Ռուսաստանում մասնագետները կորոնավիրուսային վարակով հիվանդների բուժման համար երեք դեղամիջոցների կլինիկական փորձարկում են սկսել: Այդ մասին հայտնել է Դաշնային կենսաբժշկական գործակալության մամուլի ծառայությունը: Գրում է Gazeta.ru-ն։
Խոսքը «Մեֆլոխին», «Հիդրօքսիքլորոխին» և «Կալիդավիր» դեղերի մասին է։
Նշվում է, որ դրանք կօգտագործվեն ըստ նոր բժշկական ցուցումների՝ COVID-19 ունեցող հիվանդների բուժման նպատակով:
Կլինիկական փորձարկումները կկատարվեն Բուռնազյանի անվան դաշնային բժշկական կենսաֆիզիկական կենտրոնում։ Հիվանդներից գրավոր համաձայնություն կխնդրեն:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել, որին տրվել է COVID-19 պաշտոնական անունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու 7 497 դեպք՝ աշխարհում ավելի քան 1.3 միլիոն: