Կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման համար Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը։ «Ֆեյսբուք»–ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով հենց նոր Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը»,– գրել է Ստեփանյանը։
Խոսնակը նշել է, որ այն համալրված է COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և ախտահանման համակարգով։
«Պաշտպանության նախարարության տրամադրության տակ այդ համակարգերը հնարավորություն կընձեռեն իրականացնել ՀՀ զինված ուժերի և ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետազոտությունները: Թիրախային խմբերում իրականացվող հետազոտությունները մեծապես կնպաստեն կանխարգելիչ միջոցառումների կազմակերպմանն ու զգալիորեն կբարձրացնեն հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը»,– նշել է խոսնակը։
Հայաստանում ապրիլի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 853 է: Արձանագրվել էր մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը հասել է 87-ի:
ՀՀ կառավարությունը Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրություն հայտարարեց 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։