ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը չի վճարի Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամների անվտանգության համար: Daily Mail պարբերականի փոխանցմամբ՝ Թրամփն առաջարկել է, որպեսզի արքայազն Հարին և նրա կինը ՝ Մեգան Մարքլն անձամբ վճարեն իրենց անվտանգության ծախսերի համար, երբ բնակություն հաստատեն Լոս Անջելեսում։ Գրում է Gazeta.ru-ն:
Պետք է նշել, որ ԱՄՆ նախագահն է որոշում կայացնում՝ արդյոք թագավորական ընտանիքի անդամները կկարողանան երկրում ունենալ դիվանագիտական պաշտպանություն, թե ոչ: Ըստ որոշ տեղեկությունների ՝ Սասեքսի դուքսն ու դքսուհին և որդին՝ Արչին այս շաբաթ Կանադայից տեղափոխվել են Միացյալ Նահանգներ՝ Լոս Անջելեսում նոր կյանք սկսելու:
Թրամփը նշել է, որ ինքը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մեծ ընկերն ու երկրպագուն է, բայց Միացյալ Նահանգները չի վճարի արքայազն Հարիի և Մեգան Մարքլի անվտանգության համար: Ըստ Բուքինգհեմյան պալատին մոտ կանգնած աղբյուրի, արքայազն Հարին այլևս չի դասակարգվի որպես «միջազգային պաշտպանություն ունեցող անձ», երբ ավարտի Megxit- ի վերջին փուլը (զույգը ապրիլի 1-ին պաշտոնապես կդադարի կատարել թագավորական պարտականությունները):