Մահմեդականների սրբազան ամիսը՝ համավարակի պայմաններում
Վաղը մեկնարկում է մահմեդականների սրբազան ամիսը՝ Ռամադանը։ Համավարակի համաշխարհային հաղթարշավի պայմաններում շատերը մտահոգություն են հայտնում, որ կրոնական ծիսակարգերի իրագործման արդյունքում վիրուսն ավելի ընդգրկուն տարածում կստանա մահմեդական երկրներում։
Ռամադանի ընթացքում մահմեդականները ցերեկվա ժամերին ծոմ են պահում և սնվում են գիշերային ժամերին․ առավոտյան նախաճաշում են արևածագից առաջ և երեկոյան ընթրում են մայրամուտից հետո։ Ընթրիքը սովորաբար համայնքային բնույթ է կրում․ հավաքվում են մզկիթներում, հատկապես աղքատները, որտեղ նրանց սնունդ է հատկացվում որպես բարեգործություն։ Արդեն իսկ մահմեդական հավատավորներին կոչ է արվել այս տարի խուսափել հանրային հավաքներից Ռամադանի ընթացքում և սահմանափակվել միայնակ կամ ընտանիքի անդամների հետ ընթրելով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ խորհուրդ է տվել հնարավորության դեպքում կրոնական հավաքները տեղափոխել վիրտուալ տարածք։
Մի շարք մահմեդական երկրներ էլ, այդ թվում և մեր հարևան Իրանը, իրենց քաղաքացիներին կոչ են արել խուսափել համատեղ խմբային, համայնքային աղոթքներից։ Իսկ օրինակ, Պակիստանում Ռամադանի ընթացքում ծխական աղոթքները թույլատրված կլինեն, բայց պայմանով, որ հավատացյալները միմյանցից 2 մետր հեռավորություն պահպանեն և ունենան իրենց անձնական գորգիկները։
Իսկ Միացյալ Թագավորությունում մզկիթները Զում, Ֆեյսբուք և Յութուբ հարթակներում օնլայն կրոնական դասախոսություններ կհեռարձակեն։
Ոչ հուսադրող փորձարկումներ
Միևնույն ժամանակ, հայտնի է դարձել, որ դեղամիջոցը, որն իբրևէ թե արդյունավետ էր նոր կորոնավիրուսի բուժման գործում, ձախողվել է առաջին իսկ փորձարկումների ժամանակ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առաջին կլինիկական փորձարկումների արդյունքները պատահաբար հրապարակել է իր կայքում, որն էլ արդեն տեսել ու լուսաբանել է The Financial times պարբերականը։ Ըստ այդմ՝ ռեմդեսիվիր դեղամիջոցը էական ազդեցություն չի ունեցել հիվանդների վիճակի բարելավման կամ արյան մեջ վիրուսի քանակությունը կրճատելու հարցում։
Ըստ The Guardian-ի՝ դեղամիջոցի սպառումն աշխարհում կտրուկ աճել էր այն բանից ի վեր, ինչ տեսակետ կար, որ այն արդյունավետ է COVID 19-ի դեմ պայքարում։
Իրավիճակն աշխարհում
COVID 19 վարակակիրների թիվն աշխարհում ապրիլի 23-ի, ժամը 22։30 դրությամբ գերազանցում է 2,69 մլն-ը։ Վիրուսի զոհերի թիվը 188 863 է, ապաքինվել է 739 971 մարդ։ Վիրուսից մահվան ցուցանիշները ողջ աշխարհում աստիճանաբար նվազում են։
Վարակակիրների ու մահերի թվով աշխարհում առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ն։ Այստեղ մեկ օրվա ընթացքում վիրուսն ախտորոշվել է 17 431 մարդու մոտ, մահացել է 1209 մարդ։ Վիրուսակիրների ընդհանուր թիվը 866 148 է, մահերինը՝ 48 868։ Ի դեպ, պարզվել է, որ ԱՄՆ-ում COVID 19-ից առաջին մահերն արձանագրվել են դեռ հունվարին, սակայն թեստավորում չիրականացնելու պատճառով իրողությունը պարզվել է միայն հիմա։ Հետին թվով ուսումնասիրությունների արդյունքում չի բացառվում, որ պաշտոնական թվերը փոփոխվեն պոստֆակտում։
Իտալիայում և Իսպանիայում օրական մահվան ցուցանիշը վերջին օրերին տատանվում է 400-ի սահմանում։ Իսպանիայում մեկ օրում արձանագրվել է հիվանդացության 4635 և մահվան 440 դեպք։ Վիրուսակիրների ընդհանուր թիվը 213 024 է, մահերինը՝ 22157։
Իտալիայում մեկ օրում արձանագրվել է հիվանդացության 2646 և մահվան 464 դեպք։ Այստեղ վիրուսակիրների ընդհանուր թիվը 189 973 է, մահերինը՝ 25549։
Իրավիճակի կայունացման միտումներ են նկատվում նաև Գերմանիայում և Ֆրանսիայում։
Գերմանիայում վերջին 24 ժամվա ընթացքում COVID 19 է ախտորոշվել 684 մարդու մոտ, մահացել է 54-ը։ Վիրուսակիրների ընդհանուր թիվը Գերմանիայում 151 332 է, մահերինը՝ 5369։
Ֆրանսիայում վիրուսակիրների ընդհանուր թիվը 161 530 է, որից 1653-ը՝ վերջին մեկ օրում։ Մահացել է 21 856 մարդ, որից 516-ը՝ վերջին մեկ օրում։
Միացյալ Թագավորությունում օրական ախտորոշումների թիվը շարունակում է մնալ 4 հազարյակի սահմաններում։ Մեկ օրում աստեղ COVID 19 է ախտորոշվել 4583 մարդու մոտ, մահացել է 638-ը։ ՄԹ-ում վիրուսակիրների ընդհանուր թիվը 138 078 է, մահերինը՝ 18 738։
Մեր հարևաններից Թուրքիան հայտարարել է, որ վիրուսային իրավիճակն այլևս վերահսկելի է։ Այստեղ օրական մեծաքանակ թեստավորում է իրականացվում։ Վիրուսակիրների ընդհանուր թիվը 101 790 է, որից 3116-ը՝ վերջին մեկ օրում։ Մահացել է 2491 մարդ, որից 115-ը՝ վերջին մեկ օրում։ Վիրուսակիրների թվթվ Թուրքիան աշխարհում 7-րդ հորիզոնականում է՝ զիջելով ԱՄՆ-ին և եվրոպական վերը թվարկված երկրներին։
Իրանում ևս շարունակվում է դրական դինամիկան․ վիրուսակիրների ու մահերի թիվն աստիճանաբար նվազում է։ Իրանում մեկ օրում վիրուսն ախտորոշվել է 1030 մարդու մոտ, իսկ ընդհանուր առմամբ՝ 87026 մարդու մոտ։ Մահացել է 5481 մարդ, որից 90-ը՝ վերջին մեկ օրում։
Ադրբեջանում հիվանդների ընդհանուր թիվը 1523 է, մահերինը՝ 20։ Վերջին օրվա ընթացքում այստեղ արձանագրել է հիվանդացության 30 նոր դեպք։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ամենաբարվոքը տարածաշրջանում Վրաստանի վիճակն է․ այստեղ վիրուսակիրների ընդհանուր թիվը 420 է, որից 4-ը՝ վերջին մեկ օրում, վիրուսին զոհ է դարձել 5 մարդ։
Հիվանդացության կորը մեծ արագությամբ աճում է Ռուսաստանում․ այստեղ մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 4774 հիվանդացության և 42 մահվան դեպք։ Ռուսաստանում ընդհանուր առմամբ COVID 19 է ախտորոշվել 62 773 մարդու մոտ, մահացել է 555-ը։