Կորոնավիրուսի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամը սպառնում է աշխարհին։ Այս առումով առավել խոցելի են թույլ տնտեսություն ունեցող երկրները, ինչպիսին, օրինակ, Հայաստանն է։
Թե ինչպե՞ս կհաջողվի նվազագույն կորուստներով դուրս գալ այս իրավիճակից, ըստ տնտեսագետ, ՀԽ ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանի՝ կախված է նրանից, թե արդյո՞ք մենք կվերանայենք 30 տարիների մեր տնտեսական քաղաքականությունը և համապատասխան քայլեր կձեռնարկենք նոր իրավիճակում նոր քաղաքականություն որդեգրելու ուղղությամբ։
Նա կարծում է, որ մեր կառավարության համար այս ճգնաժամի հաղթահարումը կդառնա կենսունակության փորձաքար։
«Ընդհանրապես շուկայական տնտեսություններին բնորոշ են ճգնաժամերն ու հետագա զարգացումները։ 1930-ականներին, օրինակ ԱՄՆ-ում տնտեսական ճգնաժամը բերեց նրան, որ ԱՄՆ-ն փոխի իր տնտեսական քաղաքականությունը։ Եվ դա ոչ միայն փրկեց Ամերիկան, այլև այն դարձրեց հզոր արդյունաբերական երկիր»,-նկատում է Սաֆարյանը։
Տնտեսագետի կարծիքով՝ այս կորոնավիրուսային իրավիճակից հետո աշխարհում նոր փոփոխություններ են սպասվում, և դա առաջին հերթին տնտեսության մեջ պետության դերի բարձրացումն է լինելու։
«Երբ ամեն ինչ թողնում են ազատ շուկայի տարերքին, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Վկան անցած դարի մեկ տասնյակից ավելի ճգնաժամերն ու ռեցիսիաներն են: Եվ այս կորոնավիրուսային վիճակն էլ ցույց է տալիս, որ այն երկրները, որտեղ պետության կարգավորիչ դերը բարձր է, ավելի արագ են կարողանում ճգնաժամային վիճակները հաղթահարել, իսկ լիբերալ տնտեսությամբ երկրները լուրջ խնդիրներ են ունենում, օրինակ՝ Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Անգլիան և այլն»։
Սաֆարյանը վերջին օրերին հարկադիր ինքնամեկուսացման վիճակը լուրջ խնդիր է համարում փոքր և միջին ձեռներեցների համար, հատկապես, որ պետությունը հորդորում և առաջարկում է տնտեսվարողներին շարունակել վճարել աշխատողներին, մինչդեռ շատ ընկերություններ պարզապես եկամուտ չեն ունենալու կամ լավագույն դեպքում կարող են մեկ ամիս առանց աշխատելու վճարել աշխատողներին։
«Միակ ճանապարհն աշխատելն է, պետք է հնրավորինս շուտ վերադառնալ բնականոն աշխատանքի, առանց աշխատելու ոչ մի երկիր չի կարող երկար դիմանալ։ Ռուսաստանն, օրինակ, ունի 123 միլիարդ դոլար՝ «Ազգային բարեկեցության հիմնադրամում» ֆորսմաժորային իրավիճակներում իր ժողվորդին աջակցելու համար։ Հիմա այդ գումարներից են իրենք օգտվելու՝ հայտարարված մեկ շաբաթյա արձակուրդի օրերին, որի արդյունքում Ռուսաստանը կկորցնի 270-320 մլրդ ռուբլի»:
ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելու համար նախատեսված 150 միլիարդ ՀՀ դրամը, որը հատկացվելու է բիզնես ոլորտին և առանձին սոցիալական խմբերին, ըստ Սաֆարյանի, չի բավարարի, հատկապես, եթե այս վիճակը երկար շարունակվի։
Մյուս կողմից նա գտնում է, որ եթե այդ գումարները ճիշտ, հասցեական ուղղություններով ծախսվեն, ապա կարող են որոշակի արդյունք տալ։
«25 միլիարդը կտրվի այն տնտեսվարողներին, որոնք վարկեր են վերցնելու բանկերից աշխատավարձ տալու, հարկային պարտավորություններ, կոմունալ պարտավորություններ կատարելու, հումք ձեռք բերելու նպատակով և կհամաֆինանսավորվեն զրոյական տոկոսադրույքով՝ պետության փոխհատուցմամբ: Գյուղատնտեսական վարկերը նույնպես կտրվեն զրոյական տոկոսադրույքով: Նախատեսված գումարը բնականաբար քիչ կլինի, քանի որ մեզանում ՓՄՁ-ները 60 հազարից ավելի են։ Եվ այդ գումարով հազիվ 10-15 տոկոսին կկարողանան աջակցել։
30 միլիարդ դրամը կգնա սոցիալական օգնության ծրագրերին, որպեսզի մարեն «սոցիալական հրդեհները»:
80 միլիարդ դրամը կհատկացվի այն ոլորտներին, որոնք կիրականացնեն ինովացիոն նախագծեր, որոնք կբնորոշեն ապագա Հայաստանի տնտեսությունը:
Սաֆարյանը գտնում է, որ Հայաստանի կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի օգտվելու Մեծ քսանյակի երկրների կողմից կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելուն ուղղված 5 տրիլիոն դոլարի հնարավոր մասնահանումներից:
Իսկ ընդհանրապես, նա գտնում է, որ եթե մենք ուզում ենք այս իրավիճակը արդյունավետ հաղթահարել, ապա պետք է կարողանանք ավելի մոբիլ ու համախմբված տնտեսության հիմքեր դնել, վարել նպատակամետ, պետության կողմից ուղղորդված արդյունաբերական քաղաքականություն։
«Պետք է վերականգնել արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարությունը: Այդպիսի նախարարություն գործում է ՀՆԱ-ով երրորդ տեղը (5.2 տրլն դոլլար) զբաղեցնող Ճապոնիայում, որը պլանավորում և կարգավորում է արդյունաբերությունը, տնտեսությունը և արտաքին առևտուրը»:
Մյուս հարցն, ըստ Սաֆարյանի այն է, որ ԵԱՏՄ-ում մենք պետք է հանդես գանք նախաձեռնությամբ՝ առաջարկելով մշակել և իրականացնել միասնական արդյունաբերական քաղաքականություն։
Հաջորդ խնդիրը, ըստ նրա, ԵԱՏՄ-ի շրջանակներում միասնական էներգետիկ քաղաքականություն վարելն է՝ հնարավորինս միասնական էնենգետիկ սակագներով, որը նույնպես մեծ նշանակություն կունենա մեր տնտեսության զարգացման համար։
Սաֆարյանը գտնում է, որ ժամանակն է ստեղծել պետություն-մասնավոր գործառույթով գործող համահայկական ներդրումային բանկ, և բոլոր նրանք, ովքեր ուզում են աջակցել Հայաստանի տնտեսությանը, կարող են բաժնետերեր դառնալ այդ բանկում: Եվ այդ գումարները պետք է ներդրվեն տնտեսության այնպիսի ոլորտներում, որոնք կարող են մոնոպոլ արտադրանք ստեղծել, օրինակ՝ Նաիրիտը, Վանաձորի քիմպրոմը, Քարակերտի քարաձուլարանը և այլն: