f

Անկախ

Մարդիկ հայտնվելու են Կաֆկայի «Դատավարությունը» վեպի գլխավոր հերոսի դերում. Վ. Հարությունյան


«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի շուրջ «Անկախի» հարցազրույցը փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ  

- Պարոն Հարությունյան, չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ մինչև կորոնավիրուսի իրական վտանգը մեր հասարակությունում ամենից շատ խուճապ առաջացրած իրողություններից էր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի  և հարակից օրենքների նախագծերը շրջանառության մեջ դնելը: Եվ դրանք քննադատության են արժանանում հատկապես իրավաբան մասնագետների կողմից: Ինչո՞ւ:

- Նախագծի գրեթե բոլոր նորմերը խնդրահարույց են՝ սկսած իրավաբանական տեխնիկայի կանոններից մինչև մարդու հիմնական իրավունքների անհամաչափ սահմանափակում պարունակող նորմերը: Եվ առհասարակ այս փաստաթուղթը  հեռու է «օրենքի նախագիծ» համարվելու չափանիշներից։ Իրավագիտակից մարդկանց շրջանում  նախագծի մակերեսային ընթերցանությունն իսկ հուզմունք կարող է առաջացնել, իսկ հիմնավորումները նման են չստացված պամֆլետի։  

Թերևս քաղաքական ղեկավարության շրջանում իրավամտածողության համատարած բացակայության պայմաններում այս նախագծից ավելի լավը սպասելը միամիտ երազկոտություն կլիներ։  

- Ե՛վ նախագիծը, և՛ հիմնավորումը բավական ծավալուն են և սովորական քաղաքացու համար, բնական է, բավական խրթին: Անդրադառնանք այն հիմնական հարցերին, որոնք առաջին իսկ հայացքից տարակուսանք են առաջացնում:

- Նախ, ըստ օրենքի նախագծի, դատախազությունն իրականացնում է ուսումնասիրություն, որը գաղտնի է, այդ մասին ուսումնասիրվող գույքի սեփականատերն ու ենթադրյալ ապօրինի ձեռք բերողը չի տեղեկացվում։ Նախագծի հիմնավորումների մեջ հեղինակները հստակ սահմանել են, որ այդ ուսումնասիրությունն իրենից չի ներկայացնում քրեական գործի վարույթ և դրա վրա չեն տարածվում քրեական գործի քննության նկատմամբ առաջադրվող պահանջները։ Այս պարագայում անհրաժեշտ է հասկանալ՝ ի՞նչ է իրականացնում այս մարմինը՝ վարչարարությու՞ն, թե մեկ այլ բան։ Այս հարցի պարզաբանումը գործնական նշանակություն ունի, քանի որ անձը պետք է հասկանա՝ ի՛նչ վարույթի հետ գործ ունի, որ ըստ այդմ՝ հասկանա նաև այդ վարույթի շրջանակներում իր իրավունքների պաշտպանության կիրառելի մեխանիզմները։

Երկրորդ՝ նախագծի հեղինակները բավականին շռայլ են գտնվել իրավասու մարմնի լիազորությունների շարադրման գործում՝ օժտելով նրան գրեթե անսահմանափակ լիազորություններով, ինչն անհավասար պայմաններում է դնում վարչական մարմնին և սուբյեկտին։

Վերջերս աղմուկ հանած «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ բազմաթիվ դատապարտող կարծիքներ հնչեցին, ինչին ի պատասխան որևէ էական կամ հստակ հակափաստարկ, բացի նախկինների հանցավոր ռեժիմի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին դատարկաբանությունից, չհնչեց։ Եվ ահա «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը դեռ չմարսած՝ շրջանառության մեջ է դրվում այս օրինագիծը, որի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատախազությունը կարող է դիմել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան և ներկայացնել նոտարական, բանկային, ապահովագրական կամ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ, արժեթղթերի հետ կատարված գործարքների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև վարկային տեղեկատվություն կամ վարկային պատմություն ստանալու դիմում։

Սա արդեն ոչ թե քրեական գործի շրջանակներում իրականացվող քրեադատավարական կառուցակարգ է, այլ ընդամենը դատախազության կողմից իր հայեցողությամբ սկսված ուսումնասիրության ընթացքում իրականացվող հերթական գործողություն։ Նույն հոդվածի 3-րդ մասում նշվում է. «Դատարանը դիմումը քննում է առանց նիստ հրավիրելու և շահագրգիռ անձանց ծանուցելու այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում»:

Պարզ է, չէ՞, որ շատ շուտով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հեղեղվելու է բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման դիմումներով։ Փաստորեն իշխանությունները հետևողականորեն շարունակում են «Բանկային գաղտնիքի» ոչնչացման քաղաքականությունը։ Իսկ բանկային գաղտնիքի պահպանման ռեժիմի թուլացման և դրա հետևանքների մասին ես հանգամանալից անդրադարձել եմ «Առավոտին» տված հարցազրույցում:  

Եվս մեկ անորոշ ձևակերպում՝ «դատախազության կողմից ուսումնասիրություն նախաձեռնելուց ձեռնպահ մնալու մեկ այլ հիմք», եթե առկա են բավարար հիմքեր ենթադրելու, որ ուսումնասիրության արդյունքներով հայտնաբերված ապօրինի ծագում ունեցող գույքն իր շուկայական արժեքով չի կարող գերազանցել 25 միլիոն ՀՀ դրամը։ Ի՞նչ է նշանակում բավարար հիմքեր։ Ինչու՞ ուղղակիորեն չծանրաբեռնել դատախազությանը գույքի շուկայական գնահատում անելու պարտականությամբ։ Հակառակ դեպքում բավարար հիմքեր կան ենթադրելու մեկ այլ բան, որ այս լղոզված նորմն ընդամենը գործիք է դատախազության ձեռքում ոչ թիրախային անձանց գույքի նկատմամբ ուսումնասիրություն չսկսելու համար և ընդամենը ներկա իշխանությունների «անվտանգության բարձիկի» դերն է խաղալու։

- Եվ դատախազության գործերն անքննելի՞ են:

- Փաստորեն: Համենայն դեպս անհասկանալի է, թե օրինակ՝ ով և ինչպես  կարող է բողոքարկել դատախազության՝ ուսումնասիրություն չնախաձեռնելու մասին որոշումը, կամ ընդհանրապես այդ որոշումը բողոքարկման ենթակա է, թե ոչ։

Բացի այդ, նախագծի 5-րդ հոդվածում նախատեսված է ուսումնասիրություն սկսելու հիմքերի սպառիչ ցանկը, որում, օրինակ, բացակայում է շահագրգիռ անձի դիմումի հիման վրա նման ուսումնասիրություն սկսելու հնարավորությունը։  

- Բացթողո՞ւմ է, թե՞ միտումնավոր չի նախատեսված:

- Նման հիմքի առկայության դեպքում գործնականում հնարավոր կլիներ մի իրավիճակ, երբ օրինակ՝ անձը դիմի դատախազություն՝ ներկայացնելով հստակ ապացույցներ և հիմնավորումներ, որ ասենք՝ 25 տարի առաջ պայմանական Պողոս Պողոսյան անունով պաշտոնյան ապօրինի կերպով տիրացել է թանկարժեք անշարժ գույքի (անգամ կարող է կցել  անկախ գնահատողի կողմից կատարված անշարժ գույքի գնահատման եզրակացությունը) և խնդրի նախաձեռնել ուսումնասիրություն։ Կարծում եմ, որ ուսումնասիրության նման հիմքի բացակայությունը նույնպես ծառայում է որպես ոմանց համար մտածված «անվտանգության բարձիկ»։

Խեղաթյուրվում է նաև հայցի ապահովման միջոց կիրառելու ինստիտուտը:

- Դա ի՞նչ է նշանակում:

- Իրավասու մարմինը հայցի ապահովում կիրառելու դիմումով դատարան դիմելու հնարավորություն ունի և դա նորմալ է, սակայն այն, որ անձն իրավունք չունի հայցի ապահովման միջոցն ամբողջությամբ վերացնելու միջնորդություն ներկայացնել դատարան, ամենևին էլ նորմալ չէ։ Ըստ տվյալ նախագծի՝ հայցի ապահովման միջոցը կարող է միայն մասնակիորեն վերացվել դատարանի կողմից շահագրգիռ անձի դիմումի հիման վրա, եթե վերջինս հիմնավորում է, որ գույքի մի մասը արգելանքից ազատելն անհրաժեշտ է փաստաբանի ծախսերը, իր կամ իր խնամքի տակ գտնվող անձանց ապրուստի ողջամիտ ծախսերը հոգալու, մասնագիտական կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար, որի հետ կապված է արգելադրված գույքը:

Ավելին, արգելադրված գույքի սեփականատերը զրկված է հակընդդեմ ապահովում պահանջելու իրավունքից, որը, օրինակ, սովորական հայցային վարույթներում ունի։  

Հայցի ապահովման այսպիսի ինտերպրետացիան հուշում է, որ այն ոչ թե իր իսկական նպատակին՝ դատական ակտի կատարումը հնարավոր դարձնելուն է ծառայելու, այլ դառնալու է գույքի սեփականատիրոջ հետ բանակցություններում դատախազության կարևոր զենքը:

- Հասարակության զգալի մասը վրդովմունք է հայտնում այն կապակցությամբ, որ այս օրենքով պատասխանողը պետք է ապացուցի, որ իր գույքն ապօրինի միջոցներով չի ձեռք բերել, ոչ թե հայց ներկայացնողն ապացուցի, որ գույքն ապօրինի է: Սա ճի՞շտ եզրահանգում է:

- Հարցին պատասխանեմ օրինակով։ Պայմանական Պողոսը 2000 թվականին ծառայություններ է մատուցել պայմանական Պետրոսին և ստացել վարձատրություն։ Բնականաբար ծառայությունների մատուցման և վարձատրություն ստանալու փաստը հավաստող փաստաթղթերը չեն պահպանվել, իսկ Պետրոսին հնարավոր չէ գտնել։ Ստացվում է, որ Պողոսը հնարավորություն չունի ապացուցելու, որ գույքը ձեռք է բերել իր արդար վաստակած միջոցներով։

- Իսկ ո՞ւմ վրա է ազդելու այս օրենքը։

- Ես ներկայացնեմ որոշ իրավակարգավորումներ, որից հետո ինքներդ կարող եք եզրակացնել, թե ինչ լայն շրջանակ է ներառում օրենքի այս նախագիծը։

Օրենքի գործողությունը տարածվում է նաև այն գույքի վրա, որն անձն անհատույց կամ շուկայականից էականորեն ցածր գնով փոխանցել է իր հետ փոխկապակցված անձանց։ Իսկ ահա փոխկապակցված անձանց շրջանակը, ըստ օրենքի, բավականին լայն է, այսպես՝ անձի հետ փոխկապակցված իրավաբանական անձ, մերձավոր ազգական, ժառանգ կամ ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ում հետ տվյալ անձը վարում է ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն, կամ ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, ում տվյալ անձը փաստացի անհատույց կամ շուկայականից էականորեն ցածր գնով փոխանցել է գույք։ Մենք բոլորս գիտենք, որ «պատմականորեն» մեր իրականությունում ընդունված է, որ գույքի օտարման պայմանագրերում ֆիքսում են սիմվոլիկ փոքր արժեք, ուստի օրենքի ընդունման պարագայում խորհուրդ է տրվում բոլորին փորփրել նախկինում իրենց կողմից կնքված ձեռքբերման գործարքները և հասկանալ՝ արդյոք գույք ձեռք բերելիս պայմանագրով նորմա՞լ գին է ֆիքսվել, թե ոչ։

Բացի այդ, խնդիր են ունենալու բոլոր այն երրորդ անձինք, որոնք չեն կարողանա ապացուցել, որ գույքը ձեռք բերելու պահին չգիտեին ու ողջամտորեն չէին կարող իմանալ գույքի ապօրինի ծագման մասին և, ուշադրություն,  գույքի դիմաց հատուցումն իրականացրել են օրինական եկամուտների օգտագործմամբ: Այսինքն՝ անգամ այն դեպքում, երբ դուք չհանդիսանաք պայմանական «կաշառակեր» նախկին պաշտոնյայի հետ փոխկապակցված անձ, չենթադրեք, որ նրա այդ գույքը կարող էր ոչ օրինական միջոցներով ձեռք բերված լինել, սակայն չապացուցեք, որ դուք ինքներդ այդ գույքն օրինական միջոցներով եք ձեռք բերել, ապա ձեր գույքը կբռնագանձվի։

Ավելին, եթե դուք գույքը ձեռք եք բերել վերոնշյալ երրորդ անձից, ապա ձեր գործարքը կհամարվի առոչինչ։ Բացատրեմ օրինակով։ Պայմանական Պողոսը գույքն օտարել է պայմանական Պետրոսին։ Վերջինը չգիտեր և չէր էլ կարող ենթադրել, որ Պողոսն այդ գույքը ձեռք է բերել ոչ օրինական միջոցներով, սակայն չի կարողանում ապացուցել, որ ինքն իր հերթին Պողոսից այդ գույքը գնել է օրինական միջոցներով, քանի որ չեն պահպանվել իր վաստակն ապացուցող փաստաթղթերը։ Դուք էլ ձեր հերթին այդ գույքը գնել եք Պետրոսից և ձեր մտքով էլ չէր կարող անցնել, որ այդ գույքն այդպիսի «ճանապարհ» է անցել, սակայն ձեր և Պետրոսի գործարքը կհամարվի առոչինչ և կկիրառվի գործարքի անվավերության հետևանքները, այսինքն՝ դուք գույքը պետք է վերադարձնեք, որից հետո այն կբռնագանձվի, և կդիմեք դատարան, որպեսզի Պետրոսից բռնագանձեք ձեր այն ժամանակ վճարած առուվաճառքի գումարը։

Սա դեռ ամենը չէ, այս շրջապտույտի մեջ հարցականի տակ է դրվում նաև բռնագանձման ենթակա գույքի նկատմամբ գրավի իրավունք ունեցող անձանց իրավունքը։ Բանն այն է, որ օրինակ՝ նշված դեպքում, երբ երրորդ անձի և ձեր միջև կնքված գույքի օտարման գործարքի նկատմամբ առոչինչ լինելու հիմքով կիրառվի անվավերության հետևանանքները, ապա պետությունը կարող է դիմել դատարան գույքի գրավադրման պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով, քանի որ այն կնքել է նման իրավունք չունեցող անձը, այսինքն՝ օրենքի խախտմամբ կնքված գործարք է։ Այսինքն՝ հիմա վարկատու կազմակերպույթունները պետք է ջանք գործադրեն և պարզեն, թե ով է գրավատուն, ով է այն անձը, ումից ձեռք է բերել այդ գույքը գրավատուն, և ով է այն անձը, ումից ի սկզբանե ձեռք է բերվել գույքը։ Հասկանում եք, չէ՞, որ սա անլուծելի առաջադրանք է վարկատու կազմակերպության համար և անխուսափելիորեն հանգեցնելու է վարկավորման գործընթացների խաթարման։

Այս պրոցեսի մեջ հայտնված անձն իրեն զգալու է Կաֆկայի «Դատավարությունը»  վեպի գլխավոր հերոսի դերում, երբ իր գույքը բռնագանձում են, և ինքը չի հասկանում, թե ինչ կապ ունի մի նախկին կաշառակեր պաշտոնյայի հետ։  

- Իսկ ո՞վ և ինչպե՞ս է գնահատելու գույքը:

- Թե ինչպես է իրականացվելու գույքի գնահատումը, առհասարակ չի կարգավորվում։ Օրինակ՝ եթե գույքն իրենից ներկայացնում է շինություն, ապա գնահատում իրականացնողն օբյեկտիվ գնահատում անելու համար պարտադիր պետք է մուտք գործի շինության ներսը, բայց քանի որ ուսումնասիրությունը գաղտնի է, դա անելը գործնականում անհնար է։ Եթե նախագծի հեղինակները հույսը դրել են նրա վրա, որ գնահատումն արվելու է առանց մուտք գործելու շինություն և դա անհետևանք է մնալու, ապա կանխատեսում եմ, որ անպայման հուսախաբ են լինելու։ Խնդիրն ավելի է բարդանում այն դեպքում, երբ իրավասու մարմինը պետք է պարզի նաև գույքի շուկայական արժեքը դրա ձեռքբերման պահին, որ գործնականում անհնար է։

Նախագծում առկա խնդիրները բազմաթիվ են և սպառել դրանք մի հարցազրույցի ընթացքում հնարավոր չէ, ուստի կարճ ասեմ: Այս նոր ներդրվող ինստիտուտը ոտքից գլուխ խորթ է մեր ազգային իրավակարգին, չունի իր նախատիպը մեզ հայտնի ինստիտուտների մեջ, ուստի ավելի լայն, մանրամասն և երկարատև քննարկման առարկա պետք է դառնա։

 

 

Վարազդատ Հարությունյան հարցազրույց

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին