9-րդ դասարանցիների 21.1 տոկոսն անբավարար է ստացել հայոց լեզվից, 25.1 տոկոսն էլ՝ հանրահաշվից: Այսպիսին են նախորդ տարեվերջին Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանում անցկացված արտաքին ընթացիկ գնահատման արդյունքները:
ԳԹԿ մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանի խոսքով՝ թե դասարանի, թե առարկաների ընտրությունը պատահական չի եղել։ Քանի որ 9-րդ դասարանցիները կենտրոնացված քննություն են հանձնում, արտաքին ընթացիկ գնահատումը երկու նպատակ է հետապնդում: Նախ՝ լրացուցիչ կգնահատվի աշակերտների՝ այդ առարկաների իմացության մակարդակը , բացի այդ աշակերտները մինչև կենտրոնացված քննությունը քննական թեստեր լրացնելու որոշակի փորձ ձեռք կբերեն:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալների համաձայն՝ ընթացիկ գնահատմանը հայոց լեզվից մասնակցել է 6825 աշակերտ։ Նրանց 21,1 տոկոսը, կամ 1440-ն անբավարար են ստացել մայրենիից։ Հանրահաշվից քննություն է հանձնել 6784 աշակերտ, նրանց 25,1 տոկոսը կամ 1703-ը անբավարար են ստացել։
Ուշագրավ է, որ երկու առարկաներից էլ ամենաքիչ թվով անբավարարներն արձանագրվել են Երևանում․ 12,4 տոկոս անբարար հայոց լեզվից և 17,5 տոկոս հանրահաշվից։
Հայոց լեզվից ամենաշատ անբավարարներն արձանագրվել են Գեղարքունիքի մարզում՝ 30,7 տոկոս, իսկ հանրահաշվից անբավարարների թվով առաջատարը Արարատի մարզն է՝ 40,2 տոկոս։
Հայոց լեզվից գերազանց՝ 9 և 10 գնահատական չի արձանագրվել Սյունիքի մարզում, հանրահաշվից՝ Արագածոտնի, Արարատի, Լոռու և Կոտայքի մարզերում։
Գրիգորյանն ասում է, որ նախորդ տարիներին ավագ դպրոցներում են արտաքին գնահատում իրականացրել, ուստի և այս տարվա արձանագրված ցուցանիշների հետ համեմատության նյութեր չունեն։ Սակայն նա նաև նշում է, որ նպատակ է դրված հետագա տարիներին արտաքին գնահատում իրականացնել նույն սերնդի ներկայացուցիչների մոտ, այսինքն հաջորդ ուսումնական տարում արտաքին գնահատումը կիրականացվի 10-րդ դասարանում, ապա 11-րդ և հետո 12-րդ դասարաններում։ «Նման մոտեցումը հնարավորություն կտա տարեցտարի տեսնել աշակերտի գիտելիքի առաջընթացը»,- ասում է Գրիգորյանը։
Գոհացուցի՞չ են արդյոք արձանագրված ցուցանիշները, արտաքին գնահատումների արդյունքում ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել կրթական քաղաքականությունում և համակարգում․ այս հարցերին ԳԹԿ-ում պատասխանել չեն կարող, ասում են, որ իրենք ընդամենը քննություններն են կազմակերպում և արձանագրում գնահատականները։ Այդ ամենից եզրակացություններ անելը և քայլեր ձեռնարկելն արդեն իրենց իրավասությունների տիրույթում չէ,այլ նախարարության։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը մտահոգիչ է համարում անբավարարների արձանագրված ցուցանիշները: Նախ, Խաչատրյանի կարծիքով՝ անգամ 21-25 տոկոս անբավարարներն իրական պատկերը չեն արտացոլում. միջազգային ստուգատեսներում,օրինակ՝ «Թիմս»-ի, հայաստանյան դպրոցականների անբավարարների ցուցանիշը 30-35 տոկոս է կազմում: Խաչատրյանը շեշտում է՝ ընթացիկ գնահատումների ցուցանիշները նաև վկայում են, որ կենտրոնացված քննությամբ ստացված պատկերն իրականությանը չի համապատասխանում: Հայոց լեզվի կենտրոնացված քննությունից անբավարար էր ստացել 9-րդ դասարանցիների 5 տոկոսը:
