f

Անկախ

Մենք չենք հասել այն անդառնալի կետին, որ այլևս հնարավոր չլինի Սևանա լիճը փրկել։ Բայց եթե այպես շարունակենք, հաստատ կհասնենք․ գիտնական


Սևանա լիճն այս տարի ևս ծաղկեց՝ հանրությանն ու իրավասու մարմիններին հիշեցնելով, որ լճի փրկության և էկոհամակարգի վերականգնման համար շտապ քայլեր են հարկավոր։ 

«Անկախը» Սևանա լճի ծաղկման պատճառների և վտանգների, ինչպես նաև լճի էկոհամակարգի վերականգնման ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների մասին է զրուցել ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և  ձկնաբանության ինստիտուտի Կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Գոռ Գևորգյանի հետ։

Գևորգյանն իր գիտական թիմով Սևանում խորջրյա հետազոտություններ է իրականացրել, ուսումնասիրել է ցիանոբակտերիալ ակինետների դերը Սևանա լճի էկոհամակարգում։ Նրանք նաև աշխատում են Սևանա լճի համար գիտելիքահենք կառավարման գործիքների ստեղծման ուղղությամբ։

-Պարոն Գևորգյան, խնդրում եմ  ներկայացրեք, թե ինչ հետազոտություններ եք իրականացրել Սևանա լճում և ինչ արդյունքներ եք արձանագրել։

-Նախ կարճ ներկայացնեմ, թե ինչ են ակինետները։ Երբ վրա են հասնում անբարենպաստ պայմաններ, ցիանոբակտերիաները պատվում են հատուկ  թաղանթով և լճի  հատակում, այսպես ասած,  ձմեռային քուն են մտնում։ Այսինքն՝ այդ ակինետային վիճակով իրենք կարողանում են գոյատևել անբարենպաստ պայմաններում։ Երբ բարենպաստ պայմաններ են ի հայտ գալիս,  ակինետներն  ընդունակ են նորից դառնալ ցիանոբակտերիալ բջիջներ և վերադառնալ ջրային միջավայր։ 

Առաջին անգամ Սևանա լճում  ակինետային հետազոտություն է իրականացվել։ Ուսումնասիրել ենք ակինետների քանակությունը լճի հատակային նստվածքներում, այնուհետև լաբորատորiիայում  տարբեր ջերմաստիճանային և կենսածին նյութերի առկայության պայմաններում ուսումնասիրել ենք  դրանց աճման գործընթացը՝  ինչպես է ակինետը վերածվում ցիանոբակտերիայի և վերադառնում ջրային միջավայր։

Հետազոտությունները ցույց տվեցին, որ ակինետների քանակը Մեծ Սևանի հատակում զգալիորեն ավելի շատ է, քան Փոքր Սևանում։  Եվ երբ համադրում ենք  այս վերջին  տարիներին դիտվող ծաղկումները, տեսնում ենք, որ ծաղկումը սկսվում է հենց Մեծ Սևանից և ավելի ուժգին է ընթանում հենց Մեծ Սևանում։

-Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված։

-Դա պայմանավորված է նրանով, որ աղտոտման աղբյուրը, այսինքն Սևան թափվող գետերի հիմնական մասը հենց Մեծ Սևան  է թափվում։ Բացի այդ, Մեծ Սևանի խորությունն ավելի փոքր է և, հետևաբար, ջերմային ռեժիմն այստեղ ավելի բարձր է Փոքր Սևանի հետ համեմատությամբ։ Նշեմ, որ Փոքր Սևանն ունի առավելագույնն 80 մետր խորություն, իսկ Մեծ Սևանը՝ 30 մետր։ 

Մեր այս հետազոտությունը թույլ տվեց եզրակացնել, որ  ակինետները նույնպես կարող են համարվել  ծաղկման գործոն, քանի որ, ինչպես նշեցի, բարենպաստ պայմաններում դրանք  ձևավորում են ցիանոբակտերիա։ Երբ ջերմային և  լուսային պայմանները լինում են նպաստավոր, ձմեռային քուն մտած բջիջը նորից սկսում է զարգանալ և դառնում է այն ցիանոբակտերիան, որն առաջացնում է ծաղկում։ Նշեմ նաև, որ դրանք զարգացման ավելի լավ ցուցանիշներ են դրսևորում կենսածին նյութերի բարձր պարունակության դեպքում։ Այդ պատճառով էլ ամռանը, երբ լուսավորությունը և ջերմաստիճանը բարենպաստ են, տեղի է ունենում լճի ծաղկում։

-Ժամանակին դուք ահազանգում էիք, որ ցիանոբակտերիաների թունավոր տեսակն է առկա Սևանա լճում։ Ուսումնասիրություններ կա՞ն՝ այն գերակշռող տեսա՞կ է ծաղկման գործընթացներում  և ի՞նչ վտանգ է իրենից ներկայացնում։ 

-Ծաղկող տեսակը հենց  տոքսիկ տեսակ է։ Այն  ընդունակ է ցիանոտոքսինի արտադրության, որը հետազոտություններով հաստատվել է։ Պարզապես խնդիրը կոնցենտրացիան է։ Մենք չենք կարող ասել, թե ծաղկման հետևանքով ինչ կոնցենտրացիաներ են ձևավորվում լճում, որ ըստ այդմ գնահատենք վտանգավորության աստիճանը։ Դա մի քիչ բարդ հետազոտություն է,  քանի որ ծաղկման խտությունը տարբեր տեղերում տարբեր է,  ու այդ պատկերն անընդհատ փոփոխվում է։ Բայց ամեն դեպքում հաստատված է, որ ծաղկող տեսակը տոքսիկ է, ինչը նշանակում է, որ ռիսկ կա, հատկապես այն վայրերում, որտեղ ծաղկման խտությունը մեծ է։

-Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ, օրինակ, ծաղկած Սևանում լողալը վտանգավոր է առողջության համար։ Կամ  սննդային շղթայի միջոցով թույնը կարո՞ղ է փոխանցվել։

-Ծաղկած ջրում լողալ ցանկալի չէ։ Քանի որ թույն  է արտադրվում, ավելի լավ է խուսափել նման վայրերից։ 

Աննդային շղթայի միջոցով թունավոր նյութերի փոխանցումը հնարավոր է, բայց միայն ծաղկման ժամանակահատվածում։ Դրանք պեպտիդներ են և շատ երկար չեն կարող պահպանվել, որոշ ժամանակ անց չեզոքանում են։ Վտանգը հիմնականում ծաղկման շրջանում է։ Դրանք ծանր մետաղի պես չեն, որ  անընդհատ  կուտակվեն։ Այդ նյութերը   կարճ ժամանակահատվածում քայքայվում և չեզոքանում են։ 

-Այս տարի հերթական անգամ լիճը ծաղկել է։  Ուսումնասիրություններ ունե՞ք՝ այս տարվա ծաղկումն  ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ ունի նախորդների հետ։ Եվ ծաղկման պատճառները շարունակում են նո՞ւյնը մնալ, ինչ նախկինում էին, չհաշված նոր գործոնը, որի մասին խոսեցիք։

-Գիտենք, որ նախորդ տարի ծաղկումը Սևանում թույլ դրսևորվեց։ Բայց այս տարվա ծաղկումը ամբողջովին համեմատելի է 2018-2020թթ․ ծաղկումների հետ, նույնպես  զանգվածային և ուժգին է։ Ավելի հստակ համեմատություն անել չեմ կարող, քանի որ 

դրա համար 2-3 շաբաթ ամեն օր նմուշառումներ է պետք իրականացնել՝ ծաղկման պիկն արձանագրելու համար։

Ծաղկումը համեմատելի է նաև այն առումով, որ այս տարի ևս սկսվել է Մեծ Սևանից և ավելի ուժգին է դրսևորվել Մեծ Սևանում, ինչպես դա եղել է 2018-2020թթ․։

Եթե դիտարկենք աղտոտման աղբյուրները, 2018-ից ի վեր դրանք չեն չեզոքացվել․ շարունակվում է լճի աղտոտումը ջրահավաք ավազանից և հատակից։  Վերջինը հատակային սառը շերտի՝ հիպոլիմնիոնի վերացման հետևանք է, որն էլ խորհրդային տարիներին լճի ջրի մակարդակի իջեցման հետևանքներից  է։ Հատակային սառը շերտը խոչընդոտում է նստվածքային  նյութերի՝ ջուր անցնելուն։ Մեծ Սևանում այդ շերտն ամբողջությամբ վերացել է, ուստի հատակային նստվածքներն անարգել ջուր են թափանցում։ 

Ջրի մակարդակի կայուն բարձրացումը դրա համար է կարևոր։ Հաշվարկված է՝ եթե  ջրի մակարդակը կայուն բարձրացվի գոնե 6 մետրով, այդ շերտը կվերականգնվի, և հատակից լճի աղտոտման հարցը կլուծվի։ Բայց մենք գիտենք, որ մակարդակը վերականգնված չէ։

Այս և նախորդ տարիների միակ տարբերությունն այն է, որ ջերմաստիճանային պայմանները համեմատած 2018-2020թթ․ ավելի քիչ նպաստավոր են  ցիանոբակտերիաների զարգացման համար, բայց  անգամ ավելի քիչ նպաստավոր  ջերմաստիճանային պայմաններում մենք նորից ունեցանք այսպիսի զանգվածային ծաղկում, ինչը ևս մեկ անգամ վկայում է  լճի էկոլոգիական անբարենպաստ վիճակի մասին։

-Տարիներ շարունակ գիտնականները, այդ թվում և դուք, ահազանգում են  Սևանի ճահճացման վտանգի մասին և գործողությունների առաջարկներ ներկայացնում կառավարությանը։ Ձեր կարծիքով՝ կառավարությունը բավարար քայլեր ձեռնարկո՞ւմ է Սևանի փրկության ուղղությամբ։

-Տեսեք, քայլեր, որքանով ես եմ տեսնում, ձեռնարկվում են։ Բայց դրանք բավարար չեն,  թերացումներ կան։ Թերացումներից մեկն այն է, որ մակարդակը կայուն չի բարձրանում, տարիներ են լինում, որ անգամ բացասական բալանս է գրանցվում։ Նույնը  վերաբերում է ձկնորսությանը։ Քայլեր արվեցին ձկնորսության կարգավորման ուղղությամբ, բայց բոլորս տեսնում ենք, որ այդ կարգավորումն իր ամբողջ ուժով չի գործում և որսվում է ավելի շատ, քան թույլատրվում է։  Իսկ բացի աղտոտման  արտաքին աղբյուրները լիճն ունի նաև աղտոտման ներքին աղբյուր, որը պայմանավորված է հենց սննդային շղթայի խախտմամբ՝ ձկնային և խեցգետնային պաշարների քչացմամբ։ Դա նույնպես հանգեցրել է, որ ներլճային գործընթացների, որոնք  աղտոտում են լիճը։ Ձկնապաշարների նվազման հետևանքով նրանց սնունդը մնում է լճում և դառնում կենսազանգված, որն էլ քայքայվելով վերածվում է կենսածին նյութի։ Իսկ խեցգետինները սնվում են հատակի մահացած օրգանիզմներով։ Նրանց պաշարների քչացման պարագայում էլ այդ նյութերը մնում են լճում, քայքայվում և վերածվում կենսանյութի։ 

Արդյունքում  մենք ունենում ենք նաև ներքին աղտոտում, բացի արտաքին աղտոտումը։

-Մասնագետների առաջարկներից մեկը լիճ լցվող ջրերի կենսաբանական մաքրում ապահովելն է։ Նման մաքրման կայանների ստեղծման ժամկետներն անգամ հստակեցված չեն, փոխարենն ունենք ջրի մեխանիկական մաքրման կայաններ։ Դա բավարա՞ր է։ 

-Ես էլ տեղեկություն ունեմ, որ անընդհատ խոսվում է  այդ մասին, ծրագրեր կան, բայց ինչպես տեսնում ենք, տարիներն անցնում են, բայց դեռևս չունենք այնպիսի մի բան, որը կմեղմի վիճակը, և  չեմ էլ տեսնում, որ առաջիկա 1-3 տարում կունենանք։ 

Միայն կենսաբանական մաքրման կայանը կարող է  չեզոքացնել  օրգանական նյութը կեղտաջրում։ Մեխանիկական կայաններն  ինչքան էլ բարելավվեն, դրանք օրգանական նյութերի հարցը  չեն լուծելու։

-Դուք նաև աշխատում եք լճի գիտելիքահենք կառավարման գործիքների  մշակման ուղղությամբ։ Այս առումով ի՞նչ արդյունքներ ունեք ու ի՞նչ առաջարկներ եք ներկայացրել իրավասու մարմիններին։

-Վերջին տարիներին մեր գերմանացի գործընկերների հետ միասին  հենց Գերմանիայի Կրթության և հետազոտության նախարարության ֆինանսավորմամբ իրականացնում ենք այդպիսի ծրագիր, որի վերջնանպատակը գործիքների մշակումն է, որոնք կիրառելի կլինեն ՀՀ համապատասխան մարմինների կողմից։ 

Եվ արդեն իսկ ունենք արդյունք։ Մասնավորապես,  մշակել ենք ջերմային ռեժիմի մոդել, որը հնարավորություն է տալիս օդերևութաբանական և  հիդրոլոգիական ցուցանիշներ մուտքագրելով, առանց լիճ այցելելու, գնահատել ջերմային շերտավորումը և ջերմային ռեժիմը անցյալում և կանխատեսումներ անել ապագայի համար։ Դրա միջոցով մենք նաև կարող ենք կանխատեսել  գլոբալ տաքացման ազդեցությունը լճի ջերմային ռեժիմի վրա։ Սա բավականին արդյունավետ գործիք է, որը կարող է օգտագործվել ապագա հնարավոր բացասական զարգացումների չեզոքացման կամ մեղմման միջոցառումներ մշակելու և իրականացնելու համար։ Նշեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունն ունի ազատ մուտք այս մոդելին և կարող են ազատորեն կիրառել։

Ներկայում մեր  գործընկերների հետ մի նոր մոդել ենք մշակում, որը նախորդի առավել կատարելագործված տարբերեակն է  և մոտ ժամանակներս այն ավարտված կլինի։ 

-Իսկ Սևանի հարցում մենք անդառնալիության կետն արդեն հատե՞լ ենք, թե՞ դեռ ոչ։ Լիճը դեռևս հնարավո՞ր է  փրկել։

-Կարծում եմ՝  մենք չենք հասել այն անդառնալի կետին, որ այլևս հնարավոր չլինի լիճը փրկել։ Պարզապես պետք է արագ գործել։ Ինչպես նշեցի, դեռևս չեմ տեսնում այն ակտիվությունը և միջոցառումները, որոնք կմեղմեն վիճակը,  մինչդեռ գնալով ունենալու  ենք ավելի վատ պատկեր։ Եթե այպես շարունակենք, հաստատ կհասնենք այդ անդառնալի կետին, որից հետո մենք չենք կարողանա լիճը  բերել այն վիճակի, որն ուզում ենք։Այն կարող է այլևս  չծառայել որպես պոտենցիալ խմելու ջրի պաշար,   իր ձկնային պաշարներով սննդի աղբյուր կամ ռեկրեացիայի գոտի։ Լիճը գոյություն կունենա, բայց իր հատկանիշներով այն այլևս  կկորցնի իր  ֆունկցիոնալությունը։ 

-Ձեր ասածից բխում է, որ լճի փրկության համար համալիր քայլեր են հարկավոր և արագ տեմպերով։ Մենք ինչքա՞ն ժամանակ ունենք  քայլեր ձեռնարկելու արդյունքի հասնելու համար և ինչի՞ց է պետք սկսել։

-Քայլերը պետք է անհապաղ արվեն։ Բայց եթե հիմա էլ քայլեր ձեռնարկենք, դա չի նշանակում, որ կարճ ժամանակում ունենալու ենք մեր ուզած արդյունքը։ Արդյունքի հասնելու համար տասնյակ տարիներ պետք կգան, քանի որ միջոցառումներն ընդամենն ուղղված են լինելու կանխելու նոր աղտոտումները և թույլ տալու, որպեսզի  լիճն ինքնամաքրվի։ Իսկ լճի ինքնամաքրումը շատ դանդաղ գործընթաց է։  Լճի ինքնամաքրումն ի՞նչ է՝ պետք է լճի ջուրը փոխվի, որ սկսի նորսրանալ աղտոտումը։ Բայց քանի որ Սևանից միայն Հրազդան գետն է դուրս գալիս, շատ դանդաղ է ընթանալու այդ մաքրման գործընթացը։ Հետևաբար,  եթե անգամ լավագույնն էլ անենք, տարիներ պետք է սպասենք, որ արդյունք ունենանք։  Իսկ միջոցառումները որքան ուշացրեցինք, այնքան ավելի դժվար է լինելու իրավիճակը մեղմելը,քանի որ աղտոտումը կուտակվում է, նաև  ավելի մեծ ջանքեր ու ֆինանսական ներդրումներ են պահանջվելու լճի էկոհամակարգի բարելավման համար։ 

Իսկ սկսել պետք է ջրի կենսաբանական մաքրումից։ Իմ կարծիքով՝  գլխավոր գործոններից մեկը բնակավայրային կեղտաջրերի արտանետումներն են, որոնք առանց  կենսաբանական մաքրման անցնում են Սևանա լիճ։ Կարևոր է նաև մակարդակի բարձրացումը, որն ինչպես նշեցի, կկանխի հատակից այդ նյութերի ջուր ներթափանցումը։ Պետք է լուծել նաև սննդային շղթայի հավասարակշռության հարցը, այսինքն վերականգնել մեր կենսաբանական ռեսուրսները, որպեսզի ունենանք հավասարակշիռ վիճակ, դա կարող է իրականացվել ձկնորսության ծավալների կարգավորման միջոցով։ Թվարկվածից ֆինանսական մեծ ներդրումներ պետք են միայն կենսաբանական մաքրման կայանների համար, և երևի դա է պատճառը, որ ուշացումներ կան դրանց կառուցման հարցում։ Մնացած հարցերում ուղղակի կամք և վերահսկողություն է պետք։

Լուսանկարները՝ Գոռ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Սևանա լիճ բնապահպանություն Գոռ Գևորգյան ՀՀ ԳԱԱ գիտություն Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ծաղկող Սևան Սևանի ճահճացում հարցազրույց

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին