44-ամյա հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին համալրել է այն հայտնիների ցանկը, որոնք որոշել են ֆինանսական աջակցություն ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին: Հոլիվուդյան դերասանուհին մեկ միլիոն դոլար է նվիրաբերել No Kid Hungry բարեգործական կազմակերպությանը, որը սնունդ է տրամադրում ցածր եկամուտ ունեցող ընտանիքների երեխաներին: Գրում է Spletnik.ru-ն։
«Այս շաբաթվա դրությամբ, աշխարհում ավելի քան մեկ միլիարդ երեխա դպրոց չի հաճախում, քանի որ դրանք փակվել են կորոնավիրուսի պատճառով: Շատ երեխաներ ապավինում են հենց դպրոցներում տրվող խնամքին և սննդին։ Այդ երեխաների թվում են նաև մոտ 22 միլիոն ամերիկացի աշակերտներ, որոնք սննդի տեսքով այդ աջակցության կարիքն ունեն: No Kid Hungry կազմակերպությունը ջանքեր է գործադրում, որպեսզի հնարավորինս շատ կարիքավոր երեխաների օգնի», - հայտարարել է Ջոլին: