Առաջիկա ամիսներին վաճառքում կհայտնվի «Նարարգին» կենսաբանորեն ակտիվ հավելումը․ այն կոմպլեքս պատրաստուկ է, որը միաժամանակ խթանում է աղեստամոքսային համակարգի և ենթաստամոքսային գեղձի ֆունկցիաներն առողջ և 2-րդ տիպի շաքարախտով հիվանդ մարդկանց մոտ՝ ապահովելով ինսուլինի և գլյուկագոնի արտազատումը, նպաստում է շաքարի նվազեցմանն արյան մեջ։ «Նարարգին»-ը ստացել են «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում։
«Անկախի» հետ զրույցում «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Ֆլորա Տխրունին նշում է, որ «Նարարգինն» իրենց շուրջ 10 տարվա աշխատանքի արդյունքն է։ Պրոբիոտիկի նկատմամբ արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերում արտերկրում, չի բացառվում, որ այն վաճառվի նաև Ռուսաստանում, Չեխիայում և մի շարք այլ երկրներում, որոնք ներկայում պատրաստուկն իրենց մոտ փորձարկելու ցանկություն են հայտնել։
Ուսումնասիրությունների արդյունքում ընտրվել են Lactobacillus և Enterococcus ցեղի տարբեր տեսակների պատկանող այնպիսի շտամեր, որոնք բացի հիմնական պրոբիոտիկ հատկություններից, ի վիճակի են միաժամանակ սինթեզել մի քանի կենսաբանորեն ակտիվ նյութեր։
«Հիմա ողջ աշխարհում մեծ ուշադրություն է դարձվում կաթնաթթվային մանրէների նոր հատկությունների ուսումնասիրությանը։ Տարբեր երկրներ տարբեր անվանումով կաթնամթերքներ են արտադրում, որոնք պարունակում են կենդանի կաթնաթթվային մանրէներ։ Իսկ մերան ստանում են տարբեր կենդանիների կաթից։ Մեզ մոտ, օրինակ, հիմնականում մերան ստանում են կովի և ոչխարի կաթից»,- ասում է տիկին Տխրունին՝ հավելելով, որ Հայաստանում դեռ 20-րդ դարի 60-ական թվականներից են սկսել ուսումնասիրել կաթնաթթվային մանրէները և դրանց հատկությունները։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում էլ ստեղծվել է «Նարինե» մածունը, որը վաճառվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում և մի շարք այլ երկրներում, որոնք այդ պատրաստուկի պատենտը ձեռք են բերել։
Եթե նախկինում ուսումնասիրում էին Հայաստանի տարբեր մարզերից բերված կովի և ոչխարի կաթից անջատված կաթնաթթվային մանրէները, ապա վերջին տարիներին «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ում ուսումնասիրել են նաև Արցախից բերված ավանակի, այծի և ոչխարի կաթից անջատված կաթնաթթվային մանրէները։ Ուսումնասիրություններով պարզվել է, որ դրանք իրենց հատկություններով տարբերվում են կովի կաթից։ «Մենք ուսումնասիրել ենք ավանակի կաթից անջատված 25 մանրէներ և պարզել, որ դրանք ճնշում են այն պաթոգեն մանրէները, որոնք առաջացնում են պնևմանիա»,- ասում է տիկին Տխրունին։
Հետազոտությունների ժամանակ նաև բացահայտվել են կաթնաթթվային մանրէներ, որոնք մեծ քանակությամբ արգինին են արտադրում։ Իսկ արգինին ոչ բոլոր կաթնաթթվային մանրէներն են սինթեզում։
«Արգինինն անփոխարինելի ամինաթթու է։ Երբ մարդը հիվանդ է դիաբետով, բժիշկներն իրեն խորհուրդ են տալիս արգինինով հարուստ մթերքներ օգտագործել, օրինակ՝ խավիար, ձու, ձուկ և այլն։ Ես ինքս դիաբետ ունեմ։ Ու երբ այդ մանրէները բացահայտեցինք, որոշեցի ինձ վրա փորձարկել, որպեսզի հասկանամ՝ հնարավոր է այդ մանրէներով նոր մթերք ստանալ»,- ասում է տիկին Տխրունին՝ հավելելով, որ մեկ տարի կանոնավոր օգտագործման արդյունքում իր մոտ արյան մեջ շաքարի քանակը զգալիորեն նվազել է։ Արձանագրված արդյունքն էլ հիմք է դարձել հետագա ուսումնասիրությունների և նոր հավելման ստացման համար։
«Երբ ոլորտն ուսումնասիրեցինք, պարզվեց, որ հիմա գիտնականներն այդ ուղղությամբ են աշխատում, որպեսզի մարդիկ ոչ թե քիմիական արգինին ընդունեն, այլ օգտագործեն այնպիսի կաթնաթթվային մանրէներ, որոնք կնստեն տվյալ մարդու աղեստամոքսային համակարգում և այնտեղ արգինին կսինթեզեն»,- ասում է նա։
«Մեր 10 տարվա հետազոտությունները հնարավորություն են տվել ստեղծել այնպիսի կոմպլեքս պրեպարատ, որը պարունակում է և Նարինե շտամն իր հատկություններով, և նոր շտամը, որն արգինին է սինթեզում։ Այդ երկու շտամերի համադրությունը հնարավորություն տվեց ստեղծել «Նարարգին» պրոբիոտիկը, որն ունի շատ ավելի ուժեղ հակամանրէային և հակաօքսիդանտային հատկություններ, քան մեկ շտամ պարունակող պրեպարատները»,- ասում է տիկին Տխրունին՝ շեշտելով, որ ներկայում ընդլայնել են իրենց ուսումնասիրությունների շրջանակը և առաջիկայում հնարավոր է նոր՝ առավել շատ շտամեր պարունակող կոմպլեքս պատրաստուկներ ստանան։
Նա նշում է՝ հիմա գիտությունը կոմպլեքս պատրաստուկներ ստեղծելու ուղղությամբ է ընթանում, քանի որ ապացուցվել է դրանց ավելի մեծ արդյունավետությունը։ Տարբեր շտամեր պարունակող պատրաստուկներում ամեն մանրէն իր գործն է կատարում՝ ապահովելով ցանկալի արդյունքը։