Խաչատրյանի խոսքով՝ ընթացիկ գնահատումների արդյունքները հուշում են, որ մեր կրթական համակարգում սովորելու հետ խնդիր ունեցող աշակերտների թիվը մեծ է:
«Այնպես չէ, որ դրական շեմը հաղթահարածները գիտելիքների առումով լավ վիճակում են: Նվազագույն դրական միավորներ ստացողներն այնպես չէ, որ գրագետ աշակերտներ են, նրանք էլ կրթության ոլորտում մեծ խնդիրներ ունեն: Առնվազն աշակերտների 40-50 տոկոսի գրագիտության խնդիր ունենք»,- ասում է կրթության փորձագետը:
«Հայաստանի կրթական համակարգն աշխատում է այս տրամաբանությամբ՝ ովքեր կարողանում և ցանկանում են սովորել, դպրոցն իրենց աջակցում է: Ովքեր չեն ուզում և չեն կարողանում, դպրոցը չունի լրացուցիչ հնարավորություններ այդ երեխաներին օգնելու: Բայց այս խնդիրը դպրոցի վրա չպետք է թողնել, սա պետք է դառնա պետական քաղաքականություն»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, որ աշակերտների մի ստվար զանգվածի համար 45 րոպեանոց դասաժամը բավարար չէ սովորող դառնալու համար:
«Իրենց պետք են լրացուցիչ աջակցության մեխանիզմներ, օրինակ՝ լրացուցիչ դասընթացներ, ուսուցման առավել դանդաղ ընթացք: Ապացուցված է, որ եթե ամեն երեխայի իր տեմպով սովորեցնես, երեխաների 80 տոկոսը կարող է ծրագիրը հաղթահարել:Բայց մենք ունենք մեկ տեմպ՝ շատ արագ տեմպ: Դա բավարար չէ, որ շատ երեխաներ հասկանան: Երեխաներ կան, որ բազան թույլ է, դանդաղ են մտածում, այդ երեխաներին լրացուցիչ ժամանակ է պետք»,- ասում է նա:
Անդրադառնալով Երևանի դպրոցների ցուցանիշներին՝ Խաչատրյանն ասում է, որ դա չի վկայում Երևանի դպրոցների կրթության բարձր մակարդակի մասին: «Այո, Երևանի դպրոցներն առաջ են շատ գյուղական դպրոցներից: Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում լավ արդյունք ցուցաբերում են փոքր քաղաքների երեխաները, ինչպիսիք են Կապանը, Արթիկը, Վանաձորը և այլն»,- ասում է նա:
Խոսելով մի քանի տարի նույն սերնդին քննելու ԳԹԿ մտադրությանը՝ Խաչատրյանն ասում է, որ դա կարող է արդյունավետ լինել, եթե նպատակն է պարզել, թե ինչպես է ազդում դպրոցը և դպրոցական կրթությունն աշակերտի վրա: «Հիմա կարևոր է, որ որոշ ժամանակով, գոնե 3-4 տարի, ԳԹԿ-ն նույն առարկաներն ուսումնասիրի: Այլապես հաճախ տարբեր առարկաներ են ուսումնասիրում: Երբ ամեն տարի ուսումնասիրվող առարկան փոխում ես, այլևս դինամիկան հասկանալ հնարավոր չէ: Տարբեր առարկաների ցուցանիշներից հնարավոր չէ հասկանալ՝ դինամիկան դրական է,թե բացասական»,- ասում է նա:
Փորձագետը հնարավոր տարբերակ է համարում նաև մի քանի տարի շարունակ 9-րդ դասարանում հայոց լեզուն դիտարկելը:
Անդրադառնալով իրողությանը, որ մի քանի մարզերում հանրահաշվից գերազանց գնահատականներ չեն արձանագրվել, Խաչատրյանն ասում է, որ դա վկայում է այն մասին, որ մաթեմատիկայի դրվածքը շատ դպրոցներում վատ է: «Համայնքային օլիմպիադաների արդյունքներն էլ այդ մասին են վկայում: Սովորական դպրոցների երեխաները հաճախ 20 բալանոց համակարգով անգամ 10 միավորի չեն ձգում: Հանրահաշվի առանձնահատկությունն այն է, որ բարդ է բարձրագույն մակարդակին հասնելը: Ավելին, մենք այսօր ունենք ուսուցիչներ, որոնք իրենք էլ այդ մակարդակին չեն հասնի»,- ասում է Խաչատրյանը:
Նա ասում է, որ Ռուսաստանում մաթեմատիկայի ուսուցիչների գնահատում է իրականացվել և շուրջ 50 տոկոսը չի կարողացել դրական գնահատական ստանալ:
«Մենք էլ ունենք մաթեմատիկայի, բնագիտական առարկաների,օտար լեզուների ուսուցիչներ, որոնք իրենք էլ չեն կարողանա բարձր միավորներ ստանալ, բնականաբար իրենց աշակերտներն էլ չեն կարողանա»,- ասում է նա և հավելում՝ որպեսզի աշակերտը 10 բալանի համակարգով 9-10 ստանա, նրա ուսուցիչն առնվազն 10-ի գիտելիք պետք է ունենա:
«Բոլորս գիտենք, թե մանկավարժական բուհեր ինչ ցածր միավորներով են ընդունվում դիմորդները: Նվազագույն դրական միավորով ընդունվում են մաթեմատիկայի ֆակուլտետ: Բավարար գնահատականով ընդունված ուսանողը, եթե վաղը դառնա մաթեմատիկայի ուսուցիչ, ինչպե՞ս է գերազանց գնահատական ապահովելու իր աշակերտների համար: Պարզ խնդիրները լուծել կկարողանա, բայց այն բարդ խնդիրները, որ պետք է երեխան լուծի 10 ստանալու համար, ինքը չի կարող լուծել, բնականաբար երեխան էլ չի կարողանա»,- ասում է նա:
Հարցին, թե որպես կրթության ոլորտի փորձագետ՝ նկատում է արդյոք, թե արտաքին գնահատումների հիման վրա ինչ փոփոխություններ են տեղի ունենում կրթական համակարգում, Խաչատրյանն ասում է. «Լավ հարց տվեցիք, դա ցավոտ տեղերից մեկն է: Ընթացիկ գնահատումները կարևոր հարց չեն դառնում: Երբևէ չեմ լսել, որ այս արդյունքները լուրջ քննարկվեն նախարարությունում, հետևություններ արվեն: Դեպքեր գիտեմ, որ անգամ դպրոցները տեղյակ չեն իրենց արդյունքներից»:
Փորձագետը շեշտում է՝ ընթացիկ գնահատումների արդյունքները պետք է վերլուծվեն և ըստ այդմ փոխվի նաև կրթական քաղաքականությունը: Մինչդեռ կրթության փորձագետը վստահություն է հայտնում,որ ԿԳՄՍ-ում ԳԹԿ-ի շատ աշխատանքներից տեղյակ չեն:
«Նախարարության ենթակայության տակ գործող կառույցներին կառավարել է պետք: Անջատ-անջատ ամեն կառույց իր գործն անում է, բայց այդ ամենը պետք է համակարգվի և փոխկապակցված քաղաքականություն վարվի: Այդ սիստեմատիկ կառավարումը չկա, մեկը մյուսից խաբար չէ, ամեն մեկը փազլի իր կտորը վերցնում ու տանում է, բայց ինչ-որ մեկը պետք է, որ այդ կտորները հավաքի, որ իմաստալից պատկեր ստանանք»,- ասում է Խաչատրյանը:
Կրթության փորձագետը նաև շեշտում է, որ մեր քննական թեստերը տարբերվում են միջազգային ստուգատեսների առաջադրանքներից. «Պատճառն այն է, որ մեր թեստեր գրողներն իրենք էլ չգիտեն «Պիզայի» կամ «Թիմսի» ստուգատեսների հարցերը: Շատ խզվածքներ կան, ընդհանրապես գնահատման համակարգում մենք շատ հետ ենք մնում»:
Որպես բարեփոխումների սկիզբ՝ նա առաջարկում է սկսել գնահատման համակարգից: Քանի որ ուսուցիչներն իրենց դասավանդումը, աշակերտներն էլ ուսումնառությունը հարմարեցնում են գնահատմանը, ապա բարեփոխումները պետք է սկսել հենց գնահատումից:
«Ուսուցիչները,աշակերտները նայում են՝ ինչը որ վերջում պետությունը գնահատելու է, դա էլ կարևորում են: Բոլորի համար կարևոր է, թե վերջում ինչն է գնահատվելու: Ուրեմն եթե մենք ուզում ենք դասավանդումը փոխել, պետք է լավ գնահատման համակարգ ներդնենք: Որովհետև ուսուցիչներն ի վերջո իրենց աշխատանքը հարմարեցնելու են գնահատմանը»,- ասում է նա: