գտնվող նյույորքյան տխրահռչակ բանտին, որտեղ իր պատիժն է կրում Հարվի Վայնշտեյնը: Այստեղ կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը հայտնաբերվեց, սակայն 67-ամյա վարկաբեկված պրոդյուսերին ազատ չարձակեցին, այլ տեղափոխեցին ուրիշ բանտ:

Աշխարհի ճակատագրերը կա՛մ առկախվում են, կամ որոշվում տեսակապով

Երեքշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դադարեցրեց նիստերը կորոնավիրուսի պատճառով: Նախորդ շաբաթ Ֆիլիպինների ներկայացուցչի թեստը դրական արդյունք էր տվել:

Հինգշաբթի հայտարարվեց, որ մարտի 26-ին Եվրամիության առաջնորդները տեսախորհրդակցություն կանցկացնեն, կքննարկեն կորոնավիրուսի ազդեցությունը միության երկրների վրա:

Նույն օրը հայտնի դարձավ նաև, որ համաշխարհային առաջնորդների մի քանի հանդիպումներ դարձյալ տեղի կունենան վիրտուալ՝ տեսակապի միջոցով: Օրինակ՝ այդ ձևաչափն է ընտրել Թրամփը հունիսին նախատեսված «Մեծ յոթնյակի» առաջնորդների հանդիպումը կազմակերպելու համար: Այն պետք է տեղի ունենար ամերիկյան Քեմփ Դևիսում:

Աշխարհը կորոնավիրուսից առաջ և հետո

Տնտեսական կորուստներն աշխարհում շարունակում են աճել կորոնավիրուսի տարածմանը համընթաց, իսկ կառավարությունները ճգնում են օգնել գոնե տնտեսության ամենախոցելի ճյուղերին:

New York Times  թերթի սյունակագիր Թոմաս Ֆրիդմանն արձանագրեց, որ պատմությունն այսօր բաժանվում է երկու դարաշրջանի՝ մինչև կորոնավիրուսը և կորոնավիրուսից հետո: Բայց թե ինչպիսին կլինի կյանքը համավարակից հետո, պայմանավորված է մի քանի գործոններով՝ իշխանությունների արագ միջոցառումներով, վիճակագրության ըմբռնումով, ինչպես նաև կառավարությունների աջակցությամբ վարկավորված բիզնեսներին և քաղաքացիներին:

Արևմտյան կառավարությունները մեկը մյուսի հետևից հայտարարում են տնտեսության խթանման միջոցառումների մասշտաբների մասին: Թրամփի վարչակազմը, օրինակ,  ցանկանում է դրա համար 1 տրիլիոն դոլար հատկացնել: Պատկերացնելու համար այդ ծավալը կարելի է նշել, որ դա գրեթե Մեծ Բրիտանիայի մեկ տարվա բյուջեն է: Եվ դա ավելին է, քան Միացյալ Նահանգները ծախսեց 2008 թվականին ֆինանսական ճգնաժամից դուրս գալու համար: Թրամփի առաջարկած միջոցները ենթադրում են ուղիղ վճարներ յուրաքանչյուր ամերիկացու: Բացի այդ, կառավարությունը ցանկանում է աջակցել ավիաընկերություններին, հյուրանոցներին և այլ բիզնեսների:  

Նման ծանուցումներ են արվել նաև Բրիտանիայում: Կառավարությունն առաջարկել է 330 մլրդ ֆունտ հատկացնել բիզնեսի աջակցման համար: Կօգնեն նաև հասարակ բրիտանացիներին: Կառավարությունը թույլ է տվել ֆինանսական դժվարություններ ունեցող բնակիչներին երեք ամիս չվճարել վարկերը: Օժանդակություն կլինի նաև նրանց համար, ովքեր վարձակալությամբ են բնակվում:

Ֆրանսիայի կառավարությունը նույնպես տնտեսության աջակցության փաթեթ է պատրաստում՝ 45 մլրդ եվրո ծավալով: Կանադայում էլ իշխանությունները 19 մլրդ ԱՄՆ դոլար կհատկացնեն:

Պայքար ֆեյքերի դեմ

Համավարակը մի նոր մարտահրավեր ասպարեզ բերեց՝ կեղծ նորություններ:  Պայքար է մղվում նաև այս ուղղությամբ: Մեծ Բրիտանիան որոշել է 500 հազար ֆունտ հատկացնել այն բլոգերներին և ճանաչված փորձագետներին, որոնք պայքարում են հիվանդությունների մասին սուտ տեղեկությունների դեմ:

Իսկ ամերիկացի տեսաբլոգեր Ալեքս Ջոնսը, որ հայտնի է որպես դավադրությունների տեսության սիրահար, նամակ է ստացել Նյու Յորքի գլխավոր դատախազից անօրինական գործունեությունը դադարեցնելու պահանջով: Իր կայքում Ջոնսը ատամի մածուկ է վաճառում «նանոարծաթով», որն իբրև թե ոչնչացնում է կորոնավիրուսների ողջ ընտանիքը:

Ապատեղեկատվության դեմ պայքարում են նաև եվրասիական տարածությունում: Երեքշաբթի Ղրղըզստանի ՆԳՆ-ն  կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկատվություն տարածելու մեղադրանքով ձերբակալեց  15 մարդու:

Պարարտ հող դավադրության տեսությունների համար

Մինչ բժիշկները բուժում են հիվանդներին և ստուգում վարակի առկայությունը, քաղաքական գործիչները մեղավորներ են փնտրում: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ կորոնավիրուսը պետք է անվանել «չինական վիրուս»: Ամերիկյան լիբերալները կարծում են, որ այդպես նա փորձում է ԱՄՆ-ում վիրուսի սրընթաց տարածման պատասխանատվությունն իր վրայից շեղել: New York Times թերթի ուրբաթ օրվա խմբագրականում թեստավորման ծավալը ԱՄՆ-ում որակվեց «էպիկական ձախողում»:  

Իսկ ի պատասխան Թրամփի մեղադրանքներին՝ Չինաստանը շրջանառում է դավադրության տեսություն այն մասին, որ կորոնավիրուսը ստեղծվել է ամերիկյան լաբորատորիաներում: Այս տեսությունը լայն տարածում է գտնում նաև Ռուսաստանում: Ուրբաթ «Վեդոմոստի» թերթը հրապարակեց մի հետազոտության արդյունքները, ըստ որոնց՝ սկզբում ռուսական ԶԼՄ-ներում տարածված էին դավադրության տեսության տարբեր վարկածներ, որոնք մեղադրում էին Չինաստանին, դեղագործական ընկերություններին կամ ԱՄՆ-ին, սակայն մարտի սկզբից ամենատարածված վարկածն այն է, որ վիրուսը «ծնվել է ԿՀՎ-ում» (ЦРУ):

Գիտնականները, սակայն,  կորոնավիրուսի արհեստական ծագման մասին վարկածն արժանահավատ չեն կարծում:

Վարակվում են նաև քաղաքական գործիչները  

Կորոնավիրուսը չի շրջանցում նաև քաղաքական գործիչներին: Չորեքշաբթի արևմտյան կիսագնդի երկու երկրներում օրենսդիրները հայտնեցին, որ վարակվել են կորոնավիրուսով: Խոսքը Բրազիլիայի  Սենատի խոսնակ Դևի Ալկոլումբրիի և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկու անդամի՝ Բեն Մակադամսի և Մարիո Դիաս-Բալատեի  մասին է: Վարակվել են նաև բրիտանական խորհրդարանի անդամներ, ի լրումն՝ առողջապահության փոխնախարարը և ավելի քան երկու տասնակ պատգամավորներ Իրանում, որտեղ վարակն առանձնապես մեծ բռնկում է ունեցել:

Կկայանա՞ օլիմպիադան Տոկիոյում

Միջազգային օլիմպիական կոմիտեն առայժմ օլիմպիադան չի հետաձգել, որը պետք է սկսվի հուլիսի վերջին: Կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը հայտարարել է, որ վերջնական որոշումը կընդունվի չորս շաբաթի ընթացքում:

Կիրակի Reuters գործակալությունը հաղորդեց, որ օլիմպիադայի կազմկոմիտեն սկսել է քննարկել այս ամառ խաղերի անցկացման այլընտրանքները, չնայած Ճապոնիայի կառավարությունը վստահեցրել է, որ մրցումների հետաձգումը չի քննարկվում:

Օլիմպիադայի կազմակերպիչները հայտնվել են մարզական ֆեդերացիաների ճնշման տակ, որոնք պնդում են, որ խաղերը պետք է հետաձգվեն: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չի բացառել օլիմպիական խաղերի հետաձգումն այն դպքում, եթե դրանց անցկացումն անհնարին դառնա:

Այս գիշեր Կանադան, այնուհետև Ավստրալիան որոշում ընդունեցին օլիմպիադա չուղարկել իրենց մարզիկներին և կոչ արեցին խաղերը հետաձգել մինչև եկող տարի:

 

 

Աշխարհում անցնող շաբաթ գլխավոր իրադարձություններ

Այլ հոդվածներ հեղինակից

Պարետը սահմանափակել է որոշ ապրանքների արտահանումը Հայաստանից, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ
Բադասյանը դիմել է իրավապահներին՝ կալանքի միջնորդություններից ձեռնպահ մնալու առաջարկով
Շրջակա միջավայրի մասին տեղեկության տրամադրմանը վերաբերող օրինագիծը պարունակում է չհիմնավորված մերժման ռիսկեր․ ՄԻՊ
Արամ Վարդևանյան. Պետք է սեղմ ժամկետում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ
ՏՄՊՊՀ. կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները
ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ
Լե Պենը հայտարարել է COVID-19- ի դեմ պայքարում Չինաստանից ԵՄ կախվածության մասին
Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից թույլտվություն չլինելու պատճառով
Հայտարարվում է Մոսկվայի զինվորական դիրիժորների ռազմական ինստիտուտում սովորելու մրցույթ
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 53 հազարի
4-րդ զորամիավորումում անցկացվել են բուժօգնության ցուցադրական պարապմունքներ
Ստուգողական պարապմունքներ ռազմաուսումնական հաստատություններ դիմած սպաների հետ
Ի՞նչ դեղերով է աշխարհը պայքարում կորոնավիրուսի դեմ
Եթե ոսպն ու հնդկաձավարը թանկանում են, կարող ենք ընտրել մյուս փոխարինիչները. Տիգրան Խաչատրյան
3-րդ զորամիավորումում անցկացվել են մարտական հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ
Հետևողականորեն շարունակել աշխատանքները․ նախագահ Սարգսյանը զրուցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրենի հետ
Մեքենավարման պարապմունքներ 1-ին զորամիավորումում
Արարատի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք. մարզպետ
ՀՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՌԴ բնակչուհու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար
12-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Մասիսի ոստիկանները ապօրինի զինամթերք են հայտնաբերել
Այսօր 6 ժամում 221 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն
Փաստաբանների պալատի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել քննարկում
Երևանի Մարգարյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի
Երբ ինձ հարցրել են, թե ում կարելի է նշանակել Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար,ես առաջարկել եմ փակել այդ հիմնարկը
Ավելին
Ավելին